Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայ (այլ կիրառումներ)

Հայկ «Գայ» Բժշկյան(ց) (փետրվարի 18, 1887(1887-02-18)[1], Թավրիզ, Իրան[2][3][1] - դեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[2][3][1] կամ 1937[4], Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար, ԽՍՀՄ ԶՈՒ հայազգի հրամանատար, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922 թվականին), կորպուսի հրամանատար (1935 թվական, հիմա՝ գեներալ-գնդապետ), պրոֆեսոր (1933 թվականից), ԽՄԿԿ անդամ (1918 թվականից)։ Իր դիվիզիայի կարմիրբանակայինները դժվարանում էին արտասանել նրա Հայկ անունը և Բժշկյանց ազգանունը, և խնդրել են իրենց հրամանատարին դիմելու նրան Գայ մականունով, որն ավելի հեշտ էր արտասանվում[5]։

Գայ
փետրվարի 18, 1887(1887-02-18)[1] - դեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[2][3][1] (50 տարեկան) կամ 1937[4]
ԾննդավայրԹավրիզ, Իրան[2][3][1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Կոչումկորպուսի հրամանատար[3]
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ[3], Սիմբիր գործողություն, Գործողություն Սիզրան-Սամարա և Խորհրդա-լեհական պատերազմ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[3]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան, 3-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ, 4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ և Գեորգիևյան մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1887 թվականի փետրվար 6-ին Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական՝ Արամյան դպրոցում, որտեղ ուսուցչություն էր անում իր հայրը՝ Դիմիտրի Կարապետովիչը։ Այնուհետև ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն չի ավարտել. հեռացվել է դպրոցից ուսանողական շարժումներին մասնակցելու պատճառով 1901 թվականին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցից հեռացվելու պատճառով։ Հետագայում ստացել է զինվորական բարձրագույն կրթություն։ 1903-1918 թվականներին եղել է ՍԴ Հնչակյան կուսակցության անդամ։ Հեղափոխական գործունեություն է ծավալել Թիֆլիսում, Բաքվում։ 1911 թվականին երկու անգամ ձերբակալվել է ցարական ժանդարմերիայի կողմից, աքսորվել Աստրախանի նահանգ (1912-1913 թվականներ)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հեծելազորային վաշտի հրամանատար, ապա՝ 6-րդ կամավորական գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքական զավթիչների դեմ մարտական գործողություններին։

Ռուսաստանի քաղաքացիական կռիվներում (1918-1920 թվականներ) խմբագրել

Դառնալով կոմունիստ, մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1917 թվականի նոյեմբերին կազմավորել է կարմիր գվարդիայի ջոկատ, կռվել Բուխարայի էմիրի զորքերի դեմ։ Գայի զորավարական տաղանդը դրսևորվել է հատկապես Ռուսաստանում ծավալված քաղաքացիական կռիվներում (1918-1920 թվականներ)։ 1918 թվականի մարտին Օրենբուրգի ճակատում իր ջոկատով կռվել է սպիտակ չեխերի, Դուտովի զորքերի դեմ։ 1918 թվականի հուլիսից՝ Սենգիլեյ-Ստավրոպոլյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալն էր, ապա՝ Սիմբիրսկի համահավաք դիվիզիայի պետը։ Նրա գլխավորած դիվիզիան ազատագրել է Սիմբիրսկը, Սիզրանը, Վոլգայի Ստավրոպոլը, Սամարան, Սենգիլեյը, Բուզուլուկը։ 1918 թվականի դեկտեմբերի 26-ին Գայը նշանակվել է Արևելյան ռազմաճակատի առաջին բանակի հրամանատար, Ուրալի, Անդուրալի և Պովոլժիեի շրջաններում մասնակցել է Կոլչակի ղեկավարած սպիտակգվարդիականների դեմ մարտական գործողություններին, Օրենբուրգի, Ուֆայի և Օմսկի պաշտպանությանը։ 1919 թվականի օգոստոս-սեպտեմբերին Հարավային ռազմաճակատում՝ 42-րդ հրաձգային դիվիզիայի, սեպտեմբերից՝ Կովկասյան ռազմաճակատում 1-ին Կովկասյան հեծյալ դիվիզիայի, 1920 թվականի մարտից՝ 2-րդ Կովկասյան հեծյալ կորպուսի հրամանատարն էր։ Սպիտակ լեհերից ազատագրել է Լիտվայի և Բելառուսիայի բազմաթիվ բնակավայրեր։ Ապահովելով 4-րդ բանակի նահանջը՝ Գայի կորպուսը ներկալվել է Արևելյան Գերմանիայում, բայց 1920 թվականի դեկտեմբերին խորհրդային կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերադարձվել է Խորհրդային Ռուսաստան։

Կյանքը 1922-1937 թվականներին խմբագրել

1922-1923 թվականներին եղել է ՀԽՍՀ ռազմական գործերի Ժողկոմ, ՀԽՍՀ ռազմական կոմիսար։ Եռանդուն գործունեություն է ծավալել Հայկական միացյալ ռազմական դպրոցում և Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայում։ 1923 թվականի մայիսին նշանակվել է Սամարյան 7-րդ հեծյալ դիվիզիայի հրամանատար։ 1924 թվականի հոկտեմբերին նշանակվել է այդ դիվիզիայի հիման վրա կազմված 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար։ 1927 թվականին Գայն ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1927-1932 թվականներին Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում եղել է ռազմական արվեստի պատմության ամբիոնի վարիչ։ 1932 թվականին նշանակվել է ամբիոնի վարիչ Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայում։ Գայը եղել է Սիմբիրսկի, Սամարայի, Օրենբուրգի, հեղկոմների, Սամարայի նահանգային գործկոմի նախագահության անդամ, ընտրվել է Հայաստանի, Անդրֆեդերացիայի, Բելառուսիայի Կենտրոնական գործադիր կոմիտեների անդամ։ Գայը ռազմական արվեստի տեսաբան էր, ռազմագիտական աշխատությունների հեղինակ[6]։

Մահն ու անմահությունը խմբագրել

1935 թվականի հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը Խորհրդային Միությունում)։ 1937 թվականի դեկտեմբեր 11-ին ԽՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել։ 1956 թվականի հունվարի 21-ին հետմահու արդարացվել է։ Գայի և նրա Երկաթյա դիվիզիայի մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցված Ուլյանովսկում։ Խորհրդային Հայաստանում նրա անունով էին կոչվում Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը և սպայի տունը։ Նրա անունով է կոչվում Էջմիածնի տարածաշրջանի խոշոր գյուղերից մեկը (նախկին անվանումը՝ Ներքին Խաթունարխ)։ Գայի արձանը կանգնեցված է Երևանի Նոր Նորք թաղամասում։ Նրա մասին գրվել են պատմագիտական և գեղարվեստական գրքեր, ստեղծվել փաստագրական և գեղարվեստական ֆիլմեր։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Պարգևներ և Տիտղոսներ խմբագրել

Երկիր Պարգև Աստիճան Տարեթիվ
  Ռուսական Կայսրություն   Սուրբ Գեորգիի խաչ 3 աստիճան
  Ռուսական Կայսրություն   Սուրբ Գեորգիի խաչ 4 աստիճան
  Ռուսական Կայսրություն   Սուրբ Աննա շքանշան
  Խորհրդային Միություն   Կարմիր դրոշի շքանշան 1918, 1920

Լուսանկարներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 675