Գրեգորիո Ֆուենտես (իսպ.՝ Gregorio Fuentes, հուլիսի 11, 1897(1897-07-11), Լանսարոտե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա - հունվարի 13, 2002(2002-01-13), Կոխիմար, Habana del Este), կուբացի ձկնորս և նավաստի, որը հայտնի է որպես Սանտիագոյի կերպարի հնարավոր նախատիպ ամերիկացի գրող և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունում[1]։

Գրեգորիո Ֆուենտես
իսպ.՝ Gregorio Fuentes
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1897(1897-07-11)
ԾննդավայրԼանսարոտե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Մահացել էհունվարի 13, 2002(2002-01-13) (104 տարեկան)
Մահվան վայրԿոխիմար, Habana del Este
Քաղաքացիություն Կուբա և  Իսպանիա
Մասնագիտությունծովագնաց
 Gregorio Fuentes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրեգորիո Ֆուենտեսը ծնվել է 1897 թվականի հուլիսի 11-ին Կանարյան կղզիներում ֆերմերների ու ձկնորսների ընտանիքում։ Նա ընդամենը 6 տարեկան էր, երբ հայրը կնքում է իր մահկանացուն նավակի տախտակամածին, որը նավարկում էր դեպի Կուբա։ Գրեգորիոն մյուս գաղթականների հետ նավարկում է և հասնում Կուբա։ Ֆուենտեսը ցկյանս ապրեց կուբայական փոքրիկ ձկնորսական գյուղում՝ Կոխիմարում, որը մայրաքաղաք Հավանայից ոչ այնքան հեռու էր գտնվում։

1928 թվականին Գրեգորիո Ֆուենտեսն առաջին անգամ հանդիպում է գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ, իսկ մի քանի տարի անց՝ 1933 թվականին դառնում է «Պիլար» զբոսանավի նավապետը, որը պատկանում էր աշխարհահռչակ գրողին։ Նրանք միմյանց հետ բազմաթիվ անգամներ են դուրս եկել բաց ծով ձկնորսության։ Այդպիսի օրերից մեկի ժամանակ նրանք բռնեցին 300 ֆունտանոց մարլին ձուկ։

Երբ սանձազերծվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, գրողը որոշեց «Պիլար» զբոսանավը օգտագործել ընդդեմ գերմանական Կրիգսմարինեի՝ Նացիստական Գերմանիայի ռազմածովային ուժերի, և նավի վրա տեղադրեց գնդացիր։ Պատերազմի տարիներին գերմանական սուզանավերը հաճախակի էին անցնում Կուբայի ջրային տարածքները և մոտենում ձկնորսական նավերին՝ փորձելով լրացնել խմելու ջրի և պարենամթերքի պաշարները։ Հեմինգուեյը պլանավորում էր մոտենալ նավին, ռումբ նետել և գնդացրով կրակել։ Այդ ամենը նրան չհաջողվեց, սակայն մի քանի անգամ նավի անձնակազմին հաջողվեց տեսնել սուզանավերը և արագորեն այդ մասին հայտնել Միացյալ Նահանգներ՝ Պենտագոնին։ Այդ վտանգավոր պարեկություններին Կուբայի հյուսիսային ջրերում 1942-ից 1944 թվականներին գրողին ուղեկցում էր Գրեգորիո Ֆուենտեսը։

«Ծերունին և ծովը» վիպակը Հեմինգուեյի կողմից հրապարակվել է 1952 թվականին։ Այս ստեղծագործության համար հեղինակն արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում՝ Գրականության Նոբելյան մրցանակի և Պուլիցերյան մրցանակ որպես լավագույն գեղարվեստական գիրք։ Անձամբ հեղինակը հերքում էր, թե որևէ մեկին է նախատիպ վերցրել վիպակի ծերունու՝ Սանտիագոյի կերպարը գրելիս։ Սակայն ավանդական կերպով հենց Գրեգորիո Ֆուենտեսն է համարվում ծերունու նախատիպը, ում հետ հեղինակը ընկերություն է արել ավելի քան քսան տարի։ Ձկնորսը դերասան Սփենսեր Թրեյսիին խորհուրդներ է տվել, երբ վերջինս 1958 թվականին նկարահանվում էր «Ծերունին և ծովը» ֆիլմում։

 
Հարյուրամյա Գրեգորիո Ֆուենտեսը Էռնեստ Հեմինգուեյի տուն-թանգարանում, 1998 թվական

Հեմինգուեյի ինքնասպանությունից հետո, ըստ վերջինիս կտակի, «Պիլար» զբոսանավն անցնում է Գրեգորիո Ֆուենտեսին, սակայն ձկնորսը որոշում է զբոսանավը նվիրել պետությանը , որից հետո այն ցայսօր էլ ցուցադրվում է Էռնեստ Հեմինգուեյի տուն-թանգարանում։

20-րդ դարի վերջերին արդեն ծերունի ձկնորսը հայտնի է դառնում Կուբայում և դառնում նրա յուրօրինակ այցեքարտերից մեկը։ Գրեգորիո Ֆուենտեսին սկսեցին բազմաթիվ լրագրողներ այցելել աշխարհի չորս ծագերից, որոնց հետ վերջինս կիսվում էր ընկերոջ՝ Հեմինգուեյի մասին։ Այսպես է պատմում հին ձկնորսը ընկերոջ մասին.

  Ես նրա խոհարարն էի, ծովայինն ու նավի կապիտանը, ինչպես նաև նրա ընկերը։
- Գրեգորիո Ֆուենտես
 

Այսպիսի տասհինգրոպեանոց ինտերվյուն ձկնորսի հետ կազմում էր մոտավորապես 50 դոլար։

2001 թվականին Գրեգորիո Ֆուենտեսը ստանում է Իսպանիայի քաղաքացիություն[2]։ Ֆուենտեսը 70 տարի ապրել է իր կողակցի՝ Դոլորես Պերեսի հետ միասին և համատեղ ունեցել են չորս աղջիկներ։ Դոլորեսը մահացել է 1990 թվականին։

Գրեգորիո Ֆուենտեսն իր մահկանացուն կնքել է 2002 թվականի հունվարի 13-ին՝ 104 տարեկան հասակում՝ քաղցկեղից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gregorio Fuentes» (անգլերեն). The Telegraph. 17.01.2002. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  2. «El pescador que inspiró a Hemingway 'El viejo y el mar' recupera la nacionalidad española» (իսպաներեն). El Mundo. 31.01.2001. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  3. Kinzer S. The Old Man Who Loved The Sea, And Papa(անգլ.) // New York Times : газета. — 2002.

Արտաքին հղումներ խմբագրել