Երաշտ, տեղումների երկարատև անբավարարություն՝ օդի բարձր ջերմաստիճանի, ցածր հարաբերական խոնավության պայմաններում։ Երաշտը անապատացման բնական գործոններից է և հանգեցնում է բույսերի աճի ու զարգացման անկման, երբեմն՝ չորացման։

Երաշտ

Երաշտը Հայաստանում խմբագրել

Հայաստանում երաշտը ձևավորվում է անտիցիկլոնային ռեժիմի պայմաններում՝ հիմնականում արևադարձային չոր օդային զանգվածների ներխուժման հետևանքով։ Երաշտը լինում է հողային և մթնոլորտային։ Հողային երաշտի դեպքում բույսերը տուժում են անձրևների երկարատև բացակայությունից և հողի արմատաբնակ շերտի չորացումից։ Մթնոլորտային երաշտի դեպքում հողում լինում է խոնավության որոշ պաշար, որն առանց անձրևների (հարաբերական խոնավությունն իջնում է 30%-ից) չի լրացվում և սպառվում է։ Երաշտի ժամանակ բույսն արմատների միջոցով դժվարությամբ է ջուր ստանում, գոլորշացող ջրի քանակը գերազանցում է հողից ստացածին, հյուսվածքների ջրով հագեցվածությունն ընկնում է, խախտվում են լուսասինթեզի և ածխածնային սնուցման բնականոն պայմանները։ Հաճախ հողային երաշտին նախորդում է մթնային երաշտը։ Երաշտը լինում է տարվա բոլոր սեզոններին։

Առավել վտանգավոր երաշտներ խմբագրել

Առավել վտանգավոր են գարնանային-ամառային և ամառային-աշնանային երաշտները։ Ամառային երաշտների ժամանակ կեսօրին օդի ջերմաստիճանը բարձրանում է 25-30 °C-ից, և հողի արմատաբնակ շերտը զրկվում է խոնավությունից, տևողությունը Ապարանի, Լոռու դաշտերում, Աշոցքի սարահարթում, Կոտայքի սարավանդում՝ 40-50, Սևանի ավազանում, Շիրակի դաշտում՝ 70-90, Թալինի սարավանդում, Սիսիանում՝ 110-120, Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Մեղրիում 130-150 օր է։ Հայաստանում Երաշտը դիտվում է անգամ լեռնային արոտավայրերում։ Մթնային Երաշտները գրեթե ամեն տարի դիտվում են Արարատյան գոգավորությունում, Վայոց ձորում, Սյունիքում մինչև 1500-1600 մ, Լոռի-Փամբակում, Աշոցքի սարահարթում՝ մինչև 1000 մ բարձրություններում։

Վերջին 50 տարիներին Հայաստանում առավել սակավ տեղումներ դիտվել են 1961, 1962, 1965, 1971, 1980, 1985, 1989, 1998, 2000 թվականներին։ Գարնանային ուժեղ երաշտ դիտվել է 1961 թվականին, ամառային՝ 1956, 1961 թվականին, աշնանային՝ 1952, 1964 թվականին, ձմեռային՝ 1955, 1958, 1961, 1989, 2000 թվականներին, առավել բարձր ջերմաստիճաններ՝ 1998, 2000 թվականներին (2000 թվականին Արարատյան դաշտում 37 օր օդի ջերմաստիճանը գերազանցել է 36 °C-ից, 22 օր՝ 38 °C-ից)։

Երաշտի կանխումը խմբագրել

Երաշտը կանխելու համար կիրառվում է ագրոտեխնիկա և հողաբարելավման միջոցառումների համալիր՝ հողի նախացանքային մշակում, պարարտացում, դաշտերում ձյան կուտակում, ոռոգում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 541