Գառնիկ Քալաշյան

հայ բանաստեղծ, հասարակական գործիչ

Գառնիկ Քալաշյան Մանուկի (մայիսի 16, 1885(1885-05-16)[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 21, 1921(1921-11-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ[1], թաղված է Էջմիածնում), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։

Գառնիկ Քալաշյան
Ծնվել էմայիսի 16, 1885(1885-05-16)[1]
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 21, 1921(1921-11-21)[1] (36 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ[1]
ԳերեզմանՎաղարշապատ[1]
Մասնագիտությունբանաստեղծ և հասարակական գործիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1906)[1]
ԿուսակցությունՀՅԴ[1]

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1906)։ Թիֆլիսում մասնակցել է հայկական գրական ընկերության, ապա՝ «Վերնատան» աշխատանքներին, 1907 թվականին եղել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի ազատ ունկնդիր։ Սերտ կապեր է ունեցել Լազարյան ճեմարանի հեղափոխական ուսանողության հետ (Ա․ Մյասնիկյան, Վ․ Տերյան, Հ․ Կուսիկյան և ուրիշներ), մասնակցել է ցույցերի, տարածել թռուցիկներ, 1909 թվականին ձերբակալվել է, նետվել Մոսկվայի Տագանկայի քաղաքական բանտարկյալների բանտը։ Տիրապետել է ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, վրացերեն լեզուներին։ «Ներշնչումներ» (1908 թվական) և «Բանաստեղծություններ» (1916 թվական) ժողովածուներում Քալաշյանը սիրո, կարոտի, հայրենասիրության, աշնան նվագներին միախառնած ներբողել է «պայքարի շառաչը» և «կարմիր ծիրանավորին» (հեղափոխությունը)։ Հայ ժողովրդի բնաջնջման վտանգի տարիներին խորապես հավատացած է եղել նրա գոյատևմանը և մոտալուտ սոցիալական վերափոխումներին («Դարբինը», «Բանվորուհին», «Փոթորի՜կ, փոթորի՛կ» և այլն)։ Աշխատակցել է պարբերական մամուլին («Գեղարվեստ» և այլն), հանդես է եկել գրականագիտական հոդվածներով, ակնարկներով, թարգմանություններով։ 1918 թվականից Քալաշյանը եղել է դաշնակցական կուսակցության անդամ, ընտրվել Պառլամենտի անդամ։ 1920 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանին հասցեագրված հայտարարությամբ Քալաշյանը անվերապահորեն ընդունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում։

Ծանոթագրություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։