Գերմանական տնտեսական հրաշք

Գերմանական տնտեսական հրաշք (նաև՝ Արևմտագերմանական տնտեսական հրաշք և Հռենոսյան հրաշք, գերմ.՝ Wirtschaftswunder[1]), Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1948 թվականից մինչև 1960-ական թվականների կեսերն ընկած ժամանակահատվածում ԳԴՀ-ի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) տնտեսության արագ վերականգնման շրջան, որը հիմնված էր նեոլիբերալիզմի վրա։ Առաջին անգամ տվյալ իրավիճակին համապատասխան տերմինը կիրառվեց 1950 թվականին «The Times»[2]-ում, սակայն «գերմանական տնտեսական հրաշք» բառակապակցությունը հայտնի էր դեռևս XIX դարի վերջից։

Գերմանական տնտեսական հրաշքի խորհրդանիշը դաևձավ Volkswagen Beetle-ը
Կոնրադ Ադենաուեր

Երկրորդ աշխարհամարտից Գերմանիան դուրս եկավ քայքայված տնտեսությամբ և հաղթողների կողմից ռազմակալված վիճակով։ Արևմտյան Գերմանիան կարճ ժամանակահատվածում կարողացավ վերականգնել ավերված տնտեսությունը՝ շնորհիվ ամերիկյան ֆինանսական աջակցության։ Մարշալի պլանով երկիրը ստացավ 3,6 մլրդ դոլար։ Բացի այդ, Արևմտյան Գերմանիան մոտ տասը տարի ռազմական ոլորտի ծախսեր չարեց, քանի որ իրավունք չուներ՝ որպես պարտված երկիր։ Տնտեսությունը վերականգնվեց առաջավոր սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ, ստեղծվեցին նոր, արդիական ճյուղեր։

Լյուդվիգ Վիլհելմ Էրհարդ

Գերմանական տնտեսական հրաշքի սկիզբ է համարվում 1948 թվականին իրականացված դրամական բարեփոխումը Տրիզոնիյում, որի արդյունքում ռեյխմսարկի փոխարեն սկսեցին որպես վճարման միջոց օգտագործել գերմանական մարկը։ Այդ ժամանակահատվածի բնորոշ հատկանիշներից էին ինֆլյացիայի (գնաճի) ցածր մակարդակը, գործազուրկների թվաքանակի կրճատումը (մինչև 0,7 %), ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը (տարեկան մինչև 8 %) և արդյունաբերական արտադրանքի զգալի աճը։ «Հրաշքի» հանգեցրած քաղաքականության «հայր» է համարվում Լյուդվիգ Էրհարդը, ով կանցլեր Կոնրադ Ադենաուերի կառավարությունում զբաղեցնում էր տնտեսության նախարարի պաշտոնը։ Տնտեսական հրաշքի արդյունքները ապրանքային դեֆիցիտի վերացումն էր, պատերազմի ընթացքում երկրի ավերված արդյունաբերության և ենթակառուցվածքների վերականգնումը, նրա վերադարձը համաշխարհային շուկա, բնակչության կենսամակարդակի աճը և 1950-ական թվականների կեսին ԳԴՀ-ի վերածումը Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկի։ Մինչև 1970 թվականը արդյունաբերության աճի տեմպերով ԳԴՀ-ն առաջին տեղում էր Եվրոպայում։

1950-ական թվականների վերջին և 1960-ական թվականների սկիզբն ընկած ժամանակահատվածում «հրաշքը» էլ ավելի ամուր հիմքերի վրա դրվեց՝ շնորհիվ ընդունված մի քանի օրենքների, որոնցով երաշխավորվում էին բնակչության սոցիալական իրավունքները (մասնավորապես, 1961 թվականին ընդունված Սոցիալական օգնության մասին օրենքը)։ Պետությունը մեծ ուշադրություն էր դարձնում սոցիալական խնդիրների լուծմանը։ Ներդրվեց պետական կենսաթոշակային ապահովագրություն, իրականացվեցինբնակարանային շինարարություն, ստեղծվեց անվճար կրթական համակարգ։

Որոշ դեպքերում «գերմանական տնտեսական հրաշք» արտահայտությունը կիրառվում է նաև նույն ժամանակահատվածի Ավստրիայի նկատմամբ, որը համանմանորեն կարողացավ վերականգնել իր տնտեսությունը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wirtschaftswunder. In: Der Brockhaus Zeitgeschichte: vom Vorabend des Ersten Weltkrieges bis zur Gegenwart. 2003, ISBN 3-7653-0161-2; Wirtschaftswunder. In: Brockhaus, die Enzyklopädie: in vierundzwanzig Bänden. Band 24, 1999, ISBN 3-7653-3100-7.
  2. «Wirtschaftswunder, n.». Oxford English Dictionary Online. September 2009. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Materieller und geistiger Wiederaufbau Österreichs. auf: sciencev1.orf.at

Արտաքին հղումներ խմբագրել