Դիմակահանդես (Արամ Խաչատրյան)

«Դիմակահանդես» (անգլ.` Masquerade) բալետ, 3 գործողությամբ 15 պատկերով, նախաբանով ու վերջաբանով, Արամ Խաչատրյանի հեղինակած՝ 1944 թվականի «Դիմակահանդես» նվագախմբային սյուիտի (երաժշտությունը գրվել է 1941 թվականին Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի պատվերով Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար) և 1959 թվականի «Լերմոնտով» սյուիտի երաժշտության (երաժշտությունը գրվել է 1954 թվականին Բ. Լավրենևի «Լերմոնտով» պիեսի համար և բեմադրվել Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական թատրոնում) հիման վրա։

Դիմակահանդես բալետ
Տեսակբալետ
ԿոմպոզիտորԱրամ Խաչատրյան (Էդգար Հովհաննիսյան)
Սյուժեի աղբյուրՄիխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամա
Գործողությունների քանակ3 գործողություն, 15 պատկեր
Գործողության ժամանակ3 ժամ
Ստեղծման տարեթիվ1982 թվական
Առաջնախաղի տարեթիվ1982 թվական
Առաջնախաղի վայրՕդեսայի օպերայի և բալետի թատրոն

Կոպմոզիցիան և խմբագրումը՝ Արամ Խաչատրյանի սան և հետևորդ` Էդգար Հովհաննիսյանի։ Բալետային լիբրետոն՝ Լիդիա Վիլվովսկայայի և Միխայիլ Դոլգոպոլովի, Նատալիա Ռիժենկոյի և Վիկտոր Սմիրնով - Գոլովանովի՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի մոտիվներով։

Բալետն առաջին անգամ բեմադրվել է 1982 թվականի ապրիլի 7-ին Օդեսայի օպերայի և բալետի թատրոնում։

Երևանում բալետը բեմադրվեց մեկ տարի անց՝ 1983 թվականի մարտի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Ստեղծման պատմություն խմբագրել

  «Դիմակահանդես» բալետ – այս բառերի համակցության մեջ արդեն իսկ արտասովոր մի բան կա։ Եթե Լերմոնտովի անմահ ստեղծագործությունը հազվադեպ է հայտնվում անգամ դրամատիկ բեմերում, ապա «Դիմակահանդես» բալետի ստեղծումը բացառիկ բարդության աշխատանք է իրենից ներկայացնում։ Խորեոգրաֆիկ ներկայացմամբ հնարավո՞ր է արդյոք փոխանցել կերպարների ընդհանրական դիմագիծը, երաժշտականությունը և բանաստեղծական լեզվի ներդաշնակությունը – այն ամենը, ինչով թանկ և հարազատ է Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը բոլորի համար[1]։
- Արամ Խաչատրյան
 

Արամ Խաչատրյանի մեծ ցանկությունն էր 1941 թվականին Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի պատվերով Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» և 1954 թվականին Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական թատրոնում բեմադրված Բ.Լավրենևի «Լերմոնտով» դրամաների համար գրված երաժշտական երկերի հիման վրա կառուցել «Դիմակահանդես» բալետը։ 1970-ականներին ռուս պարուսույցներ Լիդիա Վիլվովսկայան և Միխայիլ Դոլգոպոլովը կազմեցին «Դիմակահանդես» դրամայի բալետային լիբրետոն։ Սակայն կոմպոզիտորը այդպես էլ չհասցրեց գրել բալետի երաժշտությունը։

Այնուամենայնիվ, կոմպոզիտորի այս մտադրության մասին տեղյակ էր իր սիրելի աշակերտներից մեկը՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը։ Ուսուցչի մահից հետո Էդգար Հովհաննիսյանը 1982 թվականին, Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա գրում է «Դիմակահանդես» բալետի պարտիտուրը՝ համակցելով «Դիմակահանդես» և «Լերմոնտով» ներկայացումների սյուիտները, օգտագործում է նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից մի շարք այլ հատվածներ` Երկրորդ սիմֆոնիան, Թավջութակի սոնատ-մենանվագը, «Բասո օստինատո»-ն երկու դաշնամուրների համար գրված սյուիտից[2]։

Արամ Խաչատրյան – Էդգար Հովհաննիսյան խմբագրել

«Արամ Խաչատրյանի հետ փափագած ծանոթությունս կայացավ 1947 թվականին։ Մինչ այդ անձամբ ծանոթ չէինք, թեև հաճախ էի նրան տեսնում, երբ Երևանում էր լինում։ Հիշում եմ, 1944 թվականին, երբ պիտի կատարվեին Սովետական Հայաստանի օրհներգը և Երկրորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանին հաճախ կարելի էր տեսնել Աբովյան փողոցում զբոսնելիս։ …Միայն երեք տարի անց, 1947 թվականին իրականացավ երազանքս. ես ծանոթացա իմ սերնդակից շատերի պաշտամունքի, կենդանի դասականի հետ»,– պատմում է Էդգար Հովհաննիսյանը[3]։

Արամ Խաչատրյանը ևս ծանոթության հենց սկզբից էլ բարձր է գնահատել երիտասարդ կոմպոզիտորի տաղանդն ու օժտվածությունը և, ինչպես շատերի համար, դարձել ստեղծագործական կյանքում նրա մեծ խորհրդատուն, բարեկամն ու կնքահայրը՝ 1966 թվականին երաժշտագետ Մարգարիտ Հարությունյանին ուղղված նամակում իր աշակերտների շարքից Էդգար Հովհաննիսյանին առանձնացնելով հետևյալ բնորոշմամբ. «լրջության, խորության, փնտրելու ու գտնելու ունակության համար, ստեղծագործելու անխուսափելիության հանդեպ ունեցած հավատի համար»[4]։ Ուսուցչի նման վստահությունը Էդգար Հովհաննիսյանի համար դարձավ իր ստեղծագործական կյանքի գլխավոր խթաններից մեկը։

«Արամ Իլյիչի աշակերտ ինձ զգացել եմ այն օրից, ինչ առաջին անգամ լսեցի նրա երաժշտությունը, - գրում է Էդգար Հովհաննիսյանը։ - Եվ, կարծում եմ, ես միակը չեմ։ Հայ կոմպոզիտորների այն սերունդները, որոնք երաժշտություն ոտք դրեցին այն բանից հետո, երբ Խաչատրյանի ստեղծագործությունը հասավ իր բարձունքին… այս կամ այն չափով գտնվել և գտնվում են Խաչատրյանի հզոր անհատականության հմայքի ազդեցության տակ։ Նրա արվեստը հանդիսանում է լավագույն ազգային ավանդույթների խտացում, և սրանով է պայմանավորված նրա ազդեցության ուժը Հայաստանի, և ոչ միայն Հայաստանի արվեստագետների վրա։ Արամ Իլյիչի ստեղծագործությունը կարելի էր անվանել ժամանակակից հայ երաժշտության հանրագիտարան։ Նրա ստեղծագործություններում, նույնիսկ ամենավաղ շրջանի, չկա մի «թեզ», մի մանրամասն, որը հետագայում չզարգացվեր իր կամ իր կրտսեր գործընկերների կողմից։ Եվ նրա նույնիսկ «պատահաբար նետած» մտքերն ու ֆրազները զարգացնելու, խորացնելու հնարավորությունները դեռևս չեն սպառվել, և Հայաստանի կոմպոզիտորների դեռ մի քանի սերունդ կսնվեն Խաչատրյանի երաժշտության աղբյուրից։ Առավել ևս, որ եթե ուզում ես սովորել վարպետից, միշտ չէ, որ պարտադիր է հաճախել նրա դասարան, բավական է պարզապես սիրել նրա երաժշտությունը»[3]։

Էդգար Հովհաննիսյանը չի սահմանափակվում միայն սիրելով մեծանուն վարպետի երաժշտությունը։ Էդգար Հովհաննիսյանը սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Արամ Խաչատրյանի դասարանում։

«Իմ բախտը բանեց՝ տակավին վաղ հասակում ինձ ներկայացրեցին Արամ Խաչատրյանին, և ավելի քան երեսուն տարի շփվեցի նրա հետ։ Երջանիկ եմ, որ եղել եմ Արամ խաչատրյանի ասպիրանտը Մոսկվայի կոնսերվատորիայում։ Իմ մեջ միշտ արթուն է երախտագիտության զգացումը Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտության հանդեպ, կոմպոզիցիայի՝ նրա զարմանալիորեն բովանդակալից դասերի հանդեպ, նրա իմաստուն խորհուրդների հանդեպ»[5]։ Էդգար Հովհաննիսյան

Խաչատրյան - ուսուցչին այսպես էր հիշում Էդգար Հովհանննիսյանը. «Պահանջկոտ է։ Հաճոյախոսությունների հարցում՝ ժլատ, անհանդուժող ծուլության հանդեպ։ Աշակերտը պետք է պատասխանատու լինի իր ստեղծագործության յուրաքանչյուր նոտայի համար։ Հատկապես, եթե այդ երաժշտությունը բեմի կամ էկրանի համար է»[3]։

  … Արա այնպես, որ երաժշտությունը շատ լինի, և այդ երաժշտությունը քիչ ժամանակ խլի[6]։
- Արամ Խաչատրյան
 

Էդգար Հովհաննիսյանը իր ուսուցչի մասին խոսել է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով, բարձր է գնահատել իր ուսուցչի ստեղծագործական որակները։ «Դժվար է գրել ու խոսել Արամ Խաչատրյանի երաժշտության մասին։ Դժվար՝ ոչ այն պատճառով, որ այդ մասին շատ են գրել ու շատերն են խոսել, այլ այն, որ թեպետ արդեն երեք տասնամյակ է, ինչ այդ երաժշտությունը շրջում է աշխարհով, սակայն շարունակում է դեռ հավելել իր գայթակղությունները, նորից ու ավելի հրապուրելով իր՝ անգամ իսկ հին ծանոթներին։ Շրջում է ամենուր և, - ինչպես դա հատուկ է միայն իմաստուն գեղեցկությանը, - միշտ նորովի է ներկայացնում իրեն, իր արժանիքները։ Ինչու՞ է գեղեցիկ, ինչո՞վ է իմաստուն այդ երաժշտությունը. կյանքի բուռն վայելքով, նրա պայծառ գույների և հախուռն ռիթմերի, նրա մեղեդիական հարստությունների փայլուն անդրադարձով, որ այնպես հանճարեղորեն ցոլաց Խաչատրյանի գործիքային երկերում և «Գայանե»-ում, բարձր հուզաշխարհով, կերպարային ստույգ մտածողությամբ և դրամատիկականի սուր զգացումով, որ այնքան բնորոշ է կինոյի ու թատրոնի համար ստեղծած նրա երկերին, վերջապես, իսկական ողբերգայնությամբ, այսինքն այն բնութագծերով, որոնց շռայլ արտահայտումն ենք գտնում կոմպոզիտորի Երկրորդ սիմֆոնիայում, և այդ ամենի հանրագումարով, ինչի հենց արգասինքն էլ «Սպարտակը» եղավ», – Էդգար Հովհաննիսյան[7]։

Խաչատրյան - Հովհաննիսյան փոխադարձ գնահատանքը տվեց իր պտուղները։ Արդյունքը «Դիմակահանդես» բալետն է։

  Ինձ միշտ հրապուրել է Հովհաննիսյանի լրջությունը, հակիրճությունը, օրիգինալ մտածողությունն ու պրպտող միտքը։ Երաժշտության նկատմամբ տածած մեծ սերը, նվիրվածությունը  իրեն հարազատ արվեստին, ժամանակակից երաժշտական արվեստի խնդիրների ճշմարիտ ըմբռնումը /նա մեծ դպրոց է անցել/ Հովհաննիսյանին հնարավորություն տվին նկատելի դիրք գրավել հայ երաժշտության մեջ ու ճանաչվել Հայաստանի տաղանդավոր կոմպոզիտորներից մեկը[8]։
- Արամ Խաչատրյան
 

Էդգար Հովհաննիսյանն այնպիսի ակնածանքով էր վերաբերում իր ուսուցչին, որ անգամ արգելել էր ազդագրի վրա նշել իր ազգանունը Խաչատրյանի ազգանվան կողքին։ Հովհաննիսյանը իր կատարած աշխատանքի մասին գրել է.

  Դիմակահանդես բալետի պարտիտուրի վրա ես քիչ էջեր չեմ ավելացրել, սակայն փաստացի ոչ մի նոր թեմա չեմ ստեղծել։ Այն, ինչ կատարել եմ, ազատ սիմֆոնիկ կոմպոզիցիաներ են Խաչատրյանական թեմաներով[9]։
- Էդգար Հովհաննիսյան
 

Պրեմիերա խմբագրել

Բալետն առաջին անգամ բեմադրվել է 1982 թվականի ապրիլի 7-ին Օդեսայի օպերայի և բալետի թատրոնում։ Բեմադրող բալետմայստեր՝ Նատալիա Ռիժենկո և Վիկտոր Սմիրնով - Գոլովանով, բեմադրող նկարիչ՝ Իլյա Գլազունով, զգեստների նկարիչ՝ Նինա Վինոգրադովա- Բենուա։

Երևանում բալետը բեմադրվեց մեկ տարի անց՝ 1983 թվականի մարտի 27-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Բեմադրող նկարիչ՝ ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ Էնար Ստենբերգ, զգեստների նկարիչ՝  Նատալյա Պովագո, խմբավար՝ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռ.Այվազյան, բեմադրող դիրիժոր՝ Հակոբ Ոսկանյան։

1982 թվականի առաջնախաղին ներկա էր նաև Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ Ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը։

  Օդեսայում բաժակ բարձրացրեցի և հրավիրեցի բալետմայստերներ Նատալյա Ռիժենկոյին և Վիկտոր Սմիրնով-Գոլովանովին բեմադրել բալետը մեր թատրոնում։ Իրենք մեծ հաճույքով եկան Երևան և բեմադրեցին «Դիմակահանդեսը»։ Ներկայացումը, որի մեջ ես էլ Արբենինի դերն էի խաղում, ցուցադրվեց մի քանի տարի, հետո երկար տարիներ դուրս մնաց խաղացանկից»։ Երբ որոշեցի բեմադրել բալետը, առաջին հերթին երաժշտական խմբագրումը պիտի անեի։ Հատ-հատ բոլոր համարները մտածում էինք, որպեսզի կրկնություն շատ չլինի, ինչը շատ էր նախորդ տարբերակում։ Այս տարբերակում ցանկացել եմ շատ հակիրճ, Լերմոնտովի պոեզիային համահունչ ներկայացնել այս դրաման։ Լերմոնտովի բանաստեղծությունները այնքան լավն են, որ ինձ էլ պետք չէր լիբրետո. ներկայացումն ամբողջությամբ հիմնված է լերմոնտովյան քառյակների վրա[10]։
- Վիլեն Գալստյան
 

Վիլեն Գալստյանը խոստովանել է, որ միշտ երազել է բեմադրել «Դիմակահանդես» բալետը։

«Դիմակահանդես» բալետի նոր բեմադրության (2 գործողություն) պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 5-ին և 12-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի, բեմադրող դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմադրության և զգեստների նկարիչ՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյան, երաժշտական խմբագիր՝ Անուշ Կարապետյան, փորձավարներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյան, ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյան, Հրաչյա Հովհաննիսյան, Արթուր Գրիգորյան, գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան։

Ներկայացմանը մասնակցում է թատրոնի երգչախումբը (գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան)։

Վոկալ պարտիան՝ Սիլվա Պետրոսյանի, Դիանա Հարությունյանի, Արծվիկ Դեմուրչյանի։

2018 թվականի հոկտեմբերի 26 -ին Օդեսայի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանում է «Դիմակահանդես» բալետի նոր բեմադրության պրեմիերան[11]։ Բեմադրություն՝ 2 գործողությամբ, 13 պատկերով[12], բեմադրող բալետմայստեր՝ Ուկրաինայի վաստակավոր արտիստ Գարի Սևոյան, բեմադրող դիրիժոր Վիտալի Կովալչուկ, բեմական նկարիչ՝ Իգոր Անիսենկո, զգեստների նկարիչ՝ Սերգեյ Վասիլև, դիրիժոր՝ Մարգարիտա Գրինիվեցկայա - Խոլմատովա, կոնցերտմայստերներ՝ Լոլիտա Գրիգորյան, Անաստասիա Մարուշկո, Լիա Չիբալաշվիլի, Իննա Շվեդենկո, Յուլիան Շումակով, Գալինա Սերգեևա, Նատալյա Ռուսինյակ[13]։

Բեմական կյանք խմբագրել

Նատալիա Ռիժենկոի և Վիկտոր Սմիրնով-Գոլովանովի 1982 թվականի բնօրինակ բեմադրությունը բազմիցս տեղափոխել են տարբեր թատրոններ․

1983 թվական մարտի 27 -  Ալ. Սպենդիարյանի անվան Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, բեմադրող նկարիչներ Է․ Ստենբերգ և Ն․Պովագո, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Հակոբ Ոսկանյան, բեմադրությունը և խորեոգրաֆիան՝ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Ն.Ռիժենկո, ՈՒՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վ.Սմիրնով-Գոլովանով, թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան։

2001 թվականի նոյեմբերի 10 -  Սարատովի օպերայի և բալետի թատրոն, բեմադրությունը՝ Նատալյա Ռիժենկոյի, բեմադրող նկարիչ Քսենիա Շիմանովսկայա, բեմադրող դիրիժոր՝ Մեդետ Տուրգումբաև[14]։

2002 թվականի հունիսի 26 -  Սամարայի օպերայի և բալետի թատրոն, բեմադրող նկարիչ՝ Քսենիա Շիմանովսկայա, բեմադրող դիրիժոր՝ Վլադիմիր Կովալենկո[15]։

2017 թվականի մարտի 5 - Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, նոր բեմադրություն/պրեմիերա, երկու գործողությամբ/, բեմադրությունը՝ ՀՀ  ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի։ Մինչ օրս (2021 թվականի հուլիսի 23) ներկայացումը Թատրոնում ցուցադրվել է 20 անգամ։ 21-րդ ներկայացումը տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 23-ին[16]։

2018 թվականի հոկտեմբերի 26 - Օդեսայի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, նոր բեմադրություն /պրեմիերա, երկու գործողությամբ, 13 պատկերով/, բեմադրությունը՝ Ուկրաինայի վաստակավոր արտիստ Գարի Սևոյանի։ Մինչ օրս (2021 թվականի հուլիսի 23) ներկայացումը Թատրոնում ցուցադրվել է 16 անգամ։ 16-րդ ներկայացումը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 20-ին[17]։ Հաջորդ ներկայացումը նախատեսված է օգոստոսի 4–ին[12]։

Գործող անձինք խմբագրել

  • Եվգենի Արբենին
  • Նինա, նրա կինը
  • Բարոնուհի Շտրալ
  • Իշխան Զվեզդիչ
  • Ադամ Շպրիխ
  • Անհայտ անձ
  • Տանտեր
  • Տան տիրուհի
  • Խաղացողներ
  • Սպաներ
  • Դիմակներ
  • Խաղաքարտեր
  • Ծառա
  • Սպասավորներ
  • Հոգեբուժարանի խելագարներ

Կառուցվածքը խմբագրել

«Դիմակահանդես» բալետի մեջ Էդգար Հովհաննիսյանը ներառել է համանուն սյուիտի բոլոր հինգ հատվածները, որոշ հատվածներ համանուն դրամայից (նախաբանն ու վերջաբանը), երկու հատված «Լերմոնտով» դրամայի երաժշտությունից։ Պահանջվեցին նաև առանձին հատվածներ Արամ Խաչատրյանի տարբեր ստեղծագործություններից, այդ թվում` Թավջութակի սոնատ-մենանվագը, «Բասո օստինատո» երկու դաշնամուրների համար գրված սյուիտից, Երկրորդ սիմֆոնիան։ Մեծածավալ էին նաև Էդգար Հովհաննիսյան հեղինակային ստեղծագործական հատվածները, այդ թվում` Արբենինի մենախոսություն-հիշողությունը, «Զրպարտության» տեսարանը, ինչպես նաև ամբողջ երրորդ գործողությունը, որտեղ պետք է առանձնացնել հատկապես «Սգո» պոլոնեզը[2]։

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Դիմակահանդես բալետ, /երեք գործողությամբ, Էդգար Հովհաննիսյան, Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա/ – Բալետ երեք գործողությամբ, 1982 թվական, Օդեսայի օպերայի և բալետի թատրոն, Youtube
  2. Դիմակահանդես բալետ, /երեք գործողությամբ, Էդգար Հովհաննիսյան, Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա/ – Բալետ երեք գործողությամբ /երաժշտություն/, Youtube
  3. Օպերայի և բալետի թատրոն է վերադարձել «Դիմակահանդեսը» - Շողակաթ  հեռուստաընկերություն, Youtube
  4. «Դիմակահանդես» բալետ․ «Ազատության» համերգասրահ | 03.08.2019 - «Ազատությունը» սոցիալական մեդիայի անդրադարձը, Youtube
  5. Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը կհանձնվի հանդիսատեսի դատին – Երկիր մեդիայի անդրադարձը, Youtube
  6. Փ/Ֆ «Բեմ տանող ուղին. Վիլեն Գալստյան», փաստավավերագրան ֆիլմ՝ բալետմայստեր Վիլեն Գալստյանի մասին, Youtube
  7. «Դիմակահանդես» բալետը Օդեսայի օպերայում. Պրեմիերա, «Գրադ» հեռուստաընկերության անդրադարձը, Youtube

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Хачатурян А. Поэзия, музыка, танец, «Театр», 1959, № 5․
  2. 2,0 2,1 «Маскарад» — балет Хачатуряна или Оганесяна? - Светлана Cаркисян. Газета "Ноев Ковчег". N 8 (66) Сентябрь 2003 года.
  3. 3,0 3,1 3,2 Հովհաննիսյան Էդգար,Կյանքս հուշերում (տեքստը գրի առավ և կազմեց  Ծ. Մովսիսյանը),Երևան, 1998, էջ 10-15։
  4. Ответ Арама Хачатуряна на вопрос: “Кого среди Ваших учеников творческого класса Вы особенно отличали и отличаете и за какие именно качества?” Арам Хачатурян: письмo, М. Арутюнян, 22 июля 1966 г., Москва, Снегири – стр. 288-290 из сборника: Письма / Арам Хачатурян. - Ер.: Дом-музей Арама Хачатуряна, “Гракан Айреник” ЗАО (изд-во “Айастан”), 2018, стр. 504.
  5. Է. Հովհաննիսյան, Նրա երաժշտության արևով, «Սովետական արվեստ», 1978 թ., #7;
  6. Арам Хачатурян, письма, Э.Оганесяну, 28 января 1950 г., Москва, – стр. 103-104 из сборника: Письма / Арам Хачатурян. - Ер.: Дом-музей Арама Хачатуряна, “Гракан Айреник” ЗАО (изд-во “Айастан”), 2018, стр. 504.
  7. Է. Հովհաննիսյան, Թարմ շնչի ներկայացում, «Սովետական արվեստ», 1961 թ., #7։
  8. Ա. Խաչատրան, Ինքնատիպ արվեստով, «Սովետական արվեստ», 1959 թ., #5։
  9. К.Сарьян - Выдающаяся премьера юбилейного года,  Журнал «Музыкальная жизнь», 1982, № 19, с.4
  10. ««Դիմակահանդեսի» ծնունդն ու նոր կյանքը». Մեդիամաքս մեդիա. 2018 թ․ մարտի 17. Վերցված է 22.07.2021-ին.
  11. «Балет «Маскарад» в Одесской опере: премьера уже завтра». НОВОСТИ ГРАД. 25.10.2018. Վերցված է 22.07.2021-ին.
  12. 12,0 12,1 «Masquerade / Aram Khachaturian». Odessa National Academic Opera and Ballet Theatre / Repertoire / Ballet / Masquerade. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 22.07.2021-ին.
  13. «В Одессе готовят новую версию «Маскарада»: Новости․». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  14. «Саратов. На сцене академического театра оперы и балета состоялась российская премьера - балет "Маскарад"». Regnum.ru. 13 ноября 2001. Վերցված է 22.07.2021-ին.
  15. «Маскарад». Самарский академический театр оперы и балета. 26 июня 2002. Վերցված է 22.07.2021-ին.
  16. «Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ակադեմիական թատրոն խաղացանկ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 22.07.2021-ին.
  17. «Архив расписания спектакля «Маскарад»». Վերցված է 22.07.2021-ին.