Եկեղեցական զգեստ, եկեղեցական հանդերձ, խորհրդաբանական իմաստ ունեցող, դեռևս Հին կտակարանով ավանդված քահանայական հանդերձանք։ Ինչպես ընդհանրական եկեղեցում, այնպես էլ նրա անքակտելի մաս կազմող Հայաստանյայց առաքելական եկեղեցում հնուց ի վեր գործածվել են եկեղեցական զանազան զգեստներ, որոնք իրենց ձևով ու նշանակությամբ տարբերվել են աշխարհիկ հագուստներից։

Հոգևորականը Տավուշ գավառի չորս կողմերի օրհնման և խաչի տեղադրման արարողության

Ավանդության համաձայն, Հայ եկեղեցու սպասավորների զգեստների ձևը գլխավորապես վերցված է Կեսարիայի և Երուսաղեմի եկեղեցիներից, սակայն, ինչպես բնորոշ է Հայ եկեղեցուն, այդ զգեստները պատշաճեցվել են հայ ոգուն՝ ստանալով ազգային յուրահատուկ ձև ու տեսք։

Եկեղեցական զգեստները դարերի ընթացքում ենթարկվել են մասնակի փոփոխությունների՝ ձևի կամ նյութի առումով, այնուհետև մնացել են անփոփոխ ընդհուպ մինչև մեր օրերը։

Հայ եկեղեցում գործածվող եկեղեցական զգեստներն ըստ օգտագործման կերպի կարելի է բաժանել երկու տեսակի՝ ընդհանուր զգեստներ և աստվածապաշտական զգեստներ։

Ընդհանուր զգեստներ խմբագրել

Առօրյա կենցաղում գործածվող եկեղեցական զգեստներ։

Սքեմ խմբագրել

Բոլոր ձեռնադրված և օծված, խորհրդակատար հոգևորականները՝ կաթողիկոսից մինչև սարկավագ, կրում են ամենօրյա միևնույն եկեղեցական զգեստը, որը վերարկու կամ սքեմ է կոչվում։ Կարված է սև կտորից։

Վեղար խմբագրել

Կուսակրոն հոգևորականներին հատուկ գլխադիր է, գլխի քող, որով նրանք տարբերվում են կանամբի (ամուսնացյալ) քահանաներից։ Վեղարը սրածայր է՝ գմբեթանման, ներսից նույն ձևով գլխանոց ունի, իսկ վրան՝ սև գույնի ասվե կտորից մի ծածկույթ, որը գլուխը ծածկելով իջնում է մինչև հոնքերը, իսկ մեջքի կողմից՝ մինչև գոտկատեղ։

Վեղարը գործածության մեջ է մտել հավանաբար 11-րդ դարից հետո, քանի որ մինչ այդ հայ մատենագիրներից ոչ մեկը չի ակնարկել վեղարի գործածության մասին։ Ամենայն հայոց հայրապետի վեղարի ճակատային մասի վրա ավելացվել է ադամանդակուռ խաչ։ Սկսած Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանից վեղարի խաչը եղել է ռուսահայոց թեմի առաջնորդների մենաշնորհը, իսկ Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսից սկսած, որպես Ռուսաց կայսրի շնորհած պատվո նշան, դարձել է Ամենայն հայոց կաթողիկոսների խորհրդանշանը և փոխանցվել ամեն նորընտիր կաթողիկոսի։ Վեղարի տվչության ժամանակ եպիսկոպոսն ընթերցում է հետևյալ աղոթքը. «Աստուած զգեցուցանէ քեզ զնոր մարդն՝ որ ըստ Աստուծոյ հաստատեալ է արդարութեամբ եւ սրբութեամբ եւ ճշմարտութեամբ, եւ եղիցիս դու հպատակ եւ հնազանդ Եկեղեցւոյ, կանխեալ ի սէրն Աստուծոյ հոգւով ի տուէ եւ ի գիշերի. ամէն» («Մաշտոց Ձեռնադրութեան»

Փիլոն խմբագրել

Մարմինը փաթաթող և կրծքի վրա ճարմանդով ամրացվող սև կտավից կարված զգեստ է։ Գործածվում է ժամերգությունների և աստվածապաշտական այլ արարողությունների ժամանակ։ Ծայրագույն վարդապետները և եպիսկոպոսները (ինչպես և կաթողիկոսը) որպես պատվո նշան կրում են մանուշակագույն ծաղկյա, իսկ վարդապետները՝ սև ծաղկյա փիլոններ։ Սև ծաղկյա փիլոնները, որպես պատվո նշան, հայրապետական կոնդակով շնորհվում են նաև ավագ քահանաներին։

Աստվածապաշտական զգեստներ խմբագրել

Ծիսակատարությունների ժամանակ գործածվող եկեղեցական զգեստներ

Դպիրի, կիսասարկավագի և սարկավագի զգեստներ խմբագրել

 
Հիսուս

Շապիկը խմբագրել

Այն սրբության և անարատության խորհրդանշան է, կրում են և՛ դպիրները, և՛ կիսասարկավագները, և՛ սարկավագները։ Այն մինչև կոշիկները հասնող և խաչանիշ ուսանոցով զգեստ է։ Կարող է լինել զանազան երանգների։

Ուրար խմբագրել

Այն նեղ ու երկայն, մոտ 3 մ երկարությամբ և 10-12 սմ լայնությամբ գունավոր և ծաղկավոր երիզ է, որն ուրարակիրն ու սարկավագը կրում են իրենց ձախ ուսի վրա։ Ուրարը սովորաբար ունենում է 3 խաչ. մեկը ուսի վրա՝ մեջտեղում, մյուս երկուսը՝ հետևից ու առջևից։ Ձախ ուսին ուրար կրելը նշան է, ըստ որի՝ այդ կրոնավորը Քրիստոս Աստծո լուծը միայն կիսով չափ է իր վրա կրում և տակավին կարողություն չունի ամբողջությամբ ստանձնելու։

Բազկուրար խմբագրել

Ուրարի փոքր տեսակ է, որը կիսասարկավագը կրում է իր ձախ դաստակի վրա։ Սա նշանակում է, որ նա դեռ ամբողջովին չի կարող իր վրա վերցնել Հիսուս Քրիստոսի լուծը։

Քահանայի, եպիսկոպոսի և կաթողիկոսի զգեստներ խմբագրել

Հողաթափ խմբագրել

Ս.Պատարագի ժամանակ թե՛ պատարագիչը և թե՛ խորհրդակատարության ժամանակ նրան սպասարկող խոնարհ դասի աստիճանավորները ս.Խորան բարձրանում են հողաթափերով։ Պատարագի ընթացքում, վերաբերումից առաջ, քահանան հանում է իր հողաթափերը։ Պատարագչի հողաթափերի ներսի կողմը իժի ու քարբի կերպարանքներ են ասեղնագործված՝ ի խորհուրդ սաղմոսի հետևյալ խոսքերի. «Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին» (Սաղմոս 90.13

Ի տարբերություն եկեղեցական այլ արարողությունների, Պատարագի ժամանակ քահանան, եպիսկոպոսն ու կաթողիկոսն զգեստավորվում են բոլորովին այլ՝ առավել շքեղ ու գեղեցկահյուս զգեստներով, որպեսզի Տիրոջ սպասավորությունն ավելի շքեղ և փառավոր կատարվի։

Սաղավարտ խմբագրել

Գնդաձև, կերպասից ասեղնագործված կամ մարգարտազարդ գլխանոց է, որի գագաթին ամրացված է քառաթև փոքր խաչ։ Սաղավարտի չորս բոլորը պատկերված են Քրիստոսի փրկագործական տնօրինության չորս գլխավոր դեպքերը (Ծնունդ, Մկրտություն, Հարություն, Համբարձում)։ Սաղավարտի գործածությունը վերցված է Հին ուխտի եկեղեցուց։ Այն խորհրդանշում է նաև Հիսուս Փրկչի կրած փշե պսակն ու վարշամակը։ Պատարագի ժամանակ սաղավարտը գործածվում է որպես զրահ՝ սատանայական զորության դեմ պատերազմելու։ Հայ եկեղեցում Պատարագի ժամանակ սաղավարտը գործածում են քահանաներն ու վարդապետները։

Շապիկ խմբագրել

Ի տարբերություն խոնարհ աստիճանավորների գործածած շապիկների, Պատարագի ժամանակ բարձրաստիճան եկեղեցականներն օգտագործում են առանց ուսանոցի, ճերմակ կտավից, մինչև հողաթափերը հասնող շապիկներ։ Ճերմակ գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի անարատ Ծնունդը և անմեղ ու մաքրամաքուր կյանքը, նաև՝ Տիրոջ Հարությունն ավետող ԶԳԵՍՏ հրեշտակի սպիտակաթույր հանդերձը։

Փորուրար խմբագրել

Ուրարի կրկնակի լայնքով ասեղնագործված զգեստի մաս է, որը ծածկում է հոգևորականի կուրծքը սպիտակ շապիկի վրայից։ Երկարությունը մարդահասակ է, վերնամասով՝ կլոր, գլխից հագնելու համար։ Փորուրարը խորհրդանշում է այն ծանր լուծը, որ քահանան ամբողջապես առնում է իր ուսերի վրա. «Իսկ քահանայիցն եւս քան զնոսա գերազանցութիւն, զի երկու ուսովքն զնոյնն բառնայ զքաղցր տէրունական լծոյն ապացոյցն...» (Ներսես Լամբրոնացի

Գոտի խմբագրել

5-7 սմ լայնություն ունեցող ամուր և գեղեցկահյուս կտորից ժապավեն է, որն առջևից ամրանում է ակնազարդ կամ մարգարտապատ զույգ ճարմանդով։ Գոտու գործածությունը ևս վերցված է Հին ուխտից։ Գոտի կրելու իրավունքը քահանայական աստիճան ունեցողների մենաշնորհն է։ Պատարագիչը գոտին կապում է փորուրարի վրայից։ Գոտին միևնույն ժամանակ Հիսուս Քրիստոսի ողջախոհության խորհուրդն ունի։

Թաշկինակ խմբագրել

Գոտու հետ պատարագիչ քահանան կրում է նաև թաշկինակ (սրբիչ), ղենջակ, որը հիմնականում ծառայում է պատարագչի ձեռքերը և սկիհը լվացումից հետո չորացնելու համար։

Բազպաններ խմբագրել

Զույգ կարճ թևնոցներ են, որոնք կոճկվում են պատարագիչ եկեղեցականի դաստակների վրա։ Բազպանները զգեստի առանձին մասեր լինելով հանդերձ՝ կարվում են զգեստի կերպասից (այսինքն՝ այն կտորից, որից կարվել են փորուրարը, շուրջառը, գոտին)։ Բազպանների հիմնական նպատակը պատարագչի շապիկի թևերի ծայրերը հավաքելն է։

Վակաս (վարշամակ) խմբագրել

Պատարագչի ուսանոցն է, որը կիսաբոլորակ ձևով պատում է քահանայի պարանոցը՝ թիկունքի կողմից։ Վակասի վրա ընդհանրապես ձուլված կամ ասեղնագործված են լինում 12 առաքյալների պատկերները, իսկ դրանց մեջտեղում՝ Հիսուսի՝ Աստծո Գառան պատկերը։ Վակասը ևս վերցված է Հին ուխտից։ Խորհրդանշում է մոլորյալ ոչխարին, իմա՝ մոլորյալ մարդկությանը, որին Քրիստոսն իր ուսերի վրա առնելով՝ դեպի փրկություն և հավիտենական կյանք առաջնորդեց։ Վակասը միևնույն ժամանակ հավատացյալներին հիշեցնում է Հիսուս Փրկչի քաղցր լուծը և թեթև բեռը։

Շուրջառ (նափորտ) խմբագրել

Փիլոնաձև, անթև և գեղեցկահյուս վերարկու է, որը, ամբողջ հասակը ծածկելով, առջևից կրծքի վրա ամրանում է մետաղե զույգ ճարմանդով։ Գործածվում է Պատարագի, սրբազան խորհուրդների կատարման, նախատոնակների, թափորի և Ավետարանն ընթերցելու ժամանակ։ Խորհրդանշում է աստվածային շնորհների այն զրահը, որով պատարագիչը պատսպարվում է չարի նետերից և հարձակումներից։

Եպիսկոպոսական զգեստներ խմբագրել

Եպիսկոպոսը բացի քահանայական զգեստներից կրում է նաև սաղավարտի փոխարեն խույր կամ թագ, արտախուրակներ, եմիփորոն և գավազան։

Խույր կամ թագ խմբագրել

Խույրը գեղեցկահյուս, նկարազարդ ու գոհարազարդ, երկու տափակ երեսներից բաղկացած թագ է։ Գլխին դնելիս վերևի սրածայր մասերը բացվելով՝ կազմում են երկճղի խույր։ Յուրաքանչյուր ծայրին ամրացված է մեկական փոքր խաչ։ Խույրը հատուկ է եպիսկոպոսին ու կաթողիկոսին։ Հայ եկեղեցում սկսել է գործածվել 12-րդ դարից։

Արտախուրակներ խմբագրել

Խույրի հետևից կախված երկու երկար կապեր են, որոնք խույրը գլխին ամուր պահելուն են ծառայել, սակայն հետզհետե վերածվել են զարդարանքի։ Այժմ արտախուրակները 50 սմ երկարությամբ և 6 կամ 7 սմ լայնությամբ, ներքևի կողմն ավելի լայն, խույրի նմանությամբ պատրաստված երկու կտորից զարդեր են, որոնք կախվում են վակասից՝ թիկունքի կողմից։

Եմիփորոն խմբագրել

Լայն ուսանոց-ուրար է, որը հետևից և առջևից ծածկում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի կուրծքն ու թիկունքը, իսկ եմիփորոնի ծոպավոր ծայրերը հասնում են մինչև շուրջառի ծայրերը։ Եմիփորոնը խորհըրդանշում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի ամբողջապես խաչված լինելը իրենց հինգ զգայարաններով, մեղքերի և աշխարհիկ ցանկությունների համար մեռնելը և միայն Քրիստոսի խաչն իրենց անձերում կրելը։

Հայրապետական զգեստ խմբագրել

Ամենայն հայոց կաթողիկոսը, բացի քահանայական և եպիսկոպոսական զգեստներից, գործածում է նաև կաթողիկոսին հատուկ հանդերձանքի մի զարդ՝ կոնքեռը։

Կոնքեռ խմբագրել

Ոսկեթել զարդ է՝ տարանկյուն զուգահեռագծի ձևով՝ ասեղնագործված կամ ընտիր կերպասից պատրաստված։ Կոնքեռի վրա ավանդաբար ասեղնագործվում է խաչակիր մի գառնուկ, որը Աստծո Գառի՝ Հիսուս Քրիստոսի խորհուրդն ունի։

Կոնքեռի երեք անկյուններում կան փոքր ծոպեր, իսկ չորրորդ անկյունից նեղ երիզով կախվում է հայրապետի գոտուց՝ ձախ մասում՝ «որպէս հովուական մախաղ, կամ ի նշան ղենջակին Յիսուսի, կամ բոցեղէն սրոյ սրովբէին»։

Նվիրական առարկաներ խմբագրել

Որպես պատվո նշան քահանայական կարգ ունեցողներին շնորհված իրեր։

Մատանի խմբագրել

Հայ եկեղեցում մատանու գործածությունը գալիս է շատ հնուց։ Մատանին ձեռնադրության ժամանակ տրվում է նորընծա եպիսկոպոսին՝ իբրև Ս. եկեղեցու հետ փեսայացման խորհրդանիշ։ Նաև իշխանության նշան է։ Եպիսկոպոսական մատանին լինում է ոսկեօղակ՝ զարդարված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով։ Եպիսկոպոսները մատանի կրում են աջ ճկույթին, իսկ կաթողիկոսը՝ աջ ձեռքի մատնեմատին։

Լանջախաչ խմբագրել

Եկեղեցականներին կաթողիկոսի կողմից շնորհված պատվո նշան է։ Լինում է քահանայական և վարդապետական։ Քահանայականը պարզ, ոսկեզօծ, արծաթե խաչ է, 10 սմ երկարությամբ, զարդարուն, որը ոսկեզօծ շղթայով կախվում է պարանոցին։ Վարդապետականը նույն մեծությամբ մի խաչ է, որի մեջ խաչելության պատկեր կա։ Լանջախաչն իրենց պարանոցին քահանաներն ու վարդապետները կրում են տոնական և հանդիսավոր օրերին։

Պանակե խմբագրել

Հիմնականում լինում է բոլորակի ձևով։ Օգտագործում են եպիսկոպոսներն ու կաթողիկոսը՝ շղթայով իրենց կրծքին կրելով։Պանակե հունարեն panagia-նշանակում է Աստվածածին։ Պանակեների կենտրոնում լինում է Աստվածածնի կամ որևէ Տնօրինական դեպքի պատկերը՝ զարդարված կիսաթանկարժեք և հասարակ քարերով։

Ձեռաց խաչ խմբագրել

Սովորական խաչ է, որը, սակայն, ներքևի կողմից մի քիչ երկար բռնակ ունի։ Քահանայական աստիճան ունեցողներն օգտագործում են աստվածապաշտական արարողությունների, ծիսակատարությունների և եկեղեցական հանդիսությունների ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: