Երեխայի իրավունքների կոնվենցիա

Երեխայի իրավունքների կոնվենցիա, ՄԱԿ-ի միջազգային իրավական փաստաթուղթ, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում։ Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները, բացի ԱՄՆ-ն[1], որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին, որովհետև վերջինս այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։

Հռչակագրի մասնակից պետությունները (կանաչ գույն՝ վավերացրած, մանուշակագույն՝ ստորագրած, բայց չվավերացրած, դեղին գույն՝ չստորագրած)

Ստեղծման պատմություն խմբագրել

Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջին քայլերից մեկը 1946 թվականին ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծումն էր։ Երկու տարի անց՝ 1948 թվականին, Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Մարդու իրավունքներին վերաբերող այս հռչակագրի և 1966 թվականի Միջազգային պակտերի դրույթներում խոսվում է այն մասին, որ երեխաները հատուկ պաշտպանության օբյեկտներ են։

Երեխաների իրավունքներին վերաբերող ՄԱԿ առաջին ակտը դարձավ 1959 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Երեխայի իրավունքների հռչակագիրը», որտեղ ձևակերպված էին այն տասը սկզբունքները, որոնք սահմանում էին բոլոր նրանց գործողությունները, ովքեր իրականացնում են երեխաների իրավունքների ամբողջական պաշտպանությունը, և որը նպատակ ուներ ապահովել նրանց «երջանիկ մանկությունը»։ Հռչակագիրը հռչակում էր, որ «մարդկությունը պարտավոր է երեխային տալ իր ունեցած լավագույնը», երաշխավորել երեխաների՝ բոլոր իրավունքներից և ազատություններից օգտվելը՝ հօգուտ նրանց և հասարակության[2]։

Երեխայի իրավունքների հռչակագրի ընդունման 20-ամյակի կապակցությամբ ՄԱԿ1979 թվականը հայտարարեց Երեխայի միջազգային տարի։ Ի նշանավորումն դրա՝ առաջ քաշվեցին մի շարք իրավական նախաձեռնություններ, որոնց թվում 1978 թվականին Լեհաստանի կողմից արված առաջարկն էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում վերանայել Երեխայի իրավունքների կոնվենցիայի նախագիծը։ Սկզբնական նախագծի հեղինակն էր լեհ պրոֆեսոր-միջազգայնագետ Ա. Լոպատկան։ Կոնվենցիայի տեքստի վրա աշխատանքները տևեցին տասը տարի և ավարտվեցին 1989 թվականին՝ Երեխայի իրավունքների հռչակագրի ընդունումից ուղիղ երեսուն տարի անց։

Կոնվենցիայի վրա աշխատելիս և դրա ընդունումից հետո Գլխավոր ասամբլեայի կողմից կազմակերպվեցին խորհրդակցություններ, որոնց մասնակցում էին տարբեր կազմակերպություններ, մարմիններ և ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներ՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել և տեղեկատվություն տարածել Կոնվենցիայի մասին, որը համաշխարհային նշանակություն ուներ մարդու՝ երեխաների իրավունքների իրականացման հարցում։ Կոնվենցիան ընդունվեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 1989 թվականի նոյեմբերի 20-ի 44/25 հռչակագրով, իսկ 1990 թվականի հունվարի 26-ին սկսվեց Կոնվենցիայի ստորագրումը։ Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1990 թվականի սեպտեմբերի 2-ին՝ 20 պետությունների կողմից վավերացվելուց հետո։

1995 թվականին Կոնվենցիայի 43 հոդվածի 2-րդ կետում փոփոխություն մտցվեց[3], որն ուժի մեջ մտավ 2002 թվականին[4]։

1996 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Գլխավոր ասամբլեայի կողմից Կոնվենցիայի տեքստի ընդունման օրը՝ նոյեմբերի 20-ը, որոշվեց ամեն տարի նշել որպես Երեխաների իրավունքների օր։

2000 թվականին ընդունվեցին և 2002 թվականին ուժի մեջ մտան երկու կամընտիր արձանագրություններ զինված հակամարտություններում երեխաների մասնակցության (2015 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ 161 մասնակից պետություն)[5]) և երեխաների վաճառքի, մանկական մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին (2015 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ 171 մասնակից պետություն[6]

2011 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց երրորդ կամընտիր արձանագրությունը, որը ստորագրելու համար բաց էր 2012 թվականին և ուժի մեջ մտավ 2014 թվականին՝ 10 մասնակից պետություն թվով։ Արձանագրությունը նախատեսում է Երեխայի իրավունքների կոմիտեի կողմից մասնակից պետություններում Կոնվենցիայի խախտման վերաբերյալ բողոքների վերանայման հնարավորություն[7][8]։ 2015 թվականի հոկտեմբերի դրությամբ երրորդ արձանագրությանը մասնակցում էին 20 երկիր[9]։

Հիմնական դրույթներ խմբագրել

Առաջին մաս խմբագրել

  • 1-4 հոդվածները սահմանում են «երեխա» հասկացությունը, հաստատում են երեխաների հետաքրքրությունների առաջնահերթությունը և մասնակից պետությունների պարտավորվածությունը միջոցներ ձեռնարկել Կոնվենցիայով ամրագրված իրավունքների առանց տարբերակման իրականացումը։
  • 5-11 հոդվածները սահմանում են կյանքի, անվան, քաղաքացիության, իր ծնողներին իմանալու, ծնողական խնամքի և անբաժանելիության իրավունքները և երեխաների հանդեպ ծնողների իրավունքները և պարտավորվածությունները։
  • 12-17 հոդվածներն արտահայտում են երեխաների իրավունքներն արտահայտել իրենց հայացքները, կարծիքը, ունենալ մտքի, խղճի, կրոնի, կազմակերպություններին և կրոններին անդամակցության, խաղաղ հավաքներին մասնակցության ազատություն, մասնակցել տեղեկատվության տարածմանը։
  • 18-27 հոդվածները բնորոշում են պետությունների պարտավորությունները օգնել ծնողներին և օրինական խնամակալներին, ինչպես նաև պաշտպանել երեխաներին իրենց խնամող անձանց կողմից կոպիտ վերաբերմունքից, ընտանեկան միջավայրից զրկված կամ որդեգրված, մտավոր կամ ֆիզիկական արատներով, փախստական երեխաների իրավունքները, առողջապահության, սոցիալական ապահովվածության և զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքները։
  • 28-31 հոդվածներն ամրագրում են երեխաների կրթության, մայրենի լեզուն և մշակույթը կիրառելու, իր կրոնը դավանելու, հանգստի և ժամանցի իրավունքները։
  • 32-36 հոդվածները սահմանում են պետության պարտավորությունը պաշտպանելու երեխաներին շահագործումից, թմրանյութերի անօրինական օգտագործումից, պղծումից, երեխաների առևանգումից և առևտրից։
  • 37-41 հոդվածները արգելում են մինչ 18 տարին լրանալը կատարած հանցագործությունների համար մահապատժի և ցմահ բանտարկության կիրառումը, արգելում են տանջանքները և երեխաներին ստորացուցիչ պատիժների կիրառումը, սահմանում են երեխայի իրավունքը հանցագործություններում նրան մեղադրելու և ազատազրկելու ժամանակ, ինչպես նաև երեխաների պաշտպանության իրավունքը զինված հակամարտությունների և պատերազմների ժամանակ։ Պետությունները պարտավորվում են ձեռնարկել միջոցներ՝ ուղղված անտեսված, շահագործման կամ չարաշահվող զոհ-երեխաների վերականգմանը և սոցիալական վերաինտեգրմանը և իրավունք են վերապահում պաշտպանել երեխայի իրավունքներն առավել բարձր մակարդակով, քան նախատեսված է Կոնվենցիայով։

Երկրորդ մաս խմբագրել

  • 42-45 հոդվածները ներկայացնում են Երեխայի իրավունքների պաշտպանության կոմիտեն, նրա կառուցվածքը, գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պարտադրում են պետություններին տեղեկացնել երեխաներին և մեծահասակներին Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին։

Երրորդ մաս խմբագրել

  • 46-54 հոդվածները ցույց են տալիս պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների պահպանման խնդիրների ընթացակարգային-իրավական լուծումները։ Ի տարբերություն ՄԱԿ-ի շատ կոնվենցիաների՝ Երեխայի իրավունքների պաշտպանության Կոնվենցիան բաց է ստորագրության բոլոր երկրների համար, այդ իսկ պատճառով դրան կարողացավ անդամակցել ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Սուրբ աթոռը։

Կրթության իրավունքի մասին խմբագրել

28-րդ հոդվածով Կոնվենցիան երեխաների համար երաշխավորում է անվճար և պարտադիր նախնական կրթություն և պահանջում է ՄԱԿ-ի մասնակից պետություններից ինչպես հանրակրթական, այնպես էլ մասնագիտական միջնակարգ կրթության զարգացման տարբեր ձևերի խրախուսումը, բոլոր երեխաների համար դրա հասանելիության ապահովումը և անվճար կրթության կազմակերպմանն անհրաժեշտ պայմանների ընդունումը։

Երեխաների դաստիարակության մասին խմբագրել

Կրթության անբաժանելի մաս է կազմում դաստիարակությունը։ Դրա համար ընտանեկան դաստիարակության խնդիրների հետ միասին Կոնվենցիան (հոդված 18) պահանջում է, որպեսզի «ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ապահովվի երեխայի դաստիարակության և զարգացման համար երկու ծնողների ընդհանուր և միանման պատասխանատվության սկզբունքների ճանաչումը։ Ծնողները կամ համապատասխան իրավիճակներում օրինական խնամակալները կրում են երեխայի դաստիարակության և զարգացման հիմնական պատասխանատվությունը։ Երեխայի լավագույն հետաքրքրությունները նրանց հիմնական խնդիրն են»։

  • 20-րդ հոդվածը բնորոշում է ծնողազուրկ երեխաների հասարակական դաստիարակության (հոգածության) խնդիրները։ «Նման հոգածությունը կարող է ներառել մասնավորապես երեխային հանձնել դաստիարակության, որդեգրում կամ անհրաժեշտության դեպքում երեխաների խնամքի հանձնում համապատասխան կազմակերպություններին։ Փոփոխության տարբերակներն ուսումնասիրելիս անհրաժեշտ է հավուր պատշաճի հաշվի առնել երեխայի դաստիարակությունը վերահանձնելու նպատակահարմարությունը և նրա ազգային, կրոնական և մշակութային պատկանելությունն ու մայրենի լեզուն։
  • Կոնվենցիայի 21-րդ հոդվածը սահմանում է այլ երկրում երեխայի որդեգրման իրավունքները. «այլ երկրում երեխայի որդեգրումը կարող է դիտարկվել որպես այլընտրանք երեխայի մասին հոգածության, եթե երեխան չի կարող փոխանցվել դաստիարակության կամ տեղավորվել ընտանիքում, որը կարող է ապահովել նրա դաստիարակությունը և որդեգրումը, և եթե ցանկացած հարմար միջոցի ապահովումն անհնար է երեխայի հարազատ երկրում»։
  • Երեխաների դաստիարակության իրավունքների ապահովման տեսանկյունից սկզբունքային է այս փաստաթղթի 29-րդ հոդվածը։ Փաստացի այս հոդվածում են հռչակվում մասնակից պետությունների համար հասարակական դաստիարակության նպատակի առաջնահերթությունները.

ա) երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների զարգացում՝ դրանց լրիվ ծավալով,
բ) մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ հռչակված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակում,
գ) երեխայի ծնողների, իր մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, իր բնակության երկրի ազգային արժեքների, իր ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակում,
դ) ազատ հասարակության մեջ փոխըմբռնման, խաղաղության, հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով գիտակցական կյանք վարելու համար երեխայի նախապատրաստում,
ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակում։

Կոնվենցիան Հայաստանում խմբագրել

  • Հայաստանի Հանրապետությունը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային միացել է 1992 թվականի հունիսի 1-ին, վավերացրել է երկու՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության» (2005թ.) մասին կամընտիր արձանագրությունները[10]։
  • 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը[11], իսկ ՀՀ նախագահը ստորագրել է «Մայրության և մանկության պաշտպանության մասին» հրամանագիրը։
  • 2012 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունվեց ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը, որը նպատակ ուներ ապահովել երեխայի բարեկեցիկ կյանքն ընտանիքում և հասարակության մեջ[10]։
  • 2013 թվականին Երեխայի իրավունքների կոմիտեում ներկայացվել են Երեխայի իրավունքների կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ և չորրորդ ազգային զեկույցները և երկու լրացուցիչ արձանագրությունները, ըստ որոնց տրվել են նոր հանձնարարականներ, որպեսզի ոլորտի վիճակը հետագայում ավելի բարելավվի[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երեխայի իրավունքների հռչակագրի մասնակից պետությունների ցանկ Արխիվացված 2014-02-11 Wayback Machine(անգլ.)
  2. Երեխաների իրավունքների դեկլարացիա (ընդունված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1959 թվականի նոյեմբերի 20-ի 1386 (ХIV) հռչակագրով)
  3. Փոփոխության տեքստը
  4. «Փոփոխության վավերացման տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  5. Данные о ратификации факультативного протокола, касающегося участия детей в вооруженных конфликтах Արխիվացված 2016-04-25 Wayback Machine(անգլ.)
  6. Данные о ратификации факультативного протокола, касающегося торговли детьми, детской проституции и детской порнографии Արխիվացված 2013-12-13 Wayback Machine(անգլ.)
  7. UN rights chief welcomes new measure to stop violence against children(անգլ.)
  8. Проект протокола Արխիվացված 2014-08-09 Wayback Machine Принят Советом по правам человека ООН без голосования 17.06.2011. A/HRC/17/L.8
  9. Данные о ратификации 3-го факультативного протокола Արխիվացված 2012-08-25 Wayback Machine(անգլ.)
  10. 10,0 10,1 10,2 «ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ - Միջազգային կազմակերպություններ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  11. «Legislation: National Assemly of RA». www.parliament.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեխայի իրավունքների կոնվենցիա» հոդվածին։