Եղվարդ

քաղաք Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղվարդ (այլ կիրառումներ)

Եղվարդ, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք, Արայի լեռան հարավային ստորոտին, Եղվարդի դաշտում, Արզնի-Շամիրամ ջրանցքի հատման տեղում։ Գտնվում է մայրաքաղաքից 12 կմ հեռավորության վրա։

Քաղաք
Եղվարդ
Եղվարդ քաղաքը թռչնի բարձրությունից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայք
Առաջին հիշատակում574
Մակերես7 կմ²
ԲԾՄ1330 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն11 900[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունեղվարդցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (224)
Փոստային դասիչ2401, 2402
Պաշտոնական կայքyeghvard.am
Եղվարդ (Հայաստան)##
Եղվարդ (Հայաստան)
Եղվարդ (Կոտայքի մարզ)##
Եղվարդ (Կոտայքի մարզ)

Բնակավայրի անվանում խմբագրել

Գոյություն ունի անվանվան ծագման երկու ավանդություն․

  • Ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանում գտնվող մարդիկ անհամբեր սպասում են ջրի իջնելուն և երկրի երևալուն։ Ժամանակ անց, երբ նրանք տեսնում են Արայի լեռան ստորոտը, ուրախացած բացականչում են «եղևարդ»։ Դրանից հետո տեղը կոչվում է Եղվարդ։
  • Եղվարդը ժամանակին շատ մեծ գյուղ է եղել, հողով առատ։ Նրա մի ծայրը հասել է Քանաքեռ, մյուսը՝ Աշտարակ։ Ունեցել է չորս ջրանցք, որոնցից մեկը ջուր է առել Զանգվից, մյուսը՝ Բուժականից, երրորդը՝ Սաշլվից, չորրորդը՝ Քասախից։ Գյուղի բոլոր հողերը ծածկված են եղել անտառներով ու այգիներով։ Եղել է ծաղկով, վարդով ու յուղով առատ։ Դրա համար էլ անունը դրել են Եղվարդ՝ եղ-վարդ[2][3][4][5]։

Պատմություն խմբագրել

Եղվարդը հին բնակավայր է։ Առաջին գրավոր տեղեկությունները կապված են 603 թվականի հայ-պարսկական պատերազմի և Մովսես Եղվարդեցի կաթողիկոսի հետ։

1972 թ․ եղել է Նաիրիի շրջանի վարչական կենտրոնը, 1995-ին ստացել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։ Այժմ հանդիսանում է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի կենտրոնը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

 
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Եղվարդից արևմուտք գտնվում են «Սեղանասար» գյուղատեղին (մ.թ.ա. 20-18 դարեր) և համանուն դամբարանադաշտը (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։

Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից արժեքավոր է V դարի դահլիճ-եկեղեցին, որի ստորին մասը մասամբ պահպանվել է։ Սրանից արևմուտք, 5-րդ դարի եռանավ բազիլիկ եկեղեցին է՝ կառուցված մեծադիր, սրբատաշ տուֆից, որի պատերին արտաքին պարագծով ձգվում է 660 թվականին կատարված արձանագրությունը։

Եղվարդից հյուսիս-արևելք՝ Արայի լեռան ստորոտին, 7-րդ դարում կառուցվել է Զորավար եկեղեցին՝ այժմ կիսավեր։ Եղվարդի կենտրոնական մասում կանգուն է Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի-դամբարանը՝ կառուցված 1301 թվականին, որի յուրաքանչյուր ճակատի կենտրոնում սյուժետային պատկերաքանդակներ են։ Բազիլիկում 1987-1989 թվականներին կատարվել են կոնցերվացման աշխատանքներ, որոնք անավարտ են մնացել։ Հետաքրքրություն են ներկայացնում գերեզմանատան տարածքում գտնվող 14 խաչքարերը (11-ից 12-րդ դարեր), որոնք հիմնականում պահպանված են։

Քաղաքի հյուսիսարևմտյան մասում վեր է խոյանում 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում զոհված եղվարդցիների հիշատակին նվիրված հուշարձան-կոթողը։ Քիչ հեռու արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշաքարերն են։

Սուրբ Թեոդորոս վանք խմբագրել

Վանքը կոչվում է նաև Զորավար։ Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևելք։ Կառուցվել է 7-րդ դարում։ Ըստ կաթողիկոս, պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու՝ Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանը, Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցելուց հետո, 666-685 թվականներին «Եղիվարդ մեծ դաստակերտի արևելյան կողմում կառուցում է պայծառազարդ եկեղեցի և կուսակրոնների համար՝ կացարաններ»։ Եղվարդի Սուրբ Թեոդորոս վանքի դարչնագույն սրբատաշ տուֆով կառուցված եկեղեցին ունի ութախորան, կենտրոնագմբեթ, երկաստիճան ծավալով հորինվածք։ Ստորին ծավալն արտաքուստ 18-նիստանի է, ութ խոշոր, եռանկյունաձև կտրվածքով խորշերով, վերին ծավալը 12 նիստանի թմբուկով գմբեթն է։ Հարդարանքի տարրերը (ցցուն, հյուսածո զարդադրվագով քիվ, տերևներով նռան քանդակներ, երկրաչափական գեղազարդով կամարաղեղներ) կրում են Զվարթնոց տաճարի ձևերի ազդեցությունը։ Եկեղեցու ներսը 7-րդ դարում նկարազարդվել է, որից միայն խորաններում հատվածներ են պահպանվել։ Դրանք հիմնականում զարդաձևեր են՝ իրականացված գորգային սկզբունքով, և իրենց գունային լուծումով սերտորեն առնչվում են Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների հետ։

1191 թվականին Եղվարդի Սուրբ Թեոդորոս վանքը ոմն Արտաշիրից որպես նվիրատվություն ստացել է այգի։ XII դարի վանքն ունեցել է դպրոց և գրչատուն։ 1197 թվականին Սարգիս Կունտի աշակերտներ Դավիթն ու Ներսեսը գրչագրել են իրենց ուսուցչի «Մեկնութիւն Ավետարանին Ղուկասու» աշխատությունը։ XIII դ. Հովհաննեսը և Վարդանը նորոգել են եկեղեցու որմնանկարները, Ենոք քահանան և Սիոնը վանքին են նվիրել իրենց հայրենական այգիները։ 13-րդ դարում կառուցվել է վանքի միանավ, թաղածածկ մատուռը։ 1318 թվականին Ազիզբեկ և Վախախ ամուսինները վերանորոգել են մոնղոլական արշավանքներից ավերված վանքը։ 15-րդ դարում այստեղ բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակվել, գործել է դպրոցը, որի ուսուցչապետն է եղել Սիմեոն Րաբունապետը։ 1628 թվականին վանքը նորոգվել է։ 1638 թվականին Եղվարդ ներխուժած թուրքական զորքն այրել է վանքը, որից հետո այն դադարել է եպիսկոպոսանիստ լինելուց։ 1735 թվականին Եղվարդի մոտ թուրք-պարսկական զորքերի ճակատամարտի հետևանքով Եղվարդի Սուրբ Թեոդորոս վանք ավերվել է ու լքվել։ 1975 թվականին եկեղեցու հյուսիսային կողմում, նրան կից, պեղումներով բացվել են քառախորան փոքր մատուռ-դամբարանի պատերը։ 1980-ական թվականներին վանքը մասնակի նորոգվել է։

Բնակչություն խմբագրել

Եղվարդի ազգաբնակչության փոփոխությունը.[6]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1974 2001 2004 2015
Բնակիչ 279 2144 2865 3021 3940 5398 6050 11627 11700 11900

Տնտեսություն խմբագրել

 
Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայի արտադրած մարզակոշիկ

Բնակչությունը զբաղվում է արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։

Եղվարդն ունի 3780 տնտեսություն։ Քաղաքում իրենց մասնաճյուղն ունեն «Էկոնոմ», «Արդշինինվեստ», «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկերը։ Բնակավայրն ունի տնտեսական զարգացման 2 հիմնական ուղղվածություն՝ գյուղատնտեսական և արդյունաբերական։ Սեփականաշնորհված 2657.0 հա հողատարածքում մշակվում են հացահատիկային և կերային կուլտուրաներ, խաղողի և պտղատու այգիներ։ 42 ձեռնարկություններից 21-ը խոշոր տնտեսվարող սուբյեկտներ են՝ հացի և հացամթերքների, գինու, կոշկեղենի, մետաղյա առարկաների արտադրության։

Եղվարդ քաղաքում է գտնվում 1985 թվականին «Ադիդաս» ընկերության հետ համատեղ հիմնադրված Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկան։

Տրանսպորտ խմբագրել

Եղվարդով են անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը, Մասիս-Նուռնուս երկաթգիծը։ Գործում է Երևան-Եղվարդ N269 երթուղին։

Հասարակական կառույցներ խմբագրել

Եղվարդում գործում են՝ 2 հիմնական, 1 ավագ դպրոց, նախակրթարան, մանկապարտեզ, արվեստի մանկական 2 դպրոց, մանկապատանեկան մարզադպրոց, 3 գրադարան, մշակույթի տուն, հիվանդանոց, պոլիկլինիկա, հիգիենիկ-հակահամաճարակային հսկողության կենտրոն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 73» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղվարդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 509