Դավիթ Անանուն

հայ հասարակական գործիչ, պատմաբան

Դավիթ Անանուն (իսկական անունը՝ Դավիթ Հովհաննեսի Տեր-Դանիելյան) (1879[1][2], Մեծշեն, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1942[1][2], Աստրախան, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ։ Հնչակյան, ապա՝ ՀՀԴ կուսակցության անդամ, 1905 թվականից՝ Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության (սպեցիֆիկներ) գաղափարախոսը։ Աշխատակցել է Թիֆլիսում և Երևանում լույս տեսնող հայ պարբերական մամուլին։ 1920-1926 թթ.՝ Երևանի հեղափոխության թանգարանի տնօրեն։

Դավիթ Անանուն
Դիմանկար
Ծնվել է1879[1][2]
ԾննդավայրՄեծշեն, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել է1942[1][2]
Մահվան վայրԱստրախան, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունհրապարակախոս, պատմաբան և հասարակական գործիչ
ԱշխատավայրՄշակ[1]

Ստեղծագործական կյանք խմբագրել

Անանունը հեղինակ է հայ ժողովրդի նոր պատմության հարցերի, ազգամիջյան հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների։ «Ռուսահայերի հասարակական զարգացումը» (հ. 1-3, 26) աշխատության մեջ շարադրել է արևելահայերի հասարակական, քաղաքական և մշակութային զարգացման օրինաչափությունները, առաջ քաշել հայ ժողովրդի ազգային համախմբման անհրաժեշտության գաղափարը։ Անանունը գտնում էր, որ հայ բուրժուազիան երբեք չի արտահայտել ազգի շահերը, և որ այդ շահերի կրողները եղել են գյուղացիները, որոնք ներկայացրել են ազգի ֆիզիկական, բայց ոչ գաղափարական ուժը։ Բանվորները, չնայած իրենց փոքրաթվությանը, հանդիսանում են այն սոցիալական ուժը, որն արագորեն ընկալում է հասարակական շահը, ճիշտ կողմնորոշվում քաղաքական իրադրության մեջ և կարող է լինել հայերի միասնական հզորության հիմքը։

Ազգային հարցին վերաբերող ուսումնասիրություններում («Ազգային հարցը և դեմոկրատիան» հոդվածաշարը, «Նոր հոսանք», 1913, հ. 12) Անանունը պաշտպանել է կուլտուր-ազգային ինքնավարության գաղափարը, ազգային պատկանելության գաղափարը գերիշխող է համարել ճնշված ժողովուրդների ազատագրման հարցում, նշել, որ հենց ազգային ընդհանրությունը կարող է համախմբել ազգին, նրա բոլոր սոցիալական խմբերին և դասակարգերին։

Քաղաքական հետապնդումներ խմբագրել

1927 թվականին Անդրկովկասյան ՊՔՎ-ի հատուկ խորհրդակցության որոշմամբ դատապարտվել է աքսորի ՌՍՖՍՀ-ի ճամբարներից մեկում 3 տարի ժամկետով։ 1928 թվականի ապրիլի 27-ին ՊՔՎ-ի կոլեգիայի հատուկ խորհրդակցության որոշմամբ դատապարտվել է աքսորի Սիբիրում 3 տարով՝ մեղադրվելող հակահեղափոխական գործունեության մեջ։ Աքսորավայրում 1930 թվականին մայիսի 23-ին երկարացվել է աքսորի ժամկետը ևս 3 տարով։

Աքսորավայրում կրկին ձերբակալվել է և մեղադրվել հակասովետական քարոզչություն իրականացնելու մեջ։ 1939 թվականի մարտի 14-ին Աստրախանյան շրջանային դատարանը Դավիթ Անանունին դատապարտում է 8 տարվա ազատազրկման։ 1941 թվականին նույն դատի կողմից դատապարտվում է 10 տարվա ազատազրկման կալանավորների շրջանում հակասովետական քարոզչություն իրականացնելու համար։

Դավիթ Անանունի քրեական գործում առկա է ՀԽՍՀ դատախազության եզրակացությունն այն մասին, որ Դավիթ Տեր-Դանիելյանը արդարացված է համարվում համաձայն 1989 թվականի հունվարի XVI ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պրեզիդիումի հրամանի։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 365  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։