Գավաթ (մ․թ․ա․ 17-16-րդ դարեր, Վանաձոր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավաթ (այլ կիրառումներ)

Գավաթ (անգլ.՝ Goblet), մ. թ. ա. 17-16-րդ դարերում Վանաձորում[1] հայտնաբերված գավաթ[2], որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 1861-1 համարի ներքո։

Գավաթ
նյութոսկի
բարձրություն9,1
լայնություն6,4
ստեղծվել էմ. թ. ա. 17-16-րդ դար

Պատմություն խմբագրել

Հայկական լեռնաշխարհի միջին բրոնզեդարյան արհեստների մեջ բացառիկ տեղ են գրավում ոսկերչությունը և արծաթագործությունը։ Դրա վառ վկայությունն են Թռեղք-վանաձորյան մշակույթին վերագրվող դամբարանային համալիրներից (Թռեղք, Վանաձոր, Լոռի Բերդ, Քարաշամբ և այլն) հայտնաբերված մեծաքանակ բարձրարժեք ոսկյա և արծաթե իրերը։ Այդ գտածոների շարքում իր ուրույն տեղն ունի Վանաձորի դամբարանում հայտնաբերված ոսկյա գավաթը (մ.թ.ա. 18-17-րդ դդ.), որը Հայաստանի միջին բրոնզեդարյան ոսկերչական արվեստի եզակի և ինքնատիպ նմուշներից մեկն է։ Այն հայտնաբերվել է ականավոր հնագետ, արևելագետ Բորիս Պիոտրովսկու կողմից՝ 1948 թվականին։

Հայաստանյան ոսկու պատմության այս փուլը շաղկապվում է տարածաշրջանում շրջադարձային խոշորամասշտաբ փոփոխությունների հետ։ Փոքրասիական տարանցիկ առևտրի ծաղկման արդյունքում (մ.թ.ա. 20-19-րդ դդ.) աննախադեպ զարգացում է ապրում մետաղագործություն, այդ թվում ոսկերչությունը և արծաթագործությունը։ Փոքրասիական ազդեցությունը առավել ակնհայտ է ոսկյա իրերի պարագայում։ Դրա վառ օրինակն է Վանաձորի գավաթը, որը իր վրա կրում է առաջավորասիական, հատկապես խեթական մշակույթի ազդեցությունը։

Ի դեմս այս գավաթի, մենք գործ ունենք ոսկերչական, արծաթագործական բարձրարվեստ և ինքնատիպ «դպրոցի» հետ, որը ձևավորվել է Թռեղք-վանաձորյան մշակույթի տարածման սահմաններում և կրել է Կուր-արաքսյան մշակույթի ազդեցությունը՝ օգտագործելով այդ մշակույթին բնորոշ զարդամոտիվները։

Այլ ցուցադրություններ խմբագրել

Վանաձորի գավաթը բազմիցս ներկայացվել է միջազգային ցուցահանդեսներում։ «Հայաստան-Իրան. հողի հիշողությունը» ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել է Իրանի ազգային թանգարանում։

Նկարագրություն խմբագրել

Գավաթը հայտնաբերվել է ցեղապետին պատկանող դամբարանից՝ թաղման հարուստ գույքի հետ միասին և վկայում է միջին բրոնզեդարյան հասարակությունում ոսկու և ոսկյա իրերի առանձնահատուկ դերի մասին։ Ոսկին կիրառվել է կենտրոնացված և հիերարխիկ սոցիալական կառուցվածքի պայմաններում, իսկ ոսկյա իրերը ընդգծել են տիրոջ հասարակությունում զբաղեցրած բարձր դիրքը։

Գավաթը պատրաստվել է ոսկու ամբողջական թիթեղից դրվագման եղանակով։ Գնդաձև է, սնամեջ ցածր ոտքով և բերանի լայն բացվածքով։ Անոթի իրանի կենտրոնը բոլորված է դեմ հանդիման կանգնած երեք զույգ առյուծների շարքով[3]։ Կենդանիների պատկերներն արված են դրոշմաքանդակման եղանակով։ Ունեն լայն բացված երախներ, լեզուն նշված է երկու խաչվող գծերով։ Պոչերը երկար են, իրանի վրա ծալված, ծայրին՝ փնջիկ։ Նուրբ կետազարդով ընդգծված են ճանկերը, մկանունքը, ատամնաշարը, աչքերի և ականջների եզրագծերը։ Առյուծների շարքը վերից և վարից շրջանակված է զիգզագաձև նուրբ փորագրազարդ գոտիներով։ Անոթն ունեցել է կանթ, որի մասին վկայում են իրանի վրա գայլիկոնված երկու անցքեր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վանաձոր, պատմական ակնարկ
  2. «Գավաթ - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ խմբագրել

  • Ոսկին հայ միջնադարյան աշխարհընկալման համակարգում, Հին Հայաստանի ոսկին, Երևան, «Գիտություն», 2007, էջ 59-69։ Gold in the System of Medieval Armenian World Perception (in Armenian).
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM