Զեքի փաշա (թուրքերեն՝ Zeki Paşa, ինչպես նաև՝ Մեհմետ Զեքի Բարազ կամ Հալեպլի Զեքի փաշա (Mehmet Zeki Baraz կամ Halepli Zeki Paşa)[1], 1934 թվականից պաշտոնապես՝ Զեքի Բարազ Կոլաչ Քիլիչօղլու (Zeki Baraz Kolaç Kılıçoğlu)[2], 1862, Հալեպ, Օսմանյան կայսրություն - 1943, Ստամբուլ, Թուրքիա), Օսմանյան կայսրության ֆելդմարշալ։ Մասնակցել է Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներին։

Զեքի փաշա
թուրքերեն՝ Zeki Paşa
Դիմանկար
Ծնվել է1862
ԾննդավայրՀալեպ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1943
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԲեռլին
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Թուրքիա և  Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
ԿրթությունԹուրքական ռազմական ակադեմիա և Օսմանյան ռազմական քոլեջ
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMinister of Public Works?
 Zeki Pasha Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զեքի փաշան ծնվել է Հալեպում։ 1883 թվականին ավարտել է Օսմանյան ռազմական ակադեմիան, իսկ 1887 թվականին՝ զինվորական սպայական քոլեջը[2]։ 1894 թվականին, որպես 4-րդ Անատոլիական բանակի հրամանատար, մասնակցել է հայերի դեմ՝ Սասունի ինքնապաշտպանության ճնշմանը, որի համար նրան շնորհվել են պետական պարգևներ[3][4][5]։ Զեքի փաշայի տրամադրության տակ գտնվող զորքի (12 հազար զինվոր) հետ միասին, Դիարբեքիրից Սասուն են շարժվել Օսման փաշայի հետևակային կորպուսը (3 հազար զինվոր), Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային երկու գունդ, Էրզրումի 26-րդ հետևակային գունդը և կանոնավոր այլ ուժեր։ Այդ արշավանքին մասնակցում էին նաև մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք բաշիբոզուկներ։ Հայերի կոտորածներն իրականացնելու առիթով Զեքի փաշան հայտարարել է. «Ես կոտորել եմ բոլոր ապստամբներին և այնպես եմ արել, որ նման իրավիճակ Թուրքիայում այլևս չի կրկնվի»[6]։

1912-1913 թվականներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ, նա Վարդարյան (Վարդար գետի անունից) բանակի հրամանատարն էր։ Հետևելով Օսմանյան կայսրության բանակի շտաբի պետ Նազիմ փաշայի հրամանին, Զեքի փաշան ստիպված էր ներքաշվել ու մասնակցել Կումանովոյի ճակատամարտին[7], որտեղ ի դեպ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ մարտնչել են նաև հայ կամավորներ։ Չկարողանալով դիմագրավել սերբական հրետանու հարվածներին, Զեքի փաշայի բանակը պարտություն կրեց[8]։ Նահանջի ժամանակ զինվորներից մեկը, զայրույթի պահին փորձել է սպանել Զեքի փաշային, որն ավելի է սաստկացրել խուճապը՝ թուրքական զորքերի մեջ[9]։ Ողջ Վարդարյան բանակը, որը կազմված էր Ֆեթհի փաշայի 7-րդ, Ջավիդ փաշայի 6-րդ և Կարա-Սաիդ փաշայի 5-րդ կորպուսներից, նահանջել է դեպի Մոնաստիր (այժմ՝ Բիտոլա)[10]։ Զեքի փաշան Մոնաստիրի հյուսիս-արևմտյան հատվածում զբաղեցրել է պաշտպանական դիրքավորումներ, սակայն կրկին պարտություն է կրել։ Բիտոլայի ճակատամարտում զոհվել է նաև Ֆեթհի փաշան[11]։

1914 թվականի նոյեմբերի 21-ին Զեքի փաշան, Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի մոտ նշանակվել է համհարզի պաշտոնում և մեկնել է Գերմանիա։ Նա գլխավորել է Օսմանյան պատվիրակությանը, որն 1917 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրել է ՌԽՖՍՀ-ի հետ զինադադարի պայմանագիրը։ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո Զեքի փաշան վերադարձել է Ստամբուլ և 1920-1922 թվականներին զբաղեցրել է Օսմանյան կայսրության գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Զեքի փաշան բանակից զորացրվել է 1923 թվականին, շարունակելով ապրել Ստամբուլում։ Մահացել է 1943 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Harp Akademileri Komutanlığı, Harp Akademilerinin 120 Yılı, İstanbul, 1968, p. 45. (թուրքերեն)
  2. 2,0 2,1 Ekmeleddin İhsanoğlu name, Osmanlı Askerlik Literatürü Tarihi: History of Military Art and Science Literature during the Ottoman Period, İslâm Tarih, Sanat ve Kültür Araştırma Merkezi (IRCICA), 2004
  3. Robert Melson, "Revolution and Genocide" (1992), p.60
  4. W. Blackwood, "Blackwood's Edinburgh Magazine" (1897),p.21
  5. George Shaw/Lefevre Eversley, "The Turkish Empire from 1288 to 1914" (1914), p. 341
  6. Arman Dzhonovich, "The Armenian Massacres, 1894–1896" (2004), pp. 63–64
  7. Richard C. Hall, "The Balkan Wars, 1912–1913: Prelude to the First World War" (2000), p. 47
  8. Hall,p. 48
  9. Hall, p. 49
  10. Hall, p. 51
  11. Hall, p. 52
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։