Երկբարբառ (հուն․՝ δίφθογγος, (diphthongos), բառացի՝ «երկու ձայնով» կամ «երկու տոնով»), մեկ վանկի սահմաններում երկու ձայնավորի (կամ ձայնավորի ու ձայնորդի) զուգակցումը արտասանական սերտ միասնությամբ, զուգակցվող տարրերից մեկի վանկարար հատկության պահպանումով։ Կա անգլերենում, ֆրանսերենում, եղել է հնդեվրոպական նախալեզվում, սանսկրիտում, գրաբարում և այլն։ Ժամանակակից արևելահայ գրական լեզուն երկբարբառներ չունի։ Ըստ վանկարար տարրի դիրքի՝ գրաբարում տարբերում են բարձրացող և իջնող երկբարբառներ։ Բարձրացող երկբարբառների վանկարար տարրը հաջորդում է ոչ վանկարարին, օրինակ, եա (մատեան), ուա (տուաւ, հեղուաք) են, իջնող երկբարբառների վանկարար տարրը նախորդում է ոչ վանկարարին, օրինակ, իւ (ալիւր), աւ (աւր)։

Գրաբարի բարձրացող երկբարբառներն են՝ եա, ուա, ուե, ույ, իջնող երկբարբառներն են՝ այ, եյ, ոյ, աւ, եւ, իւ։ Երկբարբառներից առանձնացվում են երկբարբառակերպները (դիֆթոնգոիդները), որտեղ ոչ վանկարար տարրը ներկայանում է իբրն հազիվ ընկալելի, կարճ (թույլ) հնչյուն (գրաբարյան է-ն )։ Ժամանակակից գրական հայերենում գրաբարի երկբարբառները վերածվել ևն երկհնչյունների (լոյս> լույս, մատեան> մատյան կամ դարձել են պարզ հնչյուններ (աւր>օր, իւր>իր, սեաւ>սև)։

Այն երկբարբառները, որոնք առաջանում են պարզ ձայնավորներից պատմական նոր շրջանում երբեմն կոչվում են անիսկական երկբարբառներ։ Այսպիսին են, օրինակ, հայերենի՝ մեզ, ձեր, մյէզ, ձուոր, լատիներենի՝ Petrum, bonum ձևերը։ Ըստ էության դրանք կեղծ կամ բարձրացող երկբարբառներ են[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 13։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 601