Գրիգոր Գ Պահլավունի (մոտ 1093[1] - 1166[1], Հռոմկլա, Նիզիփ, Գազիանթեփի մարզ, Թուրքիա[1]), Ամենայն Հայոց Կաթողիկոս (1113-1166 թթ.)։

Գրիգոր Գ Պահլավունի
Ծնվել էմոտ 1093[1]
Մահացել է1166[1]
Մահվան վայրՀռոմկլա, Նիզիփ, Գազիանթեփի մարզ, Թուրքիա[1]
ԳերեզմանՀռոմկլա[1]
Մասնագիտությունքահանա
Ծնողներհայր՝ Ապիրատ Պահլավունի
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Հաջորդել է Բարսեղ Ա Անեցուն։

Կաթողիկոսական ընտրությունը խմբագրել

Բարսեղ Ա Անեցի Հայրապետի մահից հետո բոլորի համար պարզ էր, որ կաթողիկոսական ամենահավանական թեկնածուն 20-ամյա Գրիգոր եպիսկոպոս Պահլավունին էր, որին Գրիգոր Բ Վկայասեր և Բարսեղ Ա Անեցի հայրապետները մանկուց նախապատրաստում էին կաթողիկոսության։ Սակայն ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նա Կաթողիկոս կդառնա այսքան երիտասարդ հասակում։ Գրիգորի կաթողիկոսանալուն ջերմորեն սատարում էին նաև Կոմագենեում հաստատված Վասիլ Կամսարական իշխանը և Կիլիկիայի Թորոս իշխանը, ինչպես նաև Սև լեռան հայ հոգևորականությունը, որի մեծագույն մասը Գրիգոր Բ Վկայասերի աշակերտներն էին։

1113 թ. Շուղրի Կարմիր վանքում գումարվում է ժողով, որտեղ Հայոց Կաթողիկոս է ընտրվում Գրիգոր Գ Պահլավունին։

Աղթամարի կաթողիկոսական աթոռի առաջացումը խմբագրել

Գրիգորի կաթողիկոսացումն այնքան էլ խաղաղ չի ընթանում։ Շուտով Գրիգոր Գ-ի ընտրության դեմ բողոքում է Աղթամարի Դավիթ Թոռնիկյան եպիսկոպոսը՝ իրեն համարելով արժանի կաթողիկոսության՝ պատճառաբանելով Գրիգորի երիտասարդությունը և Աթոռի՝ Հայաստանից դուրս լինելը։ Դավիթը հինգ եպիսկոպոսներից բաղկացած մի ժողով է գումարում, որը պատճառաբանելով, թե Վասպուրականի Ձորավանքը ժամանակին եղել է կաթողիկոսանիստ, և Աղթամարում է գտնվում Սբ. Գրիգոր Լուսավորչի պատարագի սեղանը, գավազանը ու այլ սրբություններ, օրինավոր է համարում Դավիթի ցանկությունը և նրան ձեռնադրում Մեծ Հայքի Կաթողիկոս։

Դավիթը, ցանկանալով ընդունելի համարել իր կաթողիկոսությունը, նամակներով և ընծաներով դիմում է Հայաստանի եպիսկոպոսներին։ Անեցիները մերժում են նրան, մինչ Սյունյաց և Մարդպետական եպիսկոպոսները, թեկուզև շատ կարճ ժամանակով, ընդունում են նրան իբրև կաթողիկոս։

1114 թ. Շուղրի Կարմիր վանքի ժողովը խմբագրել

1114 թ. Շուղրի Կարմիր վանքում գումարվում է մեծ ժողով՝ 2500 ներկաներով՝ եպիսկոպոսներ, վանականներ, իշխաններ, ինչպես հայության նոր երկրներից, այնպես էլ Մեծ Հայքից։ Ժողովը քննելով Դավիթ Աղթամարցու ընթացքը՝ դատապարտում է նրան, մերժում նրա կաթողիկոսությունն ու օրինավոր կաթողիկոս համարում Գրիգոր Գ Պահլավունուն։ Սյունյաց և Մարդպետական եպիսկոպոսները հեռանում են Դավիթ Աղթամարցուց։ Աղթամարում ստեղծված այս հակաթոռ կաթողիկոսությունը գոյատևեց մինչև ԺԹ դարի վերջը։ Այնուամենայնիվ, առկա էր արդեն բուն Հայաստանի և Հայաստանից դուրս հաստատված հայկական իշխանությունների եկեղեցական շրջանակների հակամարտությունը։ Նույն ժողովում հաստատվում է մի օրենք, ըստ որի՝ թև կաթողիկոսական Աթոռը մնալու է Կիլիկիայում, սակայն ամեն մի նոր կաթողիկոսի ընտրություն պետք է վավերացվի Մեծ Հայքի չորս նշանավոր Աթոռների կողմից։ Դրանք են Անիի, ապա Բջնիի Աթոռը (իբրև հաջորդ Արարատյան եպիսկոպոսության), Հաղպատի Աթոռը (որ հաստատվել էր 1081 թվականին Բարսեղ Անեցու և Աղվանից Ստեփանոս Կաթողիկոսի կողմից և հանդիսանում էր Հյուսիսային Հայաստանի նշանավոր եկեղեցական կենտրոնը), Արտազի Աթոռը (Թադեոս առաքյալի գերեզմանի պահապանը և նշանավոր Մարդպետական տան եպիսկոպոսության ժառանգորդը) և Տաթևի Աթոռը (Սյունյաց մետրոպոլիտության կենտրոնը)։

Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Ծովք խմբագրել

1116 թ. Ուռհայի (Եդեսիա) կոմս Բոլդվին դը Բորկը խաբեությամբ ձերբակալում է Վասիլ Կամսարական իշխանին և ստիպում նրան իրեն զիջել նրա բոլոր տիրույթները։ Այսպիսով Քեսունը հայտնվում է խաչակիրների իշխանության ներքո և Հայոց Հայրապետական աթոռը, որը գտնվում էր Քեսունի՝ Շուղրի Կարմիր վանքում, զրկվում է իր ապահովությունից։ Այդ պատճառով էլ Գրիգոր Գ Պահլավունի Կաթողիկոսը Հայրապետական աթոռը տեղափոխում է իր հայրական Ծովք դղյակը, որի տերը նրա Վասիլ եղբայրն էր։

Հայ-լատին եկեղեցական հարաբերությունների սկզբնավորումը խմբագրել

Նույն տարիներին Հայ Եկեղեցին իր պատմության մեջ առաջին անգամ հարաբերության մեջ է մտնում Հռոմեական Եկեղեցու հետ։

Խաչակիրների արշավանքների հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծվել էին մի շարք լատին իշխանություններ, Երուսաղեմում, Անտիոքում, Տրիպոլիում, Սուրում (Տյուրոս), Եդեսիայում, Տարսոնում և այլուր հիմնվել էին եկեղեցական նվիրապետական աթոռներ։ Միշտ չէ, որ հարթ էին ընթանում Հռոմի պապի և այս նվիրապետական աթոռների հարաբերությունները։ Անտիոքի լատին արքեպիսկոպոս Հռատուլփոսը (Ռուդոլֆ) փորձում է անկախություն ձեռք բերել Հռոմի Աթոռից՝ պատճառաբանելով, թե Անտիոքն է Պետրոս առաքյալի իսկական Աթոռը։ Նույնպիսի ձգտում ուներ նաև Երուսաղեմի Փուլքեր եպիսկոպոսը։ Այս խնդիրը լուծելու համար Հռոմի Աթոռը Մերձավոր Արևելք է ուղարկում Ալպերիք (Աղբրիկ) Օստրիացի եպիսկոպոսին։ Վերջինս գումարում է Անտիոքի 1141 թվականին և Երուսաղեմի 1142 թվականի ժողովները՝ քննելու համար վերոհիշյալ երկու եպիսկոպոսների գործերը։ Ժողովներին հրավիրվում է նաև Հայոց Գրիգոր Գ Կաթողիկոսը և նրա եղբայր Ներսես Շնորհալին։

Երուսաղեմի ժողովում քննվում են նաև Հայ և Լատին Եկեղեցիների դավանաբանական և ծիսական տարբերությունները։ Հռոմ վերադառնալով՝ Ալպերիքը Իննովկենտիոս Բ պապի (1130-1143) առջև մեծապես գովում է Հայոց կաթողիկոսի և նրա եղբայր Ներսես Շնորհալու ողջախոհությունը։

Իննովկենտիոս Բ պապը մի նամակ է գրում Հայոց Կաթողիկոսին, որտեղ հաստատելով Հայ Եկեղեցու ուղղափառությունը՝ երկու Եկեղեցիների կատարյալ միության համար առաջարկում է հետևյալ երեք կետերի ընդունումը Հայոց Եկեղեցու կողմից.

  • ա. Հռոմի Եկեղեցու գերագահ դերի ընդունումը։
  • բ. Հաղորդության Սբ. Բաժակին ջուր խառնելը։
  • գ. Քրիստոսի Ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելը։

Իննովկենտիոս պապը Հայոց Կաթողիկոսին է ուղարկում նաև հայրապետական քող և գավազան։ Այդ ժամանակներից Հայոց Եկեղեցում մուտք է գործում լատինական գավազանը՝ կորագլուխ ծայրով, որը աստիճանաբար գործածական է դառնում եպիսկոպոսների համար, իսկ օձագլուխ գավազանը, որ գործածում էին մինչ այդ և որ արևելյան՝ հունա-կապադովկիական ծագում ուներ, սահմանափակվում է վարդապետների համար։ Թե ինչ զարգացում են ունեցել այս դեպքերը, մեզ հայտնի չէ։ Հիշվում է միայն, որ մի քանի տարի անց՝ 1145 թ., Գրիգոր Գ Պահլավունին մի պատգամավորություն է ուղարկում Եվգենիոս Գ պապի (1145-1153 թթ.) մոտ՝ քաղաքական օգնություն խնդրելու։ Սակայն օգնության փոխարեն պապը կրկին առաջարկում է Հայ Եկեղեցուն ընդունել վերոնշյալ երեք կետերը։

Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Հռոմկլա խմբագրել

1149 թ. քաղաքական անբարենպաստ իրավիճակի պատճառով Գրիգոր Գ Պահլավունի Կաթողիկոսը ստիպված է լինում Հայոց Հայրապետական աթոռը Ծովքից տեղափոխել Հռոմկլա անառիկ ամրոցը, որը ժամանակին պատկանում էր նրա Ջոսլին եղբորը։ Շուտով Գրիգոր Գ-ը գնում է Հռոմկլա ամրոցը և այն վերանորոգելով՝ վերածում հայրապետանոցի։

Թոնդրակյան աղանդի մնացորդների խնդիրը խմբագրել

Գրիգոր Մագիստրոսի հարուցած հալածանքների հետևանքով՝ թոնդրակեցիների աղանդին պատկանող բազմաթիվ մարդիկ էին ապաստան գտել Ասորական Միջագետքում։ Նրանք հատկապես կենտրոնացած էին Թլկուրանի իշխանության կազմում գտնվող Ամայք և Շպղթան գավառներում։ Թլկուրանի իշխանն էր Առյուծ անունով մի անձնավորություն, որը դիմում է Գրիգոր Գ Պահլավունի Կաթողիկոսին, որպեսզի նա խրատի վերոնշյալ գավառների քահանաներին, որոնք ապրելով այս աղանդավորների միջավայրում՝ յուրացրել էին նրանց որոշ դավանաբանական հայացքները։ Գրիգոր Կաթողիկոսը պատվիրում է Ներսես Շնորհալուն խրատական նամակ գրել այդ գավառների բնակչությանը։ Ներսես Շնորհալին իր այս թղթում ջատագովում է Հայ Եկեղեցու դավանանքը, մանրամասն քննության առարկա դարձնում աղանդավորների գաղափարները, քննադատրում դրանք, ինչպես նաև բացատրում քրիստոնեական վարդապետության դժվարըմբռնելի կետերը։

Հայ-բյուզանդական հարաբերությունները Գրիգոր Գ Պահլավունու օրոք խմբագրել

1164 թ. Ներսես Շնորհալին մեկնում է Կիլիկիա, որպեսզի հարթի Թորոս Ռուբինյան և Լամբրոնի տեր Օշին իշխանին միջև ծագած վեճը։ Իր առաքելությունը կատարելուց հետո, նա Օշին իշխանի ուղեկցությամբ, վերադառնում է Հռոմկլա։ Վերադարձի ճանապարհին Մամեստիա (Մսիս) քաղաքում նրանց մեծ պատիվներով ընդունում է տեղի բյուզանդական դուքս Ալեքսը, որը Մանուել կայսեր (1143-1188) փեսան էր։ Դուքսը, Ներսեսին է հանձնում մի հարցարան և խնդրում գրի առնել իրենց խոսակցությունը ու պատասխանել այն հարցերին, որ իրեն էին հանձնել հույն վարդապետները։ Շնորհալին պատրաստում և Ալեքսին է հանձնում “Գիր հաւատոյ խոստովանութեան” խորագրով երկու մասից բաղկացած գրությունը, որը հետագայում մտնում է Ներսես Լամբրոնացու կազմած “Պատճառ խնդրոյ միաբանութեան” ժողովածուի մեջ։ Ա մասում խոսվում է Սբ. Երրորդության և Քրիստոսաբանության հայոց որդեգրած դիրքորոշման մասին, իսկ Բ մասում՝ Հայ Եկեղեցու ծիսական առանձնահատկությունների մասին։

Ալեքսը այդ գրությունը անձամբ հանձնում է Մանուել կայսրին։ Կայսրը և Կ. Պոլսի Ղուկաս պատրիարքը (1156-1169 թթ.) քննելով այդ գրությունը, գտնում են, որ այն կարող է դառնալ Հայ և Բյուզանդական Եկեղեցիների միության հիմք։ Կայսրը նամակ է ուղարկում Գրիգոր Գ Պահլավունի Կաթողիկոսին և խնդրում Կ. Պոլիս ուղարկել Ներսես Շնորհալուն՝ բանակցություններ վարելու համար։ Սակայն մինչ կայսեր պատգամավորի Հռոմկլա հասնելը, Գրիգոր Գ-ն արդեն վախճանվել էր և Կաթողիկոս էր ընտրվել Ներսես Շնորհալին (1166-1173 թթ.), որը չէր կարող թողնել կաթողիկոսարանը և Կ. Պոլիս գնալ։

Գրիգոր Գ Պահլավունու մահը խմբագրել

Իր կաթողիկոսության վերջին տարիներին՝ Գրիգոր Գ Պահլավունի Հայրապետը տկար վիճակում էր, և կաթողիկոսական բոլոր գործերը վարում էր Ներսես Շնորհալին։ 1166 թ. սկզբներին Գրիգոր Կաթողիկոսի վիճակն ավելի վատացավ և նա զգալով իր մոտալուտ վախճանը՝ Հռոմկլայում ժողով է գումարում, որն աթոռակից կաթողիկոս է ընտրում Ներսես Շնորհալուն։ Ներսեսի կաթողիկոսական օծումը տեղի է ունենում 1166 թ. ապրիլի 17-ին՝ Ծաղկազարդի օրը։ Աթոռակից կաթողիկոսի ձեռնադրությունից երեք ամիս անց Գրիգոր Գ Պահլավունին կնքում է իր մահկանացուն։

Գրիգոր Գ Պահլավունի Կաթողիկոսի ստեղծագործական ժառանգությունը խմբագրել

Գրիգոր Գ Պահլավունին հայտնի է իր գրական գործունեությամբ։ Գրել է բազմաթիվ շարականներ, տաղեր և այլ գործեր։ Հետևելով Գրիգոր Բ Վկայասեր Հայրապետին՝ թարգմանել կամ ուրիշներին է հանձնարարել սրբերի վկայաբանություններ և վարքեր։

Նրա գրչի արգասիքներն են Շարակնոցի Աստվածածնի Ավետյաց “Խորհուրդ անճառ” և Երկրորդ Ծաղկազարդի “Մեծահրաշ այս խորհուրդ” կանոնները, ինչպես նաև Գանձարանի Գրիգոր Ա Լուսավորչին նվիրված “Ի յելս արևու արև ծագեցաւ մեզ արևմտից” և Ջրօրհնեքի “Ով զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ” տաղերը։ “Ով զարմանալի” տաղը, որ մեզ է հասել մեղեդիով հանդերձ, հայ տաղերգության գոհարներից է՝ օժտված երաժշտաբանաստեղծական բացառիկ արժանիքներով, որտեղ դրսևորվել են կիլիկյան երգարվեստի բնորոշ առանձնահատկությունները։ Հարատևել է մի քանի տարբերակներով, որոնք ԺԹ դարում ձայնագրել են Ե. Տնտեսյանը և Ն. Թաշճեանը, իսկ Կոմիտասը մշակել է քառաձայն երգչախմբի համար։


Նախորդող՝
Բարսեղ Ա Անեցի
Կաթողիկոս
1113–1166
Հաջորդող՝
Ներսես Շնորհալի

Աղբյուրներ խմբագրել

  • Արիստակես Լաստիվերցի, Պատմութիւն, Երևան, 1971։
  • Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991։
  • Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Կ. Պոլիս, 1912։
  • Ն. Թահմիզյան, Երաժշտությունը հայկական Կիլիկիայում, Երևան, 1989։
  • Ազատ Բոզոյան, Հռոմի պապ Իննոկենտիոս Բ-ի թուղթը՝ ուղղված Հայոց Կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուն, Էջմիածին ամսագիր, 1999, թ. 3։
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002։
  • Արմինէ Քէօշկէրեան, Գանձարանային մշակոյթ, սկզբնաւորում և զարգացում (Ժ-ԺԳ դարեր), երևան, 2008։
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսներ, հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 214