Էռնստ Լյուբիչ (գերմ.՝ Ernst Lubitsch, հունվարի 29, 1892(1892-01-29)[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - նոյեմբերի 30, 1947(1947-11-30)[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հրեական ծագմամբ գերմանացի և ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։

Էռնստ Լյուբիչ
Ծննդյան թիվ՝հունվարի 29, 1892(1892-01-29)[1][2][3]
Ծննդավայր՝Բեռլին, Գերմանական կայսրություն[4]
Վախճանի թիվ՝նոյեմբերի 30, 1947(1947-11-30)[1][2][3][…] (55 տարեկան)
Վախճանի վայր՝Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Գերմանիա
ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, մոնտաժող, կինոդերասան և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0523932
lubitsch.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1892 թվականի հունվարի 29-ին, Բեռլինում, հաջողակ առևտրական, գործվածքային արտադրության սեփականատեր Սիմոն Լյուբիչի և նրա կնոջ` Աննա Լինդենշտադտի ընտանիքում։ 1899-1902 թվականներին հաճախել է տարրական դպրոց, այնուհետև` գիմնազիա։ 1908 թվականին սկսել է ուսումնառությունը Քյոնինգշտրասեի տեքստիլ կրպարկում։ Այնուհետև որպես հաշվապահ է աշխատել իր հոր հիմնարկում։ Ծանոթացել է դերասան Վիկտոր Առնոլդի հետ ու դարձել է նրա աշակերտը։ Դրան հաջորդել են առաջին ելույթները կաբարեում։ 1911-1913 թվականներին Լյուբիչը խաղացել է Մաքս Ռայնհարդի թատրոնում։ 1913 թվականին իր դեբյուտն է նշել կինոյում` որպես դերասան, իսկ 1914 թվականին՝ որպես ռեժիսոր։ 1918 թվականին սկսվել է համագործակցությունը Պոլա Նեգրիի և Էմիլ Յանինգսի հետ։ Մինչև 1922 թվականը Գերմանիայում նկարահանել է մի շարք ֆիլմեր, որոնք մեծ հաջողություն են ունեցել։ Դրանցից են «Մադամ Դյուբարի», «Ոստրեների արքայադուստրը», «Փարավոնի կինը» և «Կրակ» ֆիլմերը։

1922 թվականի դեկտեմբերին Պոլա Նեգրիի հետ մեկնել է Հոլիվուդ, որտեղ Մերի Փիքֆորդի հետ նկարահանել է «Ռոզիտա» ֆիլմը։

Ֆիլմը չի արդարացրել իր ծախսերը, և Լյուբիչն ստիպված է եղել նկարահանել, այսպես կոչված, սալոնային կատակերգություններ, ինչպես, օրինակ, Սեսիլ Բլաունտ դե Միլլն է։ «Ամուսնական շրջան» ֆիլմը Լյուբիչին առաջին հաջողությունն է բերել։

 
Էռնստ Լյուբիչը մինչև 1920 թվականը, լուսանկարիչ Ալեքսանդր Բայնդեր

Հաջորդ ֆիլմերն ամրապնդել են նրա վարկանիշը Հոլիվուդում։ Լյուբիի մշտական սցենարիստն է դարձել Հանս Կրալին, որը եկել էր Գերմանիայից։

Լյուբիչը մահացել է 1947 թվականին, Հոլիվուդում, ինֆարկտից։

Ինչպես Բիլլի Ուայլդերը պատմել է «Action!» ամսագրին, երբ ինքը Ուիլյամ Ուայլերի հետ վերադառնում էր Լյուբիչի հուղարկավորությունից, ասել է. «Լյուբիչն այլևս չկա», ինչին Ուայլերը պատասխանել է. «Ավելի վատ։ Այլևս չեն լինի Լյուբիչի ֆիլմերը»[5]։

Ալֆրեդ Հիչքոքն անվանել է նրան «կինոյի մարդ` մաքուր ձևով», Ֆրանսուա Տրյուֆոն` «արքայազն», Օրսոն Ուելսը` «հսկա»։

30 և ավելի տարի գերմանական ու ամերիկյան կինեմատոգրաֆում աշխատելով` նա նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։ Մահից մեկ տար առաջ նա արժանացել է «Օսկարի» հատուկ մրցանակի` կինոարվեստում ունեցած ներդրման համար։

Ստեղծագործություն խմբագրել

«Հոլիվուդյան» շրջանում նկարահանած ֆիլմերում Լյուբիչը պատկերել է էլեգանտ սալոններում անցնող կյանքը։ Ինտերիերը լցված էր հնաոճ բյուրեղապակե լապտերների կուրացնող լույսով, ծանր մետաքսե վարագույների խունացած երանգները լավ համադրվում էին ֆրանսիական գորգերի նրբագեղ զարդարանքների հետ։ Տրյուֆֆոն այս առթիվ գրել է. «Սակայն նա ամենևին չէր ձգտում, որ իր ֆիլմերում ճառագեին անցած դարաշրջանների կենցաղն ու կարգերը։ Լյուբիչը չի ձգտում, որ մենք հավատանք պատմությանը։ Նա բռնում է մեր ձեռքից և հետևողականորեն բացատրում է բոլոր մեխանիզմները, որոնք նա դրել է շարժման մեջ։ Նա մեզ պատմում է պատմությունն ու ամեն երկու րոպեն մեկ կատակներ է անում, որպեսզի ցույց տա, որ ինքը պատմություն է պատմում»[6]։

Լյուբիչը կինեմատոգրաֆում այսպես կոչված «ջազային թեմատիկայի» հիմնադիրներից մեկն է («ջազի դարաշրջան»)։

Հիշատակ խմբագրել

1957 թվականից գոյություն ունի Էռնստ Լյուբիչի ամենամյա մրցանակ։ Բիլլի Ուայլդերի կողմից նախաձեռնած այս մրցականին են արժանանում գերմանացի ռեժիսորներ և դերասաններ` «գերմանալեզու կատակերգության ստեղծման գործում ունեցած լավագույն անձնական ավանդի համար»։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1916` Պինկուսի կոշկե պալատը / Schuhpalast Pinkus
  • 1918`Մա մումիայի աչքերը / Die Augen Der Mummie Ma (Պոլա Նեգրիի և Է. Յաննինսգի հետ)
  • 1918` Չեմ ուզում տղամարդ լինեն / Ich möchte kein Mann sein
  • 1918` Կարմեն / Carmen (Պոլա Նեգրիի հետ)
  • 1919` Տիկնիկ / Die Puppe
  • 1919` Մայերը Բեռլինից / Meyer aus Berlin
  • 1919` Ոստրեների արքայադուստրը / Die Austernprinzessin
  • 1919` Տիկին Դյուբարի / Madame Du Barry
  • 1920` Սումուրուն / Sumurun
  • 1920` Աննա Բոլեյն / Anne Boleyn
  • 1921` Լեռնային կատու / Die Bergkatze
  • 1922` Փարավոնի կինը / Das Weib des Pharao
  • 1923` Կրակ / Die Flamme
  • 1923` Ռոզիտա / Rosita (Մերի Փիքֆորդի հետ)
  • 1924` Ամուսնական շրջան / The Marriage Circle
  • 1924` Երեք կանայք / Three Women
  • 1924` Արգելված դրախտ / Forbidden Paradise
  • 1925` Ինձ նորից համբուրիր / Kiss Me Again
  • 1925` Լեդի Ուինդերմիրի հովհարը / Lady Windemere’s Fan
  • 1926` Սա նույնպես Փարիզն է / So This Is Paris
  • 1927` Արքայազն ուսանողը Հին Հեյդելբերգում / The Student Prince In Old Heidelberg
  • 1928` Հայրենասերը / The Patriot
  • 1929` Սիրո շքերթ / The Love Parade
  • 1930` Մոնտե Կառլո / Monte Carlo
  • 1931` Ժպտացող լեյտենանտը / The Smiling Lieutenant
  • 1932` Մեկ ժամ քեզ հետ / One Hour with You
  • 1932` Չավարտված օրորոցայինը / Broken Lullaby
  • 1932` Անախորժություններ դրախտում / Trouble in Paradise
  • 1932` Եթե ես միլիոն ունենայի / If I Had A Million
  • 1933` Երեք սրտերի սիրերգ / Design for Living
  • 1934` Ուրախ այրին / The Merry Widow
  • 1937` Հրեշտակը / Angel
  • 1938` Կապտամորուսի ութերորդ կինը / Bluebeard’s Eighth Wife
  • 1939` Նինոչկա / Ninotchka
  • 1940` Անկյունի խանութը / Shop Around the Corner
  • 1941` Այս անորոշ զգացումը / That Uncertain Feeling
  • 1942` Լինել, թե չլինել / To Be Or Not To Be
  • 1943` Երկինքը կարող է սպասել / Heaven Can Wait
  • 1945` Արքայական սկանդալ / A Royal Scandal.
  • 1946` Ծաղրածու Բրաունը / Cluny Brown
  • 1948` Կզաքիսի մորթով այս տիկինը / That Lady In Ermine (ֆիլմն ավարտին է հասցրել Օտտո Պրեմինգերը)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118729306 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Giddins G. (2008). «Touch of Genius». Directors Guild of America (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «Надо видеть: любимые фильмы Франсуа Трюффо» (ռուսերեն). tvkinoradio.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • C. Комаров. История зарубежного кино. Том 1. Немое кино. — М.: «Искусство», 1965.
  • Федерико Феллини, Шарлотта Чэндлер. Я вспоминаю. Предисловие Билли Уайлдер. «Вагриус», 2005.
  • Кино США. Режиссёрская энциклопедия. / Науч.-исслед. ин-т киноискусства. — М.: Материк, 2002. — 276 с.