Գիշատիչ թռչուններ, բազեանմանների կարգի (Falconiformes) թռչուններ։ Հայաստանում հանդիպում է 36 տեսակ՝ հիմնականում տարածված կիսաանապատներից մինչև ալպիական գոտիները։

Գիշատիչ թռչուններ
Գիշատիչ թռչուններ

Բնորոշ է ուժեղ, սուր, կտրող եզրերով, կարթաձև կտուցը։ Վերնակտուցի հիմքում մաշկը մերկ է։ Թևերը երկար են, մագիլները՝ սուր և թրանման կեռված։ Կրծքի և ոտքերի մկանները լավ են զարգացած։ Սովորաբար էգերն արուներից խոշոր են։ Փետրավորումը կոշտ է, դարչնագույն, մոխրագույն, սպիտակ կամ սև։ Տեսողությունը և լսողությունը խիստ զարգացած են։ Բնադրում են առանձին զույգերով։ Բազմանում են տարեկան 1 անգամ։

Խոշոր տեսակները (անգղներ) դնում են 1-2, մանրերը՝ 6-7 ձու։ Թխսում են էգը և արուն՝ 28-ից (բազեներ) - 60 (անգղներ) օր։ Բնադրում են ծառերի, ժայռերի, գետնի վրա։ Կան չվող և նստակյաց տեսակներ։ Հիմնականում ցերեկային կյանք են վարում։ Սնվում են մկնակերպ կրծողներով, այլ թռչուններով, սողուններով, լեշերով։ Որոշ տեսակներ (ճուռակներ, բազեներ) վնասատու կրծողների դեմ կենսաբանական պայքարի լավագույն միջոց են, մյուսները (անգղներ, խոշոր արծիվներ)՝ բնական սանիտարներ։

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով գիշատիչ թռչունների քանակը խիստ նվազել է։ Անհետացման վտանգի տակ են գառնանգղը, սպիտակապոչ արծիվը և այլն։ Գիշատիչ թռչուններ են նաև բվերը, որոնք վարում են գիշերային կյանք։

20 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 73