Երեկոյան Երևան

Հայաստանի օրաթերթ

Երեկոյան Երևան, խորհրդային շրջանի օրաթերթ, Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) Երևանի քաղաքային կոմիտեի և աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի օրգան։ Առաջին համարը լույս է տեսել 1957 թվականի հոկտեմբերի 1-ին, Երևանում։ Խմբագիրներ՝ Աստղիկ Երիցյան (1957-1958 թվականներ), Գուրգեն Առաքելյան (1958-1959 թվականներ), Բակունց Անանիկյան (1959-1963 թվականներ), Վրույր Սարգսյան (1963-1966 թվականներ), Սուրեն Ավետիսյան (1966-1971 թվականներ), Սուրեն Սարգսյան (1971-1975 թվականներ), Կառլեն Ազարյան (1976-1979 թվականներ), Կամո Վարդանյան (1979-1991 թվականներ), Նորիկ Ենգիբարյան (1992-1999 թվականներ)։

Երեկոյան Երևան
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1957

Լուսաբանել է Երևանի կուսակցական և խորհրդային մարմինների գործունեությունը, ձեռնարկությունների, գիտահետազոտական հիմնարկությունների, մշակութային օջախների, ուսումնական հաստատությունների աշխատանքները։ Լայն տեղ է հատկացրել սոցիալիստական ինտերնացիոնալիզմի հարցերին (բարեկամ քաղաքների մրցություն, անդրկովկասյան հանրապետությունների մայրաքաղաքների՝ երեկոյան թերթերի համատեղ համարներ և այլն), առաջավոր ձեռնարկությունների փորձի փոխանակմանը, անդրադարձել է առևտրի, տրանսպորտի, կապի, բնակչության բուժսպասարկման խնդիրներին։ Թերթը տպագրել է նյութեր քաղաքի մշակութային և մարզական առօրյայի մասին, գրախոսություններ, բժշկական և իրավաբանական խորհրդատվություններ, ընթերցողների նամակներ։ 1980-ական թվականների վերջին թերթի գլխավոր խմբագիր Կամո Վարդանյանը «Երեկոյան Երևան»-ի շուրջ համախմբեց շատ անվանի մտավորականների։ Այդ տարիներին «Երեկոյան Երևան»-ում հրապարակվեցին Արմեն Հովհաննիսյանի, Նիկոլայ Հովհաննիսյանի, Սիլվա Կապուտիկյանի, Ռազմիկ Դավոյանի, Դավիթ Հովհաննեսի, Հրաչիկ Սիմոնյանի ու շատ-շատերի հոդվածները և սուր հարցադրումներով վերլուծությունները ազգային հարցերի, հայ ժողովրդի պատմության, Լեռնային Ղարաբաղի խնդրի և հայությանը հուզող տարբերի հարցերի մասին։

1957-1963 թվականներին լույս է տեսել «Երևան» անունով։

Հայաստանի ազգային գրադարանը 2024 թվականին ամբողջությամբ ավարտել է «Երեկոյան Երևան» թերթի թվայնացման և նշաճանաչման աշխատանքները։ «Երեկոյան Երևան» թերթի էլեկտրոնային տարբերակը հասանելի է գրադարանի «Հայ մամուլ» շտեմարանից:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 545