Եգիպտոսի պետական դրոշը պաշտոնապես ընդունվել է 1984 թ. հոկտեմբերի 4-ին, իսկ անկախ Եգիպտոսի առաջին դրոշը ընդունվել է 1923 թ. թագավորի հրամանով։

Նկարագրություն խմբագրել

Եգիպտոսի դրոշը բաղկացած է՝ կարմիր, սպիտակ, սև գույներից հորիզոնական հավասար շերտերով։ Դրոշի կենտրոնում պատկերված է Սալադինի Արծվի զինանշանը։ Կարմիր գույնը խորհրդանշում է՝ պայքար գաղութային ռեժիմի դեմ։ Սպիտակ գույնը՝ 1952 թ.-ին տեղի ունեցած հեղափոխության խորհրդանիշն է, այսպես կոչված «անարյուն հեղափոխություն», որը վերջ դրեց միապետական իշխանությանը Եգիպտոսում։ Սև գույնը նշանակում է՝ Մեծ Բրիտանիայի գաղութային ռեժիմի ազդեցության և Եգիպտոսի ճնշման ավարտը։ Ոսկեգույն արծիվը՝ Եգիպտոսի սուլթան Սալահ ադ Դինի խորհրդանիշն է, ով 12-րդ դարում գլխավորեց խաչակիրների դեմ պայքարը։

Պատմություն խմբագրել

Եգիպտոսի առաջին դրոշը եղել է կանաչ գույնի, որի վրա պատկերված էին կիսալուսին և երեք աստղեր։ Ավելի ուշ՝ 1958 թ.-ին, դրոշը փոխարինվեց այժմ գոյություն ունեցող եռագույնով։ Բայց այն ժամանակ սպիտակ գույնի վրա պատկերված էին 2 կանաչ աստղեր, որոնք 1972 թ.-ին փոխարինվեցին ոսկեգույն բազեով։ Իսկ 1984 թ.-ին դրոշը ունեցավ իր վերջնական տեսքը՝ բազեն փոխարինվեց Սալադինի ոսկեգույն արծվի պատկերով։