Էստոնիա (էստ․՝ Eesti, պաշտոնական անվանումը՝ Էստոնիայի Հանրապետություն), պետություն Հյուսիսային Եվրոպայի բալթյան տարածաշրջանում։

Էստոնիա
Էստոնիայի դրոշ Զինանշան


Կարգավիճակերկիր, ինքնիշխան պետություն, ունիտար պետություն, հանրապետություն, Բալթիկ ծովին սահմանակից երկիր և OECD country?
Ներառում էԻդա-Վիրումաա, Յիգևամաա, Յարվամաա, Լյաենեմաա, Լյաենե-Վիրումաա, Պիլվամաա, Պյարնումաա, Ռապլամաա, Սաարեմաա, Տարտումաա, Վալգամաա, Վիլյանդիմաա, Վիրումաա, Հարյումաա և Հիյումաա
Պետական լեզուէստոներեն[1]
ՄայրաքաղաքՏալլին
Պետական կարգԽորհրդարանական հանրապետություն
Օրենսդիր մարմինՌիյգիկոգու
Երկրի ղեկավարAlar Karis?
Կառավարության ղեկավարԿայա Կալաս[2]
Մակերես45,226 կմ²
Ազգաբնակչություն1 366 491 մարդ (հունվարի 1, 2024)[3]
Խտություն29.8 մարդ/կմ²
ՀիմնԷստոնիայի օրհներգ
ԿարգախոսEpic Estonia
Հիմնադրված էփետրվարի 24, 1918 թ.
Արժույթեվրո
Կենտրոնական բանկԷստոնիայի բանկ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+372
Ինտերնետ-դոմեն.ee
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,89[4]
valitsus.ee(էստոներեն)(անգլ.)(ռուս.)

Էստոնիան ժողովրդավարական խորհրդարանական հանրապետություն է՝ բաղկացած 15 շրջաններից։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Տալլինն է։ Հանդիսանում է Եվրամիության ամենասակավաթիվ բնակչությամբ երկրներից մեկը։

Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդկային զարգացման ինդեքսի ցուցանիշն է՝ «շատ բարձր»։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջին տեղում է։ Համաշխարհային բանկի չափանիշներով համարվում է «եկամտի բարձր մակարդակով տնտեսություն», Արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշներով՝ «զարգացած տնտեսություն»։ Հանդիսանում է Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) անդամ։ Առաջավոր դիրքերում է նաև կրթության, տնտեսական ազատության, մամուլի ազատության և ժողովրդավարության ցուցանիշներով։

Հայերի թիվը՝ շուրջ 2,000 (2003 թվական)։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Էստոնիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992 թվականին։

Անվանում խմբագրել

«Էստոնիա» անվանումն առաջացել է էստոնացիների (ինքնանվանումը՝ էէստլասեդ) նախնիների՝ ֆիննալեզու էստ ժողովրդի անունից։ Ենթադրում են, որ ցեղանունն առաջացել է բալթիական լեզուների aueist բառից, որը նշանակել է «ջրի մոտի բնակիչներ»։ Էստոններն իրենց երկիրն անվանում են Eesti։

Աշխարհագրություն խմբագրել

 
Էստոնիայի արբանյակային պատկերը
 
Էստոնիայի հյուսիսային ափը հիմնականում կրաքարի ժայռեր են։
 
Օմուսսաարը Էստոնիայի տարածքային ջրերում գտնվող բազմաթիվ կղզիներից մեկն է։.
 
Էստոնիայում մոտավորապես 7,000 ճահիճներ կան, որոնք կազմում են Էստոնիայի տարածքի 22.3 %-ը։

Ողողվում է Բալթիկ ծովի Ֆիննական և Ռիգայի ծոցերի ջրերով։ Սահմանակից է Ռուսաստանին և Լատվիային։ Էստոնիան ցամաքային սահմանը Լատվիայի հետ ձգվում է 267 կմ, իսկ Ռուսաստանի հետ սահմանը կազմում է 290 կմ։ 1920-1945 թվականներին Էստոնիայի սահմանը Ռուսաստանի հետ հաստատվել էր 1920 թվականի Տարտուի Խաղաղության Պայմանագրով՝ տարածվում է, Նառվա գետից հյուսիսարևելք և Պեչորի քաղաքից հարավարևելք։ Այս տարածքը շուրջ 2300 կմ2 Ստալինի կողմից միացվել է Ռուսաստանին II Համաշխարհային պատերազմի վերջում։ Այդ պատճառով Էստոնիայի և Ռուսաստանի սահմանը մինչ օրս սահմանված չի։ Տարածությունը 45,1 հազար կմ2։

Երկիրը տեղաբաշխված է Եվրոպայի հյուսիսարևելյան մասում։ Էստոնիայի ափերը լվացվում են հյուսիսից Ֆիննական ծոցի, արևմուտքից Բալթիկ ծովի և Ռիգայի ծոցի ջրերով։ Ափեզրի երկարությունը կազմում է 3794 կմ[5]։ Էստոնիայի կազմի մեջ են մտնում 1521 Բալթիկ ծովի կղզիներ, նրանց ընդհանուր մակերեսը կազմում է 4,2 հզ կմ2։ Դրանցից ամենամեծերն են՝ Սաարեմաան (2673 կմ²) և Հիյումաան (1023,26 կմ²), ինչպես նաև Մուհուն (206 կմ²), Վոռմսին (93 կմ²), Կիհնուն (16,4 կմ²) և այլն։ Չնայած զգալի մակերեսին, կղզիների վրա բնակվում է միայն երկրի բնակչության 5 %[6][7]։

Էստոնիայի գետերը մեծ չեն, սակայն բավականին ջրառատ են[8]։ Կլիման անցումային է չափավոր-ծովայինից չափավոր-մայրցամաքայինի փափուկ ձմեռներով և զով ամառներով։ Երկրի կլիմայի վրա մեծ ազդեցություն են ունենում ատլանտիկական ցիկլոնները, օդը ծովի մոտիկության պատճառով միշտ խոնավ է։

Էստոնիայի մայրցամաքային տարածքի մեծ մասը ցածրադիր հարթավայր է (միջին բարձրությունը 50 մ)։ Առավել բարձր է հյուսիսարևելյան մասը, ուր Հաանյա բարձրավայրն է (բարձրությունը մինչև 318 մետր, Սուուռ Մունամյագի լեռը)[9]։

Բնություն խմբագրել

 
Հյուսիս-Արևմտյան ափ Էստոնիայի Նիվա քաղաքի մոտ

Բալթիկ ծովի ջրերը ողողում են Էստոնիայի հյուսիսային և արևմտյան ափերը, որտեղ շատ են նաև հանրապետությանը պատկանող Արևմտաէստոնական կղզիախմբերի մեծ ու փոքր կղզիները։ Ծովն այստեղ թողել է արժեքավոր գանձեր՝ կրաքարեր, դոլոմիտներ, ֆոսֆորիտներ, դեղնաշագանակագույն այրվող թերթաքարեր, կավ և այլն։ Էստոնիայի ամենաբարձր բլուրն է Սուր Մունամյագին 317 մ։ Բլրի գագաթից երևում է Էստոնիայի ձգվող կապույտ բլրաշերտերը, մութ անտառները, երփներանգ դաշտերը լճերը և ալյն։ Ամենուր երևում է հնագույն սառցադաշտերի հետքեր, խոշոր գլաքարեր, ժայռաբեկորներ։ Դրանցից գոյացած բլուրներն ու թմբաշերտերը հերթագայվում են հարթաշերտերով, ճահիճներով ու լճերով։ Կլիման անցումային է՝ ծովայինից ցամաքային։ Ծովային և ցամաքային հոսանքների իրար հաջորդելը և ցիկլոնների պարբերական ներխուժումը եղանակը դարձնում են խիստ անկայուն։ Գլխավոր գետերն են Նարվան, Պյառնուն, Էմայիգին։ Լճերը, որոնց թիվն անցնում է 1000-ից, զբաղեցնում են տարածքի 4,6 %, ճահիճները՝ 20,7 %։ Ամենամեծը սահմանային Չուդ լիճն է։

Վարչական բաժանում խմբագրել

Էստոնիայի հանրապետությունը բաժանվում է 15 նահանգների (Maakonnad)։ Երկրի քաղաքական և վարչական բաժանման մասին առաջին փաստաթղթավորված հիշատակումը եղել է Լիվոնյան տարեգրություններում, որը գրի է առնվել 13-րդ դարում Հյուսիսային խաչակրաց արշավանքների ժամանակ։

Նահանգները հանդիսանում են Էստոնիայի ամենամեծ վարչական միավորները, ամեն նահանգի կառավարությունը (Maavalitsus) ղեկավարվում է նահանգապետի (Maavanem) կողմից, ով ներկայացնում է ազգային կառավարությունը նահանգում։ Նահանգապետերը նշանակվում են Էստոնիայի Կառավարության կողմից հինգ տարով։ Էստոնիայի անկախության հռչակումից իվեր տեղի են ունեցել նահանգների սահմանների որոշ փոփոխություններ, դրանցից ամենանշանակալիներն էին՝ Վալգամաա նահանգի ձևավորումը (Վիրումաա, Տարտումաա և Վիլյանդիմաա նահանգների մասերից) և Պետսերիմաա նահանգի անցումը Ռուսաստանին։

Սովետական ժամանակաշրջանում Պետսերիմաա նահանգը 1945 թվականին միացվել է ՌՍՖՍՀ-ին և դարձել Պսկովի մարզի Պեչորսկի շրջան։ Էստոնիայի նահանգները նորից վերահաստատվեցին 1990 թվականի հունվարի 1-ին, սովետական շրջանների սահմաններով։

Ամեն նահանգ իր հերթին բաժանվում է համայնքների (omavalitsus), որոնք հանդիսանում են Էստոնիայի ամենափոքր վարչական միավորները։ Երկրում կան երկու տեսակի համայնքներ՝ քաղաքային համայնքներ - linn (քաղաք), և գյուղական համայնքներ - vald (շրջան)։ Նրանց միջև կարգավիճակի տարբերություններ չեն դրվում։ Ամեն մի համայնքապետարանը առանձին ինքնակառավարման միավոր է, իր ներկայացվածությամբ գործադիր իշխանություններում։

Համայնքը Էստոնիայում կարող է ներառել մեկ կամ ավելի բնակավայրեր։ Տալլինը բաժանված է ութ շրջանների (linnaosa), որոնք ունեն սահմանափակ ինքնիշխանություն (Հաաբերստի, Կեսկլին (կենտրոն), Կրիստիինե, Լասնամյաե, Մուստամյաե, Նիմմե, Պիրիտա և Պիհյա-Տալլին

2013 թվականի մարտի տվյալներով Էստոնիայում կան 226 համայնքներ, որոնցից 33 քաղաքային են և 193 գյուղական[10]։

# Նահանգ Վարչկենտրոն # Նահանգ Վարչկենտրոն # Նահանգ Վարչկենտրոն
  Վալգամաա Վալգա   Վիլյանդիմաա Վիլյանդի   Յարվամաա Պաիդե
  Վիրումաա Վիռու   Իդա-Վիրումաա Յիհվի   Յիգևամաա Յիգևա
  Լյաենե-Վիրումաա Ռակվեռե   Լյաենեմաա Հաապսալու   Պիլվամաա Պիլվա
  Պյարնումաա Պյառնու   Ռապլամաա Ռապլա   Սաարեմաա Կուռեսաառե
  Տարտումաա Տարտու   Հարյումաա Տալլին   Հիյումաա Կեռդլա
 ՀիյումաաԼյաենեմաաՍաարեմաաՀարյումաաԼյաենե-ՎիրումաաԻդա-ՎիրումաաՌապլամաաՊյարնումաաՅարվամաաՎիլյանդիմաաՅիգևամաաՏարտումաաՎալգամաաՊիլվամաաՎիրումաա
Էստոնիայի նահանգները

Պատմություն խմբագրել

Էստոնիան բնակեցվել է վերջին սառցե դարաշրջանի վերջերում, մոտավորապես մ.թ.ա. 8500 թ.։ Մինչ 13-րդ դարի Գերմանական արշավանքները նախա-էստոնացիները երկրպագում էին բնության հոգիներին։ Հյուսիսային խաչակրաց արշավանքներից սկսած դարեր շարունակ Էստոնիան կռվախնձոր էր դարձել Դանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Շվեդիայի և Լեհաստանի միջև, որոնք բազմաթիվ պատերազմներ են վարել կարևորագույն աշխարհագրական դիրքին՝ Արևելքի և Արևմուտքի միջև[11]։

Նախապատմություն խմբագրել

Մարդկանց բնակությունը Էստոնիայում հնարավոր է դարձել 11.000-13.000 տարի առաջ, երբ սառցե դարաշրջանը ավարտվեց։ Ամենահին հայտնի բնակավայրը Էստոնիայում Պուլի բնակավայրն է, Էստոնիայի հարավ արևմուտքում՝ Պյառնու գետի ափին, Սինդի քաղաքի մոտակայքում։

 
Կուդա մշակույթի գործիքներ, Էստոնիայի պատմության թանգարան
 
Պղնձե դար[12]

Հայ համայնք խմբագրել

Հայերը Էստոնիայում բնակություն են հաստատել 19-րդ դարից։ Առաջին բնակիչները եղել են Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի հայ ուսանողները։ Այստեղ 1830-ական թվականներից տարբեր ժամանակներում ուսանել են գրող Խաչատուր Աբովյանը, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Գևորգ Միրիմանյանը, արևելագետ Քերովբե Պատկանյանը և ուրիշներ։

XIX դարի 2-րդ կեսից – XX դարի սկզբին Դորպատի համալսարանում սովորել է շուրջ 200 հայ ուսանող։ Գործել է Հայ ուսանողների միություն։ Նրանցից ոմանք, ավարտելով համալսարանը, որոշ ժամանակ ապրել և աշխատել են Էստոնիայում։ Վարդան Աբովյանը՝ Խ. Աբովյանի որդին, Դորպատի համալսարանն ավարտելուց հետո, երկու տարի աշխատել է Ֆելլին (այժմ՝ Վիլյանդի) քաղաքի դպրոցում, դասավանդել ռուսաց լեզու և գրականություն։

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Էստոնիայում մշտական բնակություն են հաստատել հակահիտլերյան կոալիցիայի կողմից կռված և Էստոնիայում գերմանական գերության մեջ եղած, ինչպես նաև խորհրդային բանակից զորացրված հայեր։ Հետագա տարիներին (Էստոնիայում խորհրդային իշխանության ժամանակաշրջանում) այստեղ հաստատվել են Ռուսաստանից և Խորհրդային Միության այլ հանրապետություններից գործուղված հայ մասնագետներ։

1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Էստոնիայում բնակվել է 1600 հայ։ 2003 թ. տվյալներով հայերի թիվը երկրում շուրջ 2 հազար է։ Բնակվում են հիմնականում Տալլինում և Տարտուում, սակավ թվով՝ Նարվայում, Պյառնուում, Կոհտլա Յարվեում և այլ քաղաքներում։ Հայերի մեջ զգալի թիվ են կազմում մտավորականները՝ ճարտարագետներ, բժիշկներ, մանկավարժներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, արդյունաբերական և առևտրական ընկերությունների ղեկավարներ։

Համայնքի հասարակական կյանքը կազմակերպում են Տալլինի և Տարտուի Հայկական ազգային միավորումները։ Նրանց գործունեությունը համադրում է Էստոնիայի Հայկական ազգային միությունը (պաշտոնապես գրանցվել է 1998 թվականին)։

Տնտեսություն խմբագրել

Էստոնիան իր տնտեսական արագ աճի համար անվանվում է Բալթյան վագր։ 2002 թվականից մինչև 2007 թվականը Էստոնիայի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 8.2%. 2009 թվականին կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ ՀՆԱ-ն 14% անկում է ունեցել, որը աշխարհում ամենամեծ տնտեսական անկումներից էր։ Սակայն 2010 թվականից նորից արձանագրվում է կայուն տնտեսական աճ։ Եվրոգոտու անդամ է։

Էլեկտրաէներգիան հիմնականում արտադրվում է այրվող թերթաքարերից, և ապահովում է ներքին պահանջարկի 75%-ը։ Տնտեսության կարևոր ճյուղերն են՝ հեռահաղորդակցությունը, տեքստիլ, քիմիական արդյունաբերությունը, բանկային ոլորտը, ծառայությունները, սննդի և ձկնարդյունաբերությունը, անտառանյութի մշակումը, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը։ Էստոնիայի տնտեսության կարևոր խոշոր ճյուղերից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Հանքարդյունաբերությունը կազմում է տնտեսության 1%-ը։ Ամսական ընդհանուր միջին աշխատավարձը կազմում է 1221 եվրո։ Գործազրկությունը 5,8%։

Քաղաքական համակարգ խմբագրել

Էստոնիան պառլամենտական ներկայացուցչական ժողովրդավարական հանրապետություն է, որտեղ բազմակուսակցական կառավարության գլուխ կանգնած է վարչապետը։ Քաղաքական վիճակը կայուն է Էստոնիայում․ իշխանությունը գտնվում 2 կամ 3 կուսակցությունների ձեռքում, որոնք երկար ժամանակ է ինչ զբաղվում են քաղաքականությամբ։ Այսպիսի քաղաքականությունը նման է Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրներում գործող քաղաքականությանը։ Էստոնիայի ներկայիս վարչապետ Անդրուս Անսիփը (2013 թ) Եվրոպայում երկրորդ վարչապետն է, ով երկար տարիներ զբաղեցնում է այդ պաշտոնը։

Խորհրդարան խմբագրել

 
Էստոնիայի խորհրդարանի նստավայրը Տոոմպեա ամրոցում

Էստոնիայի օրենսդիր մարմինը խորհրդարանն է, որն ընտրվում է ժողովրդի կողմից 4 տարի ժամկետով՝ համամասնական ընտրակարգով։ Էստոնիայի քաղաքական համակարգը գործում է 1992 թվականին ընդունված Սահմանադրության շրջանակներում։ Խորհրդարանն ունի 101 անդամ և իր ազդցությունն ունի երկրի կառավարման գործում՝ նախ և առաջ սահմանելով պետության եկամուտները և ծախսերը (սահմանում է հարկերը և բյուջեն)։ Միևնույն ժամանակ խորհրդարանն իրավունք ունի էստոնացիներին ներկայացնել հայտեր, հայտարարագրեր, դիմումներ, վավերացնել և չեղյալ հայտարարել միջազգային պայմանագրերն այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև որոշումներ կայացնել պետական վարկերի վերաբերյալ[13]։

Ռիյգիկոգուն ընտրում և նշանակում է երկրի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներառյալ Հանրապետության նախագահին։ Ի հավելումն դրա՝ նախագահի առաջարկությամբ Ռիյգիկոգուն նշանակում է Ազգային դատարանի նախագահին, Էստոնիայի բանկի խորհրդի նախագահին, Գլխավոր վերահսկիչին, Արդարադատության նախարարին և զինված ուժերի գլխավոր հրամանատարին։ Ռիյգիկոգուի անդամն իրավունք ունի հանրապետության կառավարությունից և նրանց անդամներից բացատրություններ պահանջել։ Սա հնարավորություն է տալիս կառավարության անդամներին հսկել գործադիր իշխանության, ինչպես նաև երկրի բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը։

Կառավարություն խմբագրել

 
Ստենբոք Հաուս, Էստոնիայի կառավարության նստավայրը

Էստոնիայի գործադիր մարմինը կառավարությունն է (էստ․՝ Vabariigi Valitsus), որը ձևավորվում է վարչապետի կողմից, ում էլ իր հերթին նշանակում է նախագահը և հաստատում՝ խորհրդարանը։ Կառավարությունն իրականացնում է գործադիր իշխանությունը՝ համաձայն Էստոնիայի Սահմանադրության և օրենքների։ Այն կազմված է 12 նախարարներից՝ ներառյալ նաև վարչապետը։ Վարչապետը ևս իրավունք ունի նշանակել որոշ նախարարներ և նրանց տալ հանձնարարություններ։ Այս նախարարները չեն պատկանում որևէ նախարարության և համարվում են «առանց պորտֆելի նախարարներ»։

Վարչապետն իրավունք ունի նշանակել այսպիսի 3 նախարար, քանի որ կառավարությունում (Կաբինետ) կարող են լինել առավելագույնը 15 նախարար։ Կաբինետն իրականացնում է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, որը գծում է խորհրդարանը, ինչպես նաև ուղղորդում և կոորդինացնում է կառավարական մարմինների աշխատանքը և ամբողջովին պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվում է գործադիր իշխանության ներսում։ Այսպիսով, կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, ներկայացնում է երկրի քաղաքական ղեկավարությունը և որոշումներ է կայացնում ողջ գործադիր իշխանության անունից։

Էստոնիան որդեգրել է էլեկտրոնային պետության և էլեկտրոնային կառավարության զարգացման քաղաքականությունը։ Էստոնիայի ընտրություններում օգտագործվում է նաև համացանցային քվեարկություն[14]։ Համացանցային առաջին քվեարկությունը տեղի ունեցավ 2005 թվականին տեղական ընտրությունների ժամանակ, իսկ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ավելի քան 30 275 քաղաքացի իրենց ընտրությունն առաջին անգամ կատարեցին համացանցի միջոցով։ Քաղաքացիները կարող են անվավեր հայտարարել իրենց համացանցային քվեարկությունը, եթե ցանկանան՝ մասնակցելով ավանդական ընտրություններին։

Օրենքներ խմբագրել

Ըստ Էստոնիայի Սահմանադրության (էստ․՝ Põhiseadus)՝ գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն այդ գերագույն իշխանությունն իրականացնում է Ռիիգիկոգուի ընտրությունների ժամանակ՝ այն քաղաքացիների միջոցով, ովքեր ընտրելու իրավունք ունեն[15]։ Գերագույն դատական իշխանությունը պատկանում է Էստոնիայի Գերագույն դատարանին կամ Ռիիգիկոհուսին, որը բաղկացած է 19 դատավորներից[16]։ Գլխավոր դատավորը նշանակվում է խորհրդարանի կողմից 9 տարի ժամկետով՝ նախագահի առաջարկությամբ։ Պետության պաշտոնական ղեկավարը նախագահն է, ով կամ հաստատում է Ռիիգիկոգուի կողմից ընդունած օրենքները կամ էլ ետ է ուղարկում՝ առաջարկելով նորը։

Սակայն նախագահը հաճախ չի օգտվում իր այս իրավունքից, որն ավելի շատ ձևական բնույթ է կրում[17]։ Նախագահն ընտրվում է Ռիիգիկոգուի կողմից՝ հավաքելով ձայների 2/3-ը։ Եթե թեկնածուն չի հավաքում ձայների անհրաժեշտ քանակը, նախագահին ընտրելու իրավասությունը փոխանցվում է ընտրական մարմնին, որը բաղկացած է Ռիիգիկոգուի 101 անդամից և տեղական խորհուրդների ներկայացուցիչներից։ Ինչպես և մյուս ոլորտները էստոնական օրինաստեղծության ոլորտը ևս հաջողությամբ ինտեգրվել է տեղեկատվական դարաշրջանին։

Արտաքին հարաբերություններ խմբագրել

 
Էստոնիայի դեսպանատունը Վաշինգտոնում, ԱՄՆ։ Էստոնիան 1920 թ-ից պահպանում է շարունակական հյուպատոսական իր ներկայացչությունը ԱՄՆ-ում՝ ներառյալ Խորհրդային Միության կազմի մեջ մտած տարիները։

Էստոնիան 1921 թվականի սեպտեմբերի 22-ից հանդիսանում է Ազգերի լիգայի անդամ[18], 1991 թվականի սեպտեմբերի 17-ից՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության[19], 2004 թվականի մարտի 29-ից՝ ՆԱՏՕ-ի[20], 2004 թվականի մայիսի 1-ից Եվրամիության անդամ[21]։ Էստոնիան նաև Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), Տնտեսական Համագործակցության և Զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Բալթիկ ծովի պետությունների խորհրդի և Սկանդինավյան Ներդրումային բանկի անդամ։ Որպես ԵԱՀԿ անդամ պետություն՝ Էստոնիայի միջազգային պարտավորությունները կարգավորվում են ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի մանդատի ներքո։ Էստոնիան ստորագրել է նաև Կիոտոյի արձանագրությունը։

Անկախություն ձեռք բերելուց հետո Էստոնիան սերտորեն համագործակցում է Արևմտյան Եվրոպայի գործընկերների հետ։ Այս արտաքին քաղաքականության 2 կարևոր նպատակները ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կազմի մեջ մտնելն էր, որին հասան համապատասխանաբար 2004 թվականի մարտին և մայիսին։ Էստոնիայի միջազգային ուղղվածությունը դեպի Արևմուտք ուղեկցվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ, որի վառ ապացույցը վերջերս Տալլինում տեղի ունեցած բողոքի ակցիան էր՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմին նվիրված Բրոնզե Զինվորի հուշարձանի վիճահարույց տեղափոխման հետ կապված[22]։

1990-ական թվականներից Էստոնիան ակտիվորեն ներգրավված է Բալթյան երկրների համագործակցությանը՝ Լատվիայի և Լիտվայի հետ, ինչպես նաև Սկանդինավյան-Բալթյան համագործակցությանը՝ Սկանդինավյան երկրների հետ։

Բալթյան խորհուրդը միջխորհրդարանական Բալթյան Ասամբլեայի և միջկառավարական Նախարարների Բալթյան խորհրդի համատեղ ֆորում է[23]։ Սկանդինավյան-Բալթյան ութնյակը Էստոնիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի և Շվեդիայի կառավարությունների համատեղ համագործակցությունն է[24]։ Սկանդինավյան-Բալթյան վեցնյակի մեջ մտնում են Սկանդինավների և Բալթիկայի այն երկրները, որոնք Եվրամիության անդամ են և հանդիպում են ԵՄ-ին վերաբերող հարցեր քննարկելու համար։ Բալթյան Ասամբլեայի և Սկանդինավյան խորհրդի միջև խորհրդարանական համագործակցությունն սկսվել է 1989 թվականին։ Կազմակերպվում են տարեկան սամիթներ և հանդիպումներ ցանկացած հնարավոր մակարդակներով[24]։ Նախարարների Սկանդինավյան խորհուրդն ունի իր գրասենյակը Տալլինում, որի մասնաճյուղը գտնվում է Տարտու քաղաքում և տեղեկատվական կենտրոններ ունի Նարվա, Վալգա և Պառնու քաղաքներում[25][26]։ Սկանդինավյան և Բալթյան համատեղ նախագծերը ներառում են կրթական (Nordplus), պետական կառավարման, արդյունաբերական, բիզնես ոլորտները[27][28][29]։

 
Սկանդինավյան և Բալթյան երկրների Արտաքին գործերի նախարարները Հելսինկիում, 2011 թ

Անկախություն ձեռք բերելուց հետո Էստոնիայի համար կարևոր քայլ էր սերտ հարաբերություններ ունենալը Սկանդինավյան երկրների՝ հատկապես Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ։ Էստոնացիներն իրենց ավելի շատ են սկանդինավյան ժողովուրդ համարում, քան բալթյան ազգերը[30][31]՝ հիմնվելով Շվեդիայի, Դանիայի և հատկապես Ֆինլանդիայի հետ իրենց պատմական կապերից։ 1999 թվականի դեկտեմբերին Էստոնիայի Արտաքին գործերի նախարարը, իսկ 2006 թվականից նաև նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվսը, Շվեդիայի Միջազգային գործերի ինստիտուտի առջև հանդես եկավ «Էստոնիան որպես Սկանդինավյան երկիր» խորագրով ելույթով[32]։ 2003 թվականին Էստոնիան հյուրընկալեց նաև մի ցուցահանդես, որը կոչվում էր "Estonia: Nordic with a Twist"[33].

2005 թ Էստոնիան միացավ Եվրամիության Սկանդինավյան Հյուսիսային երկրների մարտական խմբին։ Պետությունը հետաքրքրված է նաև Սկանդինավյան խորհրդին միանալով։ Մինչդեռ 1992 թ Ռուսաստանին բաժին էր հասնում Էստոնիայի արտաքին առևտրի 92%-ը[34], այսօր տնտեսական ուժեղ կախվածություն կա Էստոնիայի և իր հարևան Սկանդինավյան երկրների միջև. Էստոնիայի արտաքին ներդրումների 3/4-ը գալիս է Սկանդինավներից (գլխավորապես Ֆինլանդիայից և Շվեդիայից), իսկ Էստոնիան իր արտահանումների 42%-ն ուղարկում է այդ երկրներ (6.5%-ը գնում է Ռուսաստան, 8.8%-ը՝ Լատվիա և 4.7%-ը՝ Լիտվա)։ Մյուս կողմից Էստոնիան իր քաղաքական համակարգով, միասնական եկամտահարկի մոդելով տարբերվում է Սկանդինավյան երկրներից և նրանց սկանդինավյան մոդելից, ինչպես նաև շատ այլ եվրոպական երկրներից[35]։

ՏՏ համակարգերի զարգացման նպատակով 2012 թվականի վերջին Տալլինում ստեղծվեց Եվրամիության գործակալություններից մեկը[36]։ Էստոնիան կշարունակի նախագահել Եվրամիության խորհուրդը մինչև 2018 թվականի առաջին կեսը։

Զինված ուժեր խմբագրել

Զինված ուժեր
 
Զրահամեքենան
XA-180
 
Ինքնաթիռ
A-10

Էստոնիայի զինված ուժեր (նաև՝ Էստոնիայի Պաշտպանության բանակ), (էստ․՝ Eesti Kaitsevägi), Էստոնիայի Հանրապետության կառավարման համակարգի մաս կազմող օրգան, որը գտնվում է Հանրապետության Կառավարության ենթակայության տակ և ղեկավարվում է Պաշտպանության նախարարի կողմից։ Էստոնիայի պաշտպանության միության հետ համատեղ մտնում է Էստոնիայի պաշտպանական ուժերի կազմում։ Էստոնիայի Պաշտպանության բանակը հիմնված է համընդհանուր պաշտպանության սկզբունքի վրա, որի առաջադրանքն է Էստոնիայի տարածքային ամբողջականության և երկրի սուվերենության պաշտպանությունը, ծովային և օդային սահմանների պաշտպանությունը՝ որպես Էստոնիայի անբաժան մաս, ինչպես նաև սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը։ Էստոնիայի Պաշտպանության բանակի գործառույթները իրականացվում են հասարակական վերահսկողության սկզբունքով և հիմնված են երկրի ժողովրդավարական կազմակերպվածության վրա։ Ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված և նշանակված գործադիր համապատասխան մարմիններն են բանակի համար սահմանում նպատակներ և առաջադրում համապատասխան խնդիրներ, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսները և վերահսկում նպատակների իրականացման գործընթացը։ Հասարակական վերահսկողության սկզբունքներն ու դրանց հիմնական ձևերը երաշխավորվում են օրենսդրությամբ, որի համար պատասխանատու են երկրի նախագահը, Կառավարությունը և Ազգային ժողովը։ Պատերազմական դրության ժամանակ բանակի Գերաաույն հրամանատարը հանդիսանում է երկրի նախագահը, իսկ ղեկավար օրգանը՝ երկրի պաշտպանության միությանը հետևյալ կազմով՝ Ազգային ժողովի նախագահ, վարչապետ, Պաշտպանության բանակի հրամանատար, Պաշտպանության նախարար, Ներքին գործերի նախարար, Արտաքին գործերի նախարար և ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ[37]։

Մշակույթ խմբագրել

Ճարտարապետություն խմբագրել

 
Եպիսկոպոսի ամրոցը Կուրեսաարեում

Էստոնիայի ճարտարապետություն, Էստոնիայի հնագույն ճարտարապետական հուշարձանները հողաթմբերով և գերանակապ պատերով Վիլյանդիի կենտրոնական մասը ամրացված բնակատեղիներն են, որոնց շուրջը 11—12-րդ դարերում կազմավորվել են առաջին քաղաքները (Տարտու, Տալլին)։ 13-րդ դարում զարգանում է քարի ճարտարապետությունը՝ ռոմանական և գոթական ոճերի տարրերով, իսկ 14-րդ դարից հաստատվում է գոթական ոճը։ է-ի ճարտ-յան ծաղկման շրջանին (14-րդ դարի երկրորդ կես - 16-րդ դարի առաջին քառորդ) բնորոշ ուշ գոթականի հուշարձաններից են՝ Տալլինի քաղաքապետարանը, կաթողիկեն, Սուրբ Օլա, Նիգուլիստե, Սուրբ Ոգի եկեղեցիները, դոմինիկյանների մենաստանը։ Քանդակների հարստությամբ աչքի են ընկնում Տարտուի Ցաանի և Սաարեմաա կղզու Կարյա եկեղեցիները (երկուսն էլ 14-րդ դար)։ Վերածննդի ոճի կառույցներից ամենանշանավորը «սևգլխանիների» տունն է Տալլինում (1597, հոլանդական ճարտարապետ-քանդակագործ՝ Ա. Պասսեր)։ 17-րդ դարից Նարվայի կառույցներում իշխողը բարոկկոն էր։ 18-րդ դարի վերջին էստոնական ճարտարապետության մեջ իշխող է դառնում կլասիցիզմը։

Աղբյուրներ խմբագրել

  1. 6 // Էստոնիայի սահմանադրություն — 1992.
  2. Estonia's first female PM sworn in as new government takes powerThe Guardian, 2021.
  3. https://www.stat.ee/et/avasta-statistikat/valdkonnad/rahvastik/rahvaarv
  4. Human Development ReportUNDP, 2022.
  5. Կարճ Էստոնիայի մասին Արխիվացված 2013-06-10 Wayback Machine (ռուս.)
  6. Վյայնամերի և Ռիգայի ծոցի կղզիները Արխիվացված 2020-07-16 Wayback Machine (ռուս.)
  7. Սաարեմաա կղզին Արխիվացված 2012-11-01 Wayback Machine(ռուս.)
  8. Էստոնիայի հիդրոլոգիան Արխիվացված 2012-11-01 Wayback Machine(ռուս.)
  9. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 161-162.
  10. «Kohalik omavalitsus haldussüsteemis» (էստոներեն). Էստոնիայի ներքին գործերի նախարարություն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  11. O'Connor, Kevin J. (2006). Culture and customs of the Baltic states. Westport, Connecticut: Greenwood Press. ISBN 978-0-313-33125-1.
  12. Jüri Selirand; Evald Tõnisson (1984). Through past millennia: archaeological discoveries in Estonia. Perioodika. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
  13. Ռիյգիկոգուի գործառույթները, Riigikogu
  14. Էստոնիայում իրականացվել է Առցանց քվեարկություն ամբողջ երկրով, Download.com
  15. Ինչ է Ռիիգիկոգուն, Riigikogu
  16. «Ռիիգիկոհուս» (Estonian). Riigikohus. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Էստոնիայի Հանրապետությունը». BBC. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  18. Հերբերտ Բրիգս (1952). Ազգերի օրենքները. դեպքեր, փաստաթղթեր, գրառումներ. Appleton-Century-Crofts. էջ 106.
  19. Էստոնիայի՝ ՄԱԿ-ի կազմի մեջ մտնելու օրը
  20. Էստոնիայի՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու օրը
  21. Էստոնիայի՝ Եվրամիության կազմի մեջ մտնելու օրը
  22. «Էստոնիան մեղադրում է Ռուսաստանին խռովության համար։». BBC News. 2007 թ․ ապրիլի 29. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  23. «Նախարարների Բալթյան խորհրդի էստոնական նախագահությունը 2011 թվականին». Էստոնիայի Արտաքին գործերի նախարարություն. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  24. 24,0 24,1 «Սկանդինավական-Բալթյան համագործակցությունը». Էստոնիայի Արտաքին գործերի նախարարություն. 2012 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  25. «Նախարարների Սկանդինավյան խորհրդի տեղեկատվական գրասենյակները Բալթյան երկրներում և Ռուսաստանում». Նախարարների Սկանդինավյան խորհուրդ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  26. «Norden in Estonia». Nordic Council of Ministers' Office in Estonia. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  27. «Nordplus». Nordic Council of Ministers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  28. «Սկանդինավյան-Բալթյան ցանցային ծրագրերը բիզնեսի, արդյունաբերության, պետական կառավարման համար». Նախարարների Սկանդինավյան խորհրդի գրասենյակը Լատվիայում. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  29. «Սկանդինավյան-Բալթյան ծրագիրը պետական կառավարման համար». Նախարարների Սկանդինավյան խորհրդի Էստոնիայի գրասենյակ. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  30. Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության հրապարակությունը Արխիվացված 2009-03-25 Wayback Machine, 2004
  31. Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության հրապարակությունը Արխիվացված 2008-03-07 Wayback Machine, 2002
  32. Իլվս, Թոմաս Հենդրիկ (1999 թ․ դեկտեմբերի 14). «Էստոնիան որպես Սկանդինավյան երկիր». Էստոնիայի Արտաքին գործերի նախարարություն. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19 թ-ին.
  33. «Estonia – Nordic with a Twist». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  34. Մարտ Լաարտ (օգոստոսի 7, 2007 թ). «Էստոնիայի տնտեսական հրաշքը». Heritage.org. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  35. «Արտաքին ներդրում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2 թ2 June 2010-ին.
  36. «EU Agency for large-scale IT systems». European Commission. 2012 թ․ հուլիսի 20. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  37. «Terras: Զինվորական պարտադիր ծառայությունը կշարունակվի». Eesti Rahvusringhääling. դեկտեմբերի 10, 2012 թ. Վերցված է 2013 թ․ մարտի 16 թ-ին.

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 77