Գուտապերչ (անգլ.՝ guttapercha, մալայերեն getah - խեժ և pertja - այդ խեժն արտադրող ծառի անվանումը, ինչպես նաև Սումատրա կղզու անվանումներից մեկը), բնական ծագմամբ կաշենման նյութ, կաուչուկի տրանս-իզոմերը։

Գուտապերչի հիմնական բաղադրիչը (90%) բարձրամոլեկուլային տրանսպոլիիզոպրենն է (գուտա)՝ (C5H8), իսկ բնական կաուչուկինը՝ ցիսպոլիիզոպրենը։ Ի տարբերություն բնական կաուչուկի, գուտապերչը առաձգական չէ։ Հիմնականում ստացվում է արևադարձային որոշ ծառատեսակների կաթնահյութից։ Տեխնիկական գուտապերչը սենյակային ջերմաստիճանում ունի սպիտակից մինչև դեղնաշագանակագույն երանգ, խտությունր՝ 945-955 կգ/մ3, տաքացնելիս (50-100 °C) փափկում է և լուծվում արոմատիկ ածխաջրածիններում ու նրանց հալոգենածանցյալներում։ Թթվակայուն է, այդ թվում նաև աղաթթվի և ֆտորաջրածնական թթվի նկատմամբ։ Բնական կաուչուկի նման վուլկանացվում է։ Ջրանցիկ չէ, լավ էլեկտրամեկուսիչ է։ Օգտագործվում է ստորջրյա մալուխներ, նաև թթվակայուն և սոսնձող նյութեր պատրաստելու համար։ Գուտապերչի կիրառումը նվազում է, այն փոխարինվում է սինթետիկ գուտապերչով (տրանսպոլիիզոպրեն, տրանապոլիքլորոպրեն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 255