Դրուզներ (արաբերեն՝ Դուրուզ), իսլամի շիա ուղղության իսմայիլական աղանդի ուրույն ճյուղավորման հետնորդ արաբներ։ Թվով՝ շուրջ 1,5-2 միլիոն մարդ (1969 թվականին)։ Բնակվում են Լիբանանում, Սիրիայում, մասամբ՝ Իսրայելում։

ալ-Հաքիմ խալիֆ

Դրուզների աղանդն առաջացել է 11-րդ դարի սկզբին Եգիպտոսի ն Հարավային Լիբանանի իսմալիականների շրջանում Դարազիի (որի անունով էլ կոչվել են հետնորդները) քարոզչության ներգործությամբ։ Դրուզները ընդունում են ֆաթիմյան Հաքիմ խալիֆայի (կառավարել է 996-1021 թվականներին) մարգարեությունը և սպասում են նրա երկրորդ գալստյան։ Կազմում են ներփակ համայնք, որում ուկկալները (գիտակները) ղեկավարում են կրոնական պարտականություններից զերծ շարքային հավատացյալների՝ ջուհհալների (ջահելների, ագետների) հոտը։

Շարքային դրուզների հիմնական զբաղմունքը առ այսօր հողագործությունն է, մասամբ միայն՝ տնայնագործական արհեստագործությունը ն տեղական մանր առևտուրը։ Դրուզների ֆեոդալազնվականական խավի և նրանց կողմից շահագործվող քրիստոնյա-մարոնական գյուղացիության սոցիալական հակամարտությունը, անգլիական ու ֆրանսիական գաղութարարների և օսմանյան կառավարողների հրահրմամբ 1840-1860-ական թվականներին վեր են աճել դրուզ-մարոնական, միջհամայնքային արյունալի երկպառակությունների։ Դրուզների ֆեոդալ-ազնվականական Մաան և Շիհաբ տոհմերը ղեկավարել են լիբանանյան ժողովրդի հակաօսմանյան զինված պայքարը, որը իր բարձրակետին է հասել հատկապես նոր ժամանակներում (1869, 1888, 1894-1897, 1904 և 1910 թվականներին ապստամբությունները)։

Դրուզները գործուն մասնակցություն են բերել նաև 1920-1943 թվականների սիրիական և լիբանանյան ժողովուրդների հակաիմպերիալիստական պայքարին (հատկապես 1924-1926 թվականների Ջաբալ-Դրուզից սկսված համասիրիական հակաֆրանսիական ազատագրական պատերազմը)։ 1949 թվականին Լիբանանում հիմնադրված Առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը, որի կորիզը կազմում են դրուզները, և որը ղեկավարում էր Քամալ Ջումբլատը, 1958 թվականի լիբանանյան հակաիմպերիալիստական ապստամբության և 1975-1976 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ հայրենասիրական զինված ուժերի գլխավոր բաղադրատարրերից էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 457