Դավիթ Թուխմանով

խորհրդային կոմպոզիտոր

Դավիթ Ֆեոդորովիչ Թուխմանով (ռուս.՝ Давид Фёдорович Тухманов, հուլիսի 20, 1940(1940-07-20)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կոմպոզիտոր։ Արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակին (1977թ.) և Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակին (2003թ.): Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2000թ.)[2]:

Դավիթ Թուխմանով
Բնօրինակ անունռուս.՝ Давид Фёдорович Тухманов
Ի ծնե անունռուս.՝ Давид Фёдорович Тухманов
Ծնվել էհուլիսի 20, 1940(1940-07-20)[1] (83 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերարտ ռոք, փոփ և օպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
 David Tukhmanov Վիքիպահեստում

Կենսագրությունը խմբագրել

Դավիթ Թուխմանովը ծնվել է 1940 թվականի հուլիսի 20-ին` Մոսկվայում։ Նրա հայրը` ճարտարագետ Ֆեոդոր Դավիթի Թուխմանովը ազգությամբ հայ էր[3], իսկ մայրը` Վերա Կարասյովան երաժիշտ էր, կոմպոզիտոր[4]։ Իր երաժշտական կրթությունը Դավիթ Թուխմանովն ստացել է վաղ մանկությունից` իր մոր անմիջական ղեկավարությամբ, իսկ հետո ընդունվել է Գնեսինների անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ Անձամբ Ելենա Գնեսինան ամեն կերպ խրախուսում էր Դավիթի` երաժշտություն ստեղծելու ձգտումը։ Նրա առաջին փորձերը` դաշնամուրի համար ստեղծված երաժշտական պիեսներ էին, ռոմանսներ և երաժշտական բալլադներ։ Երաժշտական կոմպոզիցիաների և երաժշտության տեսության հիմունքները նա սովորել է հայտնի երաժիշտ և մանկավարժ Լև Նաումովի դասընթացներից։

1958 թվականին Դավիթ Թուխմանովն ընդունվել է Գնեսինների անվան մանկավարժական պետական ինստիտուտի կոմպոզիտորական բաժինը և այն ավարտել 1963 թվականին, որից հետո զորակոչվել է բանակ և ծառայել Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան երգի և պարի անսամբլում` ղեկավարելով նվագախումբը։

Ստեղծագործությունները խմբագրել

Երգարվեստի ժանրում Դավիթ Թուխմանովն սկսել է աշխատել 1960-ական թվականներից։ Առաջին ձայնապնակը թողարկվել է 1965 թվականին՝ «Մելոդիա» ստուդիայի կողմից, որտեղ Դավիթ Թուխմանովը հանդես էր գալիս որպես Բուլատ Օկուջավայի և Յուրի Վիզբորի երգերի վերադաշնակող։ Դավիթ Թուխմանովն իր առաջին էստրադային հիթը` «Последняя электричка» («Վերջին էլեկտրագնացքը»), գրել էր դեռևս ուսանողական տարիներին։ Այն 1966 թվականին կատարել է երգիչ Վլադիմիր Մակարովը։ Երգը հետագայում նա կատարել է հեռուստաեթերով, այդպիսով հեռուստատեսությունում ճանապարհ հարթելով Թուխմանովի երգերի համար։

1968 թվականին Դավիթ Թուխմանովի երաժշտությամբ ստեղծվել է «Восточная песня» («Արևելյան երգ») երգը։ Այդ երգով հայտնի է դարձել երգի առաջին կատարող Վալերի Օբոձինսկին, ում հետ Թուխմանովը համագործակցել է մինչև 1974 թվականը։ Իր կողմից ստեղծված մի շարք երգերի համար, 1972 թվականին Դավիթ Թուխմանովն արժանացել է Մոսկովյան կոմերիտմիության մրցանակին։ Նույն թվականին թողարկվել է նրա առաջին հեղինակային «Как прекрасен мир» («Որքան հիասքանչ է աշխարհը») ձայնասկավառակը, որտեղ Թուխմանովն առաջին անգամ փորձել է միավորել իր երգերը` մեկ ընդհանուր երաժշտական ալբոմում։ Միաժամանակ նա համագործակցում էր այնպիսի երաժշտական խմբերի հետ, ինչպիսիք էին «Весёлые ребята», «Самоцветы», «Лейся, песня» վոկալ-գործիքային խմբերը, որտեղ բարդացնելով էստրադային երգերի վերադաշնակումը, դրանք մոտեցնում էր արտ-ռոքին։ Հետագայում Դավիթ Թուխմանովն սկսեց ստեղծել հայրենասիրական երգերի շարք, որոնցից բավականին հայտնի դարձան «Я люблю тебя, Россия» («Ես սիրում եմ քեզ, Ռուսաստան»), «Мой адрес — Советский Союз» («Իմ հասցեն - Խորհրդային Միություն»), «Мы — большая семья» («Մենք` մեծ ընտանիք ենք») և այլն։

1975 թվականը նշանավորվեց «День Победы» («Հաղթանակի օրը») երգի ստեղծմամբ, որի բառերի հեղինակը Վլադիմիր Խարիտոնովն էր։ Սկզբում երգն արգելում էին հնչեցնել հեռուստատեսությամբ և ռադիոյով, համարելով, որ Թուխմանովի երաժշտությունը ֆոքստրոտ է, իսկ Խարիտոնովի բառերը` թեթևամիտ։ Այնուամենայնիվ Լև Լեշչենկոն առանց որևէ թույլտվության, երգը կատարեց միլիցիայի օրվան նվիրված համերգի ժամանակ, որով ապահովեց ժողովրդի կողմից երգի ընդունելությունը։ Երգը նրա կողմից հնչեց նաև 1975 և 1976 թվականների «Տարվա երգ» փառատոնում։

1976 թվականին թողարկվեց «По волне моей памяти» («Իմ հիշողության ալիքի վրայով») ձայնասկավառակը, որտեղ երգերի բառերը գրված էին դասական համարվող բանաստեղծների կողմից։ Երգերը կատարում էին երիտասարդ և այն ժամանակ ոչ հայտնի երգիչները։ Ձայնասկավառակը թողարկվել էր 2,5 միլիոն տպաքանակով և արագորեն վաճառվեց[5]։

1976-1985 թվականներին ստեղծված երգերը Թուխմանովի վարպետության գագաթնակետն էին համարվում, որտեղ միաձուլվել էին դասական երաժշտությունը, հարդ-ռոքը, սիմֆոնիան և այն ժամանակ աշխարհում գոյություն ունեցող երաժշտական ուղղությունները։ Այդպիսի երգերից էին «Так не должно быть» («Այդպես չպետք է լինի»), «Олимпиада-80» («Օլիմպիադա-80»), «Родина моя» («Հայրենիք իմ»), «Как жаль» («Ափսոս») և այլ երգեր։ Դավիթ Թուխմանովը ճանապարհ է հարթել այնպիսի երգիչների համար, ինչպիսիք էին Վալերի Լեոնտևը, Ալեքսանդր Բարիկինը, Նիկոլայ Նոսկովը, Յաակ Յոալան և ուրիշներ։

1982 թվականին թողարկվեց «НЛО» («ՉԹՕ») ձայնասկավառակը, որը ձայնագրվել էր «Москва» ռոք-խմբի կողմից։ Խմբի մեներգիչ Նիկոլայ Նոսկովի համար Թուխմանովն ստեղծել էր «Ночь» («Գիշեր») կոմպոզիցիան[6], որը գրված էր Վլադիմիր Մայակովսկու` 1915 թվականին գրված բանաստեղծությունների բառերով։ Սակայն դա չփրկեց «Москва» խմբին` հետապնդումներից և շուտով խումբը լուծարվեց[7]։

1986 թվականին Թուխմանովին առաջարկվել է ղեկավարել «Электроклуб» նախագիծը, որտեղ երգում էին Իրինա Ալլեգրովան և Իգոր Տալկովը։ Չնայած հիանալի երգերին, Դավիթ Թուխմանովը այն համարում էր կոմերցիոն նախագիծ։ Վիկտոր Սալտիկովի ջանքերով «Электроклуб» խումբը առավել հայտնի էր երիտասարդության շրջանում։

Աստիճանաբար Դավիթ Թուխմանովը հեռացավ էստրադայից, հիմնականում աշխատելով կամերային երաժշտության ասպարեզում։ 1989 թվականին համագործակցելով մանկագիր Յուրի Էնտինի հետ, Թուխմանովը ստեղծել է «Багдадский вор» («Բաղդադի գողը») մյուզիքլը։ 1991 թվականին Թուխմանովը մեկնել է Գերմանիա և բնակություն հաստատել այնտեղ։ 1995 թվականից աշխատել է մանկական երաժշտական նախագծերի վրա` ստեղծելով երգեր մանկական խմբերի, երգչախմբերի և թատերական շոուների համար։ Նա գրել է նաև «Ոսկե ձկնիկ» մուլտֆիլմերի մանկական փառատոնի օրհներգը։

Մոսկվայում կայանալիք Պատանեկան խաղերի համաշխարհային օլիմպիադայի շրջանակներում, 1998 թվականին Դավիթ Թուխմանովը հրավիրվել է երաժշտական ձևավորման աշխատանքները ղեկավարելու համար։ Նմանատիպ աշխատանք նա կատարել է նաև 2002 թվականին։ 2001 թվականին կայացել է «Մադլեն, հանգիստ» բեմադրության առաջին ներկայացումը, որի երաժշտությունը Դավիթ Թուխմանովը գրել էր հատուկ Լյուդմիլա Գուրչենկոյի համար։ 2002 թվականին, Նովոսիբիրսկում կայանալիք Սլավոնական մատենագրությանն ու մշակույթին նվիրված օրվա տոնակատարության համար, Դավիթ Թուխմանովը ստեղծել է «Լեգենդ Երմակի մասին» օրատորիան` մեծ երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար։

2003 թվականին, Մոսկվայի երգիծանքի թատրոնում կայացել է «Չափից դուրս ամուսնացած տաքսիստը» ներկայացումը, որի երաժշտությունը նույնպես ստեղծել էր Դավիթ Թուխմանովը։ Նա ստեղծել է նաև 2003-2004 թվականներին Կարմիր հրապարակում Ռուսաստանի օրվան նվիրված տոնակատարությունների երաժշտական ձևավորումը։ 2005 թվականին ավարտել է «Царица» («Կայսրուհին») օպերայի աշխատանքները, որի առաջին բեմադրությունը կայացել է 2009 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում։ 2010 թվականի հուլիսի 30-ին, Յուրմալայում կայացած «Նոր Ալիք» մրցույթ-փառատոնի երեկոն նվիրված էր Դավիթ Թուխմանովի հոբելյանին։ Այնտեղ նրան հանձնվել է «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» շքանշանը[8]։

2005 թվականից Դավիթ Թուխմանովը բնակվում է Իսրայելում[9], մերթընդմերթ բնակվելով նաև Գերմանիայում և Ռուսաստանում։

Անձնական կյանքը խմբագրել

1960-ական թվականների կեսերից Դավիթ Թուխմանովը շուրջ 20 տարի ամուսնացած է եղել երգչուհի, բանաստեղծ-երգահան Տատյանա Սաշկոյի հետ, ով այդ ամբողջ ընթացքում եղել է Թուխմանովի պրոդյուսերը։ Այդ ամուսնությունից ծնվել է կոմպոզիտորի միակ դուստրը։

Ամուսնալուծությունից հետո Թուխմանովն ամուսնացել է երկրորդ անգամ։ Գերմանիայում գտնվելու տարիներին, նրա երկրորդ կինը կոմպոզիտորին դուրս էր գրել Մոսկվայում գտնվող հինգսենյականոց բնակարանի հաշվառումից։ Թուխմանովը դիմել էր դատարան, որտեղ նրա անունից, որպես լիազորված անձ, հանդես էր գալիս նրա առաջին կինը` Տատյանա Սաշկոն։

1991 թվականին Դավիթ Թուխմանովը Գերմանիայում ծանոթացել է իր երրորդ կնոջ` Լյուբով Վիկտորովնայի հետ, ով ապրում էր Իսրայելում։ Տատյանա Սաշկոյի և դստեր հետ Թուխմանովը կապեր չի պահպանում[10]։

Ֆիլմեր Դավիթ Թուխմանովի երաժշտությամբ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Награждён указом президента России № 1875 от 11 ноября 2000 года
  3. «Давид Тухманов: «День Победы» был озарением»». portal-kultura.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  4. Петрушанская Р. И. Советские композиторы — лауреаты премии Ленинского комсомола. — М.: Советский композитор, 1989. — С. 132-149. — 320 с. — ISBN 5-85285-131-01
  5. Россия 24 (2017 թ․ հունվարի 1). «На своей волне. Документальный фильм Алексея Михалёва». Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «Николай Носков о Давиде Тухманове» (անգլերեն). VK. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  7. «Николай Носков о рок-группе "Москва"» (անգլերեն). VK. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  8. Дмитрий Медведев поздравил композитора, народного артиста России Давида Тухманова с 70-летием.
  9. Михалёв Алексей. (2017 թ․ հունվարի 1). «На своей волне: Документальный фильм». Россия-24. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  10. Гордон Дмитрий. Композитор Давид Тухманов: «Живя в Германии, я ни от чего не воротил нос — играл в ресторанах на пианино и понимал: всё, чем до этого занимался, при пересечении границы утратило всякий смысл» // Бульвар Гордона. — 25 августа 2009 года. — № 34 (226).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Թուխմանով» հոդվածին։