Եզնակող
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Եզնակող (Bupleurum)
L., 1753

Եզնակող (լատին․՝ Bupleurum), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ- ում՝ 9 տեսակ՝

  • Եզնակող կլորատերև (Bupleurum rotundifolium),
  • Եզնակող բազմատերև (Bupleurum polyphyllum),
  • Եզնակող բարձր (Bupleurum exaltatum) և այլն։

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառի բացատներում, թփուտներում, չոր, քարքարոտ լանջերին և այլն։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևներն ամբողջական են, ամբողջաեզր, տարբեր ձևերի։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ դեղին, կարմրավուն, կանաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը կողքերից թեթևակի սեղմված է, նեղ կողերով, հարթ կամ կնճռոտ, գոգավորություններում՝ 1 կամ 3-5 յուղանցքերով։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ածխաջրեր, սապոնիններ, ֆենոլային միացություններ, կումարիններ, ֆլասվոնիդներ և այլն։ Արմատների եփուկն օգտագործում են որպես լեղամուղ, ջերմիջեցնող, վերքերն ապաքինող միջոց։

Կլորատերև Եզնակող

Տեսակների տարածվածությունը Հայաստանում խմբագրել

  • Եզնակող Կոզո-Պոլյանսկին (Bupleurum kosopoljanskyi) բնաշխարհիկ է, հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերի անտառներում ու մացառուտներում,
  • Եզնակող սակավաճաճանչը-(Bupleurum pauciradiatum)՝ Տավուշի և Սյունիքի մարզերի անտառների բացատներում և թփուտներում,
  • Եզնակող Սոսնովսկուն (Bupleurum sosnowskyi)՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի լեռնատափաստաններում և անտառի բացատներում։ Նշված տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզնակող» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզնակող» հոդվածին։