Դվինի եկեղեցական ժողով (554)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվինի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)

Դվինի եկեղեցական ժողով 554 թվականի մարտի 29-ին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դվինում ապագա կաթողիկոս Հովհաննես Գաբեղենացու գլխավորությամբ հրավիրված ազգային-եկեղեցական ժողով։ Գումարվել է «հակառակ ժողովոյն Քաղկեդոնի»՝ Ծաղկազարդի օրը, կաթողիկոս Ներսես Բ Բագրևանդցու օրոք, պարսից Խոսրով (531-578) արքայի 24-րդ և բյուզանդական Հուստինիանոս (527-565) կայսրի 14-րդ տարում։ Մասնակցել են 18 եպիսկոպոս, մեծ թվով նախարարներ, ինչպես նաև ասորի ուղղափառների Աբդիշո եպիսկոպոսը։ Համաձայն տիրող կարծիքի, այս ժողովից է սկսվել պաշտոնական բաժանումը հայ և քաղկեդոնիկ եկեղեցիների միջև։

Դվինի կաթողիկե եկեղեցին

Ըստ Հովհաննես Գ Օձնեցու, Ասողիկ պատմիչի (10–11-րդ դարեր) և Մխիթար Գոշի (12–13-րդ դարեր), Դվինի Բ ժողովում է որոշվել Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը նշել միասին՝ հունվարի 6-ին (ինչպես տոնել են հայերը առաքյալներից սկսած), դավանել Քրիստոսի մեջ մեկ Աստվածամարդկային բնություն և «Սուրբ Աստված» երգը «խաչեցարով» երգել, ինչպես նաև սկիզբ է դրվել Հայոց նոր թվականին։ Ժողովն ընդունել է «Ուխտ միաբանության Հայոց աշխարհիս» գրությունը, որտեղ հիշված են միայն 3 տիեզերաժողովները, նզովվել են նեստորականությունը, պավլիանիտները (3-րդ դար, աղանդապետ, Սամոսատի եպիսկոպոս Պողոս Սամոստացու ուսմունքի հետևորդները) և մծղնեությունը։ Ժողովում ընդունվել են նաև 37 կանոններ, որոնք «Կանոնագիրք Հայոց»-ում հայտնի են «Կանոնք Ներսէսի կաթողիկոսի եվ Ներշապոհ Մամիկոնէից եպիսկոպոսի» անունով։ Կանոնները ոչ մի հիշատակություն չեն պարունակում դավանական, ծիսական կարևոր որոշումների մասին, այլ վերաբերում են միայն եկեղեցու և եկեղեցականների կարգ ու կանոնին։ Կանոնները չեն սահմանում մարմնական պատիժներ և դրամական տույժեր, այլ՝ միայն նզովքի, լուծման և ապաշխարության եկեղեցական պատիժներ։

  1. Ա և Բ կանոնները ծխական քահանաներին արգելել են հավատացյալների բերած Պատարագի հացը, գինին և զանազան ընծայաբերությունները տուն տանել, փոխանակ եկեղեցի ուղարկելու։
  2. Գ կանոնը քահանաներին արգելել է իրենց հասույթները վաշխով գործածելը կամ իրենց կենցաղ. պետքերից զատ զվարճությունների վրա ծախսելը։
  3. ԺԷ կանոնով սարկավագներին արգելվել է կատարել մկրտության ծեսը,
  4. ԺԶ կանոնով՝ կանանց՝ մկրտության ժամանակ քահանայի մոտ կանգնելը և սպասավորություն անելը։
  5. ԺԹ կանոնը զգուշացնում էր, որ քահանան խոստովանության գաղտնիքն ուրիշին հաղորդելու դեպքում կարգալույծ կլինի նզովքով և կզրկվի քահանայական ժառանգությունից։
  6. ԻԴ կանոնն արգելել է անչափահասների (առանց տարիքը նշելու) ամուսնությունը, իսկ չափահասները պետք է ամուսնանային միայն միմյանց տեսնելու և հավանելու դեպքում։
  7. ԼԶ կանոնն արգելել է աղանդավորներին օթևան տալը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։