Գորիսի շրջան, վարչատարածքային միավոր նախ Խորհրդային Հայաստանում, ապա Հայաստանի Հանրապետությունում։ Ստեղծվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Ուներ 752 կմ² տարածք։ Վարչական կենտրոնը Գորիս քաղաքն էր։

Գորիսի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԳորիս
Խոշորագույն քաղաքԳորիս
Հիմնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր
Տարածք752
(2.52 %)
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Սյունիք

Բնական պայմանները խմբագրել

Գորիսի շրջանը գտնվում է ՀԽՍՀ հարավարևելյան մասում, Զանգեզուրում, Սյունիքի հրաբխային բարձրավանդակի և Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լեռնաբազուկների վրա։ Ռելիեֆը խիստ կտրտված հրաբխային լեռնազանգվածների, սարավանդների, ծալքաբեկորային լանդշաֆտների, անդնդախոր կիրճերի ու ձորերի մի բարդ համակցություն է։ Հյուսիս-արևմուտքում ընկած է վերին պլիոցենի անդեզիտա-բազալտներից, դացիտներից կազմված՝ Իշխանասարի լեռնազանգվածը, որի կատարային մասում են Մեծ Իշխանասար հանգած հրաբուխը՝ շրջանի ամենաբարձր կետը (3548 մետր) և Զագեձորի խարամային կոնը (3232 մ), որոնց լանջերը զառիթափ են, լայն տարածում ունեն քարաբեկորային կուտակումները (չինգիլներ), տիրապետում է սառնամանիքային հողմնահարությունը։ Դեպի հարավ, 1500—2100 մետր բարձրության վրա, գտնվում է վերին պլիոցենի և անթրոպոգենի լավային (բազալտներ, անդեզիտա-բազալտներ) ծածկույթներից և հոսքերից կազմված Եռաբլրի սարավանդը՝ բլրային, ալիքավոր մակերևույթով, տեղ-տեղ հարթ, 40-250 մետր հարաբերական բարձրության խարամային կոներով։ Սարավանդը հարավում կտրվում է Որոտանի կիրճով (600—800 մ), որտեղ և գտնվում է Սատանի կամուրջը։ Գորիսի թեք սարավանդը, որ տարածված է եռաբլուրից արևելք, կազմված է պլիոցենի հրաբխածին-բեկորային նստվածքներից (Գորիսի հաստույթ), ունի ընդհանուր թեքություն դեպի հարավ-արևելք և աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Հագարուի ցածրալեռնային սարավանդի հետ։ Այն մասնատված է Գորիս, Զորաշեն, Խնձորեսկ, Աղսու, Տեղ, Խոզնավար, Խնածախ գետերի՝ 200-300 մետր խորությամբ հովիտներով, ինչպես և ավելի փոքր, ժամանակավոր ջրհոսքերից գոյացած ձորակներով, որոնց զառիթափ լանջերին կան բազմաթիվ բրգաձև ժայռեր, քարայրեր, խոռոչներ են։ Որոտանի աջ ափի ավազանը շրջանի սահմաններում զբաղեցնում են Բարգուշատի լեռնաշղթայի ծալքաբեկորային, էրոզիոն-դենուդացիոն, խորը մասնատված անտառապատ լեռնաբազուկները (Սվարանցի, Կապանի)։ Բարգուշատի ամենաբարձր գագաթը Արամազդն է (3392 մետր)։ Լեռնաշղթան դեպի արևելք աստիճանաբար ցածրանում է մինչև 1500-1400 մոտր, լանջերը զառիթափ են (20°-30° և ավելի), հատկապես հյուսիսահայաց, իսկ դեպի Որոտան գետը իջնող, ջրբաժանային հատվածները հնագույն հարթեցված մակերևույթներ են փոքրաթեք, որոշ տեղերում նույնիսկ տափարակ։

Կլիման խմբագրել

Կլիման բազմազան է, պարզ արտահայտված ուղղաձիգ գոտիականությամբ։ Վարից դեպի վեր միմյանց հաջորդում են մի շարք տիպեր՝ մեղմ ձմեռներով, չափավոր տաքից մինչև դաժան տևական ձմեռներ ունեցող կլիման։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին տատանվում է -2 °C-ից (ցածրադիր վայրերում) մինչև -10 °C (Իշխանասարի գագաթին), իսկ հուլիսին՝ համապատասխանաբար 22 °C-ից մինչև 10 °C։ Տեղումների տարեկան քանակը՝ 500—800 մ/վ, առավելագույնը՝ մայիս, հունիս ամիսներին։ Գորիսի շրջանի տարածքն ունի բարդ լանդշաֆտային կազմ։ Այստեղ իրար հաջորդում են բազմաթիվ ուղղաձիգ բնական գոտիներ՝ չոր տափաստանները, չափավոր խոնավ և խոնավ տափաստաններ, հարավային հատվածում՝ անտառներ և անտառատափաստաններ, իսկ բարձր լեռների լանջերին՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններ։ Տափաստանային լանդշաֆտները ձևավորվել են հրաբխային սարավանդներում՝ մինչև 2200 մետր բարձրությունները։ Տողածածկույթը ներկայացված է կարբոնատային և կրազերծված սևահողերով։ Անտառային և անտառատափաստանային լանդշաֆտները, անտառային դարչնագույն հողերով, հիմնականում հանդիպում են Բարգուշատի լետնաշղթայի հյուսիսային լանջերին և Որոտանի հովտում։ Աննշան քանակությամբ անտառաբծեր պահպանվել են նաև Գորիս գետի միջին հոսանքում։ Չոր նոսր անտառուտներ՝ ցաքի, հոնի, մոշի թփուտներով և ընկուզենու ծառուտներով, հանդիպում են Տեղի սարավանդն ակոսող ձորակահովտային տեղամասերում։ Ենթալպյան մարգագետինները տարածված են հրաբխային հատվածում մինչև 2900 մետր բարձրությունները, իսկ Բարգուշատի լանջերին՝ մինչև 2800 մետր, որից բարձր ալպյան մարգագետիններ են։

Գետային ցանցը խմբագրել

Գետային ցանցը հիմնականում պատկանում է Որոտանի ավազանին, միայն Գորիսի սարավանդի մի քանի գետեր՝ Հագարուի ավազանին։ Շրջանի գլխավոր գետը Որոտանն է, որի վրա կառուցված ՀԷԿ-երը և ոռոգիչ համակարգը մեծ ազդեցություն են գործել նրա տնտեսության վրա։ Գլխավոր վտակներից են Գորիս և Տաթև գետերը։ Գորիսի շրջանը հարուստ է սառնորակ, քաղցրահամ ջրերով։ Ամենահորդ աղբյուրի՝ Ակների ջուրն օգտագործում է Գորիս քաղաքը։ Կան հանքային աղբյուրներ՝ «թթու ջրեր» (Տաթև, Քարաշեն, Գորիս), առավել հայտնին Սատանի կամրջի հանքային ջուրն է․ որը դեռ հնուց օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Լճերից ամենամեծը Սև լիճն է։ Անտառներում գերակշռում են բոխին, կաղնին, կան նաև թխկի, վայրի կեռաս, ալոճենի, սզնի, զկռենի, մասուրի թփեր։ Աճում է խնձոր, տանձ, կեռաս, թութ, բալ, սալոր, ընկույզ, խաղող, ցածրադիր գետահովիտներում՝ նուռ և թուզ։ Տարածված են վարդն ու հասմիկը։ Օգտակար հանածոներից արդյունաբերական նշանակություն ունեն Սվարանցի երկաթը, Գորիսի անդեզիտա-բազալտները, Եռաբլուրի խարամները։

Բնակավայրեր խմբագրել

Գորիսի շրջանի վարչական կենտրոնն էր Գորիս քաղաքը։ Ուներ 25 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմական ակնարկ խմբագրել

Գորիսի շրջանի ներկայիս տարածքը, որ գրեթե համընկնում է միջնադարյան Հաբանդին, ապա՝ Բուն Զանգեզուրին, բնակեցված է եղել տակավին անհիշելի ժամանակներից, գոյության համար բարիքներով հարուստ, մեղմ կլիմայով գետահովիտներն ու լեռնահովիտները մարդուն գրավել են դեռևս 4-5 հազարամյակ առաջ։ Հետագայում, երբ ձևավորվեց հայկական պետականությունը, Գորիսի շրջանի տարածքը կազմում էր Հայկական բարձրավանդակի արևելյան կողմում սփռված մի ընդարձակ աշխարհի՝ Սյունիքի բաղկացուցիչ մասը։ Մարզպանության, այնուհետև արաբական տիրապետության շրջանում նա համառորեն մաքառել է՝ պահպանելով ազգային լեզուն և մշակույթը։ Իսկ երբ 10-րդ դարում ստեղծվեց Բագրատունյաց թագավորությունը և Սյունյաց իշխանությունը մտավ նրա քաղաքականության ոլորտը, Բուն Զանգեզուրի մի շարք բնակելի կենտրոններ ձեռք բերեցին կարևոր դիրք։ 896-906 թվականներին կառուցվեց Տաթևի վանքը։ 10-11-րդ դարերում բարձրացան Բղենո-Նորավանքը, Շնհերի վանքը։ Տնտեսական ու մշակութային վերելքին մեծ հարված հասցրին սելջուկները, որոնք Զանգեզուր ներխուժեցին 11-րդ դարում 70-ական թվականներին։ 12-րդ դարում Զանգեգուրում ապաստան գտավ միջտոհմական պայքարում պարտված՝ իշխանական Օրբելյան տոհմը, որը ձուլվելով տեղական իշխանական տներին՝ ստանձնեց ղեկավար դեր։ Սյունիքի իշխաններին՝ Օրբելյաններին ու Պռոշյաններին, Զաքարյանների օգնությամբ հաջողվեց երկրամասը ազատել սելջուկներից և հաստատել իրենց իշխանությունը։ 13-14-րդ դարերում տեղի ունեցան նոր ասպատակություններ, հեռավոր մոնղոլա-թուրքեստանյան տափաստաննրից արշավելով՝ երկիր ներխուժեցին վաչկատուն, ընչաքաղց մոնղոլական, թուրք-թաթարական հորդաները, որոնք Սյունիքի բնակչության մի զգալի մասին ստիպեցին լքել հարթավայրերը, ապաստանել լեռնային հովիտների դժվարամատույց բարձունքներում։ Սակայն նույնիսկ Լենկթեմուրը անզոր գտնվեց բնաջնջելու հազարամյակներ ի վեր լեռնաշխարհին ապավինած հայությանը։ Սիսականում–Զանգեգուրում պահպանվեցին հայ իշխանական տները և եկեղեցական համայնքները, իսկ 1345 թվականին, Գլաձորի համալսարանի հիման վրա ստեղծվեց Տաթևի համալսարանը։ 1639 թվականին օսմանյան Թուրքիայի և շահական Պարսկաստանի միջև կնքված պայմանագրով Սյունիքը, որի կազմում և Բուն Զանգեզուրը, անցավ Պարսկաստանին։ Բուն Զանգեգուրը մեծ ներդրում կատարեց հայ ժողովրդի ազատագրական շարժման մեջ, որը 18-րդ դարի 20-ական թվականներին ծավալվեց Սյունիքում Դավիթ Բեկի գլխավորությամբ։ Դավիթ Բեկի գործը շարունակեց Մխիթար Սպարապետը։ Ապստամբության ձախողումից հետո պարսիկ և օսմանցի բռնակալներն ավելի ուժեղացրին կեղեքումը՝ հայերին մեղադրելով, որ նրանք հրավիրել են ռուսներին, զինված հրոսակները հարձակվում էին գյուղերի վրա, սպանում, ոչնչացնում մարդկանց, թալանում, հողին հավասարեցնում տները։ Բնիկ բնակչությանը բնաջնջելու այս քաղաքականության հետևանքով շրջանը որոշ չափով նոսրացավ, առանձին վայրերում գերակշռություն ձեռք բերեց օտարամուտ տարրը։ Սակայն, ընդհանուր առմամբ, բնիկները կրկին դիմացան ահեղ արհավիրքին։ Պարսկաստանի տիրապետության շրջանում Գորսիս շրջանի այժմյան տարածքը կազմում էր Տաթևի մահալը։ 1805 թվականին Զանգեզուրի կազմում ժայռաբուրգերն անցավ Ռուսաստանին։ Պատմական այդ ակտը ամրապնդվեց Գյուլիստանի պայմանագրով (1813)։ 1823 թվականին կազմվեց Ղարաբաղի պրովինցիան և Զանգեզուրը մտավ նրա կազմի մեջ։ Տաթևի մահալի գյուղերն էին՝ Շինուհայր (Շնհեր), Խոտ, Հալիձոր, Լոր, Տանձատափ, Գորիս, Կյորու, Խնձորեսկ, Ալիղուլիշեն, Կոռնիձոր, Երիշեն (Գեդիշա), Տեղ, Խնածախ, Ղզըլ-Ղըլաչի։ Բոլորը միասին ունեին 2685 ծուխ։ Մահալի մելիքը մինբաշի (հազարապետ) Քարափոր բնակարան Պողոսն էր՝ Օրբելյանների տոհմից, նստավայրը՝ Տաթևը։ 1841 թվականին մահալի տարածքում կազմվեց Գորիսի գավառամասը, որի կենտրոնը դարձավ Գորիս գյուղը։ Մահալական մելիքությունը պահպանվեց մինչև 1868 թվականի վարչական բաժանումը, երբ ստեղծվեց Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը, որի կազմի մեջ մտավ Գորիսի գավառամասը։ 1870 թվականին հիմնադրվեց Գորիս քաղաքը՝ Զանգեզուրի գավառի կենտրոնը։ Ռուսաստանին միանալը առաջադիմական մեծ նշանակություն ունեցավ, ստեղծվեցին զարգացման բարենպաստ պայմաններ։ Մինչ այդ Գորիսի շրջանում տնտեսության մեջ տիրապետողը բնատնտեսությունն է գյուղացիները վճարում էին բազմատեսակ հարկեր։ Ռուսաստանին անցնելուց հետո դրանց մի մասը վերացվեց, մյուս մասն էլ ընդունեց համեմատաբար պարզ ու որոշակի ձև։ Որոշ հստակություն մտցվեց հողատիրության ու հողօգտագործման պայմաններում։ 1846 թվականի դեկտեմբերի 6-ի օրենքով խաների, բեկերի, աղալարների հետ միասին մելիքների սեփականություն համարվեցին բոլոր այն հողերը, որ նրանք տիրում էին Ռուսաստանին անցնելու միջոցին։ Գյուղացին մնաց իր բնակության վայրում՝ ստանձնելով, սակայն, որոշակի պարտականություններ հողատիրոջ նկատմամբ, փաստորեն մնալով կախվածության մեջ։ Հողատերերը Հաճախ ձգտում էին զավթել նաև համայնական հողերը, գյուղացիներից դրանց համար տուրքեր պահանջելով։ Կալվածատերերի դեմ 1849 թվականին ընդվզեցին Տեղ գյուղի բնակիչները, որոնց ելույթը Շուշիի գավառապետը որակեց որպես «ապստամբություն իրենց աղայի դեմ»։ 1860-ական թվականներին գյուղացիական ռեֆորմներից հետո էլ Զանգեգուրում պահպանվեցին հողատիրոջ նկատմամբ հողազուրկ գյուղացու պարտականությունները միայն այն տարբերությամբ, որ այնուհետև դրանց հսկողության իրավունքը հողատերերից անցավ տանուտերերին ու դատարանին, ապա և զասեդատելներին։ Շրջանում հաստատվեցին հողատիրության հետևյալ ձևերը՝ պետական (արքունական), մասնավոր, համայնական, վանքապատկան։ Դրանք հիմնական գծերով պահպանվեցին ամբողջ նախահեղափոխական շրջանում։ 19-րդ դարում, հատկապես դարավերջի երկու տասնամյակում, տնտեսության մեջ որոշակի տեղաշարժ կատարվեց։ Դրան մեծապես նպաստեց Եվլախ–Շուշի–Գորիս–Նախիջևան խճուղին, որը հեռավոր Զանգեզուրը կապեց Թիֆլիս (Թբիլիսի)–Բաքու երկաթգծի հետ՝ խթանելով ապրանքափոխանակությանը։ Ուժեղացավ գյուղի շերտավորումը։ Նահապետական կյանքով ապրող բազմանդամ (երբեմն նույնիսկ 50 և ավելի մարդ) ընտանիքների քայքայմամբ ավելի սրվեց հողազրկությունը, առաջացավ գործազրկություն։ Արտագնացությունը գավառից ընդունեց չտեսնված չափեր։ Հաց վաստակելու հույսով մարդիկ աստանդական կյանք էին վարում նրա սահմաններից շատ հեռու, հասնում Բաքու և Գրոզնի, Թիֆլիս և Բաթում, միջինասիական քաղաքները։ Սերտ կապը արդյունաբերական կենտրոնների, ամենից առաջ պրոլետարական Բաքվի հետ կարևոր նշանակություն ունեցավ Զանգեգուրում, այդ թվում և Գորիսի շրջանում, հեղափոխական շարժման ծավալման համար։ Գորիսի շրջանի աշխատավորության ներկայացուցիչները մարտնչել են հանուն սոցիալիստական հեղափոխության հաղթանակի Բաքվում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Գրոզնիում, Աշխաբադում և այլուր, ակտիվորեն մասնակցել Բաքվի կոմունայի պաշտպանությանը։ 1918 թվականին Գորիսի շրջանում հեղափոխական ազատագրական շարժման մեջ խոշոր դեր խաղացին զանգեզուրցի այն կոմունիստները, որոնք շրջան վերադարձան հեղափոխական կենտրոններից։ Ա․ Ղարագյոզյանի ղեկավարությամբ Գորիսում ստեղծվեց ընդհատակյա գավկոմ։ 1919 թվականի ապրիլին Խնձորեսկում ձևավորվեց շրջանի առաջին սկզբնական կոմունիստական կուսակցական կազմակերպությունը։ Բջիջներ ստեղծվեցին Քարահունջում, Շինուհայրում, Ալիղուլիշենում, Տեղում, Խոտում, Տալիձորում, Տաթևում, Կոռնիձորում, մյուս գյուղերում։ 1918-1919 թվականներին շրջանի աշխատավորները հաջողությամբ կռվում էին թուրք, հրոսակների դեմ, որոնք ձգտում էին զավթել Ղարաբաղից՝ Զանգեզուրի ու Նախիջևանի վրայով դեպի Թուրքիա տանող ճանապարհը։ Նրանք աշխարհազորի առաջին շարքերում էին (1918), երբ գլխովին ջախջախված թուրք, զորքերը դեն նետվեցին Զանգեզուրի սահմաններից։ Դաշնակցական տիրապետության դեմ պայքարը ուժգին թափ ստացավ հատկապես 1920 թվականի գարնանը, երբ 11-րդ կարմիր բանակը մտավ Անդրկովկաս և խորհրդային կարգեր հաստատվեցին Ադրբեջանում։ Գորիսի շրջանը Հայաստանում Մայիսյան ապստամբության կարևոր վայրերից էր։ 1920 թվականի հունիսի վերջերին Զանգեզուր մտավ 11-րդ կարմիր բանակի ջոկատը, որի օգնությամբ աշխատավորները հուլիսի 5-ին Գորիսում տապալեցին դաշնակցականների իշխանությունը և հաստատեցին սովետական կարգեր։ Հակոբ Կամարու (Բեժանյան) ղեկավարությամբ ստեղծվեց հեղափոխական կառավարություն, որի մեջ մտան Մ․ Մկրտչյանը, Ք․ Մկրտչյանը, Մ․ Մաշուրյանը և ուրիշներ։ Հեղկոմի գործունեությունն ընթանում էր ներքին ու արտաքին՝ դժվար պայմաններում։ Դաշնակցականներին հաջողվեց վերահաստատվել Գորիսում, ստեղծել Լեռնային Հայաստանի կառավարությունը, որը նպատակ ուներ օտարերկրյա ինտերվենտների աջակցությամբ արգելակել սովետական իշխանության հաղթանակը Զանգեզուրում։ 1921 թվականի հունիսի վերջերին խորհրդային զորքերի երկու խմբավորում՝ Երևանյան և Ղարաբաղ-զանգեզուրյան, հյուսիս-արմ․ և արլ․ ուղղություններից հարձակման անցան՝ ազատագրելու Զանգեզուրը։ Հուլիսի 2-ին նրանք արդեն Գորիսում էին, 4-ին՝ Տաթևում։ Քաղաքացիական կռիվներից հետո Գորիսի գավառի աշխատավորության անելիքները իրենց արտացոլումը գտան 1922 թվականի հունվարին Կոմկուսի գավառային կազմակերպության 1-ին կոնֆերանսում։ Հարկավոր էր վերացնել սովը, ստեղծել հացի և մթերքների պաշարներ, ապահովել դրանց ճիշտ բաշխումը։ Սովետական պետությունը գյուղացիներին հատկացրեց հացահատիկի սերմացու, գյուղ-գործիքներ։ հետզհետե հաղթահարվեցին տնտեսության վերականգնման դժվարությունները, ավելացան ցանքատարածությունները, բարձրացավ բերքատվությունը։ 1924 թվականին Գորիս գյուղում Ակսել Բակունցը կազմակերպեց գյուղատնտեսական արտել, որը ձեռնամուխ եղավ բարելավելու անասունների տեղական ցեղը։ 1925 թվականին գավառի տնտեսական հիմնական ցուցանիշներով գերազանցեց նախապատերազմյան մակարդակը, պայմաններ ստեղծվեցին գյուղատնտեսության զարգացման համար։ 1928—1929 թվականներին կոլտնտեսային շարժումը տարածվեց շրջանում։ 1931 թվականի ապրիլի 27-ին ուժեղ երկրաշարժը մեծ վնասներ հասցրեց շրջանի գյուղերին։ Բայց պետության օգնության շնորհիվ հնարավոր եղավ դրանք արագորեն վերականգնել։ 1934 թվականին կոլտնտեսություններին էր պատկանում հացահատիկային կուլտուրաների ցանքատարածության 9%-ը։ 1935 թվականին կազմակերպվեց Գորիսի ՄՏԿ-ն, ապա՝ Շինուհայրինը։ 1925 թվականի համեմատությամբ 1940 թվականին ցանքատարածությունները գրեթե կրկնապատկվեցին, զարգանում էր անասնապահությունը։ Նախապատերազմյան շրջանում որոշ աշխատանք կատարվեց արդյունաբերություն ստեղծելու ուղղությամբ․ գործարկվեցին աղյուսի գործարանը (1931) և Բայանդուրի (այժմ՝ Վանատուր) պանրագործարանը։

1941-1945 թվականներիի Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գորիսի շրջանից ռազմաճակատ է մեկնել 4330 մարդ։ Նրանցից 2559-ը զոհվել է պատերազմում, 2500-ը պարգևատրվել ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։ Գորիսի շրջանից են խորհրդային բանակի մի շարք անվանի հրամանատարներ և քաղաշխատողներ, այդ թվում՝ գեներալ-լեյտենանտ Բ․ Առուշանյանը, գեներալ-մայոր Ս․ Կարապետյանը, պետական մրցանակի քառակի դափնեկիր գեներալ-մայոր Կ․ Յոլյանը, գեներալ-մայոր Մ․ Մինասյանը, դիվիզիայի հրամանատար, գնդապետ Ն․ Բալոյանը, դիվիզիայի կոմիսար Գ․ Սաֆրազբեկյանը և ուրիշներ։ Մարտական արիության և խիզախության համար Խորհրդային Միության հերոսի կոչման են արժանացել տանկային բրիգադի հրամանատար, գնդապետ Գ․ Գալստյանը, լեյտենանտ Գ․ Արզումանյանը, սերժանտներ Ս․ Առաքելյանը և Ա․ Սարգսյանը։ Պատերազմի տարիներին շրջանի աշխատավորները մեծ ներդրում կատարեցին թիկունքն ամրապնդելու մեջ։ Նրանք հավերժացրել են Հայրենական պատերազմում զոհված հայրենակիցների հիշատակը հուշարձան-կոթողներով՝ Գորիս քաղաքում և շրջանի գյուղերում։

Ետպատերազմյան շրջանում մեծ աշխատանք է կատարվել գյուղատնտեսության աշխատատար պրոցեսների մեքենայացման, ջրովի հողատարածությունների ավելացման, արոտավայրերի ջրարբիացման, բերքատվության ու մթերատվության բարձրացման համար։ 1940 թվականի 28 կոլտնտեսությունների փոխարեն 1975 թվականին կար 7 սովետական տնտեսություն՝ Վերիշենի, Հարթաշենի, Ավանգարդի, Շինուհայրի, Տարժիսի, Տաթևի, Սվարանցի, և 12 կոլտնտեսություն՝ Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի, Արևիսի, Տեղի, Կոռնիձորի, Քարաշենի, Խնձորեսկի, Քարահունջի, Բարձրավանի, Աղբուլաղի, Ղուրդուղուլաղի։ Ջրովի հողերը ընդլայնվել են ավելի քան 6 հազար կմ-ով։ Տիմնովին փոխվել է գյուղերի տեսքը։ Մինչև 1950-1960-ական թվականներին նրանց մեծ մասը տեղավորված էր խոր ձորերում, բնակարանները ճնշող մեծամասնությամբ քարատակներ էին՝ փորված ժայռերի մեջ։ 10-15 տարում Խնձորեսկը, Շինուհայրը, Հալիձորը, Խոտը, Քարաշենը, Տեղը, Կոռնիձորը դուրս են եկել ձորերից, հարթա–վայրերում բարձրացել են նոր գյուղերը, կառուցապատվել մեկ-երկու հարկանի տներով, հասարակական ու արտադրական շենքերով, կանաչապատվել այգիներով ու պարտեզներով։ Վերափոխվել են նաև Տաթևը, Քարահունջը, Վերիշենը, Սվարանցը, Բարձրավանը և մյուս գյուղերը, որոնք մնացել են իրենց տեղերում։ Երեք գյուղեր՝ Այգեձոր (Մաղանջուղ), Զորաշեն (Կյորու) և Ազատաշեն (Ալիղուլիշեն), միավորվել են մի գյուղում՝ Հարթաշենում։ Իսկ Առաջաձորը՝ շրջանի ամենահեռավոր գյուղը, միացվել է Ղափանի՝ Նորաշենիկի սովետական տնտեսությանը։ Գորիսի շրջանի գյուղերը Հայաստանում առաջիններից էին, որ էլեկտրիֆիկացվեցին։ Դեռևս 1931 թվականին էլեկտրական լույս ստացան Քարահունջը, Բռունը և Վերիշենը, հաջորդ տարում՝ Ազատաշենը, Զորաշենը, Խնձորեսկը, շուտով նաև՝ Տեղը, Կոռնիձորը, Քարաշենը, Արևիսը։ Այժմ էլեկտրաէներգիան օգտագործվում է ոչ միայն կենցաղում, այլև արտադրության մեջ։ Գորիսի շրջանի բնակչությունը 1975 թվականին, առանց Գորիս քաղաքի, 20450 մարդ էր։ Վերջին տասնամյակներին Գորիսի շրջանից հարյուրավոր ընտանիքներ վերաբնակվել են մյուս վայրերում, հատկապես՝ Երևանում։ 1975 թվականին Գորիսի շրջանում կար 92 սկզբնական կոմունիստական կուսակցական կազմակերպություն՝ 2150 կոմունիստներով։ 1922-1975 թվականներին տեղի է ունեցել շրջանային կուսկազմակերպության 31 կոնֆերանս։ Առաջին կոմունիստական երիտասարդական կազմակերպությունը ստեղծվել է 1922 թվականին։ 1975 թվականին կար 99 սկզբնական կագմակերպություն՝ 6815 կոմերիտականներով։

Պատմամշակութային կոթողներ խմբագրել

Գորիսի շրջանը հարուստ է հուշարձաններով։ Պատմամշակութային և ազգագրական կարևոր նշանակություն ունեն հարթավայր տեղափոխված բնակավայրերի հին գյուղատեղերը քարանձավներով ու քարատակներով հանդերձ։ Քարայր-բնակարաններ կան Գորիսում, Խնձորեսկում, Կոռնիձորում, Խոտում, Շինուհայրում, այլ գյուղերում։ Միջնադարյան հուշարձաններից են Տաթնի վանքը, Բղենո-Նորավանքը (1062), Հալիձորի Տարանց, Շինուհայրի Կուսանաց անապատները, Տեղի Ս․ Գևորգ եկեղեցին, Խնձորեսկի անապատը, Մխիթար Սպարապետի գերեզմանով։

Տնտեսություն խմբագրել

Գորիսի շրջանի տարածքը կազմում է 74657 հա, որից գյուղատնտեսության համար պիտանի հողերը՝ 52187 հա։ Վարելահողերը 1975 թվականին զբաղեցնում էին 17․211 հա, խոտհարքները՝ 2614, արոտները՝ 31․000, բազմամյա տնկարկները՝ 825 հա։ Ջրովի տարածությունները 2632 հա էին, խոպան հողերը՝ 144 հա։ Ցանքատարածությունները կազմում էին․ հացահատիկ՝ 8830, բանջարեղեն՝ 200, ծխախոտ՝ 165, կերաբույսեր՝ 6140 հա, այգիները՝ 760 հա։ Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է սակայն գլխավոր ուղղությունը անասնապահությունն է, ընդ որում՝ խոշոր եղջերավոր անասնապահությունը։ 1976 թվականին կար 23950 խոշոր եղջերավոր անասուն, որից կովեր՝ 9650։ Շրջանում բուծվող կովերի նախկին կովկասյան ցեղը բարելավվել է Շվից ցեղով։ Ներկայումս սելեկցիոն աշխատանք է տարվում խառնածին ցեղի լավագույն հատկանիշների ամրապնդման և կատարելագործման նպատակով։ Կար 93870 ոչխար։ Նախկինում բուծվող ոչխարի դարաբաղյան կոպտաբուրդ ցեղը տրամախաչվել է նրբագեղմ, իսկ վերջին տարիներս՝ Հյուսիս-կովկասյան կիսանրբագեղմ ցեղերով։ Ցանքատարածությունները մեծ զանգվածներ են զբաղեցնում Եռաբլուրի, Խնձորեսկի և Տեղ-Կոռնիձորի հարթավայրերում։ Օգտագործվում են նաև լեռների արևելյան լանջերում ստեղծված դարավանդները։ Բնորոշ է, հատկապես հարթավայրերում, դաշտային աշխատանքների մեքենայացման բարձր աստիճանը։ 1976 թվականին շրջանի տնտեսություններն ունեին 296 տրակտոր, 52 հացահատիկային կոմբայն, 695 բեռնատար ավտոմեքենա, հարյուրավոր խոտահավաքիչ-մամլիչներ, սիլոսի կոմբայններ, կարտոֆիլացան և կարտոֆիլահավաք մեքենաներ։ Լայնորեն օգտագործվում են օրգանական և հանքային պարարտանյութերը, բույսերի վնասատուների դեմ քիմիական միջոցները։ Հացահատիկային ցանքատարածություններում արմատավորվել է բարձր բերքատու հայրենական սորտը։ Այգիները մինչև վերջերս տարածված էին սոսկ գետերի ու գետակների հովիտներում։ Խնձորեսկում, Գորիս գյուղում, Քարահունջում, Շինուհայրում, Տաթևում, այլ գյուղերում դարեր առաջ կառուցվել են ջրանցքներ, որոնք սկիզբ առնելով ձորի բարձրադիր մասից, գետի նկատմամբ սուր անկյունով անցնում են լեռների լանջերով, երբեմն այնտեղ փորված թունելներով, դուրս գալիս ձորի վրա 200–300 մետր բարձրությամբ կախված դարավանդները, որտեղ այգի է գցված։ Որոտանի ոռոգիչ համակարգի կառուցմամբ հնարավոր եղավ այգի դարձնել Տեղի սարավանդից զգալի տարածություններ։ Քարահունջի և Խնձորեսկի լեռնալանջերի որոշ մասերում ստեղծվում են ընկույզի պլանտացիաներ։ Գյուղատնտեսության հետագա մասնագիտացմամբ առանձին գյուղերում որոշակի տեղ են գրավում ծխախոտագործությունը, շերամապահությունը, մեղվաբուծությունը։ Գորիսի արդյունաբերական ձեռնարկությունները մասնաճյուղեր են ստեղծել որոշ գյուղերում (Շինուհայր, Տեղ, Կոռնիձոր, Տարժիս, Որոտան)։ Գորիսի շրջանի խճուղիներով կապված է Հայկական ԽՍՀ մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Ղափանի և Ստեփանակերտի հետ։ Վերակառուցվում, ասֆալտապատվում են Գորիս քաղաքից դեպի գյուղերը տանող ճանապարհները։ Շրջկենտրոնի և գյուղերի միջև հաստատվել է ավտոբուսային երթևեկություն։ Գորիսի շրջանը օդային կապ ունի Երևանի, Ջերմուկի, Սիսիանի, Ղափանի, Ստեփանակերտի հետ։

Առողջապահությունը խմբագրել

Նախահեղափոխական Գորիսի շրջանում տարածված էին մալարիան, թոքախտը, ծաղիկը, տիֆը, տրախոման, այլ հիվանդություններ։ Պարբերաբար բռնկում էին համաճարակներ։ Իսպառ բացակայում էր բժշկական սպասարկումը, բուժմամբ զբաղվում էին գրեթե միայն արհեստավորի ժառանգական մենաշնորհով օժտված հեքիմները, որոնք երբեմն իրենց հետ գերեզման էին տանում ժողովրդական բժշկության գաղտնիքները։ 1920 թվականին շրջանում միակ բժշկական հիմնարկը Գորիսի հիվանդանոցն էր՝ 25 մահճակալով։ Խորհրդային իշխանության տարիներին ստեղծվել է ժամանակակից բժշկական հիմնարկների ցանց, վերացել են երբեմնի տարածված հիվանդությունները, բնակչության բուժսպասարկումը, հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումները դարձել են պետական գործ։ 1976 թվականին Գորիսի շրջանն ուներ 32 բժշկական հիմնարկ՝ 618 բուժաշխատողներով։ Բուժսպասարկումն ընդգրկել է նաև գյուղը, որտեղ գործում է 7 հիվանդանոցային հիմնարկ, բուժմանկաբարձական 22 կետ, գյուղական 3 ծննդատուն, 14 մսուրմանկապարտեզ, 3 դեղատուն։ Հիվանդանոցներ կան Շինուհայրում, Խնածախամ, Տեղում, Տաթևում։ Ընդհանուր առմամբ նրանք ունեն 370 մահճակալ։

Մշակույթը խմբագրել

 
Քարանձավային թատրոն

Միջնադարում՝ Տաթևի համալսարանի գործունեության շրջանում սկսված մշակույթի վերելքն օտարերկրյա զավթիչների կողմից խափանվելուց հետո, Գորիսի շրջանի ներկայիս տարածքում երկար ժամանակ դպրոցներ չեն եղել։ Գրաճանաչություն էին սովորում վանքերում և անապատներում։ Առաջին դպրոցները բացվել են 19-րդ դարի վերջին քառորդում՝ Գորիսում, Խնձորեսկում, Տաթևում, Տեղում։ Ըստ «Խոսք» թերթի տվյալների, 1914 թվականին գրագետ էր բնակչության միայն։ Շրջանի միակ մշակութային օջախը Գորիս քաղաքի գրադարանն էր։ Սովետական իշխանության առաջին իսկ տարում բացվեց 6 նոր դպրոցներ 1923 թվականին արդեն գործում էր 16 դպրոց (34 ուսուցիչ)։ Գորիսում կազմակերպվեցին ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Կուլտուրական հեղափոխության տարիներին վերացվեց բնակչության անգրագիտությունը, ծավալվեց պարտադիր ուսուցումը, դպրոցական կրթության ցանցն ընդգրկեց գյուղը, բացվեցին միջնակարգ դպրոցներ, ստեղծվեցին միջնակարգ մասնագիտական, իսկ Գորիսում՝ նաև բարձրագույն կրթության օջախ։ 1975—1976 ուսումնական տարում շրջանն ուներ 31 դպրոց, այդ թվում միջնակարգ՝ 20։ Մասսայական դպրոցներում սովորում էր 9092 սան, աշխատում 681 ուսուցիչ։ Գործում էր 30 ակումբային հիմնարկ, 68 գրադարան (գրքային ֆոնդը՝ 405000), ժողովրդական թատրոն (1956-ից)։ 1976-ին ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերում աշխատում էր միջնակարգ մասնագիտական կրթությամբ 495, բարձրագույն կրթությամբ 920 մասնագետ, այդ թվում՝ գյուղատնտես՝ 102, ինժեներ՝ 175։ Լույս է տեսնում ՏԿԿ Գորիսի շրջկոմի ն Աշխատավորների դեպուտատների Գորիսի շրջսովետի օրգան <Զանգեզուր> թերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 169