Երկաթե մարդ (անգլ.՝ Iron Man), իրական անունը՝ Էնթոնի Էդվարդ "Թոնի" Ստարկ (անգլ.՝ Anthony Edward "Tony" Stark), Marvel Comics հրատարակչության կողմից հորինված սուպերհերոս, որ ստեղծվել է գրող Ստեն Լիի, նկարիչներ Դոն Հեքի, Ջեք Կյորբիի և սցենարիստ Լարի Լիբերի կողմից։ Առաջին անգամ հայտնվել է Tales of Suspense #39-ում, 1963 թվականի մարտին։

Երկաթե մարդ
Հրատարակման պատմություն
ԴեբյուտTales of suspense #39, մարտ 1963
ՀեղինակՍթեն Լի, Լարրի Լիբեր, Դոն Հեք և Ջեք Քիրբի
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էTales of Suspense?, Avengers?, Iron Man?, Iron Man?, Iron Man?, Marvel vs. Capcom?, Marvel vs. Capcom: Infinite, X-Men Legends II: Rise of Apocalypse և Marvel vs. Capcom 2: New Age of Heroes
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Ի ծնե անունանգլ.՝ Anthony Edward Stark
ԿեղծանուններԿոբալտե ջենտլմեն, Ոսկե վրիժառու
Տեսակգեղարվեստական անձ, կինոհերոս և կոմիքսների կերպար
Հասակ1,854 մետր[1]
Քաշ100 կիլոգրամ[1]
Մազերի գույնթխահեր[1]
Աչքերի գույներկնագույն[1]
ԾննդավայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք
Սեռարական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԶբաղմունքՁեռնարկատեր և գյուտարար, Stark Industries ընկերության տնօրեն
ՀագուստIron Man's armor?
Ընտանեկան կարգավիճակՀանդիպում է Պեպեր Պոտսի հետ
Ծնողներհայր՝ Howard Stark?, մայր՝ Maria Stark?
Թիմեր և կազմակերպություններ
Վրիժառուները
Դաշնակիցներ
Հալք, Թոր, Բազեի աչք, Երկաթե հայրենասեր, Կապիտան Ամերիկա
Թշնամիներ
Մանդարին, Բարոն Սթրակեր, Ջասթին Համեր, Մ.Օ.Դ.Օ.Կ., Մտրակ, Կարմիր Հալկ, Ալտրոն, Նորման Օսբորն
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային ուժ, թռիչք և Զրահ

Իր կենսագրության առաջին տարբերակում՝ Թոնի Ստարկը փլեյբոյի համբավով հանճարեղ գյուտարար է, որ վիրավորվել է աֆղան ահաբեկիչների մոտ գերի եղած ժամանակ, որտեղ ստիպված էր պատրաստել զանգվածային ոչնչացման զենք։ Դրա փոխարեն, նա ստեղծում է բարձր տեխնոլոգիաներով հագեցած զրահ-համազգեստ, որի շնորհիվ ազատվում է գերությունից։ Հետագայում Ստարկը կատարելագործում է իր զրահ-համազգեստը, և աշխարհին հայտնի է դառնում որպես Երկաթե մարդ։

Հրատարակչության պատմություն խմբագրել

Հայտնվելը խմբագրել

Երկաթե մարդը ստեղծվել է գրող Ստեն Լիի, նկարիչներ Դոն Հեքի, Ջեք Քիրբիի և սցենարիստ Լարի Լիբերի կողմից[2]։ Հերոսի նախատիպ է հանդիսացել ամերիկացի գյուտարար, ինժեներ և ձեռնարկատեր Հովարդ Հյուզը։

Մինչ Լին աշխատում էր կերպարի պատմության վրա, Դոն Հեքը և Ջեք Քիրբին ստեղծում են առաջին համարի շապիկը, ինչպես նաև Պեպեր Պոտսի և Հեփի Հոգանի կերպարները։ Լին և Հեքը ներկայացնում են մի քանի հակառակորդների, մասնավորապես Մանդարինին՝ #50 թողարկմանը (փետ. 1964), Սև Այրիին՝ #52-ում (ապր. 1964), և Բազեի աչքին՝ մի քանի համար հետո։ Երկաթե մարդու սկզբնական զրահ-համազգեստը շատ ծանր էր, պատրաստված երկաթի և ածխածնի մոխրագույն ձուլվածքից։ Երկրորդ համարում այն դարձավ ոսկեգույն, իսկ արդեն օրիգինալ կարմիր-դեղին զրահը պատրաստված էր տիտանից։

Կենսագրություն խմբագրել

Հարուստ նորարար Հովարդ Ստարկի որդի Թոնի Ստարկը հանճարեղ գյուտարար և ինժեներ է։ Նա 15 տարեկանում ընդունվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ էլեկտրատեխնիկա ուսումնասիրելու համար։ Իր ծնողները մահանում են ավտովթարից և, 21 տարեկանում ժառանգություն ստանալով հոր բիզնեսը, Ստարկն այն դարձնում է զենք արտադրող առաջատար ընկերություններից մեկը։

Ահաբեկիչների մոտ գերի եղած ժամանակ, նա վիրավորվում է ռումբի բեկորից և կորցնում գիտակցությունը։ Ստարկի անգիտակ եղած ժամանակ, իր բանտակիցը՝ ֆիզիկոս Հո Յինսենը, կառուցում է հզոր էլեկտրամագնիս, որն ապահովում է Ստարկի սրտի աշխատանքը։ Իր ընկերոջ հետ Թոնին աշխատում է մոդիֆիկացված էկզոկմախք ստեղծելու վրա։ Վերջինս, հագնելով զրահը, փրկվում է, իսկ Յինսենը զոհվում է կռվի ժամանակ։

Ամերիկա վերադառնալուց հետո, նա վերափոխում է իր զրահը։ Ստարկի թշնամիներն ուղարկում են բազմաթիվ գաղտնի գործակալներ վերջինիս զրահը և ռազմական գաղտնիքները գողանալու համար։ Որոշ ժամանակ անց նա դադարում է հետամուտ լինել միայն սեփական շահերին։ Նա սկսում է զբաղվել ազգային և համաշխարհային անվտանգության հարցերով, ինչպես նաև օգնում է Վրիժառուներին հիմնելու հարցում։ Հետզհետե Ստարկը սկսում է իրեն պատասխանատու զգալ ամբողջ աշխարհում իր ստեղծած կործանարար զենքերի օգտագործման համար։ Ստարկ Էնտերպրայզիսը խզում է կապերը կառավարության հետ՝ կենտրոնանալով մարդկանց կյանքը բարելավող տեխնոլոգիաների ստեղծման վրա։

Քաղաքացիական պատերազմ խմբագրել

Ստարկը դառնում է Վականդայում Պրոֆեսոր Իքսի, Միստեր Ֆանտաստիկի, Սև Ամպրոպի, Դոկտոր Ստրենջի և Նեմորի հանդիպման նախաձեռնողը, որտեղ նրանք որոշում են հիմնադրել ռազմավարությունը և քաղաքականությունը կառավարող գաղտնի խումբ՝ Իլյումինատի։ Ստարկի նախնական նպատակը բոլոր սուպերհերոսների համար հատուկ կազմակերպության ստեղծումն էր։ Սակայն իր ծրագիրը չի իրականանում այն պատճառով, որ բազմաթիվ սուպերհերոսներ նախընտրում են գաղտնի պահել իրենց իրական անունը աշխարհից։ Բոլորին իր կողմը գրավելու նպատակով, Ստարկը նույնիսկ հանձնարարում է օրենքի ընդունման ժամանակ Տիտանե մարդուն հարձակվել ժողովի վրա։ Հետագայում նա դառնում է Վ.Ա.Հ.Ա.Ն.-ի տնօրենը[3]։

Ստեմֆորդում Նոր Ռազմիկների և մի քանի չարագործների միջև տեղի ունեցած կռվի ժամանակ պայթյունի հետևանքով զոհվում են հարյուրավոր մարդիկ, այդ թվում նաև 60 երեխա։ Այդ դեպքը փոխում է հասարակության կարծիքը սուպերհերոսների մասին, և արագացնում է օրենքի ընդունման գործընթացը։ Կազմվում են սուպերհերոսների 2 հակադիր խմբեր։ Ստարկը համոզում է Սարդ մարդուն միանալ իրեն և բացահայտում է նրա անձը։ Պիտերը, անհանգստանալով Ստարկի չափից դուրս շատ ջանասիրությանից, կասկածում է իր ընտրության ճշտությանը և միանում է Կապիտան Ամերիկային՝ Բացասական Տիրույթում բանտի մասին իմանալուց հետո։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ երկու կողմերը պատերազմում են։ Կապիտան Ամերիկան, տեսնելով, որ իր քայլերը չեն հանգեցնի օրենքը չեղյալ համարելուն՝ հանձնվում է։

Քաղաքացիական պատերազմի դեպքերից որոշ ժամանակ հետո Կապիտան Ամերիկային սպանում են[4]։ Չնայած նրան, որ Ստարկը կողմ էր գրանցման օրենքին, նա, խոնարհվելով Ռոջերսի մարմնի առջև ասում է, որ այս ամենը այսպես չպետք է վերջանար։

Հալքի վտարումն ու վերադարձը խմբագրել

Մյուս Իլյումինատների հետ միասին Երկաթե մարդը որոշում է վտարել Հալքին Երկրից, և ստանձնում է պատասխանատվությունը նրա վերադարձի ժամանակ։ Բարեբախտաբար, պատրաստ լինելով Հալքի վերադարձին, Ստարկը կառուցում է մի նոր զրահ՝ Hulkbuster-ը։ Կռվի ժամանակ Նյու Յորքի մեծ մասը ոչնչացվում է, իսկ Հալքը Երկաթե մարդուն գերի է վերցնում՝ ստիպելով կռվել այլ գերհերոսների դեմ։ Տեսնելով, որ գազազած Հալքին կանգնեցնելու բոլոր միջոցներն անօգուտ են, Ստարկն ուղղում է արբանյակային լազերները Հալքի վրա, և հզոր ճառագայթը ուժասպառ է անում կանաչ հսկային։

Երբ Թորը վերադառնում է և տեղեկանում գրանցման օրենքի դեպքերի մասին, զայրանում է Երկաթե մարդու վրա այն պատճառով, որ վերջինս առանց իր իմացության կռվել է ընկերների հետ և օգտագործել իր ԴՆԹ-ն իր նմանակին ստեղծելու համար։

Երկաթե մարդը կռվում է Թորի հետ, սակայն հասկանում է, որ անօգուտ է։ Փոխհամաձայնության գալու նպատակով, նա առաջարկում է Ասգարդը համարել օտարերկրյա դեսպանություն։

Գաղտնի ներխուժումը խմբագրել

Գաղտնի ներխուժման ժամանակ Ստարկի զրահը վարակվում է այլմոլորակային վարակով։ Վարակի ազդեցության պատճառով սկռուլների թագուհին՝ Վերանկան, որ ընդունել էր Կին-սարդի տեսքը, համարյա կարողանում է համոզել Երկաթե մարդուն միանալ իր շարքերին, սակայն Սև այրիի ճիշտ ժամանակին հայտնվելը փրկում է նրան։ Նատաշայի հսկողության տակ Ստարկը վերականգնում է վնասված զրահը և Նյու Յորքի սուպերհերոսներին գլխավորում է զավթիչների դեմ։ ԱՄՆ-ի նախագահը Ստարկին մեղադրում է սկռուլների հարձակման համար, և բացի նրանից, որ վերջինիս ազատում է Վ.Ա.Հ.Ա.Ն.-ի տնօրենի պաշտոնից, նաև այդ կազմակերպությունը հայտարարում է անօրինական։ Չնայած նրան, որ սկռուլների դեմ կռիվը վերջանում է հաղթանակով, Թոնին մեծապես տուժում է. իր տեխնոլոգիաները չէին գործում, իր կազմակերպությունը սնանկության եզրին էր, հայտնվել էին բազում թշնամիներ և չկային ընկերներ, որոնք պատրաստ էին օգնել իրեն։

Մութ տիրապետությունը խմբագրել

Գաղտնի ներխուժումից հետո Նորման Օսբորնը հիմնում է Մ.ՈՒ.Ր.Ճ. կազմակերպությունը։ Ստարկը Օսբորնին պետք է փոխանցեր «Նախաձեռնություն» ծրագրի տվյալների բազան, որտեղ մանրամասն ներկայացված էին բոլոր սուպերհերոսներն ու չարագործները։ Սակայն, Թոնին նրան հանձնում է կեղծ տվյալներ։

Երբ նա վերադառնում է տուն, Մարիա Հիլը և Պեպեր Պոտսը հարցնում են նրան, թե որտեղ է իրական ինֆորմացիան։ Պարզվում է, որ Ստարկը, օգտագործելով Էքստրիմիս վարակի հնարավորությունները, բոլոր տեղեկությունները գրանցում է իր ուղեղում։ Նա Մարիային տալիս է բարձր տեխնոլոգիական սկավառակ և հանձնարարում է գտնել Կապիտան Ամերիկային (Բարնսին)։ Իսկ ինքը Թոնին, ալցելելով իր գաղտնի ապաստանները, իր ուղեղից աստիճանաբար ջնջում է տվյալների բազան[5]։ Այդ երկարատև գործողությունների պատճառով, Թոնիի IQ-ն սկսում է իջնել, և հաճախակիանում են հիշողության ձախողումները։

Քայքայումը խմբագրել

Թոնին գտնվում էր ծայրահեղ վիճակում։ Ջնջվել էին ոչ միայն իր ինքնությունն ու գիտակցությունը, այլ նաև մարմնի բոլոր ռեֆլեքսները։ Նույնիսկ շնչառությունն ապահովվում էր արհեստականորեն, չնայած որ ուղեղն ու ներքին օրգանները վնասված չէին[6]։ Քանի որ հասարակության ուշադրությունը սևեռված էր Ստարկի վրա, Օսբորնը նրան չէր կարող սպանել։ Համարելով, որ Ստարկն այլևս վտանգավոր չէ, Օսբորնը նրան հանձնում է բժիշկ Դոնալդ Բլեյքի խնամքին, որն ապրում էր Օկլահոմա նահանգի Բրոնքստոն քաղաքում։

Իրականում Բլեյքի քողի տակ ապրում էր Թորը, ով անմիջապես այդ մասին տեղեկացնում է Պեպերին, Մարիային, Ջեյմս Ռոուդսին, Նատաշային և Դոկտոր Ստրենջին։ Ռոուդսը գտնում է Ստարկի տեսագրությունը, որում նա հրահանգներ էր թողել հետագա գործողությունների վերաբերյալ։ Պարզվում է, որ Մարիային տված սկավառակի վրա Թոնին արձանագրել է իր բոլոր հիշողությունները։ Տեղեկությունը Ստարկի ուղեղում ներբեռնելուց հետո Թորը՝ թույլ էլեկտրական պարպումով ստիպում է ուղեղի բջիջներին ընդունել դա։ Դոկտոր Ստրենջը մեծ ջանք է գործադրում ուղեղի աշխատանքը կարգավորելու համար։

Պաշարումը և հետագա իրադարձությունները խմբագրել

Այս ամենը տեղի էր ունենում Ասգարդի պաշարումից քիչ առաջ, և Օսբորնը ժամանակ չուներ Երկաթե մարդու համար։ Թոնի Ստարկի օրգանիզմը վերակառուցվել էր։ Հիմա իր ուղեղը միացած էր ռեակտորին և ավելի արագ էր գործում, այսինքն Ստարկն ավելի խելացի էր քան երբևէ։

Երբ Օսբորնին ձերբակալում են, իսկ Մ.ՈՒ.Ր.Ճ.-ը՝ լուծարում, Ստարկի բոլոր մեղադրանքներն արդարացվում են։ Ստարկ Էնտերպրայզիսը ճանաչվում է սնանկ, և Թոնին հիմնադրում է նոր ընկերություն՝ Ստարկ Րեսայլենթ-ը, որը մասնագիտանում է ռեպուլսորային ռեակտորների արտադրության մեջ։ Սրանք հանդիսանում էին էներգիայի նորագույն աղբյուրներ։ Բացի այդ, նա ստեղծում է մի նոր զրահ, որը ամբողջովին պահվում է մարմնի մեջ։

Ուժերն ու ունակությունները խմբագրել

Զրահը խմբագրել

Երկաթե մարդն ունի հզոր զրահ-համազգեստ, որն իրեն տալիս է գերմարդկային ուժ և դիմացկունություն, իսկ ռեակտիվ ձեռնոցներն ու երկարաճիտ կոշիկները՝ թռիչքի հնարավորություն։ Բացի Թոնիից, Երկաթե մարդու զրահը որոշ դեպքերում կրել են նաև իր ընկեր Ջեյմս Ռոուդսը, Հեփի Հոգանը, Էդի Մարչը, և որոշ ժամանակ՝ Մայքլ Օ'Բրայենը։

Չնայած նրան, որ զրահի զենքային համակարգը փոխվել է տարիների ընթացքում, Երկաթե մարդու հիմնական հարձակողական զենքերը ռեպուլսորային ճառագայթներն են։ Զրահի այլ զենքերից են միաճառագայթային ռեակտորը, էլեկտրամագնիսական զարկի գեներատորը, ինչպես նաև պաշտպանողական էներգետիկ դաշտը, որը տարածվում է 360 աստիճան։ Զրահի ֆունկցիաների մասն են կազմում ուլտրա ֆրեոնների առաջացումը, մագնիսական դաշտերի ստեղծումը և կառավարումը, ձայնային ալիքների արձակումը և հոլոգրամների պրոյեկտումը։

Ստարկը կարող է բարձրացնել 90 տոննա իր զրահի օգտագործման ստանդարտ ռեժիմում։ Միաճառագայթային ռեակտորը կարող է լուսային էներգիայի տարբեր տեսակներ ճառագայթել։ Այն ամբողջությամբ աշխատում է ցածրջերմաստիճանային ջերմամիջուկային սինթեզի տեխնոլոգիայով։ Բարելավումից հետո, ռեակտորի կողմից ճառագայթվող մագնիսական դաշտը Թոնիին լեվիտացիայի հնարավորություն է տալիս։ Զրահի սաղավարտը հնարավորություն է տալիս Թոնիին անմիջապես մուտք գործել ցանկացած համակարգիչ։

Իր հիմնական զրահներից բացի, Ստարկ ունի նաև հատուկ դեպքերի համար նախատեսված մոդիֆիկացված ծանր զրահներ, օրինակ՝ Հալքբաստերը, Էքստրիմիսը, և այլն[7][8]։ Հալքբաստերը Ստարկը կառուցել է հատուկ Հալքի դեմ կռվելու համար։ Ավելի ուշ նա կառուցել է մի մոդել, հիմնված Ասգարդյան չարագործ Կործանիչի վրա, Թորի դեմ կռվելու համար։ Ստարկի ամենավերջին զրահները, սկսած Էքստրիմիսից, պահվում են իր ոսկորների դատարկ մասերում։

Հմտությունները խմբագրել

Թոնի Ստարկը հնարամիտ հանճար է, ում գիտելքները մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և համակարգչային գիտության ասպարեզներում կարող են մրցել նույնիսկ Ռիդ Ռիչարդսի, Հենկ Պիմի և Բրյուս Բեների փորձի հետ, իսկ և մեքենաշինության ոլորտում ունեցած իր գիտելիքները գերազանցում են նույնիսկ վերջիններինը[9]։ Հետագայում նա գիտելիք է ձեռք բերում այլ ասպարեզներում, արհեստական բանականությունից մինչև քվանտային մեխանիկա։

Այն ժամանակ, երբ Ստարկն անկարող էր օգտագործել իր զրահը, նա ստացել է մարտական վերապատրաստում Կապիտան Ամերիկայի կողմից։

Հեռուստատեսային ոլորտում խմբագրել

 
Iron Man: I Am Iron Man #2-ի շապիկը

1966 թ-ին Երկաթե մարդը հանդես եկավ մի քանի մուլտֆիլմերում[10]։ 1981-ին նա հայտնվեց Spider-Man and His Amazing Friends մուլտֆիլմում, սակայն ընդամենը Թոնի Ստարկի կերպարով[11]։ Կոմիքսներից զատ, Երկաթե մարդը հայտնվում է նաև վիդեո խաղերում, ինչպես օրինակ՝ Marvel Super Heroes, Marvel vs. Capcom: Clash of Super Heroes, Marvel vs. Capcom 2: New Age of Heroes, Marvel vs. Capcom 3: Fate of Two Worlds, and Ultimate Marvel vs. Capcom 3, և այլն[12]։

2008 թ-ին էկրան է բարձրացել ռեժիսոր Ջոն Ֆավրոյի նկարահանած Երկաթե մարդը վերնագրով ֆիլմը, որտեղ Թոնի Ստարկի դերը խաղում էր Ռոբերտ Դաունի կրտսերը։ Ֆիլմը քննադատների կողմից արժանացել է դրական կարծիքների[13],: Ֆիլմի բյուջեն կազմել է 140 մլն. դոլար, ամբողջ աշխարհի կտրվածքով՝ 585 մլն դոլար։ Թոնի Ստարկի դերով Դաունի կրտսերը հանդես է եկել նաև Երկաթե մարդը 2 (2010), Վրիժառուները (2012), Երկաթե մարդը 3 (2013) և Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջան (2015) ֆիլմերում։ Նա կհայտնվի նաև Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ (2016) և երկու մասից բաղկացած Վրիժառուները. Անվերջության պատերազմ (2018/2019) ֆիլմերում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.marvel.com/characters/iron-man-tony-stark/in-comics
  2. DeFalco, Tom; Gilbert, Laura, ed. (2008). "1960s". Marvel Chronicle A Year by Year History. Dorling Kindersley. p. 91. ISBN 978-0756641238. Set against the background of the Vietnam War, Iron Man signaled the end of Marvel's monster/suspense line when he debuted in Tales of Suspense #39...[Stan] Lee discussed the general outline for Iron Man with Larry Lieber, who later wrote a full script for the origin story. Don Heck...designed the new character."
  3. Knauf, Daniel; Knauf, Charles (w), De La Torre, Roberto (p), Sibal, Jonathan (i). Iron Man v4, 15 (April 2007)
  4. Brubaker, Ed (w), Epting, Steve (p), Epting, Steve (i). "The Death of the Dream" Captain America v5, 25 (April 2007)
  5. Fraction, Matt (w), Larroca, Salvador (p), Larroca, Salvador (i). "World's Most Wanted Part 3: No Future" The Invincible Iron Man v5, 10 (April 2009)
  6. Matt, Fraction; Larroca, Salvador (2011). The Invincible Iron Man, Vol. 4: Stark Disassembled. Marvel Comics. p. 136. ISBN 978-0785136866.
  7. Michelinie, David; Layton, Bob (w), Romita, Jr., John (p), Layton, Bob (i). "Escape From Heaven's Hand!" Iron Man 152 (November 1981)
  8. DeFalco "1980s" in Gilbert (2008), p. 202: "In The Invincible Iron Man #152, Iron Man unveiled his all-black stealth armor."
  9. Sanderson, Peter (w), Candelario, Harry (p), Cheung, Jim (i). Iron Man: The Legend 1 (September 1996)
  10. Thomas, Roy; Sanderson, Peter (2007). The Marvel Vault: A Museum-in-a-Book with Rare Collectibles from the World of Marvel. Running Press. p. 101. ISBN 978-0762428441. In 1966, television production company Grantray-Lawrence produced a series of five half-hour semi-animated shows under the banner title Marvel Superheroes. Captain America, The Incredible Hulk, Iron Man, The Mighty Thor, and Sub-Mariner all made their television debuts.
  11. "Iron Man In Animation - A Retrospective". Marvel Animation Age. Archived from the original on May 14, 2013. Retrieved December 29, 2010.
  12. Cordeira, Jim (November 6, 2006). "Sega and Marvel hook up for Iron Man". GamingAge.com. Archived from the original on May 14, 2013. Retrieved November 6, 2006.
  13. Yamato, Jen (May 1, 2008). "Iron Man is the Best-Reviewed Movie of 2008!". Rotten Tomatoes. Archived from the original on November 30, 2014. Retrieved June 21, 2008.
  14. "Robert Downey Jr. to Return As Marvel’s Iron Man". Marvel.com. June 20, 2013. Archived from the original on June 20, 2013. Retrieved June 20, 2013.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկաթե մարդ» հոդվածին։