Զինաիդա Նիկոլաևնա Պաստեռնակ (ռուս.՝ Зинаи́да Никола́евна Пастерна́к, օրիորդական ազգանունը՝ Երեմեևա, առաջին ամուսնության ժամանակ՝ Նեյգաուզ, նոյեմբերի 23, 1897(1897-11-23) կամ 1897[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 23, 1966(1966-06-23)[2][3] կամ 1966[1], Մոսկվա, ԽՍՀՄ), դաշնակահար Գենրիխ Նեյգաուզի առաջին կինը, պոետ Բորիս Պաստեռնակի երկրորդ կինը, երաժիշտ Ստանիսլավ Նեյգաուզի մայրը։ «Հիշողություններ» գրքի հեղինակը, Պաստեռնակի՝ «Երկրորդ ծնունդ» ժողովածուում (1932) ընդգրկված մի շարք բանաստեղծությունների հասցեատերը։

Զինաիդա Պաստեռնակ
ռուս.՝ Зинаида Николаевна Пастернак
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1897(1897-11-23) կամ 1897[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 23, 1966(1966-06-23)[2][3] կամ 1966[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՓորձարարական բժշկության ինստիտուտ
Մասնագիտությունհիշատակագիր
ԱմուսինԳենրիխ Նեյգաուզ և Բորիս Պաստեռնակ
ԵրեխաներStanislav Neuhaus?

Մանկություն և պատանեկություն խմբագրել

 
Ելիսավետգրադ․ Թատերական հրապարակ։ 20-րդ դարի սկիզբ

Զինաիդա Նիկոլաևնան ծնվել է 1897 թվականին Պետերբուրգում ռուսական բանակի գեներալ Երեմեևի ընտանիքում։ Հայրը, որը 25 տարով մեծ էր իտալուհի կնոջից, վախճանվեց 1904 թվականին։ Գեներալի մահից հետո նրա այրուն և երեխաներին 150 ոսկե ռուբլի թոշակ նշանակեցին․ բացի այդ Զինաիդան և նրա ավագ քույրերը հնարավորություն ստացան անվճար սովորել արքայազն Օլդենբուրգսկու ինստիտուտում[4]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ուսումնական հաստատության լսարաններում սկսեցին ընդունել վիրավորների։ Գիշերները Զինաիդան հոսպիտալում աշխատում էր որպես բուժքույր, իսկ ցերեկները՝ երաժշտություն պարապում։ Ինստիտուտն արծաթե մեդալով ավարտելուց հետո ընդունվեց կոնսերվատորիա՝ միջին կուրս[5]։

1917 թվականի ամռանը Երեմեևները Պետրոգրադից տեղափոխվեցին բարեկամների մոտ Ելիսավետգրադ։ Օրերից մի օր երիտասարդ դաշնակահարուհին տեսավ Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գենրիխ Նեյգաուզի համերգն ավետող պաստառը․ ծրագրում ընդգրկված էին Շումանի, Շոպենի, Բախի ստեղծագործությունները։ Ինչպես ավելի ուշ հիշում էր Զինաիդա Նիկոլաևնան՝ առաջին ակորդներից հետո նա հասկացավ, որ բեմին գտնվում է մի դաշնակահար, որը «չի զիջում, իսկ շատ դեպքերում էլ գերազանցում է այն ամենին, ինչ լսել էր նախկինում»։ Հաջորդ օրը նա եկավ երաժշտի տուն և խնդրեց երաժշտություն պարապել իր հետ․ Շոպենի էտյուդները լսելուց հետո Նեյգաուզը, նշելով, որ հյուրի ձեռքերի դիրքն ուղղման կարիք ունի, համաձայնվեց[6]։ Երկու տարի անց Կիևի կոնսերվատորիայից աշխատանքի հրավեր ստանալով՝ Գենրիխ Նեյգաուզն իր աշակերտուհուն առաջարկեց մեկնել իր հետ։ Այնտեղ՝ «հիվանդությունների, զրկանքների և սովի մեջ», սկսվեց նրանց համատեղ կյանքը[7]։

Առաջին ամուսնություն։ Գենրիխ Նեյգաուզ խմբագրել

 
Պովարսկայա փողոց 28, շինություն 1

1919-1920 թվականներին չնայած մթերքի և ջեռուցման հետ կապված խնդիրներին՝ Նեյգաուզը շարունակում էր համերգներ տալ․ նրա երիտասարդ կինը ևս մասնակցում էր դրանց։ Առանձնապես ցուրտ օրերին դաշնակահարը նվագում էր մուշտակով և ձեռնոցներով․ հանդիսատեսը սրահում նստած էր վերարկուներով։ Զինաիդա Նիկոլաևնան պատմում էր, որ համերգից ստացած գումարով նրանց հաջողվում էր գնել «երկու կապ մաղադանոս»․ «Մենք սոված էինք մնում, վաճառում իրերը»[8]։ 1922 թվականին, երբ Նեյգաուզը դարձավ Մոսկվայի կոնսերվատորիայի դասավանդող, ընտանիքը տեղափոխվեց ԽՍՀՄ մայրաքաղաք և սենյակ ստացավ Պովարսկայա փողոցի № 28 տանը (շինություն 1)[7], որտեղ խորհրդային տարիներին բնակեցնում էին երաժիշտներին․ այնտեղ էին ապրում կոմպոզիտոր Միխայիլ Իպոլիտով-Իվանովը և Գուստավ Նեյգաուզի աշակերտ Ֆելիքս Բլումենֆելդը[9]։

1925 թվականին ծնվեց զույգի որդին՝ Ադրիանը, ում ծանոթներն Ադիկ էին անվանում։ Երկու տարի անց լույս աշխարհ եկավ մյուս որդին՝ Ստանիսլավը[7]։ Ապրել այնպիսի բնակարանում, որտեղ մեծանում էին 2 երեխաներ, 2 դաշնամուր էր դրված և մշտապես գտնվում էին Նեյգաուզի աշակերտները, դժվար էր, այդ պատճառով ընտանիքի կյանքում մեծ իրադարձություն էր 1928 թվականին առանձին 3 սենյականոց բնակարան տեղափոխվելը, որը գտնվում էր Տրուբնիկովսկի նրբանցքում։ Հենց այնտեղ Զինաիդա Նիկոլաևնայի ընկերուհիներից մեկը՝ Իրինա Սերգեևնան՝ գրականագետ Վալենտին Ասմուսի կինը, մի անգամ բերեց Բորիս Պաստեռնակի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Արգելքներից վեր»-ը։ Հեղինակի անունը ոչինչ չասեց տանտիրուհուն և պոետի հետ ծանոթանալու առաջարկը նա երկար ժամանակ մերժում էր։ Այնուամենայնիվ Պաստեռնակի և Նեյգաուզի ծանոթությունը կայացավ․ ծնվող ընկերության մասին Բորիս Լեոնիդովիչը հայտնում էր ծնողներին ուղղված նամակում․ «Մեզ մոտ՝ [Նեյգաուզի] որոշ ընկերների մոտ սովորություն դարձավ համերգից հետո գիշերն անցկացնել մեկս մյուսի տանը․․․ Վերջին անգամ նա նվագում էր Կյոնեմանի հետ»[10]։ Զինաիդա Նիկոլաևնան իր հերթին հուշերի գրքում խոստովանում էր, որ սկզբնական շրջանում բավականին սառն էր վերաբերվում Պաստեռնակի կողմից իր ներկայությամբ կարդացվող բանաստեղծություններին․ «Ես տարված էի նրա անձով, սակայն որպես պոետ նա ինձ քիչ էր հասանելի»[11]։

1930 թվականի ամռանը մի քանի ընտանիք՝ ներառյալ Պաստեռնակ և Նեյգաուզ ընտանիքները, որոշեցին ժամանակ անցկացնել Կիևի մոտ գտնվող մի ամառանոցում։ Տներ գտնելու բոլոր հոգսերն իր վրա վերցրեց Զինաիդա Նիկոլաևնան․ շնորհիվ նրա էներգիայի Մոսկվայից Իրպեն բերվեց նույնիսկ Գենրիխ Նեյգաուզի դաշնամուրը[12]։ Պաստեռնակը ոգևորությամբ ընդունեց փոփոխությունը․ զարմուհուն՝ Օլգա Ֆրեյդենբերգին ուղղված նամակում նա պատմում էր, որ ընկել է մի մեկուսացած, բայց «առողջ և լի» աշխարհ․ «Վաղուց չէր հաջողվում աշխատել այնպես, ինչպես այնտեղ՝ Իրպենում»[13]։ Մի անգամ Զինաիդա Նիկոլաևնային գտնելով վերնահարկում՝ մաքրություն անելիս, պոետը խոստովանեց, որ հայրը՝ նկարիչ Լեոնիդ Պաստեռնակը, «հիացած էր» իր արտաքինով[14]։ Այդ շրջանում պոետի բանաստեղծությունների գլխավոր շարժառիթները երաժշտությունն ու կատաղի բնությունն էր․ մասնավորապես դրանք առկա էին նրա «Երկրորդ բալլադ» ստեղծագործության մեջ, որը նվիրված էր Զինաիդա Նիկոլաևնային[15]։


Զինաիդա Նիկոլաևնայի ամուսնալուծությունը Գենրիխ Գուստավովիչից, իսկ Պաստեռնակինը՝ առաջին կնոջից՝ Եվգենիա Վլադիմիրովնայից դժվար էր։ Հետագա երկու տարիների ընթացքում Նեյգաուզները մեկ բաժանվում էին, մեկ վերականգնում ընտանեկան հարաբերությունները․ դաշնակահարը, փորձելով հետ բերել կնոջը, հետաձգում էր հյուրախաղերը[16]։ Զինաիդա Նիկոլաևնան, փորձելով գլուխ հանել իր զգացմունքներից, նախ որդու՝ Ադիկի հետ մեկնեց Կիև[17], այնուհետև Բորիս Լեոնիդովիչի հետ՝ Վրաստան՝ պոետի ընկերների մոտ[18]։ Օլգա Ֆրեյդենբերգին ուղղված նամակներից մեկում Պաստեռնակը հաղորդում էր․ «Իմիջիայլոց ես այդ ամիսներին թունավորվել էի և ինձ փրկեց Զինան։ Ա՜խ, ինչպիսի ձմեռ էր»[19]։ Պոետի կողմից նախաձեռնած ինքնասպանության փորձը 1932 թվականի փետրվարին կապված էր Զինաիդա Նիկոլաևնայի որոշման հետ՝ վերադառնալ ամուսնու մոտ։ Ինչպես հիշում էր Բորիս Լեոնիդովիչը՝ հասկանալով, որ նրա հեռանալուց հետո կյանքը կորցրել է իմաստը, նա եկավ Նեյգաուզների տուն և խմեց դարակի վրա դրված մի սրվակ յոդը․ «Ինձ փրկեց այն, որ նա [Զինաիդա Նիկոլաևնան] պատերազմի ժամանակ գթության քույր էր։ Առաջին օգնությունը նա էր ցուցաբերում, այնուհետև վազում էր բժշկի հետևից»[20]։ Վերջնական վերջակետը դրվեց 1932 թվականին ԶԱԳՍ-ում, որտեղ Զինաիդան պաշտոնապես դարձավ Բորիս Պաստեռնակի կինը[21]։

Երկրորդ ամուսնություն։ Բորիս Պաստեռնակ խմբագրել

1930-ական թվականներին Պաստեռնակը շատ էր ճամփորդում երկրում։ Գործուղումներից մեկի ժամանակ, որը կազմակերպվել էր Սվերդլովսկի շրջանային կոմիտեի կողմից, նա իր հետ վերցրեց Զինաիդա Նիկոլաևնային և նրա երեխաներին․ Բորիս Լեոնիդովիչը ցանկանում էր կնոջը ցույց տալ Ուրալի բնատեսարանները։ Ընդունող կողմի կազմած ծրագրի համաձայն՝ Պաստեռնակը պետք է ստեղծագործություն գրեր, որը կպատմեր կոլխոզների ստեղծման և ինդուստրիալացման մասին։ Չնայած նրան, որ Սվերդլովսկի մարզում ընտանիքի գոյատևման պայմաններն ընդունելի էին (նրանց բնակեցրին չորս սենյականոց բնակարանում՝ Շարտաշ լճի մոտ, կերակրում էին մարզային կոմիտեի ճաշարանում, որտեղ ճաշացանկում կար «տաք կարկանդակներ և սև խավիար»)՝ պոետը պնդեց Մոսկվա շուտափույթ վերադառնալուն․ «Նա դադարեց ուտել, սկսեց գոռալ կնոջ վրա՝ վրդովվելով, որ նրան ուղարկել են հիացական ակնարկների հետևից, այնինչ իրականում շուրջբոլորը աղքատություն է և ստորացում, որը ջանադրաբար թաքցնում են հյուրերից»։ Մայրաքաղաք ժամանելով՝ Բորիս Լեոնիդովիչը եկավ Խորհրդային գրողների միությունների ֆեդերացիա և խնդրեց իրեն այլևս չուղարկել այդպիսի ստեղծագործական գործուղումների[22]։

Սկզբնական շրջանում ընտանիքն ապրում էր Վոլխոնկա փողոցի վրա գտնվող Պաստեռնակի բնակարանում։ 1930-ական թվականների կեսերին սկսվեց «Խորհրդային գրող» կոոպերատիվի շինարարությունը Լավրուշինսկի նրբանցքում և միաժամանակ Պերեդելկինոյում գրականագետների ամառանոցներում մասնակիցներին հողակտորներ տալը։ Կենցաղային և տնտեսական բոլոր հարցերով զբաղվում էր Զինաիդա Նիկոլաևնան, որը և՛ առաջին, և՛ երկրորդ ամուսնության ժամանակ իր առաքելությունը տեսնում էր ստեղծագործների համար «այնպիսի տուն ստեղծելը, որտեղ նրանք կարող էին աշխատել»[23]։ Նրա ջանքերի շնորհիվ 8-րդ հարկում գտնվող ոչ մեծ երկու սենյականոց բնակարանը դարձավ 2 հարկանի չորս սենյականոց բնակարան․ դրա համար Պաստեռնակի կինը ոչ միայն կազմակերպեց վերապլանավորում, այլև համապատասխան թույլտվություններ ստացավ Մոսխորհից[24]։

Զինաիդա Նիկոլաևնայի էներգիան և գործնական հմտությունը ոչ միշտ էր հավանության արժանանում Պաստեռնակի շրջապատի կողմից։ Այսպես, Աննա Ախմատովան, որը լինում էր իրենց տանը, միանգամայն կտրուկ էր արտահայտվում Զինաիդա Նիկոլաևնայի մասին, նրան անվանում էր «հակաարվեստի մարմնացում» և մեղադրում, որ «նրա հետ կապվելով Բորիսը դադարեց բանաստեղծություններ գրել»[25]։ Միևնույն ժամանակ նկարիչ Ռոբերտ Ֆալկն իր հուշագրություններում պատմում էր նրա մասին որպես վառ և պլաստիկ կին․ «Լավ եմ հիշում, թե ինչպես Նեյգաուզի համերգներից մեկի ժամանակ, երբ Բորիս Լեոնիդովիչն արդեն սիրահետում էր Զինաիդա Նիկոլաևնային, ես տեսա նրանց Կոնսերվատորիայի սենյակներից մեկում․․․ Ես երբեք չեմ մոռանա գլխի այդ թեքումը, նրա պրոֆիլը։ Նա այնքան չքնաղ էր»[26]։ Պաստեռնակն ինքը նրան ուղղված նամակներից մեկում խոստովանում էր․

  Կիրք կա քո հանդեպ՝ վիթխարի, լացված, անխոս մարդկանց ծնկի բերող և սիրել նշանակում է սիրել քեզ, իսկ սիրել քեզ նշանակում է գոյատևել դեսպանորդականում, անտառի գիշերվա և սոխակի սուլոցի դեսպանորդականում։ Սիրելիդ իմ կյանք, դու․․․ իմ կյանքն առաջին անգամ անվիճարկելի է, ինչպես մինչ այժմ՝ մենության մեջ[27]։  

1938 թվականին Զինաիդա Նիկոլաևնան լույս աշխարհ բերեց երրորդ որդուն, որը Պաստեռնակի հոր անունով կոչվեց Լեոնիդ։ Գրականագետ Աննա Սերգեևա-Կլյատիսի խոսքերով՝ դա «Պաստեռնակների ընտանիքի վերջին ուրախալի իրադարձությունն էր, շուտով ողջ երկիրը թաղվեց պատերազմի մեջ՝ դրան ուղեկցող արհավիրքներով հանդերձ»[25]։

Պատերազմի տարիներ։ Տարհանում խմբագրել

1941 թվականի ամռանը Գրական հիմնադրամը կազմակերպեց գրողների կանանց և երեխաների տարհանումը։ Երկրի խորք տեղափոխվելն ընտանիքի համար դրամա էր, քանի որ 16-ամյա Ադրիան Նեյգաուզն այդ ժամանակ առողջարանում էր գտնվում՝ հետվիրահատական վերականգնողական միջոցառումների համար։ Պաստեռնակը, որը մնացել էր Մոսկվայում, խոստացավ խնամել Ադրիանին և առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպել նրա տարհանումը։ Կրտսեր երեխաների հետ հեռանալով Մոսկվայից՝ Զինաիդա Նիկոլաևնան իր հետ վերցրեց Բորիս Լեոնիդովիչի նամակները և որոշ ձեռագրերը։ Արևելք գնացող գնացքում մոտ 200 երեխա կար։ Այս յուրօրինակ մանկատանը Պաստեռնակի կնոջ վրա դրվեց բուժքրոջ-տանտիրու պարտականությունները[28]։

3 ամիսների ընթացքում տարհանվածների մեծ խումբն ապրում էր Կազանից ոչ հեռու գտնվող Բերսուտ գյուղում։ Աշնանը նրանց տեղափոխեցին Չիստոպոլ։ Պաստեռնակից ժամանակ առ ժամանակ նամակներ էին գալիս։ Դրանցից մեկում պոետը, գնահատելով կնոջ գործնական էներգիան, խոստովանում էր․ «Ես սիրում եմ քեզ աշխարհում ամեն ինչից շատ, քո աչքերը, քո բնավորությունը, քո արագ լինելը և քո՝ ոչնչից չվախեցող կոպիտ ու կիզիչ աշխատանքը»[29]։ Ավելի ուշ Բորիս Լեոնիդովիչը, Ադրիանին ճանապարհելով Սվերդլովսկ, ժամանեց Չիստոպոլ։ Ինչպես հիշում էր Զինաիդա Նիկոլաևնան՝ այդ պահից նրա հոգսերն ավելացան, քանի որ ամուսինն առանձին խնամքի կարիք ուներ․ «Ես շուկա էի վազում Բորիայի նախաճաշի և ընթրիքի համար գնումներ կատարելու (բոլոր գրողները ճաշում էին մեզ մոտ՝ մանկատանը) և լվանում էի նրա սպիտակեղենը։ Օրը մի քանի անգամ նա գալիս էր ինձ մոտ մանկատուն՝ կտրելով աշխատանքից, բայց նրա վրա ոչ ոք չէր բարկանում․ նրա հմայքը գերում էր բոլորին»[30]։

1943 թվականին ընտանիքը վերադարձավ Մոսկվա, որտեղ պատերազմի ժամանակ ոչ միայն ոչնչացվել էր նրանց ամառանոցի և բնակարանի կահույքը, այլև կորել էին Բորիս Լեոնիդովիչի կողմից թաքցրած, իր հոր նկարները[31]։ 1945 թվականը նոր տառապանքներ բերեց․ երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Զինաիդա Նիկոլաևնայի և Գենրիխ Գուստավովիչի ավագ որդին՝ Ադրիան Նեյգաուզը։ Ադիկի մահը փոխեց Պաստեռնակների տան իրավիճակը․ Զինաիդա Նիկոլաևնայի խոստովանությամբ՝ այդ պահից «մերձեցումն իրեն սրբապիղծ էր թվում»։ Սկսվեց ամուսինների աստիճանական հեռացումը միմյանցից․ նրանց կապում էր միայն հիմնականում կենցաղը[25]։

Զինաիդա Պաստեռնակը և Օլգա Իվինսկայան խմբագրել

1940-ական թվականների երկրորդ կեսին, ըստ հրապարակախոս Դմիտրի Բիկովի խոսքերի, Պաստեռնակն սկսեց 2 վեպ՝ մեկը կապված էր «Նովի միր» ամսագրի աշխատակցուհի Օլգա Իվինսկայայի՝ իր կյանք մտնելով, մյուսը՝ մեծ արձակ ստեղծագործության վրա աշխատանքի հետ։ Իվինսկայայի հետ Բորիս Լեոնիդովիչի հարաբերությունների մասին Զինաիդա Նիկոլաևնան իմացավ մի գրառումից, որը գտավ ամուսնու աշխատասենյակում[32]։ «Եռանկյունու» մեջ իրավիճակը գնալով սրվում էր․ մի կողմից Պաստեռնակը խոստացավ կնոջը դադարեցնել հարաբերությունները Օլգա Վսևոլոդովնայի հետ (նրա մտադրությունների իսկության մասին է վկայում 1949 թվականին կատարած գրառումը․ «Զինային՝ իմ միակին։ Երբ մահանամ, ոչ ոքի մի՛ հավատա։ Միայն դու ես եղել իմ լիարժեք, մինչև վերջ հասկանալի, մինչև վերջ հասցված կյանքը»։), մյուս կողմից չէր կարողանում չարձագանքել Իվինսկայայի զգացմունքներին[33]։

Պոետի կինն ու ընկերուհին իրենց հուշերում տարբեր կերպ են մեկնաբանում այդ ժամանակաշրջանի դեպքերը։ Օլգա Իվանսկայան «Պաստեռնակի հետ և առանց նրա տարիները» գրքում պնդում էր, որ Բորիս Լեոնիդովիչին «խեղդում էր ընտանիքի նկատմամբ խղճմտանքը» և նա «վախենում էր» կնոջից, նրա «երկաթե բնավորությունից և ձայնից»[34]։ Զինաիդա Նիկոլաևնան, իր հերթին ընդունելով իր մեղքը, որ «հոգ չէր տանում Բորիայի մասին, ինչպես հարկն էր», պատմում էր իր մրցակցուհու և նրա շրջապատի մարդկանց կողմից «հեռախոսային նենգասպառնալիքի» մասին[35]։ 1950-ական թվականների երկրորդ կեսից, երբ Պաստեռնակի ընտանիքը վերջնականապես հաստատվեց Պերեդելկինոյի ամառանոցում, Բորիս Լեոնիդովիչի կյանքի որոշակի հատվածը, Զինաիդա Նիկոլաևնայի խոսքերով, իր տեսադաշտից դուրս մնաց։

  Ես ոչ մի բանի չէի խառնվում և նույնիսկ չէի անդրադառնում նյութական գործերին․․․ Բորիան շատ ուշադիր էր և քնքուշ ինձ հետ, և այդպիսի կյանքն ինձ միանգամայն բավարարում էր։ Իմ բոլոր ընկերները զայրանում էին իմ չխառնվելու դիրքի համար, ինձ տարբեր խորհուրդներ էին տալիս և Բորիայի հետ խոսում էին այդ թեմայով։ Ինձ համար դժվար է գրել այդ մասին, քանի որ իմ աչքերով ոչինչ չեմ տեսել և չէի էլ ցանկանում տեսնել[36]։  

Պաստեռնակի մահից հետո խմբագրել

 
Պաստեռնակի ամառանոցը Պերեդելկինոյում

1960 թվականի ապրիլին Պաստեռնակի առողջականը կտրուկ վատթարացավ։ Ախտորոշումը պոետն ինքն էլ կռահեց՝ հաղորդելով իրենց տանը հյուրընկալվող պոետ Տիցիան Տաբիձեի կնոջը՝ Նինային, որ նա թոքերի քաղցկեղ ունի և խնդրելով․ «Մի՛ վախեցրեք Զինային և Լյոնեչկային»[37]։ Մեկուկես ամիսների ընթացքում մտերիմներն ու ընկերները հնարավորություններ էին փնտրում Բորիս Լեոնիդովիչին փրկելու համար, սակայն նրանց ջանքերը զուր էին․ մայիսի 30-ին՝ կեսգիշերից քիչ առաջ, Պաստեռնակը վախճանվեց Պերեդելկինոյի ամառանոցում՝ բժիշկների, կնոջ և որդիների՝ Եվգենիի ու Լեոնիդի ներկայությամբ։ Վաղ առավոտյան տուն մտավ Իվինսկայան։ Զինաիդա Նիկոլաևնան չառարկեց նրա ներկայությունը, և Օլգա Վսևոլոդովնան երկար նստեց մահացած պոետի անկողնու մոտ[38]։

Նոբելյան մրցանակակրի թաղման օրը՝ հունիսի 2-ին, անհայտ անձինք Կիևի կայարանի շենքի վրա թանաքով գրված հայտարարություն կախեցին․ «Ընկերնե՛ր, 1960 թվականի մայիսի 30-ին լույս 31-ին վախճանվեց ժամանակի մեծագույն պոետներից մեկը՝ Բորիս Լեոնիդովիչ Պաստեռնակը։ Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 15։00-ին Պերեդելկինոյում»։ Պոետին հրաժեշտ տալու եկան, ըստ տարբեր տվյալների, 2000-4000 մարդ։ Իշխանությունները վախենում էին պրովոկացիաներից, սակայն Զինաիդա Նիկոլաևնան միանգամայն կոշտ արձագանքեց Գրական հիմնադրամի կատարածուների՝ ծիսակատարությունները կարգավորելու փորձերին․ «Չեն կրակելու։ Թափորը կազմված է բանվորներից և գյուղացիներից։ Բոլորը սիրում էին նրան։ Հանուն այդ սիրո ոչ ոք չի համարձակվի խախտել կարգուկանոնը»[38]։

Հուլիսին Զինաիդա Նիկոլաևնան, որը ուժերը վերականգնելու կարիք ուներ, Նինա Տաբիձեի հետ մեկնեց Վրաստան։ Աշնանը վերադառնալով Մոսկվա՝ Պաստեռնակի այրին սկսեց աշխատել արխիվային նյութերի վրա։ Նրանից շատ ջանք պահանջեց Բորիս Լեոնիդովիչի բանաստեղծությունների հետմահու ժողովածուն հրատարակելը․ դրա համար նա դիմեց Խորհրդային գրողների միության գլխավոր քարտուղարի տեղակալին՝ Նիկոլայ Տիխոնովին, շփվում էր այլ գործիչների հետ, արդյունքում հաջողվեց ստեղծել Պաստեռնակի ստեղծագործական ժառանգության հանձնաժողով[39]։

1961 թվականի գարնանը, երբ Զինաիդա Նիկոլաևնան հիվանդացավ, գրող Կորնեյ Չուկովսկին օրագրում գրառում կատարեց․ «Հիմա Զ․ Ն․-ի մոտ կաթված է և դա բոլորովին զարմանալի չէ։ Տարօրինակ է, որ վաղուց դա չէր պատահել․ ինչքան է տանջվել այս խեղճ կինը»[40]։ Իմանալով այրու ֆինանսական ծանր վիճակի մասին, որն ամուսնու մահից հետո մնացել էր առանց նյութական նպաստների և գոյատևման այլ միջոցների (Բորիս Լեոնիդովիչի գրքերն այդ ժամանակ ԽՍՀՄ-ում գրեթե չէին հրատարակվում, իսկ արևմտյան հրատարակիչներից «Բժիշկ Ժիվագոյի» համար նա հոնորար չէր ստանում), մի քանի գրականագետներ՝ ներառյալ Չուկովսկին, Լեոնիդ Լեոնովը, Կոնստանտին Ֆեդինը ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովին նամակ ուղարկեցին՝ այրուն թոշակ նշանակելու խնդրանքով[41]։ Ոչ այս նամակին, ոչ էլ հետագա դիմումներին Կրեմլից պատասխան չեկավ[42]։

Պաստեռնակի վրա հարձակումները շարունակվեցին նաև նրա մահվանից հետո։ Երբ գրող Միխայիլ Շոլոխովը ԽՄԿԿ XXIII համագումարի դահլիճից բացասական առումով նշեց Բորիս Լեոնիդովիչին և նրա «Բժիշկ Ժիվագո» վեպը, Զինաիդա Նիկոլաևնան «Խաղաղ Դոն»-ի հեղինակին բավականին կտրուկ նամակ ուղարկեց, որտեղ մասնավորապես հարցնում էր․

  Ինչպե՞ս չեք ամաչում Պաստեռնակի արարքի մասին ակնարկներ անելուց։ Ինչո՞վ եք Դուք ավելի լավը Պաստեռնակից։ Ձեր հերոս Մելեխովը Բժիշկ Ժիվագոյի նմանօրինակն է․․․ Հասկացեք, որ դա շատ մոտ է, սակայն Ձեզ ամեն ինչ կարելի է, քանի որ Դուք կոմունիստ եք, իսկ Պաստեռնակի վեպն անվանում են զրպարտչական, քանի որ նրան թույլ չէին տալիս[23]։  

Վերականգնվելով կաթվածից՝ Զինաիդա Նիկոլաևնան սկսեց գրել «Հուշեր» գիրքը։ Սկզբում նա ինքն էր աշխատում ձեռագրի վրա, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր օգտվել ընտանիքի ընկերոջ՝ գրականագետ Զոյա Մասլեննիկովայի օգնությունից։ Վերջնական արդյունքում, ըստ ուսումնասիրողների նկատառման, առկա է ոճային տարընթերցվածք, որի հետ մեկտեղ հեղինակի անուղղակի խոսքը գրի է առնվում թելադրությամբ՝ օտար ձեռքով[43]։ Տեքստում լրացումներ և ուղղումներ կատարել հուշերի հեղինակը չհասցրեց․ 1966 թվականի հունիսի 23-ին նա մահացավ թոքերի քաղցկեղից իր ամառանոցում։ Զինաիդա Նիկոլաևնային թաղեցին Պերեդիլկինոյի գերեզմանոցում՝ Բորիս Լեոնիդովիչի կողքին[39]։

Երեխաներ խմբագրել

Զինաիդա Նիկոլաևնայի ավագ որդին՝ Ադրիան Նեյգաուզը (1925-1945), 9 տարեկանում, ցատկելով ավտոտնակի տանիքից, ծանր վիրավորվել է, որից հետո երկար ժամանակ բուժվում էր առողջարաններում և Բոտկինի հիվանդանոցի Կրեմլի բաժանմունքում․ բժիշկներն ախտորոշեցին ոսկրային տուբերկուլոզ[44]։ 1945 թվականի ապրիլին մի քանի բարդ վիրահատություններից հետո՝ ներառյալ ոտքի անդամահատումը[45], Ադրիանը մահացավ մոր ձեռքերին[46]։

Միջնեկ որդին՝ Ստանիսլավ Նեյգաուզը (1927-1980), փոքր ժամանակից երաժշտության դասերի էր հաճախում։ 1950 թվականին ավարտում է Մոսկվայի պետական կոնսերվատորիան, այնուհետև ասպիրանտուրան, որից հետո երկար տարիներ ծավալում էր համերգային և մանկավարժական գործունեություն։ Նրա աշակերտների թվում էին միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիրներ։ 1978 թվականին Ստանիսլավ Նեյգաուզը ստացավ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում[47]։

Զինաիդա Նիկոլաևնայի կրտսեր որդին՝ Լեոնիդ Պաստեռնակը (1938-1976), ֆիզիկոս էր։ Վախճանվել է «Բժիշկ Ժիվագոյի հասակում» ամառային մի շոգ օր սրտի անբավարարությունից՝ գտնվելով ղեկին․ «Դա պատահեց Մանեժնայա հրապարակում։ «Ամեն ինչ իրականացավ»․ դա տարածքի առումով ևս հեռու չէ Նիկիտսկի հրապարակից, որով տրամվայով գնում էր Յուրի Ժիվագոն»[39]։

Բորիս Պաստեռնակի քնարերգության մեջ խմբագրել

Պաստեռնակի քնարերգության մի մասը, որը ներառվել էր «Երկրորդ ծնունդ» (1932) ժողովածուում, նվիրված է Զինաիդա Նիկոլաևնային։ Ստեղծագործություններից առաջինը, որտեղ զգացվում են կյանքի ապագա փոփոխությունները՝ կապված պոետի նոր սիրո հետ, ուսումնասիրողները համարում են «Երկրորդ բալլադ» բանաստեղծությունը․ այն գրվել էր մի քանի ընտանիքների՝ 1930 թվականի ամռանը Կիևի մոտ գտնվող ամառանոցում մնալու ազդեցության տակ։ Ձեռագիրը նվիրվել էր Զինաիդա Նեյգաուզին[48]։ Բալլադի հերոսն անձևի աղմուկի տակ տագնապալի երազ է տեսնում 2 տղաների մասնակցությամբ․ խոսքն Ադրիան և Ստանիսլավիժ Նեյգաուզների մասին է, որոնց կյանքում, ինչպես ենթադրում է պոետը, շուտով զգալի փոփոխություններ կլինեն[49]։

Զինաիդա Նիկոլաևնայի կերպարը պատկերված է նրան ուղղված «Սիրել ուրիշներին՝ ծանր խաչ է․․․» բանաստեղծության մեջ։ Իմանալով, որ իր սիրելին բավական սառն էր ընդունում պոեզիայի բարդ փոխաբերությունները՝ Բորիս Լեոնիդովիչը խոստացավ նրան գրել հնարավորինս «պարզ»[50]։ Նամակներից մեկում՝ թվագրված 1931 թվականի ապրիլ, պոետը խոստովանում էր, որ Զինաիդա Նեյգաուզի հանդեպ սերը, որը կարողանում էր «պարզեցնել ամեն ինչ մինչև լիակատար երջանկություն», նրան շրջապա աշխարհին «բաց և պարզ» նայելու հնարավորություն է տվել[51]։ Այս ընդգծված պարզությունը, ըստ գրականագետ Ալեքսանդր Ժոլկովսկու, առկա է ստեղծագործության և՛ բառապաշարում, և՛ տրամաբանական անցումներում, և՛ «հանգաբանական խաղացանկում»[50]։

Զինաիդա Նեյգաուզին նվիրվեց նաև «Любимая, — молвы слащавой…» բանաստեղծության ինքնագիրը՝ նախքան ժողովածուի լույս տեսնելը։ Այս ստեղծագործությունը հարաբերակցվում է Պաստեռնակի՝ 1931 թվականի մայիսի 14-ի նամակի հետ, որտեղ պոետը պատմում է, որ «մեծ, մեծ ընկերությունը», որը վերածվել է սիրո, կոտրված ճակատագրերի պատճառ դարձավ[52]։ «Кругом семенящейся ватой» բանաստեղծության ստեղծումը կրկին ուղեկցվում էր հեղինակի մեկնաբանությամբ՝ Զինաիդա Նիկոլաևնային ուղղված նամակում Բորիս Լեոնիդովիչը պնդում էր․ «Այս վատ և քիչ նշանակալի բանաստեղծությունները կխորանան և ավելի լավը կդառնան, երբ նրանց կհաջորդեն մյուսներն այն մասին, թե ինչպես դու ինձ կսովորացնես և թե ինչ կսովորացնես»[53]։ «Երկրորդ ծնունդ»-ի մեծ ներառված է նաև «Ոչ ոք չի լինի տանը» բանաստեղծությունը, որը հայտնի դարձավ Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի շնորհիվ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
  4. Пастернак, 2010, էջ 239—240
  5. Пастернак, 2010, էջ 242
  6. Пастернак, 2010, էջ 244—246
  7. 7,0 7,1 7,2 Пастернак, 2010, էջ 248—250
  8. Пастернак, 2010, էջ 251—253
  9. Москва в кольце Садовых. — М.: Московский рабочий, 1991. — С. 126—133. — ISBN 5-239-01139-7
  10. Сергеева-Клятис, 2015, էջ 142—143
  11. Пастернак, 2010, էջ 260
  12. Сергеева-Клятис, 2015, էջ 145
  13. Переписка, 1990, էջ 129
  14. Быков Д. Л. Борис Пастернак. — М.: Молодая гвардия, 2007. — ISBN 978-5-235-03113-5
  15. Сергеева-Клятис, 2015, էջ 147—148
  16. Пастернак, 2010, էջ 269
  17. Сергеева-Клятис, 2015, էջ 159
  18. Сергеева-Клятис, 2015, էջ 167
  19. Переписка, 1990, էջ 132
  20. Сергеева-Клятис, 2015, էջ 170—171
  21. Пастернак, 2010, էջ 278
  22. Быков Д. Л. Борис Пастернак. — М.: Молодая гвардия, 2007. — ISBN 978-5-235-03113-5
  23. 23,0 23,1 Пастернак, 2010, էջ 8
  24. Пастернак, 2010, էջ 288
  25. 25,0 25,1 25,2 Сергеева-Клятис, 2015, էջ 177
  26. Пастернак, 2010, էջ 7
  27. Пастернак, 2010, էջ 103
  28. Пастернак, 2010, էջ 305—307
  29. Пастернак, 2010, էջ 163
  30. Пастернак, 2010, էջ 313
  31. Пастернак, 2010, էջ 324
  32. Быков Д. Л. Борис Пастернак. — М.: Молодая гвардия, 2007. — ISBN 978-5-235-03113-5
  33. Сергеева-Клятис, 2015, էջ 179—180
  34. Ивинская, 2007, էջ 27
  35. Пастернак, 2010, էջ 340—342
  36. Пастернак, 2010, էջ 366
  37. Быков Д. Л. Борис Пастернак. — М.: Молодая гвардия, 2007. — ISBN 978-5-235-03113-5
  38. 38,0 38,1 Быков Д. Л. Борис Пастернак. — М.: Молодая гвардия, 2007. — ISBN 978-5-235-03113-5
  39. 39,0 39,1 39,2 Быков Д. Л. Борис Пастернак. — М.: Молодая гвардия, 2007. — ISBN 978-5-235-03113-5
  40. Пастернак, 2010, էջ 12
  41. Пастернак, 2010, էջ 13
  42. Пастернак, 2010, էջ 21
  43. Пастернак, 2010, էջ 14
  44. Пастернак, 2010, էջ 297—300
  45. Пастернак, 2010, էջ 197—318
  46. Пастернак, 2010, էջ 197—300
  47. «Станислав Нейгауз». Музыканты о классической музыке и джазе. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  48. Комментарии, 2004, էջ 385
  49. Быков Д. Л. Борис Пастернак. — М.: Молодая гвардия, 2007. — ISBN 978-5-235-03113-5
  50. 50,0 50,1 Жолковский А. К. Грамматика простоты // Звезда. — 2013. — № 8.
  51. Комментарии, 2004, էջ 388—389
  52. Комментарии, 2004, էջ 390
  53. Комментарии, 2004, էջ 391

Գրականություն խմբագրել

  • Быков Д. Л. Борис Пастернак. — М.: Молодая гвардия, 2007. — ISBN 978-5-235-03113-5
  • Ивинская О. В., Емельянова И. И. Годы с Пастернаком и без него. — М.: Плюс-Минус, 2007. — ISBN 978-5-98264-026-0
  • Пастернак Б. Л., Пастернак З. Н. Второе рождение. Письма к З. Н. Пастернак. Воспоминания. — М.: Дом-музей Пастернака, 2010. — ISBN 978-5-88149-420-9
  • Сергеева-Клятис А. Ю. Пастернак. — М.: Молодая гвардия, 2015. — ISBN 978-5-235-03776-2
  • Пастернак Е. Б., Пастернак Е. В. Комментарии // Пастернак Б. Л. Полное сорание сочинений в одиннадцати томах. — М.: Слово, 2004. — Т. 2. — ISBN 5-85050-682-9
  • Переписка Бориса Пастернака / Составители Пастернак Е. В., Пастернак Е. Б.. — М.: Художественная литература, 1990. — ISBN 5-280-01597-0