Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդ (այլ կիրառումներ)

Գեղարդ, սուրբ Գեղարդ, տեգ, սրբազան մասունք՝ կապված Հիսուս Քրիստոսի խաչելության հետ։ Գեղարդը մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթե տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք։

Սուրբ Գեղարդը

Գեղարդը սրբազան մասունք խմբագրել

Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19.33–34 թվականներ)։ Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդ 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ առաքելական եկեղեցու սեփականությունը։ Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։

Սուրբ Գեղարդ 500 տարի պահվել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ Լուսավորչի Աջի հետ Սուրբ Գեղարդով ևս օրհնում են մյուռոնը։ Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։ Գեղարդի արծաթե մասնատուփը 1687 թվականին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը։

Սուրբ Գեղարդի վաճառման և վնասման հետ կապված սկանդալ խմբագրել

2018 թվականի հուլիսի 6-ին Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կորյուն աբեղա Առաքելյանը Մայր Աթոռի Դիվանատանը հայտարարել է, որ Գարեգին Բ-ն վաճառել է գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները, որին հակադարձել է Արշակ Սրբազանը, ասելով, որ «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»[1]։

Քիչ անց, նույն օրը, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել Սուրբ Գեղարդը, հաղորդելով հետևյալը.

  Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս այն չունի։ 2004 թվականին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Սուրբ Կոնստանտին և Սուրբ Հեղինե վանքում, ցանկացողները կարող են գնալ և տեսնել։ Այդ հատվածը հանվել է սուրբ Գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ Գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում[2]  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետի. հոգևորականի պարզաբանումը՝ ցուցարարներին (ուղիղ)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  2. Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է Ալեքսի Երկրորդ պատրիարքին. Տեր Ասողիկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։