Դիաթեզ (հին հունարեն՝ διάθεσις — հակվածություն, նախատրամադրվածություն), օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների բնածին խանգարում, բնորոշվում է ֆունկցիաների ու նյութափոխանակության պրոցեսների երկարատև անկայուն հավասարակշռությամբ, որն արտահայտվում է ախտաբանական յուրատեսակ ռեակցիաներով ու հիվանդություններով։ Դրա առաջացումը սերտորեն կապված է ժառանգական գործոնների, կենտրոնական, վեգետատիվ նյարդային համակարգերի, ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումների , մարդու կոնստիտուցիայի շեղումների և միջավայրի անբարենպաստ պայմանների հետ։ Դիաթեզի ժամանակ նույնիսկ բնականոն ֆիզիոլոգիական գրգռիչները և կյանքի սովորական պայմանները կարող են առաջացնել ախտաբանական ռեակցիաներ ու հիվանդություններ։ Լինում է բազմաթիվ ձևերի, առավել տարածվածներն են՝ էքսուդատիվկատարային Դիաթեզ, հաճախ հանդիպում է մանկական հասակում, արտահայտվում է լորձաթաղանթների և մաշկի վրա (հատկապես եղնջացան) առաջացումով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով, շնչառական ուղիների ալերգիական հիվանդություններով (բրոնխիտ, բրոնխային հեղձուկ) և նյարդային գրգռվածությամբ։ Նյարդա-արթրիկական, դպրոցահասակ երեխաների օրգանիզմը հակված է հոդերի, լյարդի, երիկամների հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների (ճարպակալում, պոդագրա)։ Լիմֆատիկոհիպոպլաստիկական Դիաթեզ (թիմիկոլիմ-ֆատիկական վիճակ), բնորոշվում է նախադպրոցական հասակի երեխաների ներզատիչ գեղձերի (ուրցագեղձ, հարվահանագեղձ, վահանագեղձ ևն) գործունեության խանգարումներով։ Հատուկ խումբ են կազմում հեմոռագիական դիաթեզները։ Օրգանիզմի հակվածությունը ժառանգական անփոփոխ հատկանիշ չէ, այն կարելի է նվազեցնել, երբեմն նույնիսկ վերացնել։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 369