Գուրգեն (Բաղդասար Մալյան)

Գուրգեն, իրական անուն՝ Բաղդասար Մալյան (1873, Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1899, Ցրոնք, Մուշ, Թուրքիա), հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ, ֆիդայի։

Գուրգեն
1873 - 1899
ԾննդավայրՎերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՑրոնք, Մուշ, Թուրքիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Գուրգենը (Բաղդասար Մալյան) ծնվել է 1873 թվականին Գողթն գավառի Վերին Ագուլիս քաղաքում։ Կրթությունը ստացել է Վերին Ագուլիսի քաղաքային դպրոցում։ 1894-1895 թվականներին ծառայել է ռուսական բանակի Նոր Բայազետի զորագնդում։ 1895 թվականին, լքելով պարտադիր զինվորական ծառայությունը, գալիս է Թավրիզ և զինվորագրվում ՀՅԴ Ատրպատականի «Վրեժ» Կենտրոնական կոմիտեին։ 1896 թվականի սեպտեմբերին Գուրգենը Բուլղարացի Պետոյի (Պետրոս Սերեմջյան) մարտախմբի կազմում մեկնում է Վան, մասնակցում Վանի «պըզտիկ» կռիվներին։ Գուրգենն այնուհետև, ճանապարհին կռիվներ մղելով, 1896 թվականի վերջին անցնում է Սալմաստ, որտեղ որոշ ժամանակ աշխատում է որպես խոհարար։

1897 թվականի գարնանը Գուրգենը ՀՅԴ «Վրեժ» Կենտրոնական կոմիտեի հանձնարարությամբ մեկնում է Կովկաս և մի քանի ամիս անց վերադառնում՝ իր հետ Սալմաստ բերելով զենքով և ռազմամթերքով բեռնավորված կամավորների նոր խումբ։ Գուրգենը Սալմաստում զբաղվում է Խանասորի արշավանքին նախապատրաստվող կամավորների մի մասի զինավարժությամբ և խոհարարությամբ։

Այդ ժամանակ Խանասորի արշավանքին զուգահեռ պատրաստվում էր երկու խումբ ուղարկել Երկիր։ 1897 թվականի հունիսի 18-ին գիշերվա ժամը 12:00-ից հետո Վազգենի (Տիգրան Տերոյան) և Գուրգենի առաջնորդած 40 հոգուց բաղկացած խումբը, դուրս գալով Սալմաստի շրջանի Փայաջուկ գյուղից, Խոյի ուղղությամբ շարժվում է դեպի սուրբ Թադեոս առաքյալի վանք։ Ճանապարհին՝ Բերկրիում և Սպահան լճի մոտ խումբը կռվի է բռնվում քրդական անկանոն զորքերի և աշիրեթների հետ, բայց կարողանում է անկորուստ դուրս գալ կռվից և, շարունակելով իր ճանապարհը, հասնել Վան։

Շուտով Գուրգենը, բաժանվելով Վազգենի խմբից, 10 հայդուկներով մեկնում է Խլաթ և միանում Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան) խմբին։ Գուրգենը Խլաթի շրջանում զարկ է տալիս ՀՅԴ կոմիտեներ և ենթակոմիտեներ կազմակերպելու և ընդհանուր ապստամբության կազմակերպման գործին։

1897 թվականի դեկտեմբերին Գուրգենի նախաձեռնությամբ Բիթլիսում կազմակերպվում և իրագործվում է թուրքական հայատյաց պաշտոնյա Հիլմի բեկի ահաբեկումը։ Այս դեպքից շատ չանցած՝ 1897 թվականի վերջին Գուրգենն ու Սերոբը Խլաթից անցնում են Տարոն ու Սասուն։

Սասունում հանգրվանելու առաջին իսկ օրից Գուրգենը կապեր է հաստատում Տարոնում գործող ՀՅԴ Դուրան – Բարձրավանդակի (Մուշ - Սասուն) Կենտրոնական կոմիտեի անդամների՝ Հրայր – Դժոխքի, Վարդան վարդապետի, Տատրակի (Գեղամ Տեր-Կարապետյան) հետ, նամակագրություն պահպանում Մշո բանտում գտնվող Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովիանյան) հետ։

Գուրգենի նախաձեռնությամբ հաջողվում է ՀՅԴ կոմիտեներ ստեղծել նաև Բիթլիսում և Բիթլիսի շրջանի հայաբնակ գյուղերում։ Բիթլիսի հեղափոխական կազմակերպությունների աշխատանքն առավել միասնական և արդյունավետ կազմակերպելու նպատակով Գուրգենը հիմնում է ՀՅԴ Սալնո ձորի կենտրոնական կոմիտեությունը, որն ներառում էր Խլաթի և Բիթլիսի շրջանները։

1898 թվականին կայացած ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովը Գուրգենին ընտրում է ՀՅԴ Դուրան – Բարձրավանդակի կենտրոնական կոմիտեի անդամ, որով նրա գործունեությունն ավելի է ընդլայնվում։ Այժմ նրա պարտականությունների մեջ էր մտնում նաև ՀՅԴ մի քանի կենտրոնական կոմիտեների գործունեության համադրումը։

1899 թվականի գարունը բացվելուն պես Գուրգենը մի փոքրիկ խմբով Սասունից իջնում է Բիթլիս և Մուշ՝ կազմակերպական գործերն ավելի խորացնելու և ընդլայնելու նպատակով։ Չնայած Սև-քարեցի Սաքոյի և Աղբյուր Սերոբի դեմ լինելուն՝ Գուրգենը որոշում է Սասուն սպիտակ վառոդ փոխադրելու համար 1-2 օրով իջևանել Մշո դաշտի Ցրոնք գյուղում։ Մատնության հետևանքով 1899 թվականի ապրիլի 24-ին Գուրգենն իր 7 հայդուկներով Ցրոնք գյուղի մարագներում պաշարվում է թուրքական զորքերի կողմից, որոնք շուտով հրդեհում են մարագը։ Տեղի ունեցած անհավասար կռվում իր 7 հայդուկների հետ զոհվում է նաև Գուրգենը։ Իսկ թշնամու զոհերի թիվը կազմում է 23 հոգի։

Թուրքերը կտրում են Գուրգենի գլուխը, իսկ հայդուկների մարմինները սայլերի վրա փոխադրում են Մուշ և հանձնում Մուշի հայոց հոգևոր առաջնորդ Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանին։ Վերջինս հայ ֆիդայիների մարմիններն ամփոփել է տալիս Մուշի սուրբ Մարինե թաղամասի Կողի հայկական գերեզմանատանը։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։