Երկնաքարեր. միջմոլորակային տարածությունից Երկրի վրա ընկնող երկաթային կամ քարային մարմիններ։ Տարածված է այն տեսակետը, որ երկնաքարերը փոքր մոլորակների բեկորներ են, որոնք էլիպսաձև ուղեծրով շարժվում են միջմոլորակային տարածությունում և Երկրի ուղեծրի հետ հանդիպելիս ներխուժում մթնոլորտ։ Երկնաքարի անկումն ուղեկցվում է լուսային, ձայնային և մեխանիկական երևույթներով, ընդ որում երկնքում երևում է թռչող կրակի գունդ՝ ասուպ, բոլիդ։ Մթնոլորտով անցնելիս երկնաքարը հաճախ մասնատվում է տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր մանր բեկորների, ընկնում երկնաքարային կամ ասուպային անձրևի` աստղաթափի տեսքով։ Մեծ արագությամբ (2-5 կմ/վրկ) Երկրի մթնոլորտ ներխուժելով՝ երկնաքարն անկման վայրում առաջացնում է մի քանի մմ-ից մինչև մի քանի կմ տրամագծով փոսեր՝ երկնաքարային խառնարաններ։ Սովորաբար, երկնաքարը կոչվում է այն բնակավայրի կամ աշխարհագրական տեղանքի անվամբ, որտեղ ընկել է։ Ի տարբերություն երկրային քարերի, երկնաքարն ունի ողորկ ելուստներ, մակերևութային փոսիկներ և պատված է հալված բարակ կեղևով։ Երկնաքարի չափերը միլիմետրի մասերից մինչև մի քանի մ են, իսկ զանգվածը՝ միլիգրամի մասերից մինչև մի քանի տոննա։ Հայտնի է մեկ տոննայից ավելի ծանր մոտ 35 երկնաքար։ Ամենամեծը հայտնաբերվել է Աֆրիկայում (Հոբա, 1920), մոտ 60 տ է։ Մեծությամբ երկրորդը (մոտ 30 տ) Քեյփ-Յորք երկնաքարն է, որը հայտնաբերվել է 1818 թ., Գրենլանդիայում։

Երկնաքար Հոբա

Հայերենը շատ հարուստ է մետեոր (μετέωρος – հուն.` երկնային) բառի հոմանիշներով, որոնք ճշգրիտ են և իմաստալից` շանթաքար, օդաքար, օդերկաթ, շողաձիգ, երևութաքար, պոչաստղ, թռչող աստղ, ընկնող աստղ, սելաս, սելք, վերամբարծեալք, աստղինք և այլն։

Հայ մատենագրության մեջ կա ասուպի և աստղաթափի (ասուպային անձրև) երևույթների ութ նկարագրություն։

902 թ. եղել է աստղաթափ. աստեղք երևեցան յերկինս ի ձև հրեղէն նետից (Հեթում Պատմիչ)։

1023 թ. հոկտեմբերին ցոլացեալ աստղ է երևացել. յառաջ քան զնուաղել լուսոյն եղև գոչիւն և թընդիւն ահաւոր (Հովհաննես Կոզեռն)։

1070 թ. նոյեմբերին դիտվել է աստղաթափ. ամենայն աստեղք յերկիր հեղուին (Մատթեոս Ուռհայեցի)։

1109 կամ 1110 թ. ձմռանը Վանա լճի մեջ խոշոր երկնաքար է ընկել. ի յամս ՇԾԹ... ի մթին գիշերին կտրեալ եղև հուր ի վերնական հաստատութենէ երկնից և ի բարձրութենէ անտի ցոլացեալ եղև և հարեալ զարկանէր զծովն Վասպուրականայ (Մատթեոս Ուռհայեցի)։ Նույնը հիշատակել է նաև Սմբատ Սպարապետը. ի թուին ՇԾԷ... հուր ցոլաց յերկնից, և անկաւ ի ծովն Վասպուրականի մեծ որոտմամբ։

1265 թ. երկնաքարի հարված է եղել. երևեցաւ... նշան զարմանալի լոյս պայծառ իբրև զթուրն և երկայն զըռումպ և լայնքն թիզ Ա. (Հեթում Պատմիչ)։

1347-62 թթ. միջև հավի մեծության, մոտ 1,5 կգ զանգվածով, պողպատից ամուր երկնաքարը հարվածել է նավին և մնացել ներսում. յերկնից քար մի, չափ հաւանո միոջ... կոտրեալ ծակեաց զվեր առաստաղ նաւին, և էանց ի ներս և մնաց անդ (Ներսես Պալիենց)։

1358 թ. Անանուն Լիվոռնացին նկարագրել է խոշոր ասուպ. երևեցաւ սիւն մի հրեղէն և եղև շարժ մի ահագին։

1641 թ. սեպտեմբերին Զաքարիա Քանաքեռցին ականատես է եղել դանդաղ շարժվող (հետևաբար` բարձրաթռիչ) երկնաքարի անկման. և էջ լոյս սաստիկ ու ահագին, լայն և երկայն, և էջ մինչև ի մերձենալ յերկիր... որպէս անիւ երթար դէպ ի հիւսիս... հանդարտութեամբ և մեղմով, վկայելով միաժամանակ, որ այն տեսել են նաև Ախալցխայում։

Գեղարքունիքի մարզի Սևսարի երկնադիտարանում պատկերված է հազվադեպ խոշոր ասուպի երևույթ։

Ընթերցե՛ք «երկնաքար» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 613