Գերարյունություն, հիպերեմիա (հուն․՝ αίμα - արյուն, հիպեր...), հյուսվածքների կամ օրգանների տեղական գերարյունալեցում։ Տարբերում են զարկերակային և երակային գերարյունություն։ Զարկերակայինը (ակտիվ) առաջանում է անոթալայնիչ նյարդերի տոնուսի բարձրացման կամ անոթասեղմիչ նյարդերի տոնուսի անկման դեպքում։ Պատճառներն են՝ ֆիզիոլոգիական գրգռիչների, մանրէների թույների, բարձր ջերմության, հյուսվածքների քայքայումից առաջացած նյութերի հանդեպ արյան անոթների զգայնության բարձրացումը և նյարդահոգեկան գործոնները (ամոթ, վախ)։ Արտահայտվում է զարկերակային լայնացումով, արյան ուժեղ հոսքով, տեղական կարմրությամբ, ջերմության բարձրացմամբ։ Ուղեկցվում է նյութափոխանակության պրոցեսների արագացմամբ։ Արյան անոթների ախտահարումների ժամանակ կարող է արյունազեղումների պատճառ դառնալ։ Բուժական նպատակով զարկերակային գերարյունությունը առաջացնում են մանանեխի և բժշկական բաժակների միջոցով։ Երակայինը (պասիվ, կանգային) նկատվում է երակներով արյան ետհոսքի դժվարացման ժամանակ։ Պատճառներն են՝ երակների պատերի վրա երկարատև ճնշումը (սպի, ուռուցք, երակների հանգուցավոր լայնացում, այտուց), սիրտ-անոթային համակարգի անբավարար գործունեությունը։ Բնորոշվում է արյան հոսքի դանդաղումով (երբեմն, ախտահարված հատվածում՝ արյունականգ), հյուսվածքներում թթվածնային քաղցի զարգացմամբ, անոթների պատերի թափանցելիության բարձրացմամբ և այտուցի առաջացմամբ։

Գերարյունություն
Տեսակախտանիշ կամ նշան
ՀՄԴ-9780.99
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 27