Էլեկտրոդներ, (<էլեկտր… և հուն. ὁδός – ուղի), մետաղե, ածխե կամ այլ հաղորդիչներ, որոնցով հաղորդալարերը միանում են էլեկտրական շղթայի իոնային կամ էլեկտրոնային հաղորդականության ոչ մետաղական մասին։ Էլեկտրական և ռադիոտեխնիկական սարքերում հոսանքի աղբյուրի դրական բևեռին միացված էլեկտրոդները կոչվում են անոդ, իսկ բացասական բևեռին միացվածները՝ կաթոդ։ Գալվանական էլեմենտներում և կուտակիչներում անոդը դրական, իսկ կաթոդը բացասական էլեկտրոդներն են։ Աղեղային լամպերում էլեկտրոդների միջև բռնկվող էլեկտրական աղեղը լույսի աղբյուր է ծառայում։ Հողանցման համար մետաղե խողովակների, թիթեղների ձևով պատրաստված էլեկտրոդները թաղվում են հողում։ Էլեկտրոնային լամպերում և էլեկտրոնաճառագայթային խողովակներում էլեկտրոդները ծառայում են էլեկտրական դաշտի ստեղծման և կաթոդից արձակված էլեկտրոնների հավաքման համար։ Էլեկտրոդները օգտագործվում են նաև ֆոտոէլեմենտներում, ռենտգենյան խողովակներում, գազապարպման և աղեղային էլեկտրաեռակցման սարքերում, էլեկտրավառարաններում, բևեռագրության մեջ։

Էլեկտրոդների սխեմային ուրվագիծը

Էլեկտրոդները ֆիզիոլոգիայում խմբագրել

Ֆիզիոլոգիայում և կլինիկական բժշկության մեջ է. կիրառվում են 2 նպատակով՝ հյուսվածքների (սրտամկան, նյարդային համակարգ, մկաններ) կենսահոսանքները գրանցելու և գրգռելու համար։ Էլեկտրոդները սովորաբար պատրաստվում են լավ հաղորդիչ մետաղներից (պլատին, արծաթ, պողպատ) և լինում են՝ տափակ, գնդաձև, գոգավոր, ասեղնաձև ևն։ Կենսահոսանքները գրանցելու համար էլեկտրոդները դրվում են տվյալ օրգանի մակերեսին կամ համապատասխան մաշկահատվածին (վրադիր էլեկտրոդներ), ինչպես նաև ներխրում օրգանի մեջ (սուզվող էլեկտրոդներ)։ Վերջիններս ասեղնաձև են և ամբողջությամբ (բացի արտածող ծայրերից) էլեկտրամեկուսացված։ Կլինիկական ֆիզիոլոգիայում ավելի գործածական են վրադիր էլեկտրոդները, որոնք հյուսվածքը չեն վնասում։ Էլեկտրահաղորդականությունը մեծացնելու նպատակով էլեկտրոդները պատվում են ֆիզիոլոգիական լուծույթում թրջված մառլյայով կամ հատուկ մածուկով։ Սահմանափակ բջջախմբի կամ առանձին բջջի ու նրա առանձին մասերի կենսաէլեկտրական ակտիվությունը գրանցվում է հատուկ ասեղնաձև միկրոէլեկտրոդներով, որոնց ծայրի միջաձիգ տրամագիծը չափվում է միկրոններով կամ միկրոնի տասնորդական մասերով։ Նշված էլեկտրոդները պատրաստվում են մետաղալարից կամ ապակյա բարակ խողովակներից։ Միկրոէլեկտրոդային տեխնիկայի կիրառմամբ առավել ընդլայնվեցին բջջի և սինափսների վերաբերյալ եղած պատկերացումները։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 29