Էլֆեր (գերմ.՝ elf, անգլ.՝ elf), կախարդական ժողովուրդ գերմանասկանդինավյան և կելտական բանահյուսություններում։ Հայտնի են նաև ալվեր և սիդեր անվանումներով։ Էլֆերի նկարագրությունները տարբեր առասպելներում տարբեր են, բայց սովորաբար նրանք գեղեցիկ և վառ արարածներ են, անտառի ոգին են և մարդկանց բարեկամը։ Նրանք մշտապես հեքիաթային և ֆանտաստիկ գրականության կերպարներ են։

Էլֆեր

Շեքսպիրի կատակերգությունից Աբերոնը և Տիտանիան։ Պարոն Ջ. Ն. Պտտոն
Բնակության վայր` Անտառ

Կա մի տարածված կարծիք, ըստ որի էլֆերը և փերիները նույնն են։ Նրանք ցանկացած պահի կարող են լինել էլֆ կամ փերի։ Չնայած նկարագրության երբեմնի նմանությանը՝ ավանդական, կելտական «էլֆերը»` sidhe, օրինակ կարող են ներկայացված լինել թևավոր, ի տարբերություն փերիների, որոնք կելտական սագաներում քիչ են տարբերվում սովորական մարդկանցից։

Անգլերեն լեզվում fair բառը 12-15-րդ դարերում փոխառվել է հին ֆրանսերենի «faerie» բառից. այն ինչ-որ կերպ կապված է բնակության և առասպելական «փոքրիկ մարդկանց» գործունեության հետ։ Ֆրանսիական տերմինի աղբյուրը համարվում է Fata բառը։ Fata բառը կիրառվում է իգական սեռով ռոմանական լեզվախմբերում և ի սկզբանե եղել է գոյականի չեզոք սեռի հոգնակի թիվ («fates») և բխում է fatum բառից։ Անգլիայում պատկերացում կար միայն էլֆերի մասին, իսկ ահա Նորմանդիայի հյուսիս-ֆրանսիական ժողովրդական բանահյուսությունից հայտնի փերիների մասին պատկերացումներն այստեղ ի հայտ եկան միայն Ուիլյամի գրավումից հետո[1]։

Սկանդինավյան դիցաբանության մեջ գոյություն ունեն երկու տեսակի ալվեր՝ լուսավոր և ստորին (մուգ կամ սև), ընդ որում վերջիններս «Էդդաներ»-ում շատ ավելի մեծ ուշադրության են արժանացել։ Այս արարածները ապրում են գետնի տակ և ունեն թուխ մաշկ։ Նրանք բազմիցս աստվածների համար կախարդական իրեր են ստեղծել։ Ավելի ուշ այս դիցաբանական կերպարները միաձուլվել են թզուկների հետ։ Ըստ Վիլյամ Շեքսպիրի՝ էլֆերը փոքրիկ, օդային թևավոր արարածներ են, որոնք ավելի շատ հիշեցնում են ոչ թե անգլիական ժողովրդական բանահյուսության էլֆերին, այլ փոքրիկ և թևավոր այլ արարածների՝ պիքսիներին։ Դրան հումորով էր մոտենում Տոլկինը՝ համարելով առասպելական արարածների իր կողմից կերտված կերպարներն ավելի համապատասխան գերմանական, կելտական և ընդհանրապես եվրոպական դիցաբանությանն ամբողջությամբ։

Անվան ստուգաբանություն խմբագրել

 
Էլֆերի բնակության վայրերը

Գերմաներեն լեզվում կան մի խումբ բառեր, նմանատիպ «elv», անգլո-սաքսոներեն «aelf», շվեդերեն «alv», նորվեգերեն «alv» և իսլանդերեն «alf-ur». սա խոսում է այն մասին, որ այս բառն ունի նույն արմատը, հետևաբար, նկարագրությունն էլֆերի մասին բոլոր ժամանակակից գերմանական ժողովուրդների նախնիների շրջանում նույնն է եղել։ Նույն ծագումն ունի նաև գերմանական «էլֆ» բառը, որը հասկանալ մի փոքր դժվար է։ Մի քանի հետազոտողներ այդ բառը կապում են ռումիներեն «ալբ»՝ «սպիտակ» արմատին։ Կա կարծիք, որ դա բխում է ուելսերեն կամ իռլանդերեն «ellyl» կամ «aillil»՝ «փայլող» բառից։ Իսկապես, էլֆերը հին լեգենդներում տարբերվում էին իրենցից բխող փայլով։

Հնդկական դիցաբանության մեջ Ռիբխուկշաններ նշանակում է ցածր դասի աստվածներ, ովքեր հարստություն և պտղաբերություն էին տալիս։ «Ռիբխուկշաններ» նշանակում է «խորամանկ», «հմուտ», «ճարպիկ», «խելացի», և կարծիք կա, որ դա ունի նույն արմատը, ինչ անգլերեն «elf», լատիներեն «albus», հնարավոր է նաև հայերեն «աղավնի» բառերը։

Ալվեր խմբագրել

Ալվերն ըստ էության նույն էլֆերն են՝ արտահայտված գերմանասկանդինավյան լեզուներով։

Ավագ էդդերը հակադարձում են բարձրագույն աստվածներին՝ ասերին։ Գերմանական բանահյուսությունում էլֆերի ծագումը խիստ կապվում է աշխարհակերտման պատմության հետ։ Տարբերվում են էլֆերի երկու տեսակներ՝ ալֆի (սպիտակ, պայծառ, բարիներ) և դվերգներ (մռայլ, խոժոռադեմ)։

 

Դվերգները խորամանկ գաճաճներ են։ Դրանք թզուկների անվանումներն են։ Հնարավոր է, որ հատկապես ալվերն են բաժանվում պայծառների և մռայլների, իսկ մռայլները կոչվում են ցվերգներ։ Այս տարբերությունը ստացվել է «ալվ» բառից։ Ակնհայտ է, որ հետագայում այդ բառից էլ ստեղծվել է «էլֆ» բառը։ Համաձայն Կրտսեր Էդդի՝ ալվերը և ցվերգները ծնվել են Իմիրայի մսի մեջ, որպես ճիճուներ, բայց աստվածների կամքով ընդունել են իրենց մեջ մարդկային միտքը և ստացել մարդկային կերպարանք։ Սակայն Ավագ Էդդը ցվերգների ի հայտ գալը փոքր-ինչ այլ կերպ է ներկայացնում։ Դրանում ասվում է, որ աստվածները ստեղծել են երկու գաճաճներին Բրիմիրայի արյունից և Բլաինայի ոսկորից, իսկ մյուսներին ստեղծել են կավից։ Սակայն այստեղ զարմանալի ոչինչ չկա, եթե հիշենք, որ Բրիլիրը և Բլաինսը պարզապես Իլիրայի այլ անուններն են։

Ալվերը բնության ոգիներն են։ Նրանք ապրում են Ալվխեյ երկրում։ Նրանց արտաքին տեսքը նման է արևի։ Ալվերին իշխում է Վելունդ դարբին աստվածը։

Դվերգները կամ Ցվերգները ստորգետնյա թզուկներ են և հմուտ դարբիններ։ Նրանք ապրում են գետնի տակ և վախենում են լույսից, որովհետև արևի շողերը նրանց քար են դարձնում։ Նրանք բարձրահասակ չեն, բայց շատ ուժեղ են։ Նրանց արտաքին տեսքը այդքան էլ նկարագրված չէ, բացի նրանից, որ նրանք ցածրահասակ են և կանխագուշակում են մոտալուտ վտանգը։ Նրանք առևանգում էին երեխաներն և կենդանիներին։ Նրանք համարվում են «սև էլֆեր»։ Նրանցից է տարածվել անգլալեզու թզուկների կերպարները։ Նրանց վստահված էր երկրի ընդերքը, քանի որ գրեթե ամենուր դվերգներին համարում էին հմուտ դարբիններ, քանի որ նրանք կարողանում էին հեշտությամբ կռել ոսկի, արծաթ կամ ամուր և ճկուն պողպատ՝ դրանցից պատրաստելով տարբեր իրեր, որոնք հազիվ թե մարդկային աչքից չվրիպեին։

Ահա հին գերմանոսկանդինավյան մի լեգենդ խորամանկ և վրիժառու թզուկ դվերգների մասին։

  Սուաֆարլամին Ադինի ժառանգներց մեկն էր, և մի անգամ գնացել էր որսի։ Երկար ման եկավ անտառում, բայց չընկավ ոչ մի կենդանու հետքի վրա։ Վերջապես գտավ մի խուլ, ամայի գյուղ, որի մասին երբեք չէր լսել, և չգիտեր թե ինչպես պետք է դուրս գար։ Նրանից ձախ գտնվում էր մի բլուր։ Սուաֆարլամին նայելով տեսավ բլրի դիմաց նստած երկու թզուկի, այդ ժամանակ հանեց իր ծանր սուր և կանգնեց նրանց ու բլրի միջև՝ փակելով նրանց՝ տուն գնալու ճանապարհը։ Թզուկներն աղաչում էին գթալ իրենց՝ առաջարկելով ցանկացած փրկագին իրենց կյանքի և ազատության դիմաց։ Սուաֆարլամին բաց թողեց նրանց միայն մեկ պայմանով. թզուկները նրա համար պետք է մի թուր կռեին, որը երբեք չէր վրիպի, որը կկոտրեր պողպատը և երկաթը ինչպես տաշեղ, որը երբեք չէր ժանգոտվի և միայն հաղթանակներ կբերեր նրան, ում ձեռքում գտնվեր։ Թզուկները որոշեցին կռել մի այդպիսի սուր և նշանակեցին օրը, երբ Սուաֆարլամին պետք է գնար դրա ետևից։ Երբ նա հայտնվեց այդ օրը, թզուկները տվեցին նրան մի կախարդական հրաշալի թուր արծաթյա պատյանի մեջ, ոսկե բռնակով և շղթայով, որի վրա պետք է ամրացներ թուրը։

- Ահա քեզ խոստացվածը,- նրանք ասացին Սուաֆարլամիին,- բայց իմացիր, որ այս սուրը մարդ կսպանի ամեն անգամ, երբ այն մերկացվի, սրա միջոցով ամոթալի եղբայրասպանություն կլինի և դու կսպանվես։

Այդ ամենը կատարվեց այնպես, ինչպես գուշակել էին թզուկները։ Երբ նա սուրը հանեց, որպեսզի նայի դրան, այն մխրճվեց եղբոր կրծքի մեջ, ով նույնպես ցանկանում էր տեսնել այն։ Հերթական անգամ սուրը հանելիս Սուաֆարլամին սայթաքեց և ընկավ դրա վրա՝ խոցելով ինքն իրեն։

 

Կելտերը ցվերգներին կեղծ փողատերեր էին համարում՝ հավաստիացնելով, որ այն կախարդական պարկը, որ ամրացված է նրանց գոտուց, մշտապես լիքն է ոսկե մետաղադրամներով, ու եթե որևէ մեկին հաջողվի տիրանալ այդ գանձերին, նա մինչև իր կյանքի վերջը շատ հարուստ կլինի։

Տուատները կելտերի մոտ խմբագրել

 

Հնագույն ժամանակներում Իռլանդիայում ի հայտ եկան Դաննանի տուատները (աստվածուհի Դանուի ցեղերը կամ Դանուի երեխաները)։ Իրենց մոգությամբ նրանք երկիրը պատել էին խիտ մառախուղով և լիովին իշխում էին կղզիների վրա՝ պայքարելով այլ ցեղախմբերի և ֆոմորամ-դևերի հետ, որոնք գալիս էին ծովի մյուս կողմից։ Հետագայում Դաննանի տուատները իշխանությունը Իռլանդիայում զիջեցին Միլի որդիներին՝ միլեզներին։ Միլեզները տուատների հետ պայմանագիր կնքեցին, ըստ որի՝ կղզիների տիրապետությունը անցնում էր միլեզներին, իսկ Դանուի երեխաները կարող էին ապրել Իռլանդիայում, սակայն ոչ թե երկրի մակերևույթի վրա, այլ բլուրների ներսում՝ սիդամներում։ Այստեղից էլ առաջացավ տուատների նոր անվանումը՝ սիդեր (Sídhe) կամ շի (Shee)։

Գերբնական արարածներին անվանման մեջ «Շի» մասնիկի առկայությունը գրեթե միշտ վկայում է այն մասին, որ այդ էակը գերմանական կամ կելտական առասպելաբանությունից է։ Օրինակ՝ բաավան շի, բանշի, կայտ շի, դինի շի, շիֆրա և այլն։

Սիդերի կերպարը գրեթե համընկնում է էլֆերի մասին ժամանակակից և դասական գրականության մեջ նկարագրվող կերպարներին։

Սիդերը բարձրահասակ են և գեղեցկադեմ։ Սակայն նրանց հպումը բավական է, որ մարդ խելագարվի. սիդերի նետերի ծայրակալերը ներծծված են թույնով և սպանում են միանգամից։ Սիդերին իշխում է Մեդբ թագուհին, ով ունի երկնագույն աչքեր և սպիտակափայլ մազեր։ Նա, ում կհաջողվի տեսնել նրան, կմեռնի սիրուց և կարոտից։ Եթե սիդերին չանհանգստացնեն, նրանք մարդկանց վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնի։ Նրանք ապրում են իրենց կյանքով, իրենց հոգսերով, նրանք արածեցնում են անասուններին, պարում են, վիսկի են խմում, երաժշտությամբ են զբաղվում։ Սիդերից հատուկ զգուշանալ է պետք Հելլոինի օրերին (31 հոկտեմբեր)՝ կելտական հեթանոսական տոն, նոր տարվա սկիզբ։ Համարվում է, որ այդ ժամանակ սիդերը տեղափոխվում են մի բլուրից մյուսը։ Սիդերը հաճախակի հրապուրում և տանում են մահկանացու տղամարդկանց (ասպետներին, իշխաններին կամ արքայազններին)։ Իռլանդական «Գեղեցկադեմ Կոնդլի՝ հարյուր ճակատամարտերի Կոնդայի որդու անհետացումը» ասքում պատմվում է, որ սիդերից մի աղջիկ երկար ժամանակ հրապուրում էր մի տղամարդու։ Աղջիկն ասում էր տղային.

  Ես եկել եմ ողջերի երկրից, որտեղ չկա ո՛չ մահ, ո՛չ անհանգստություն։ Այնտեղ մշտական խնջույք է, որին պետք չէ պատրաստել։ Մեծ Սիդում բնակվում ենք մենք, այդ պատճառով մեզ կոչում են սիդերի ցեղ։

Գնանք ինձ հետ իմ սիրելի։ Ոսկե պսակը կծածկի քո վառվռուն դեմքը, որպեսզի հարգեն քո արքայական դիմագիծը։ Ցանկացիր միայն, և երբեք չեն խամրի ո՛չ քո պատանեկությունը, ո՛չ քո գեղեցիկ դիմագծերը, որոնք կգերեն հավետ։ Կրկնակի անգամ դրուիդներին հաջողվեց սիդերի գայթակղությունը ցրել, բայց երրորդ անգամ երբ աղջիկը երգեց. «Վաղուց քաղցր ցանկությունը պարուրել է քեզ, ինձ հետ ուզում ես ալիքի ետևից գնալ։ Եթե մտնես դու իմ ապակե նավակը, մենք կհասնենք հաղթանակած թագավորություն։ Կա մի այլ հեռավոր երկիր. ով փնտրի այն, կդառնա սիրելի։ Սակայն տեսնում եմ ես արևը մայր է մտնում, մենք նրան կհասնենք մինչև գիշեր։» Պատանին նստում է ապակե նավակը և աղջկա հետ լողում հեռուն։ Դրանից հետո նրան էլ երբեք չհանդիպեցին մարդկանց մեջ։

 

Էլֆերն անգլիական բանահյուսությունում խմբագրել

 
Անգլիական ժողովրդական հեքիաթի էլֆ

Անգլիացիներն ի տարբերություն Սկանդինավյան թերակղզու և գերմանիայի բնակիչների, էլֆերին չեն բաժանում պայծառների և մռայլների։ Էլֆերին անգլիացիները տեսնում են փերիների կերպարով՝ ոչ չար, ոչ էլ բարի էակներ, իրենց տարօրինակություններով, իրենց արատներով և ցանկություններով։ Որոշ անգլիական տարածքներում մարդիկ հավատում են քիչ թե շատ բարի, բայց և չարաճճի էլֆերի գոյությանը, իսկ մյուս տարածքներում՝ դաժան, կատաղած, անճոռնի մարդուկների գոյությանը, որոնք նույնպես կոչվում են էլֆեր։ Հաճախակի նրանց կոչում են մեկ բառով՝ պիքսի (pixie)։

Էլֆերի մոտ առկա է մի անտանելի արատ։ Դա գողության նկատմամբ հակումն է։ Եթե նրանք բավարարվեին սիսեռի արտերը քաղելով, գարեջրի տակառները դատարկելով կամ էլ նկուղում հին թանկագին գինիների տակառները ձողիկներով դատարկելով, դա դեռ տանելի կլիներ։ Բայց ոչ, նրանց գողությունը ընդունում էր շատ ավելի վտանգավոր բնույթ։ Նրանք գողանում էին նորահարսերին բլուրների վրայից անմիջապես պսակադրությունից հետո, իսկ նորածին երեխաներին՝ մինչև մկրտվելը։ Գողացված փոքրիկների փոխարեն նրանք օրորոցում թողնում էին իրենց անճոռնիներին, որոնք իրենց անտանելի ճղճղոցներով, համառությամբ և չարությամբ անտանելի անհանգստություն էին պատճառում։

Էլֆերի այս բնավորության գծերը մարդկանց մոտ առաջացնում էին հակակրանք։ Բլուրների բնակիչների արարքների մասին գոյություն ունեն տարբեր լեգենդներ։ Նմանատիպ լեգենդները շատ հին են և արմատացած մարդկանց կյանքում։ Մինչև օրս Գերմանիայում և Շվեդիայում հակակրանք կա կաղերի, կուզիկների, հիվանդ երեխաներին նկատմամբ և նրանց հաճախ անվանում են «էլֆերի վիժվածքներ»։

Ահա էլֆերի մասին մի հատված տիպիկ անգլիական հեքիաթից.

  Էլֆերը մի մորից երեխա տարան։ Այնուամենայնիվ, մայրը մի գիշերվա մեջ իր կարմրաթուշ և առողջ փոքրիկի դեմքով նիհարելն ու բնավորությամբ փոխվելն այլ բանով չէր կարող բացատրել։ Նախկինում մեղմ և խաղաղ երեխան հիմա մշտապես լացում և գոռում էր։ Խեղճ մայրը սկսում է օգնություն խնդրել տարբեր խելոք և փորձառու մարդկանցից։ Մի մասը խորհուրդ են տալիս երեխային շպրտել ձյան մեջ, մյուսները` շիկացած ունելիով բռնել քթից, երրորդները էլ` թողնել նրան մեծ ճանապարհի վրա, որպեսզի նրա նկատմամբ՝ որպես եղբոր, էլֆերի մոտ խղճահարություն առաջանա, և նրանք ստիպված լինեն վերադարձնել իրական փոքրիկին։ Մայրը չէր կարող համաձայնվել նրանց հետ, որովհետև մի միտք նրան հանգիստ չէր տալիս. «Իսկ եթե սա վիժվածք չէ՞, այլ իմ սեփական երեխան, որը որևիցե մեկի չար աչքից է այս օրն ընկել»։

Վերջապես մի պառավ խղճալով կնոջն ասում է.

-Նախ և առաջ անհրաժեշտ է ճշտել սա վիժվածք է, թե ոչ։ Որպեսզի ճշտես, վերցրու կես տասնյակ ձու, կճեպը երկու կես արա, դիր կրակի վրա, երեխայի առջև և դրանց մեջ ջուր լցրու։ Թե ինչ դուրս կգա, կտեսնես ինքդ։ Բայց տես, նախօրոք պատրաստիր շիկացած ունելի, որպեսզի լավ վախեցնես էլֆերին, եթե երեխան վիժվածք է։

Մայրը ընդունում է պառավի խորհուրդը և տուն գալով՝ ունելին դնում է վառարանի մեջ, սկսում է ձու կոտրել օջախի առջև։ Տեսնելով այդ ամենը՝ երեխան բարձրանում է և ուշադրությամբ նայում մորը։ Երբ սկսում է ձվի կճեպները դնել օջախին և ջուր լցնել դրանց մեջ, հանկարծ երեխան, չնայած երկու ամսական լինելու հանգամանքին, դիմում է մորը և ասում.

-Մայր, ի՞նչ ես անում։

Մայրը հանկարծակիի է գալիս այդ լսելով, բայց պատասխանում է որքան հնարավոր է հանգիստ.

-Ես մտածում եմ դու տեսնում ես ինչ եմ անում, ջուր եմ եռացնում։

-Ինչպե՞ս,- շարունակում է ենթադրյալ երեխան աճող զարմանքով,- ձվի կճեպի մեջ ջու՞ր ես եռացնում։

-Այո՛,-պատասխանում է մայրը՝ նայելով վառարանի մեջ, որպեսզի տեսնի պատրաստ է արդյոք ունելին։

-Բայց կներես,- գոռում է էլֆը՝ ձեռքերը թափահարելով,- ես արդեն 1500 տարի ապրում եմ այս աշխարհում, սակայն ոչ մի անգամ այսպիսի բան չեմ տեսել։

Այստեղ մայրը վառարանից վերցնում է կարմրության աստիճան շիկացած ունելին և կատաղությամբ գցում է վիժվածքի վրա։ Այստեղ նա ցատկում է օրորոցից վառարանի մեջ և խողովակով դուրս է թռչում։

Երբ մայրը շիկացած ունելիով մոտենում է օրորոցին, ունելին հանկարծ ձեռքից ընկնում է, անկողնում անճոռնի էլֆի փոխարեն պառկած տեսնում է իր թանկագին փոքրիկին՝ մի ձեռքը գլխի տակ, իսկ մյուսը` սեղմած կրծքին, որը թեթևակի բարձրանում էր թեթև և հանգիստ շնչառությամբ։ Ո՞վ կարող է փոխանցել մոր ուրախությունը։

 
  Լինում է չի լինում մի ամուսին ու կին են լինում։ Էլֆերը տանում են նրանց երեխային, ում կնունքը ինչ-որ տնային հոգսերի պատճառով ուշացրել էին, և նրա փոխարեն դնում են իրենց սեփական երեխային` վիժվածքին։ Այս անճոռնի, նիհար, հիվանդ երեխան սարսափելի տանջում էր և՛ հորը, և՛ մորը։ Երբ սենյակում մեկը լինում էր, նա ամբողջ օրը ճչում էր և օրորոցում դես ու դեն էր անում։ Երբ սենյակից որևէ մեկը դուրս էր գալիս, նա օրորոցից թռչում էր հատակի վրա, բարձրանում էր պատերով թռչելով ու պարելով, ուտում էր չորեքթաթ, և թվում էր, թե նա երբեք չի կշտանա։

Շուտով ծնողները գլխի են ընկնում, որ սա պետք է որ վիժվածք լինի և որոշում են ամեն կերպ նրանից ազատվել։ Փորձված հեքիմի խորհրդով մայրը սկսում է այս գործը։ Նա վերցնում է խոզի գոճի, մորթում է նրան և մազերով, կաշվով, սմբակներով ու գլխով թխում է պուդինգի մեջ։ Երբ երեխան նրանից ուտելիք է խնդրում, նա անմիջապես այս տարօրինակ ուտելիքը տալիս է երեխային։ Սա իրեն հատուկ ագահությամբ սկսում է ուտել։ Մի քանի րոպե անց ծամելով մտածմունքի մեջ է ընկնում՝ զարմանքով նայելով պուդինգին և ասում է.

- Այ քեզ տարօրինակություն, տալիս են ինձ կերակուր մազերով ու կաշվով, սմբակներով ու աչքերով։ Հա՛ հա՛ հա՛ հա՛ հա՛: Ահա որքան ապրում եմ այս աշխարհում, արդեն երեք անգամ տեսել եմ, թե ինչպես է աճում երիտասարդ անտառը, բայց այսպիսի կերակուրի մասին չեմ լսել։ Դրանից հետո թռչում է օրորոցից և անհետանում, իսկ էլֆերը հնարամիտ ծնողներին են վերադարձնում իրենց երեխաին։

 

Էլֆերը դանիական բանահյուսությունում խմբագրել

Դանիայում «էլֆեր» բառի տակ ենթադրվում է արարածներ, որոնց մասին լեգենդը մեծ տարածում ունի հյուսիսային Եվրոպայում։ Նրանց նկարագրությունները նույնն են, տղամարդիկ նման են լայնեզր գլխարկներով ծերերի, իսկ կանայք երիտասարդ են և գեղեցիկ, սակայն նրանք իրենց կանաչ հագուստի տակ կրում են ցլերի պոչեր (տղամարդիկ նույնպես), իսկ եթե կին-էլլեին հաջողվի տեսնել թիկունքից, ապա հնարավոր է նկատել, որ նրանց մեջքը և ծոծրակը փոս ընկած են։

Էլֆերը շվեդական բանահյուսությունում խմբագրել

 
Վհուկների օղակ

Չնայած էլֆերի մասին լեգենդները այնքան էլ տարածված չեն Շվեդիայում, բայց նրանց բանահյուսության մեջ ընդգրկված են մեծ քանակով պատմություններ և առասպելներ փերիների և տարբեր տեսակի առեղծվածային էակների մասին, որոնք բնակվում են անտառներում։ Համարվում է, որ անտառային ոգիների մասին հիշեցվում է շվեդական հնագույն ասքերում. դրանք անտառային էլֆերն էին կամ, այսպես կոչված, անտառային ժողովուրդ։

Հեթանոսական ժամանակներում մարդիկ հավատում էին, որ տարածված և հզոր ծառերում բնակվում են էլֆեր։ Հեթանոսական թփուտների և ծառերի սրբության աուրան սկիզբ է առնում զոհաբերության հնագույն սովորությունից, հետևաբար բնակելի ծառերի միտքը փոխառված է հունահռոմեական մշակույթից։

Շվեդիայում, ինչպես նաև հյուսիսային Եվրոպայի երկրներում, անտառներում բնակվող կախարդական սնամեջ մեջքերով էակների մասին կան տարբեր ասքեր։ Շվեդները նրանց սկոգե էին անվանում։ Սկոգերը ոչ մի առնչություն չունեն չար ոգիների հետ, բայց մարդիկ նախընտրում էին չհանդիպել նրանց, այդ իսկ պատճառով անտառ գնալիս իրենց հետ մետաղական առարկաներ էին վերցնում։ Այն միտքը, որ գերբնական էակները վախենում էին երկաթից, լայն տարածում ուներ Եվրոպայում։ Շվեդիայում մինչև այժմ կարելի է տեսնել էլֆիական խորան, որոնց վրա հեթանոսական ժամանակներում կատարվում էին զոհաբերություններ և ծիսակատարություններ։ Այդ ծիսակատարությունների մի մասը շարունակվում են կատարվել նաև քրիստոնեություն ընդունելուց հետո։ Հաճախակի հանդիպում են պատմություններ «վհուկների օղակների» մասին։ Կա կարծիք, որ այդ վայրերում էլֆերը կամ անտառային ոգիները գիշերային երգեցողությամբ էին զբաղվում։

Տարբեր ժողովուրդների մոտ կան լեգենդներ այն մասին, թե ինչպես էին էլֆերը առաջարկում մահկանացուներին միանալ իրենց երգչախմբերին և պարերին։ Եթե մարդը հրաժարվում էր, վրեժխնդիր էլֆերը նրան պատում էին սարսափելի հիվանդություններով և դժբախտություններով, իսկ եթե համաձայնվում էր, ապա առավոտյան, երբ Էլֆերի կախարդությունը ցրվում էր, մարդուն գտնում էին մահացած վհուկների օղակում։ Ռոջեր Ժելյազնին իր էպիկական «Ամբերի տարեգրությունում» վեպում օգտագործել է կելտական հնագույն լեգենդը վհուկների օղակի մասին.

  Ինձ ասել են, որ դա պատահել է հեռու արևմուտքում. հայտնվում է ոչ մեծ անիծված մի օղակ։ Դրա ներսում գտնում են մեռած առջկա։ Այդ վայրը հայտարարվում է անիծված։ Օղակը սկսում է արագ ընդարձակվել և մի քանի ամիս հետո դառնում է մի ամբողջ տարածք։ Օղակի ներսում խոտը սևանում է և դառնում փայլուն ինչպես մետաղը, բայց չի մեռնում։ Ծառերը ծռմռվում են, իսկ նրանց տերևները՝ խամրում։ Նրանք խշխշում էին, եթե նույնիսկ քամի չկար և չղջիկները նրանց միջև պարում էին ու վազվզում։ Մթնշաղին այնտեղ շարժվում էին տարօրինակ ստվերներ, օղակի ներսում գիշերներին փոքրիկ խարույկների նման ինչ-որ կրակներ էին վառվում։  

Հետաքրքիր է, որ շվեդական որոշ ասքերում էլֆերը բաժանվում էին երեք խմբի՝ պատկանելով համապատասխանաբար հողի, օդի, ջրի տարերքներին։ Անտառային էլֆերը այս դեպքում պատկանում են հողի տարերքին։ Այդ կերպ Շվեդիայում տարածված է ասք լեռնային ժողովրդի մասին։ Այդ էակների մասին շատ քիչ բան է հայտնի. լեռնային ժողովուրդներ են կոչվում նաև էլֆերը, թզուկները, մինչև անգամ տրոլները։

Էլֆերը նորվեգական բանահյուսությունում խմբագրել

Նորվեգիայում լայն տարածում ունեն հեքիաթներ և լեգենդներ տարաբնույթ ստորին դիցաբանական էակների մասին, որոնց մեկ բառով անվանում են տուսսերներ։ Այդ անվան ներքո կարելի է հասկանալլ էլֆերին, թզուկներին, վետիրներին (թզուկներիի այլ անվանում), խուլդրային (կովի պոչով գեղեցիկ կին), տրոլներին և նույնիսկ նիսսեին։ Այդ գերբնական ժողովրդի մասին նորվեգական պատկերացման առանձնահատկությունն այն է, որ տուսսերները, ինչպես և մարդիկ, կառուցում են տներ և եկեղեցիներ, զբաղվում են անասնապահությամբ և ապրում գյուղերում։

Լեհ հետազոտող Վոյցեխ Գորչակը նշում է. [2]

  Անհրաժեշտ է նշել, որ էլֆերը նորվեգական դիցաբանության մեջ նույն աստվածներն են, ինչ որ սկանդինավյան բնիկների մոտ։ Էլֆեր անվանումն անորոշ բնույթ ունի, քանի որ այն սահմանում է և՛ աստվածայինը, և՛ մոգական էակների մի ամբողջ շարք։ Բոլոր էլֆերի ընդհանուր հատկությունը նրանց գեղեցկությունը և մոգական հատկությունների առկայությունն է։ Համարվում է, որ նրանց «գլխավոր գրասենյակը» անվանվում է Ալվխեյմ, որը գտնվում է Շվեդիայի հյուսիսային մասում, Օսլոյից հարավ-արևելք և Գյոտեբորգից հյուսիս, Կլարյալվենա և Գլոմ գետերի միջև։ Այս արարածները հանդիսանում են սկանդինավյան դիցաբանության կարևորագույն մասերից մեկը։  

Էլֆերը ժամանակակից մշակույթում խմբագրել

Էլֆերը խորությամբ արմատացել են եվրոպական ավանդույթներում։ «Էլֆ» բառը ըստ էության համարվում է որոշակի ընդհանրություն. էլֆեր են կոչում անտառային ոգիներին, փերիներին, թզուկներին և տրոլներին։

Զվարճալի արարածներներին, որոնք ուղեկցում են Սանտա Կլաուսին և օգնում նրան տեղափոխել նվերները, անվանվում են Սուրբ ծննդյան էլֆեր։

Հետաքրքիր է էլֆերի կերպարը Շեքսպիրի մոտ։ Էլֆերի մասին հիշատակվում է Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստ»-ում։ Էլֆերը ներկա են Ռեդյարդ Կիպլինգի, լորդ Դանսենի («Էլֆերի թագավորի դուստրը», 1924), Տոլկինի («Հոբիթ կամ դեպի այնտեղ և հետ», 1937, «Մատանիների տիրակալը», 1954), Անջեյ Սապկովսկու («Կախարդ» շրջան, 1990-1998) ստեղծագործություններում։

Շեքսպիրի և Տոլկինի ստեղծագործություններում էլֆերի կերպարները տարբերվում են։ Շեքսպիրը օգտագործել է անգլիական բանահյուսության և ժողովրդական հեքիաթների կերպարները, իսկ Տոլկինն իր ստեղծագործություններում օգտագործել է նյութեր վերցված «Էդդեր»-ից և գերմանական այլ ասքերից։

Ֆանտաստիկ գրականության մեջ գորշ էլֆերը ապրում են նոր ծնունդ։ Տոլկինը «Սիլմարիլիոնում» օրկերին նկարագրել է որպես էլֆերի չար հակապատկերներ, նրանց՝ չարի վերակերպված տարբերակ՝ սև մաշկով և արևի նկատմամբ վախով։ «Գորշ էլֆեր» հասկացությունը Տոլկինի մոտ սակայն կիրառվում է ոչ թե նրանց, այլ էլֆերի այն ցեղերի նկատմամբ, որոնք չեն տեսել Դրեվների լույսը և չեն եղել Վալինորում։

Մի շարք գրողներ, ինչպես նաև դերերի համակարգի ստեղծողները, իրենց ստեղծագործություններում գորշ էլֆերին ներկայացնում են որպես էլֆերի ռասայի առանձին տարատեսակ՝ հաճախակի հիշատակելով երկու ժողովուրդների բաժանումը, որոնք հնում միասնական էին։ Գորշ էլֆերի ավելի ճանաչված կերպար են հանդիսանում դրոուները Dungeons & Dragons դերախաղից՝ իրենց մեջ ամփոփելով բազմաթիվ գծեր, որոնք հատուկ են ինչպես դիցաբանական կենդանիներին (մուգ մաշկ, կյանք հողի տակ), այնպես էլ Տոլկինյան օրկերին (կատաղություն, սև մաշկ, վախ արևից)։

Ժամանակի ընթացքում էլֆերի մասին դիցաբանությունը, նրանց արտաքինը, բնավորությունը փոխվեցին։ Նրանց սկզբնական կերպարը և նշանակությունը կորսվեցին, քանի որ էլֆերի մասին դիցաբանության արմատները մնացին հեթանոսական ժամանակաշրջանում։ Ներկայումս էլֆերի կերպարը ժամանակակից գրական ստեղծագործություններում կախված է հեղինակի ցանկությունից և նրա՝ այդ կախարդական ժողովրդի մասին պատկերացումներից։

Իրական «փոքրիկ ժողովուրդ» խմբագրել

 
Էլֆերի երգչախումբ

Կալիֆորնիայի համալսարանից Հովարդ Լենհոֆը ենթադրում է, որ էլֆերի մասին լեգենդները մարդկանց շրջանում ունեն իրական նախատիպեր. այն մարդիկ, ովքեր տառապում են «Ուիլյամսի համախտանիշով»՝ ժառանգական շեղում, որն առաջանում է 7-րդ քրոմոսոմում 20 որոշակի գեների կորուստի պատճառով։ Առաջին անգամ այդ համախտանիշը հայտնաբերվել է 1961 թվականին Նոր Զելանդիայում, և ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր 20 000-րդ նորածնի մոտ հանդիպում է այս հիվանդությունը։ Մարդիկ նմանատիպ շեղման դեպքում բացի սիրտանոթային և խելապակասության խնդրից տարբերվում են նաև ոչ բարձրահասակությամբ, դեմքի երեխայական արտահայտությամբ, քթի, աչքի, շրթունքների հատուկ գծերով. նմանությունը փերիների հետ ավելի է արտահայտվում շնորհիվ բնավորության յուրահատուկ գծերի։ Ուիլյամսի սինդրոմով հիվանդները շրջապատի մարդկանց նկատմամբ նրբազգաց են, քնքուշ են, նրանք հանդիսանում են նաև լավ երաժիշտներ և պատմողներ, ունեն զարմանալի մաքուր ձայն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. American Heritage Dictionary: fair·y и Oxford Dictionary of English Folklore: fairies.
  2. Վոյցեխ Գորչակ. Էլֆեր` ֆանտասիկ կերպարներ սկանդինավյան բանահյուսությունում Արխիվացված 2013-10-17 Wayback Machine. - ISSN 1642-9826.
  3. Ռոջեր Հայֆիլդ, «Հարի Փոտեր» և գիտություն։ Իրական կախարդանք, Եկատիրինբուրգ։ Ու Ֆակտորիա, 2006, С. 269-271. ISBN 5-9709-0179-2

Գրականություն խմբագրել

  • Скандинавская мифология: Энциклопедия. - М.: Изд-во Эксмо; СПб.: Мидгард, 2005. - 592 с., ил. ISBN 5-699-11536-6.
  • Орлов. М. Духи народных сказаний //Орлов М., Амфитеатров А. История сношения человека с дьяволом / Сборник. - М.: Изд-во Эксмо, СПб.: Terra Fantastica, 2003. - 800 с (Великие посвящённые). ISBN 5-699-04469-8
  • Суккуб // Роббинс Р. Х. Энциклопедия колдовства и демонологии / Роббинс Р. Х.; Пер. с англ. Т. М. Колядич, Ф. С. Капицы. - М.: ООО «Издательство Астрель»: МИФ: ООО «Издательство АСТ», 2001. - 560 с.: ил. - («ADMARGINEM»). ISBN 5-17-008093-X (ООО «Издательство АСТ»), ISBN 5-271-02118-1 (ООО «Издательство Астрель»), ISBN 5-87214-066-5 (Издательство «Миф»).
  • Кораблев Л. Л. «Из рассказов о древнеисландском колдовстве и Сокрытом Народе», М.: Изд-во София, 2003-176 с ISBN 5-9550-0008-9 [https://web.archive.org/web/20110317040219/http://d-k-e.euro.ru/hf/intro.html Արխիվացված 2011-03-17 Wayback Machine]
  • Павлова С. «Дорога к единорогу. Кто мы: люди или эльфы?» - М.: ИД «Деловая книга», 2002. - 110 с. ISBN 5-98047-001-8
  • Гарднер Л. «Царства Властителей Колец. По ту сторону сумеречного мира» - М.: Изд-во ФАИР-ПРЕСС, 2003. - 352 стр. ISBN 5-8183-0527-9

Արտաքին հղումներ խմբագրել