Էմբոլ (հունական ἔμβολος[1] «սեպ» բառից), արյան շրջանառությունում թափառող ազատ զանգված, որը կարող է առաջացնել խցանում զարկերակային մազանոթների ցանցում (զարկերակային օկլյուզիա) իր ծագման վայրից որոշ հեռավորության վրա[2]։ Տարբերում են էմբոլների բազմաթիվ տեսակներ՝ խոլեսթերինային բյուրեղներ կամ վահանիկ, թրոմբներ, ճարպային մարմնիկներ, գազային պղպջակներ և օտար մարմիններ։

Պոկված թրոմբով առաջացած էմբոլիա։

Ի տարբերություն էմբոլի, կան անոթային վնասումից, էպիթելային ախտահարումից և անոթների բորբոքման հետևանքով տեղում զարգացած աթերոմաներ և թրոմբներ, որոնք ազատ չեն տեղաշարժվում արյան հունի մեջ, սակայն նույնպես կարող են խցանել անոթի լուսանցքը։ Այնուամենայնիվ, եթե թրոմբը պոկվում է իր ծագման վայրից, այն վերածվում է թրոմբոէմբոլի և տեղաշարժման ժամանակ չքայքայվելու դեպքում կարող է դառնալ էմբոլիայի պատճառ[3]։

Այս տերմինը առաջարկվել է 1848 թվականին Ռուդոլֆ Վիրխովի կողմից[4]։

Դասակարգում խմբագրել

  • Թրոմբոէմբոլիա - թրոմբից առաջացած էմբոլիա
  • Խոլեստերինային էմբոլիա - խոլեստերինից ծագած էմբոլիա, հաճախ անոթների աթերոսկլերոտիկ վահանիկից ձևավորված
  • Ճարպային էմբոլիա - ոսկրային կոտրվածքից կամ ճարպային կաթիլից ձևավորված
  • Օդային էմբոլիա (նաև հայտնի է ինչպես գազային էմբոլիա) - օդային պղպջակներից ձևավորված
  • Սեպտիկ էմբոլիա - բակտերիաներ պարունակող թարախային էմբոլիա
  • Հյուսվածքային էմբոլիա - հյուսվածքների փոքր մասնիկներից ձևավորված
  • Օտար մարմնի էմբոլիա - օտար նյութից (օր.՝ տալկ) և այլ փոքր մասնիկներից ձևավորված
  • Ամնիոտիկ հեղուկով (պտղաջրերով) էմբոլիա- պտղաջրերի, ֆետալ բջիջների, մազերի կամ օրինակ պլացենտար հարթակի մայրական կողմի  արյունահոսքից եկած մասնիկներով և ալերգիկ ռեակցիա ձևավորող տրիգերներից (ազդակներից) ձևավորված։

Թրոմբոէմբոլիան թրոմբոզի առաջացման տեղից թրոմբի ամբողջական կամ մասնակի պոկումն է։ Արյան հոսքը էմբոլին տանում է մարմնի տարբեր մասեր և կարող է խցանել անոթի լուսանցքը՝ բերելով անոթի օբստրուկցիայի կամ օկլյուզիայի։ Ազատ տեղաշարժվող թրոմբը կոչվում է էմբոլ[5]։ Թրոմբը միշտ կպած է անոթի պատին և երբեք չի տեղաշարժվում արյան շրջանառությունում։ Պաթոլոգանատոմների համար սա կարևոր տարբերակիչ նշան է թրոմբի պատճառը որոշելիս՝ թրոմբոզ կամ հետմահու թրոմբ։ Անոթային օբստրուկցիան կարող է առաջանալ այնպիսի պաթոլոգիկ խնդիրներից, ինչպիսիք են արյան կանգը և իշեմիան։ Այնուամենայնիվ, անոթում արյունահոսքի օբստրուկցիայի պատճառ կարող է լինել ոչ միայն թրոմբոէմբոլիան, այլ նաև էմբոլների մյուս տեսակները։

Ճարպային էմբոլիան հաճախ լինում է էնդոգեն ( ներքին՝ օրգանիզմը որպես աղբյուր) ճարպային հյուսվածքի մասնիկների թափանցումից արյան շրջանառություն։ Ճարպային էմբոլիայի հաճախակի պատճառը խողովակավոր ոսկրերի (հաճախ ազդրոսկրի) կոտրվածքն է, որը բերում է ոսկրածուծի ճարպային հյուսվածքի ներթափանցմանը դեպի վնասված անոթներ։ Էկզոգեն (արտաքին աղբյուր) ճարպային էմբոլիայի պատճառներից է յուղային նյութերի ներերակային ներարկումը։

Օդային էմբոլիան, հակառակը, հաճախ զարգանում է էկզոգեն գործոններից։ Պատճառներից կարող է լինել ալվեոլների պատռումը և ներշնչած օդի անցումը արյունահոսք։ Հաջորդ հաճախ հանդիպող պատճառն է ենթաանրակային երակի վնասումը պատահարների կամ վիրահատությունների ժամանակ։ Օդն անցնում է երակներ բացասական ճնշման հետևանքով, որն, իր հերթին, ձևավորվում է շնչառության ներշնչման փուլի ժամանակ։ Օդային էմբոլիան կարող է նաև հանդիպել ներերակային ինֆուզիայի ժամանակ (յաթրոգեն գործոնը ժամանակակից բժշկության մեջ հազվադեպ է հանդիպում)։

Գազային էմբոլիան մտահոգիչ պատճառ է ջրասուզակների համար, քանի որ մարդու արյան գազերը (ազոտ և հելիում) կարող են հեշտությամբ լուծվել մեծ խորությամբ սուզվելու ժամանակ, իսկ դեպի մթնոլորտային ճնշում բարձրանալու ժամանակ գազերը դառնում են անլուծելի՝ պատճառ հանդիսանալով փոքրիկ պղպջակների ձևավորմանը արյան մեջ։ Այս պրոցեսը հայտնի է ինչպես դեկոմպրեսիոն հիվանդություն կամ կեսոնային հիվանդություն։ Այս ֆենոմենը բացատրվել է ֆիզիկական քիմիայում Հենրիի օրենքով։

Օտար մարմիններից ձևավորված էմբոլիան հազվադեպ է հանդիպում։ Սեպտիկ էմբոլիան լինում է, երբ թարախային հյուսվածքը (թարախ պարունակող հյուսվածքը) պոկվում է իր ծագման տեղից։ Հյուսվածքային էմբոլիան դառնում է էկվիվալենտ (հավասարազոր) քաղցկեղի մետաստազին, երբ քաղցկեղի հյուսվածքից փոքրիկ մասնիկներ անցնում են արյան հուն։ Օտար մարմնի էմբոլիան հանդիպում է մանր էկզոգեն գործոններից (օր.՝ տալկ) և արյան շրջանառությունում բերում է օկլուզիայի կամ օբստրուկցիայի։ Փամփուշտային էմբոլիան հանդիպում է շուրջ 0.3% դեպքերում կրակոցների հետևանքով[6]։ Պտղաջրերով էմբոլիան ծննդաբերության հազվադեպ հանդիպող բարդություն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «embolus». Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակություն ed.). Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. սեպտեմբեր, 2015. 
  2. Kumar V.; Abbas A.K.; Fausto N. Pathologic Basis of Disease.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  4. Hellemans, Alexander; Bryan Bunch (1988). The Timetables of Science. New York, New York: Simon and Schuster. էջեր 317. ISBN 0-671-62130-0.
  5. Howland, Richard D.; Mycek, Mary J. (2006). Pharmacology. Lippincott's illustrated reviews (3rd ed.). Philadelphia : Lippincott Williams & Wilkins, c2006. էջ 227. ISBN 0-7817-4118-1.
  6. http://www.jvascsurg.org/article/S0741-5214%2810%2902639-X/abstract
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 44