Զավեն Տիգրան (Չուքասզյան) (1874, Սեբաստիա - 1938, Սիբիր, ԽՍՀՄ), հայազգի գրող, հրապարակախոս, հրատարակիչ, ազգային-քաղաքական գործիչ, թուրքական լծի դեմ ազատագրական շարժման ղեկավար։

Զավեն Տիգրան
Դիմանկար
Ծնվել է1874
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել է1938
Մահվան վայրՍիբիր, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող

Սովորել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում, որն ավարտել է 1895 թվականին, ապա Փարիզի և Ժնևի համալսարաններում։ Ժնևում, որը շատ արտաքսված ռուսների, հրեաների, լեհերի, բուլղարացիների և մակեդոնացիների, ինչպես նաև հայերի սիրված վայրն էր, հանդիպել է արևելյան հարցի տեսաբանների։ Ակտիվորեն հանդես է եկել հայերի իրավունքների պաշտպանությամբ և Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու օգտին։

1903-1908 թվականներին աշխատել է Թիֆլիսի պարբերականներում։ 1905 թվականին աշխատակցել է «Մուրճ» ամսագրին։ 1906 թվականին հիմնել է «Երկրի ձայն» պարբերականը, որը բարձր գնահատանքի է արժանացել որպես հայկական սոցիալիզմի կարևոր մաս։ 1908 թվականին ֆինանսական միջոցները սպառվել են, և նա սկսել է հոդվածներ սղագրել տարբեր պարբերականներում, հատկապես ֆրանսիական մամուլում տարբեր մականուններով (Eliminor , Taparik և այլն)[1]։ 1908 թվականին «Գեղարվեստ» պարբերականում (խմբագիր՝ Գարեգին Լևոնյան) լույս է տեսել նրա «Թուրք բանաստեղծություն» հոդվածների շարքը[2]։

Ավելի ուշ նա Հրանտ Նազարյանցի հետ վերադարձել է Պոլիս, հիմնել «Սուրհանդակ» պարբերականը[3], հետո՝ 1918-1920 թվականներին, եղել է «Ժողովուրդ» օրաթերթի տնօրենը և իր հոդվածներում դատապարտել է հայերի ցեղասպանությունը կազմակերպած թուրքական կառավարող շրջաններին։ Այս առումով նա փորձել է հայության ձայնը հասցնել միջազգային հանրությանը, ներկայացնել Թուրքիայում հայերի կացության վերաբերյալ ճշմարտությունը, պահանջել դատապարտել հայ ժողովրդի ողբերգության մեղավորներին։ Նա փորձել է ներկայացնել, որ պայքարը պետք է լինի ոչ թե ազգայնական, այլ քաղաքական և սոցիալական։ Հենց այդ համոզմունքով նա փորձել է համագործակցել թուրքական առաջադեմ կուսակցությունների հետ, ինչը նրան չի հաջողվել[4]։

Ելնելով Օսմանյան կայսրությունն ապակենտրոնացնելու սկզբունքից՝ Զավենը գտնում էր, որ այդ հարցում հայերի և արաբների շահերը համընկնում են, և նրանք պետք է միավորեն իրենց ուժերը։ 1913 թվականին կայացած արաբական առաջին կոնգրեսում արտասանած ճառում Զավենը ընդգծել է, որ «Մեր հայ եղբայրների դրությունը նման է մեր դրությանը։ Նրանք այնպիսի մարդիկ են, ինչպես մենք, ... նրանք մտածում են այնպես, ինչպես մենք, նրանք պահանջում են ինչպես մենք։ Եվ մենք հաջողություն ենք ցանկանում ինչպես մեզ, այնպես էլ նրանց։ Եվ մենք միասնական ենք Օսմանյան կայսրության ապակենտրոնացման պահանջում»։

Քեմալականների՝ իշխանության գալուց հետո նա տեղափոխվել է Փարիզ, Լյուսեն Ալֆրեդ անունով փորձել է մտել ֆրանսիական կոմունիստական կուսակցության շարքերը՝ ստեղծելով ֆրանսիացի և ֆրանսահայ գրական համայնքի հետ լայն կապեր, բայց մերժվել է։ Նա կապեր է հաստատել հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների հետ, մասնավորապես, Անրի Բարբյուսի հետ։ 1933 թվականին նա տեղափոխվել է Խորհրդային Հայաստան՝ քաղաքական և մշակութային  գործունեություն ծավալելու համար։ Սակայն Զավեն Տիգրանին սպասվում էր նույնը, ինչ Զապել Եսայանը․ նա դարձլ է ստալինյան զտումների զոհ։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նույնպես մերժել է նրան կուսակցության մեջ ընդգրկել։ Բանտարկվել է լրտեսության մեղադրանքով 1937 թվականի հունիսի 26-ին և մեկ տարի անց՝ 1938 թվականի նոյեմբերի 20-ին գնդակահարվել[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Anahide Тер Minassian, «Dikran Zaven a toujours attendu la révolution turque» (Տիգրան Զավենը միշտ սպասել է թուրքական հեղափոխությանը) Ակոս, Ստամբուլ , 02/07/2013
  2. 3423772 (1908). «gegharvest_1». Issuu (անգլերեն). էջեր 30–32. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  3. Pasquale Sorrenti, Hrand Nazariantz. L'homme, poète, patriote, Bari, Levante, 1978.
  4. Պըլտեան, Գրիգոր (1990). «Հայկական ապագայապաշտություն» և Հրանտ Նազարյանց, բազմավեպ. Վենետիկ: Revue d'Etudes Arméniennes. էջեր հատոր 3–4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։