Զգուշացիր ավտոմեքենայից

Զգուշացիր ավտոմեքենայից (ռուս.՝ Берегись автомобиля), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1966 թվականին՝ Էլդար Ռյազանովի կողմից։

Զգուշացիր ավտոմեքենայից
ռուս.՝ Берегись автомобиля
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն[1], տրագիկոմեդիա և դետեկտիվ ֆիլմ
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷլդար Ռյազանով[1]
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի և Էլդար Ռյազանով
ԴերակատարներԻնոկենտի Սմոկտունովսկի, Օլեգ Եֆրեմով, Անատոլի Պապանով, Օլգա Արոսևա, Գեորգի Ժժենով, Դոնատաս Բանիոնիս, Անդրեյ Միրոնով, Եվգենի Եվստիգնեև, Լյուբով Սոկոլովա, Վյաչեսլավ Նևիննի, Գալինա Վոլչեկ, Ալեքսեյ Կորենև[2] և Անտոնինա Մաքսիմովա[2]
ՕպերատորԱնատոլի Մուկասեյ և Վլադիմիր Նախաբցև
ԵրաժշտությունԱնդրեյ Պետրով
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն94 րոպե
 Beware of the Car movie Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Պարզվում է, որ համեստ ու ամաչկոտ ապահովագրական գործակալ, ինքնագործ թատերախմբի դերասան և նախկին վարորդ Յուրի Դետոչկինը արդարության համար պայքարող անհաշտ մարտիկ է։ Սակայն իրավապահ մարմինների համար, հանձին նույն թատրոնի դերասան և իրական քննիչ Մաքսիմ Պոդբերյոզովիկովի, այդ Ռոբին Հուդը պատկերանում է որպես վտանգավոր, խորամանկ և անորսալի հանցագործ։

Աշխատանքային պարտքը կատարելիս Յուրի Դետոչկինը հաճախ է լինում բավականաչափ ունևոր մարդկանց տներում և տեսնելով, որ շատերն են ապրում բացահայտ անաշխատ եկամուտով, նա փորձում է վերականգնել արդարությունը այնպես, ինչպես ինքն է դա հասկանում։ Դետոչկինը անձամբ քարտադարան է վարում ու գործ կազմում կաշառակերների, սպեկուլյանտների, չարաշահողների ու հափշտակողների վերաբերյալ, առևանգում է նրանց ավտոմեքենաները, վերավաճառում դրանք և ստացած գումարները փոխանցում մանկատներին։

Իր հաճախորդներից մեկը, կոմիսիոն խանութի երիտասարդ վաճառող Դիմա Սեմիցվետովը թանկարժեք ու չճարվող էլեկտրոնիկայի առևտուր էր անում «վաճառասեղանի տակից»։ Սեմիցվետովի ավտոմեքենան Դետոչկինին հաջողվում է առևանգել միայն երրորդ փորձից հետո։ Առաջին անգամ աշխատում է ավտոմեքենայի ահազանգման համակարգը, երկրորդ անգամ Դետոչկինը ընկնում է ավտոմեքենայի սրահում դրված թակարդի մեջ։ Երրորդ անգամ նա վարձում է ավտոկռունկ, որի միջոցով բարձրացնում է ավտոտնակը և առևանգում ավտոմեքենան։ Նշված ավտոմեքենայով նա մեկնում է Մերձբալթիկա։ Ճանապարհին ծանոթանում է մի միլիցիոների հետ, որին օգնում է գործի գցել խափանված մոտոցիկլետը։ Մոտակա բնակավայրում միլիցիոները առևանգված ավտոմեքենայի վերաբերյալ կողմնորոշում է ստանում և սկսում է հետապնդել Դետոչկինին։ Որոշ ժամանակ անց մոտոցիկլետը կրկին խափանվում է, և Դետոչկինը շարունակում է ճանապարհը։

Մինչ Մերձբալթիկայում Դետոչկինը վաճառում է ավտոմեքենան ինչ-որ կղերականի, ով հարստացել էր հավատացյալների մատուցած զոհողություններից, քննիչ Պոդբերյոզովիկովը դուրս է գալիս Դետոչկինի հետքի վրա։ Քննիչը պատահականորեն պարզում է, որ Դետոչկինը իր հաճախակի բացակայությունները տանը պատճառաբանում է «ծառայողական գործուղումներով», իսկ աշխատանքի վայրում՝ «բազմաթիվ հարազատների հիվանդություններով»։ Քննիչը հիշում է նաև Դետոչկինի տարօրինակ պահվածքը, հետաքրքրասիրությունը հետաքննության վերաբերյալ, և հօդս են ցնդում բոլոր կասկածները։

Թատրոնում հերթական փորձի ժամանակ Պոդբերյոզովիկովը «մերկացնում է» Դետոչկինին, բայց ցանկանալով ի վերջո հասկանալ, թե ինչն է նրան դրդել հանցագործության, ձերբակալելուց առաջ նրան հրավիրում է գարեջրատուն։ Դետոչկինը Պոդբերյոզովիկովին ներկայացնում է բոլոր առկա փաստաթղթերը, գումարների փոխանցման անդորրագրերը և այլն։ Քննիչը, իմանալով, որ Դետոչկինը ավտոմեքենաները առևանգել է ազնիվ մղումներից ելնելով, որոշում է իր պաշտոնական դիրքը չարաշահելու գնով բաց թողնել Դետոչկինին` պահանջելով, որ նա խոստանա այլևս չառևանգել ավտոմեքենաներ նույնիսկ կաշառակերներից։

Այնուամենայնիվ, սպասելով մոտալուտ ձերբակալությանը` Դետոչկինը ամեն բան պատմում է իր հարսնացուին՝ Լյուբային։ Նա ազնվորեն ցանկանում է հրաժեշտ տալ իր անցյալին, գետն է նետում իր քարտադարանը, սակայն այդ պահին նկատում է կայանված «Վոլգա» ավտոմեքենան՝ ծանոթ համարանիշներով։ Ջրից հանելով քարտադարանը` նա պարզում է, որ մեքենան պատկանում է կաշառակերի, և առևանգում է այն։ Սակայն այս անգամ ավտոմեքենան բերում է միլիցիայի բաժնի մոտ, որտեղ աշխատում էր Պոդբերյոզովիկովը։ Ճանապարհին նրան նկատում է Լյուբան և տրոլեյբուսով փորձում է հետապնդել Դետոչկինին, որպեսզի խոչընդոտի նրա հերթական հանցագործությանը։ Արդյունքում պարզվում է, որ Դետոչկինի քարտադարանում սխալմունք է եղել, ավտոմեքենան պատկանում էր ազնիվ աշխատանքով ապրող մարդու։ Պոդբերյոզովիկովը ստիպված էր ձերբակալել ընկերոջը։ Այդ ժամանակ թատրոնում պետք է կայանար նաև «Համլետ»-ի առաջին ներկայացումը, և Դետոչկինին թատրոն են բերում պահակազորի ուղեկցությամբ։ Ներկայացումն անցնում է մեծ հաջողությամբ։

Դատարանում Պոդբերյոզովիկովն ու մյուս ծանոթները ելույթ են ունենում ի պաշտպանություն Դետոչկինի։ Թե ինչ դատավճիռ է կայացվում, ֆիլմում չի հաղորդվում։ Սակայն ֆիլմի վերջում Դետոչկինը դուրս է ելնում Լյուբայի տրոլեյբուսի դիմաց, մոտենում է դիմապակուն և ասում է. «Ես վերադարձել եմ»։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Ինոկենտի Սմոկտունովսկի Յուրի Դետոչկին
Օլեգ Եֆրեմով Մաքսիմ Պոդբերյոզովիկով
Լյուբով Դոբրժանսկայա Դետոչկինի մայրը
Օլգա Արոսևա Լյուբա
Անդրեյ Միրոնով Դիմա Սեմիցվետով
Անատոլի Պապանով Սեմյոն Սոկոլ-Կրուժկին
Տատյանա Գավրիլովա Իննա
Գեորգի Ժժենով ավտոտեսուչ
Եվգենի Եվստիգնեև Եվգենի Եվստիգնեև, ռեժիսոր
Սերգեյ Կուլագին Ֆիլիպ Կարտուզով
Դոնատաս Բանիոնիս պաստոր
Յուրի Յակովլև կարդում է տեքստը

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Էմիլ Բրագինսկի, Էլդար Ռյազանով սցենարիստ
Էլդար Ռյազանով ռեժիսոր
Անատոլի Մուկասեյ, Վլադիմիր Նախաբցև օպերատոր
Անդրեյ Պետրով կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Պետկինոյի խմբագիրներին ֆիլմի սցենարը դուր էր եկել, բացառությամբ նրա, որ գլխավոր հերոսը առևանգում էր ավտոմեքենաները։ Ըստ նրանց, լավ կլիներ, եթե նա պարզապես միլիցիային հաղորդեր, որ այսինչ մարդը հանցագործ է և ապրում է անաշխատ եկամուտով[3]։
  • Պետկինոյի նախագահ Ալեքսեյ Ռոմանովը ֆիլմի սցենարը խոտանել էր` վախենալով, որ Խորհրդային Միության քաղաքացիները, դիտելով ֆիլմը, կսկսեն մեկը մյուսից ավտոմեքենաներ առևանգել։ Այդ պատճառով ֆիլմը որոշ ժամանակ «պահածոյացվել էր»[4]։
  • Ռյազանովն ու Բրագինսկին սցենարը վերածել էին վիպակի, որը 1964 թվականին հրատարակվել էր «Молодая гвардия» ամսագրում և ընթերցողների շրջանում լավ արձագանք էր գտել։ Դա էլ նպաստեց, որ ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն թույլ տվեց սկսել ֆիլմի նկարահանումները[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0060161/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Рязанов Э. А. Неподведенные итоги. — М.: Вагриус, 1995. — С. 46. — 510 с. — ISBN 5-7027-0126-7
  4. Рязанов Э. А. Неподведенные итоги. — М.: Вагриус, 1995. — С. 47. — 510 с. — ISBN 5-7027-0126-7
  5. Рязанов Э. А. Неподведенные итоги. — М.: Вагриус, 1995. — С. 49, 62. — 510 с. — ISBN 5-7027-0126-7
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զգուշացիր ավտոմեքենայից» հոդվածին։