Երեխայի իրավունքներ, մարդու հիմնարար իրավունքներից մեկը։

Երեխաների իրավունքների մասին առաջին և հիմնական փաստաթուղթը ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան է, որը հիմք ընդունելով են աշխարհի շատ երկրներ կազմել իրենց օրենսդրությունը։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները[1]։

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին՝ պարտավորություն ստանձնելով համապատասխանեցնել իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այդ փաստաթղթի պահանջներին։ Հետագայում Կոնվենցիան լրացվեց երկու կից արձանագրություններով՝

  1. Մանկավաճառության, երեխաների մարմավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը,
  2. Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությունը[2]։

Դրանք Կոնվենցիայի բաղկացուցիչ մասեր են և դրանց կատարումը նույնպես մտնում է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակների մեջ։ Կոնվենցիայի և կից երկու արձանագրությունների՝ անդամ պետությունների կողմից կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն մշտադիտարկման միջոցով։ Բոլոր անդամ պետությունները պարտավոր են պարբերաբար ներկայացնել զեկույցներ Կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման մասին[3]։

Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի օրենքը 1996 թվականի մայիսի 29-ին, որի հիման վրա Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր տարի ընդունում է երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիր[4]։

Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանությունն ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված Հայաստանի Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ՝ առանձին հոդվածով (Հոդված 37) ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանությունը[4]։

Սահմանադրության 37 հոդվածով սահմանվում է՝

  • Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում։
  • Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան։
  • Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին։ Մանրամասները սահմանվում են օրենքով։
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն։ Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին[5]։

Ամեն տարի հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության օրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երեխայի իրավունքների կոնվենցիա
  2. «ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից զեկույց» (PDF). mlsa.am. Վերցված է 16.09.2019-ին.
  3. http://www.mlsa.am/?p=9920 http://www.mlsa.am/?p=9920. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  4. 4,0 4,1 «ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. www.ombuds.am https://www.ombuds.am/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)