Դադասահեբ Փհալկե (մարաթհի` दादासाहेब फाळके (արտասանությունը ), իրական անունը` Դհունդիռաջ Գովինդ Փհալկե, ծնվ. 1870 թ. ապրիլի 30, Նաշիկ - մահ. 1944 թ. փետրվարի 16, Նաշիկ, Բրիտանական Հնդկաստան), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, հայտնի է որպես «հնդկական կինոյի հայր»։

Դադասահեբ Փհալկե
մարաթհի՝ दादासाहेब फाळके
Դիմանկար
Ծնվել էապրիլի 30, 1870(1870-04-30)[1][2]
ԾննդավայրՆասիկ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էփետրվարի 16, 1944(1944-02-16)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրՆասիկ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան
ԿրթությունՍըր Ջամսեթջի Ջիջիբոյ Արվեստի դպրոց և Maharaja Sayajirao University of Baroda?
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող
 Dadasaheb Phalke Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դադասահեբ Փհալկեն ծնվել է բրահմանների ընտանիքում։ Նրա հայրը սանսկրիտի գիտակ էր։ Իր ուսումը Դադասահեբ Փհալկեն ստացել է Բոմբեյի արվեստների դպրոցում, որն այն ժամանակների համար եվրոպական տիպի կրթություն էր համարվում։ Այնուհետև ուսումը շարունակել է Վադոդարայի համալսարանում, որտեղ սովորել է քանդակագործություն, նկարչություն և լուսանկարչություն։ Դեռ սովորելու տարիներին նա հետաքրքրվում էր տեխնիկայով ու արվեստներով։ Իր աշխատանքային կարիերան սկսել է լուսանկարչությունից՝ աշխատելով Գոդհրա քաղաքում, սակայն ստիպված էր թողնել աշխատանքը՝ ժանտախտից առաջին կնոջ և երեխայի մահվան պատճառով։

Այնուհետև աշխատել է Հնդկաստանի հնագիտական վարչությունում ` որպես գծագրող։ Չկարողանալով բավարարել իր պահանջները, նա աշխատանքի է անցել տպագրությունում ` մասնագիտանալով լիտոգրաֆիայի և քրոմոլիտոգրաֆիայի ասպարեզում։ Այդ տարիներին նա աշխատել է հայտնի նկարիչ Ռաջա Ռավի Վարմայի մոտ։ Հետագայում մեկնել է Գերմանիա, այնտեղ զարգացնելով իր հմտությունները, տիրապետելով նորագույն տեխնոլոգիաներին և սարքավորումներին։

1900-ական թվականներին, ինչպես աշխարհի շատ քաղաքներում, Բոմբեյում նույնպես ցուցադրվում էին Եվրոպայում նկարված նորահայտ արվեստի՝ սինեմայի նմուշներ։ Այդ կինոդիտումներից մեկի ժամանակ Դադասահեբ Փհալկեն դիտել է «Քրիստոսի կյանքը» ֆիլմը։ Դրանից հետո նրա ուշադրությունը բևեռվել էր շարժանկարների վրա։ Նա պատկերացնում էր հնդկական աստվածներին՝ էկրանի վրա։

Մեծ դժվարությունների գնով և ֆինանսական սղության պայմաններում, Դադասահեբ Փհալկեն սկսեց նկարահանել իր ֆիլմը։ Նա և ռեժիսոր էր և սցենարիստ և օպերատոր։ Անձամբ զբաղվում էր դերասանների դիմահարդարումով, ժապավենի երևակումով ու հայտածումով, ինչպես նաև մոնտաժով։ Դրա պատճառն այն էր, որ ուրիշ ոչ ոք չէր կարողանում այդ աշխատանքները կատարել։ Այդպես ստեղծվել է նրա առաջին ֆիլմը, որը ցուցադրվել է Բոմբեյի Coronation Cinema դահլիճում։

Դադասահեբ Փհալկեն իր առաջին «Ռաջա Հարիշչանդրա» կինոնկարը նկարահանել է 1913 թվականին, որը Հնդկաստանի առաջին համր ֆիլմն էր։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Դադասահեբ Փհալկեն նկարահանել է 95 լիամետրաժ և 26 կարճամետրաժ ֆիլմեր։ Նրա կինոնկարներից առավել հայտնի են «Մոհինի և Բհասմասուր» (1913 թ.), «Սաթյավան և Սավիթրի» (1914 թ.), «Լանկան կրակի մեջ» (1917 թ.), «Շրի Կրիշնայի ծնունդը» (1918 թ.), «Կրիշնայի մանկությունը» (1919 թ.) և այլն։

Դադասահեբ Փհալկեի պատվին, 1969 թվականից Հնդկաստանի բարձրագույն կինեմատոգրաֆիական պարգևը կրում է նրա անունը (Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակ)[3]։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1913  Ռաջա Հարիշչանդրա Raja Harishchandra
1913  Մոհինի և Բհասմասուր Mohini Bhasmasur
1914  Սաթյավան և Սավիթրի Satyavan Savitri
1917  Լանկան կրակի մեջ Lanka Dahan
1918  Շրի Կրիշնայի ծնունդը Shri Krishna Janma
1919  Կրիշնայի մանկությունը Kaliya Mardan
1937  Գանգեսի ծագումը Gangavataran

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դադասահեբ Փհալկե» հոդվածին։