Դմիտրո Յավորնիցկի

ուկրաինացի ակադեմիկոս

Դմիտրո Իվանովիչ Յավորնիցկի կամ Դմիտրի Էվարնիցկի (ուկրաիներեն՝ Дмитро Иванович Яворницький, հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1855, Բորիսովկա, Խարկովի ուեզդ, Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1940(1940-08-05), Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ) - ուկրաինացի ակադեմիկոս, պատմաբան, հնագետ, ազգագրագետ, բանահավաք, բառարանագիր։ Եղել է Մոսկվայի հնագիտական ընկերության (1885 թվականից), Սանկտ Պետերբուրգի ռուսական հնագիտական ընկերության (1886 թվականից) անդամ, Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1929 թվականից)։ Նա զապորոժյան կազակների պատմության, ազգագրության, բանահյուսության ամենաականավոր ուսումնասիրողներից էր, նրանց պատմության առաջին հանգամանալի գրքի հեղինակը։ Լայնորեն հայտնի էր «Զապորոժցիների հայր» պատվանունով, անուն, որ նրան տրվել էր ի նշան գնահատանքի՝ զապորոժցիների պատմության ու մշակույթի պահպանության գործում ներդրած հսկայական ավանդի համար։

Դմիտրո Յավորնիցկի
ուկրաիներեն՝ Дмитро́ Іва́нович Яворни́цький
Ծնվել էհոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1855
Բորիսովկա, Խարկովի ուեզդ, Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 5, 1940(1940-08-05) (84 տարեկան)
Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Խարկով, Սանկտ Պետերբուրգ, Տաշքենդ, Մոսկվա և Դնեպր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբառարանագիր, մարդաբան, լեզվաբան, պատմաբան, բանահավաք, ազգագրագետ և գրող
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն[1], հնագիտություն[1], բանագիտություն[1] և Russian Cossacks?[1]
Պաշտոն(ներ)թանգարանի տնօրեն
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսական կայսերական հնագիտական միություն և Տարաս Շևչենկոյի անվան գիտական ​​ընկերություն
Ալմա մատերԽարկովի ազգային համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինուկրաիներեն[2][1] և ռուսերեն[1]
Գիտական ղեկավարԱլեքսանդր Պոտեբնյա, Mykola Sumtsov? և Նիկոլայ Կոստոմարով
Եղել է գիտական ղեկավարQ12098580?
Հայտնի աշակերտներQ12098580?
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
և Order of noble Bukhara
Ստորագրություն
Изображение автографа
 Dmytro Yavornytsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դմիտրո Յավորնիցկին ծնվել է 1885 թվականի նոյեմբերի 5-ին Խարկովի գավառի Սոնցիվկա գյուղում, որը հետագայում միացել է Բորիսովկա գյուղին։ Հայրը՝ աբեղա Իվան Յակիմովիչը, սերում էր սլոբոդյան կազակներից։ Ենթադրվում է, որ նախնիները Խարկովի նահանգ էին տեղափոխվել Գալիցիայի Յավոր քաղաքից։

Դմիտրոն 1867 թվականին ընդունվել է Խարկովի գավառական ուսումնարանը, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Խարկովի հոգևոր սեմինարիայում (1874-1877 թթ), այնուհետև՝ Խարկովի կայսերական համալսարանում (1877-1881 թթ.)[3]: Այստեղ նրա դասախոսների թվում էին անվանի գրականագետ, արվեստի պատմաբան, ազգագրագետ Ն. Ն. Սումցովը, Ուկրաինայում և Ռուսաստանում լեզվաբանության առաջին խոշոր տեսաբան, փիլիսոփա, գրականագետ Ա. Ա. Պոտեբնյան։ Անհիմն կերպով մեղադրվելով «ուկրաինական անջատողականության» մեջ՝ հեռացվել է համալսարանից, այնուհետև ուսման թերին լրացրել Կազանի, Վարշավայի համալսարաններում։

1880-ական թվականներին Յավորնիցկին պեղումներ է կատարել Դնեպրի սահանքների մատույցներում, ինչպես ինքն է նամակներից մեկում նշել՝ քիչ է մնացել՝ խեղդվի, կյանքով հատուցի իր որոնումների համար, այնուհանդերձ՝ հաջողել է բացել հին կազակական քսանչորս գերեզման, հայտնաբերել գիտական տեսակետից արժեքավոր բազմաթիվ իրեր։ Կատարած հայտնագործությունները հաշվի առնելով՝ նրան թույլ են տվել, որ շարունակի դասախոսական աշխատանքը Խարկովի համալսարանում։ Ընդ որում՝ ազատ օրերին շրջագայում էր և կազակության պատմության վերաբերյալ դասախոսություններով հանդես գալիս նաև Պոլտավայում, Եկատերինոսլավում, Չեռնիգովում, Խերսոնում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում...

1885 թվականին Յավորնիցկուն, այնուամենայնիվ, հեռացրին Խարկովի համալսարանից՝ դարձյալ մեղադրելով հարավսլավոնական անջատողականության մեջ։ Նա չէր ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը և ի վերջո արդարացվեց։ Մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ դասախոսություններ էր կարդում գիմնազիայի սովորողների և մանկավարժական դասընթացների մասնակիցների համար[4]։ Պետերբուրգում Դմիտրի Իվանովիչը ծանոթացավ Ի. Ե. Ռեպինի, Ա. Սլաստյոնի, Դ. Լ. Մոռդովցևի, Մ. Օ. Միկեշինի հետ, Զապորոժիեի պատմության վերաբերյալ մի շարք հոդվածներ հրատարակեց, առաջաբան գրեց Տարաս Շևչենկոյի «Հայդամակներ» պոեմի ռուսերեն թարգմանության հրատարակության համար։ Նրա խորհրդով Ռեպինն սկսեց աշխատել իր նշանավոր կտավներից մեկի՝ «Զապորոժցիները նամակ են գրում թուրք սուլթանին» նկարի վրա (ի դեպ, նամակը գրի առնողին նկարիչը պատկերել է հենց Յավորնիցկու դիմագծերով), իսկ Նիկոլայ Լիսենկոն ստեղծեց իր «Տարաս Բուլբա» օպերան՝ ըստ Նիկոլայ Գոգոլի հայտնի վիպակի։ Այդ նույն տարում (1885 թվականին) Յավորնիցկին դարձավ հնագետների ընկերության անդամ։ Շուտով սկսեց դասավանդել նաև Պետերբուրգի համալսարանում, սակայն 1891 թվականին նրան հեռացրեցին աշխատանքից և ընդհանրապես զրկեցին ուսումնական հաստատություններում դասավանդելու իրավունքից՝ դարձյալ հին, ծանոթ մեղադրանքով՝ ուկրաինական ազգայնական շարժմանը մասնակցելու համար։ Ապրուստի միջոցներ հայթայթելու նպատակով Յավորնիցկին հարկադրված էր 1892 թվականին եռամյա գործուղման մեկնել Միջին Ասիա (սկզբնական շրջանում ապրել է Տաշքենդում, ապա՝ Սամարղանդում), որտեղ վարում էր հատուկ հանձնարարությունների գծով աստիճանավորի պաշտոն։ Որպես գիտնական՝ պետք է ուսումնասիրեր այդ երկրամասն ու դրա պատմական հուշարձանները։ 1893 թվականին նա, ի մի բերելով արդեն կատարած ուսումնասիրությունների արդյունքները, լույս ընծայեց «Միջին Ասիայի ուղեցույց՝ Բաքվից մինչև Տաշքենդ՝ հնագիտական և պատմական հայեցակետից» գիրքը, որի համար պարգևատրվեց Ստանիսլավի երրորդ աստիճանի և Բուխարայի Ոսկե աստղի շքանշաններով։ Բացի այդ, նրան շնորհվեց կոլեգիական խորհրդականի աստիճան[3]։

1895 թվականի ապրիլին, երբ լրացավ գործուղման ժամկետը, Դմիտրի Իվանովիչը տեղափոխվեց Վարշավա, որի համալսարանում 1895-1896 թվականներին աշխատեց որպես ռուսաց պատմության դասախոս[3]։ 1897 թվականին, ռուս պատմաբան Վասիլի Կլյուչևսկու միջնորդությամբ, աշխատանքի անցավ Մոսկվայի համալսարանում, դարձյալ որպես ռուսաց պատմության դասախոս։ 1901 թվականի վերջերին Կազանի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում պաշտպանեց մագիստրական թեզը՝ պաշտպանության ներկայացնելով իր «Զապորոժյան կազակների պատմություն» կոթողային աշխատության առաջին հատորի երկրորդ՝ 1900 թվականի մոսկովյան հրատարակությունը։

1902 թվականին, սիրով ընդունելով Եկատերինոսլավի հահանգի ղեկավարության հրավեր-առաջարկը, աշխատանքի անցավ որպես Եկատերինոսլավի նորաստեղծ պատմական թանգարանի վարիչ (ներկայումս գիտա-լուսավորական այդ օջախը կրում է նրա անունը)։ Թանգարանը հիմնել էր գործարար և մեկենաս Ա. Ն. Պոլը, որը տաժանակրության դատապարտված հետման Պ. Ն. Պոլուբոտոկի հետնորդներից էր[5]։ Իր կյանքի ուղիղ երեսուն տարին Դմիտրի Իվանովիչը նվիրաբերեց այդ թանգարանին, համակարգեց ու մեծապես համալրեց դրա հավաքածուն՝ հայտնաբերելով կազակական հնության դրոշմը կրող բազմաթիվ առարկաներ; Յավորնիցկու բազմամյա և անձնուրաց հետազոտական աշխատանքը, լայնորեն ճանաչման ու գնահատանքի արժանանալով, նպաստեց, որ Նիկոլայ Երկրորդ ցարի օրոք վերջապես պաշտոնապես վերականգնվի զապորոժյան կազակական զորքի բարի համբավը։ 1914 թվականին Յավորնիցկին ակտիվորեն մասնակցել է Առաջին աշխարհամարտի կռիվներում վիրավորվածներին, փախստականներին, որբերին օգնելու նպատակով միջոցների հավաքագրմանը։

Քաղաքացիական պատերազմի շրջանում (1918-1920 թվականներին) դասախոսել է Եկատերինոսլավի արդեն գործող համալսարանում, այստեղ ստեղծել ուկրաինագիտության ամբիոն՝ միաժամանակ շարունակելով հոգ տանել պատմության թանգարանի մասին։ Հատկանշական է, որ 1919 թվականին նրա ծանոթներից գեներալ-լեյտենանտ Ա. Գ. Շկուրոն նրան առաջարկել է պատերազմական վտանգներից հեռու մնալու, ապահովության մեջ ապրելու նպատակով մեկնել արտասահման, բայց նա, մտահոգվելով առաջին հերթին թանգարանի հավաքածուի ապահով պահպանության մասին, մերժել է այդ առաջարկը[5]։ 1920-1933 թվականներին դասախոսել է Եկատերինոսլավի (Դնեպրոպետրովսկի) ժողովրդական կրթության ինստիտուտում, ընդ որում՝ 1925-1929 թվականներին միաժամանակ գլխավորել է ուկրաինագիտության ամբիոնը։ 1925 թվականին ընտրվել է Համաուկրաինական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 1929 թվականի ապրիլի 16-ին՝ Ուկրաինական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ[6]։ Ստալինյան հալածանքների եռուն շրջանում՝ 1932 թվականին նրան ազատել են թանգարանի տնօրենի պաշտոնից՝ և ընդհանրապես աշխատանքից՝ մեղադրելով «ուկրաինական բուրժուական ազգայնականության» մեջ][5]։ 1937 թվականին, դառնալով հասարակական գիտությունների դոկտոր, Յավորնիցկին հասցրել է ավարտել «Եկատերինոսլավ քաղաքի պատմություն» աշխատությունը, որից հետո ձեռնամուխ է եղել իր հավաքած բանահյուսական ու ազգագրական հսկայածավալ նյութերի համակարգման աշխատանքին, սակայն 1940 թվականի օգոստոսի 5-ին անակնկալ մահը ընդհատել է այն][5]։ Նրա շիրիմը գտնվում է պատմության թանգարանի մերձակա հրապարակում[7]։

Աշխատություններ խմբագրել

Յավորնիցկու աշխատությունները կենցաղագրական բնույթ են կրում։ Գիտական հանրության մեջ նա առաջիններից մեկն էր, ով ձեռնամուխ եղավ զապորոժյան կազակության պատմության համալիր ուսումնասիրման գործին, հետազոտեց այն՝ սեչի հիմնադրման ժամանակներից մինչև վերջին օրերը, հրատարակեց մեծ քանակությամբ փաստաթղթեր։ Նա գրել է նաև վիպակներ («Наша доля — Божья воля», 1901; «За чужой грех», 1907; «В бурсу! В бурсу! В бурсу!», 1908, և այլն), երգիծական պատմվածքներ, բանաստեղծություններ։

Որպես պատմաբան՝ հետևելով իրեն նախորդած Նիկոլայ Կոստոմարովի աշխատաոճին՝ ռոմանտիկ մոտեցում է դրսևորել իր ուսումնասիրության նյութի նկատմամբ։ Խանդավառ ու ոգեշունչ աշխատանքով հավաքել է հնագիտական, ազգագրական, բանահյուսական հսկայածավալ նյութ, որի հիման վրա էլ հյուսել է իր պատմական աշխատությունները; Նրա գլխավոր գործը «Զապորոժյան կազակների պատմություն» մեծածավալ, կոթողային աշխատությունն է, որի երեք հատորները լույս են տեսել ռուսերեն, 1895-1899 թվականներին։ Ծրագրել էր գրել նաև չորրորդ հատորը, բայց այդպես էլ չիրագործեց։ Ինչպես այս, այնպես էլ իր մյուս աշխատություններում նա զապորոժյան կազակներին ներկայացնում է իբրև Ուկրաինայի ազատագրման գործի քաջամարտիկների։ Յավորնիցկին ինքն անձամբ առաջամարտիկ էր նաև ազգագրության, բանահավաքության, բառարանագրության բնագավառներում։ Մեծ ավանդ է ներդրել զապորոժյան երկրամասի պատմական աշխարհագրության բնագավառում, մանրամասնորեն քարտեզագրել է զապորոժցիների ստեղծած ամրությունները Դնեպրի սահանքների շրջանում ու մերձակա տարածքներում։ 1906 թվականին հրատարակել է ուկրաինական ժողովրդական երգերի մի մեծածավալ ժողովածու, որը մասամբ վերահրատարակվել է 1990 թվականին։ Մասնակցել է Բորիս Հրինչենկոյի «Ուկրաիներենի մեծ բառարան»-ի ստեղծման աշխատանքներին, հետագայում՝ 1920 թվականին ինքն անձամբ պատրաստել ու հրատարակել է ուկրաիներենի բացատրական բառարան։ Այս ամենին հարկ է ավելացնել նաև, որ Եկատերինոսլավի թանգարանի ցուցանմուշների քանակը նախնական 5000-ից տարիների ընթացքում հասցրել է 80.000-ի։ 2004 թվականից Ուկրաինայում ձեռնարկվել է Դ. Յավորնիցկու երկերի քսանհատորյակի հրատարակությունը։

Հիշատակի հավերժացում խմբագրել

  • Դ. Յավորնիցկու անունն է կրում Դնիպրո (Դնեպրոպետրովսկ) քաղաքի պատմության թանգարանը
  • 1961 թվականին Յավորնիցկու աճյունը տեղափոխվեց Դնեպրոպետրովսկի գերեզմանատնից և վերահուղարկավերվեց պատմության թանգարանի տարածքում
  • 1995 թվականին թանգարանին կից հրապարակում տեղադրվեց Դ. Յավորնիցկու հուշարձանը
  • 2005 թվականին թողարկվեցին Դ. Յավորնիցկուն նվիրված ուկրաինական հուշադրամ, նամականիշ և ծրար
  • Դնեպրոպետրովսկի կենտրոնական՝ Կարլ Մարքսի պողոտան 2005 թվականին վերանվանվեց Դ. Յավորնիցկու պողոտայի

Յավորնիցկու աշխատություններ խմբագրել

Գրականություն Յավորնիցկու մասին խմբագրել

  • Гапусенко И. Дмитрий Иванович Яворницкий. — К. 1969.
  • Дорошенко Д. Д. И. Эварницкий. — «ЛНВ», XII, 1913.
  • Дорошенко Д. Запорожский отец. — «Днепровская волна», 8, 1913.
  • Ефремов С. Писатель-колорист. — Записки ист.-филол. отдела УАН, 1927.
  • Капустіна Н. І. Дмитро Яворницький та його родовід. — Харків: Харківський приватний музей міської садиби, 2009.
  • Малый словарь истории Украины / Ответственный редактор Валерий Смолий. — М., Просвещение, 1997.
  • Олейник М. Фольклористично-этнографическая деятельность Д. И. Яворницкого. — «Нар. Творчество и этнография», 6, 1965.
  • Петров В. Памяти академика Д. И. Яворницкого. — "Известия АН СССР, 7-8, 1940.
  • Сборник Днепропетровского краевого археологического музея. — Днепропетровск, 1929.
  • Шаповал И. М.[uk] В поисках сокровищ / Авториз. перевод с украинского Н. Андриевской; Вступ. ст. к укр. изданию Максима Рыльского. — М.: Советский писатель, 1968. — 392 с. — 30 000 экз. (в пер.) (Первое украинское издание — Киев, 1963).
  • Шаповал И. М. В поисках сокровищ. — М., Советский писатель, 1989.[11]
  • Шубравская М. M. Д. И. Яворницкий. — К., 1972.
  • Шубравська M. M. Д. І. Яворницький. — К., 1972.
  • Энциклопедия украиноведения. В 10-х томах. / Главный редактор Владимир Кубийович. — Париж; Нью-Йорк: Молодая жизнь, 1954—1989.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. 3,0 3,1 3,2 Мемориальный дом-музей академика Д. И. Яворницкого г. Днепропетровск // © Сайт «Путеводитель по Днепропетровщине — информация о Днепропетровской области» (www.tourdnepr.com)
  4. Абросимова С. В. Енциклопедист козаччини: [До 150-річчя від дня народження Д.І.Яворницького] //Україн. iсторич. журнал. — 2005. — № 4. — С. 4-46.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Шаповал И. М., 1968
  6. «Дмитро Іванович Яворницький. Біографія»
  7. Гордеев А. Ф., Ченцок В. В. О последних годах жизни и деятельности Д. И. Яворницкого(ռուս.) Արխիվացված 2013-12-03 Wayback Machine // Регіональне і загальне в історії: Тези міжнародної наукової конференції, присвяченої 140-річчю від дня народження Д. І. Яворницького та 90-літтю XIII Археологічного з’їзду (9 листопада 1995 р.) — Дніпропетровськ, 1995. — 328 с.
  8. Яворницький Д. І. Дніпрові пороги: Географ.-істор. нарис / Худож. О. М. Бузілов. — Дніпропетровськ: Промінь, 1989. — 142 с.: іл.
  9. Яворницький Д. І. Iван Дмитрович Сірко // Іван Сірко: Зб.: Для серед. та ст. шк. віку. — К.: Веселка, 1992. — 151 с.: іл. — (Кошові Запорозької Січі)(ուկր.)
  10. Яворницкий Д. И. История города Екатеринослава. − 2-е изд., доп. — Днепропетровск: Січ, 1996. — 277 с.: ил. — Текст на рус., англ. и нем. яз.; на укр. яз.
  11. Два русских издания книги «В поисках сокровищ» (1968 и 1989 гг.) существенно различаются между собой. Второе издание более подробно — однако, наличествует ряд труднообъяснимых в эпоху «гласности» купюр.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրո Յավորնիցկի» հոդվածին։