«Գիքորը», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից։ Պատմվածքը Հայֆիլմում էկրանավորվել է երկու անգամ՝ 1934 և 1982 թվականներին։

Գիքորը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանԳիքորը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիքոր (այլ կիրառումներ)

Սյուժե խմբագրել

Համբոն տղային՝ Գիքորին, տանում է քաղաք, որ աշխատի, «մարդ դառնա»՝ հույս ունենալով, որ որդին հնարավորինս կօգնի ընտանիքին։ Գիքորը սկզբում աշխատում է բազազ Արտեմի տանը, սակայն մի շարք անախորժություններից հետո նրան տանում են աշխատելու խանութում։ Օտար միջավայրում միայնակ մնացած գյուղացի տղան չի կարողանում անհրաժեշտ պատշաճությամբ կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի պատճառով բազմիցս պատժվում է։ Նրան տանջում է նաև հայրենի գյուղի ու ընտանիքի կարոտը։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին «Հասկեր» մանկական ամսագրում (№ 2-ում, էջ 81-88, № 3, էջ 122-129), նույն թվականին լույս է տեսել առանձին պատկերազարդ հրատարակությամբ, արտատպված «Հասկերից», իսկ ամսագրի 1908 թվականի բաժանորդագրության հայտարարության մեջ տպագրված է պատմվածքի համառոտ բովանդակությունը։ Այնուհետև, զգալի փոփոխություններով տպագրվել է «Լուսաբեր» դասագրքում (IV, 1909, էջ 87-93), նույն թվականին դարձյալ առանձին գրքով՝ Ռոտտերի նկարազարդումներով, ապա՝ «Լուսաբերում» (IV, 1913, էջ 83-89, IV, 1914, Կ. Պոլիս, «Գրիգորը» վերնագրով, էջ 85-91, այնուհետև՝ «Լուսաբեր» IV, 1919, էջ 83–89, «Լուսաբեր» III, 1920, էջ 33-89), Թումանյանի Երկերի ժողովածուի (գիտական հրատարակություն 6 հատորով, Երևան, 1940—1959) երրորդ հատորում (էջ 25-49)։

1916 թվականին պատմվածքը թարգմանվել է ռուսերեն[1]։ Ադրբեջաներեն վերաշարադրել է Ա. Շարիֆը, այն լույս է տեսել Թիֆլիսում 1920 թվականին։

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության թվականը ստույգ հայտնի չէ, սակայն բանասիրության մեջ ընդունված է պատմվածքի գրելու հավանական տարին համարել 1895 թվականը, թեև այն առաջին անգամ լույս է տեսել 1907 թվականին։ Այդ թվականին գրված լինելու հիմքը Թումանյանի՝ Փիլիպոս Վարդազարյանին հասցեագրած 1908 թվականի հունվարի 22–ի նամակն է, որտեղ կարդում ենք. «Լուսաբերն» ու «Գիքորը» («Գիքորը», թե հիշում ես երկրորդ «Հորիզոնի» համար էի գրել) և մի քանի մանր–մունր բաներ մի անգամ ուզեցի ղրկեմ, բայց փոստն էնքան լիքն էին, որ ետ եկա, էն է ինչ մնաց ու մնաց»։ Այս տողերից երևում է, որ Թումանյանը Փ. Վարդազարյանին ցանկացել է փոստով ուղարկել արդեն մեկ տարի առաջ լույս տեսած պատմվածքը, որ գրված է եղել ավելի վաղ՝ իրենց հրատարակած «Հորիզոն» գրական հանդեսի երկրորդ գրքի համար (առաջին գիրքը լույս է տեսել 1894 թվականի նոյեմբերին, իսկ երկրորդը չի հրատարակվել, որով և «Գիքորը» մնացել է անտիպ)։

Նվարդ Թումանյանը նույնպես հաստատում է, որ պատմվածքը Թումանյանը գրել է 1895 թվականին և կարդացել է Շիրվանզադեի մոտ։

Սակայն, եթե Թումանյանը պատմվածքը գրել է այդ թվականին, ապա 1907 թվականին տպագրելուց առաջ այն հիմնովին ենթարկվել է գեղարվեստական լուրջ վերամշակման և կրում է «Հասուն Թումանյանի» տաղանդի կնիքը։

Առանձին գրքով հրատարակելու նպատակով 1896 թվականի մայիսի 29–ին Փիլիպոս Վարդազարյանը այն ներկայացնում է գրաքննության։ Մամուլի գործերի՝ Թիֆլիսի կոմիտեի գրանցման մատյանի 26–րդ համարում գրված է. «Григорий, из жизни приказчиков темных рядов Тифлиса. Сочинение Оганеса Туманяна»։ Հունիսի 3-ին կոմիտեն թույլատրել է պատմվածքի տպագրությունը, իսկ հունիսի 7-ին ձեռագիրը վերադարձվել է հեղինակին, որի համար նա դրել է իր ստորագրությունը։ Պատմվածքը գրաքննության կողմից արգելքի չի հանդիպել, սակայն նույն թվականին լույս չտեսնելու պատճառը, հավանաբար, Փ. Վարդազարյանին ուղղված՝ Արշ. Բարխուդարյանի 1895 թվականի հուլիսի 3-ի նամակն Է (ԳԱԹ Թֆ, № 1705), որտեղ նամակագիրը պատմվածքի նյութը մեր գրականության համար նորություն չի համարում և համեմատելով Րաֆֆու «Ոսկի աքաղաղի» ու Շիրվանզադեի «Գործակատարի հիշատակարանից» վիպակների հետ, տեսնում է «բովանդակության նույնություն»։ Նա գրել է. «Գիքորի» տրագիկական վերջավորությանը, Գիքորի մահը անկարելի ոչինչ չէ ներկայացնում, միայն ինձ թվում է, որ ավելի ռեալական հողի վրա են կանգնած Րաֆֆին ու Շիրվանզադեն, ներկայացնելով այդ կյանքը դժար ու չարքաշ, բայց, այնուամենայնիվ, ոչ այդ աստիճանի տրագիկական... Չեմ հերքում, որ նյութի նույնության, և մեր կյանքի ընդհանուր երևույթների պատճառով Երևանի ու Թիֆլիսի տան ծառայի կյանքի մեջ որոշ ընդհանուր գծեր պետք է լինեն, բայց, բացի ընդհանուր գծերից, Թիֆլիսի կյանքից գրողը պետք է ներկայացնի և տեղական առանձնահատկություններ, որից հետո միայն գրվածը որոշ տեղ է բռնում եղածների շարքում»։ Թերևս, ընկերոջ դիտողությունները, հատկապես, «տեղական առանձնահատկությունները» ներկայացնելու պահանջը հաշվի առնելով և, հավանաբար, ցանկանալով երկն ընդհանրապես վերամշակել, հեղինակը հետաձգել է պատմվածքի տպագրությունը։

1912 թվականին տեղի ունեցած մի զրույցի ժամանակ Թումանյանը հաստատել է, որ պատմվածքի հիմքում ընկած է իրական դեպք՝ ազգականներից մեկի երեխայի (Ստեփան անունով) հիվանդանալու և վախճանվելու պատմությունը։

Պատմվածքը գրելիս բանաստեղծը, հավանաբար, վերապրել է իր համանման վիճակը «բազազ աղի» ընտանիքում, որտեղ մասնավոր ուսուցչի պաշտոն է վարել, «Հավլաբարում բազազ Մուրադյանի երկու անընդունակ երեխաների հետ միառժամանակ հայոց լեզու է պարապել և դժգոհությամբ հեռացել է։ Այդտեղ է, որ զննել է բազազ Արտեմի, նրա կնոջ տիպերը»։

Տակավին անտիպ «Գիքորը» պատմվածքի մասին առաջին դրվատական խոսքը ասել է Ալ. Շիրվանզադեն. «Հիշում եմ այն հաճելի ժամերը, երբ Հովհաննես Թումանյանն իր «Գիքորի» ձեռագիրը բերել էր ինձ մոտ կարդալու։ Մինչ նա իր խուլ ձայնով, զգացված կարդում էր, ես մտածում էի՝ ինչ պիտի ասեմ այդ համակրելի երիտասարդին, եթե գտնեմ, որ նրա այդ առաջին արձակ գրվածքը՝ բանի պետք չէ։ Բարեբախտաբար, երկն այնքան զմայլելի էր, որ ես, խորապես զգացվելով, հարձակվեցի հեղինակի վրա և համբուրեցի նրան»[2]։

«Գիքորը» պատմվածքի առաջին գրախոսը եղել է Ավ. Իսահակյանը, որը այն գնահատել է իբրև բացառիկ կատարյալ երևույթ՝ թե՛ կենսական ու հոգեբանական բովանդակությամբ և թե՛ լեզվով ու արտահայտությամբ[3]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդ Թումանյանը, «Գիքորը» պատմվածքը վերածել է պիեսի և 1912 թվականի ամռանը բեմադրել Դսեղում, որին ներկա է եղել նաև Հովհաննես Թումանյանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гикор, пер. П. Макинцян, «Сборник армянской литературы», (СПБ.), 1916, с 182–194.
  2. Թումանյանը ժամանակակիցների հուշերում (բնագիրը պատրաստեց և ծանոթագրեց՝ Լ. Մ. Կարապետյան), Երևան, 1969, էջ 399
  3. Ավ. Իսահակյան, Հովհ. Թումանյանի «Գիքորը», Հորիզոն, 1910, № 19։
  4. «Հովհաննես Թումանյանի զավակները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 5-րդ, 1994։
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Գիքորը (պատմվածք)