Գագա Սուրբ Սարգիս վանք, հայկական վանք, ներկայումս՝ Հայաստանի Տավուշի մարզ, պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգում։ Գտնվում է Կոթի, Հայաստան։

Սուրբ Սարգիս վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Տավուշի մարզ, Հայաստան
ԴավանանքՀայերեն
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկիսավեր
ՀիմնադիրՄեսրոպ Մաշտոց
Ճարտարապետական ոճՀայկական
Քարտեզ
Քարտեզ
 Avey temple Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Միջնադարյան Հայաստանի մեծահռչակ վանքերից մեկի՝ Գագ բերդի կամ Գագա Սուրբ Սարգիս վանքի հիմնադրման պատմությունը ավանդաբար կապվում է քրիստոնեության համար նահատակված և սրբերի շարքում դասված զորավար Սբ. Սարգսի հետ։ Նրա մասունքները Մեսրոպ Մաշտոցը բերել և ամփոփել է Ուշի գյուղի (Հայաստան, Արագածոտնի մարզ) և Գագ բերդի (Ղազախի շրջան) տարածքում՝ հիմնելով Սբ. Սարգիս անունով երկու եկեղեցի. «...սկզբնաւորութիւնն եկեղեցական պատմութիւնը Մ. Մեսրոպին է տալիս, որ բերել և ամփոփել է այստեղ Սբ. Սարգսի գագաթի մի մասն։ Նույնը երգում է եկեղեցին էլ. Խաչաչարչար ս. դիտապետ, նշանագործ անուամբ ի խաչ և յեկեղեցի. առաւել պայծառ ի գլուխս Գագայ, ի գագաթան տեղւոջ օրհնեալ Սրբոյն Մեսրոպայ»[1]։

Նաև՝ «...էր ի Գագ խաչ մի սքանչելագործ առ ամենայն նեղեալս, և մանաւանդ առ գերիս. զի որք ապաւինէին ի նա բոլորով սրտիւ, ինքն իսկ սուրբ վկայն Սարգիս բանայր զդրունս բանտից և արգելանաց, և լուծանէր զերկաթսն, և առաջնորդէր մարմնաւոր տեսլեամբ ի տեղիս իւրեանց. և համբաւ սքանչելեացն տարածեալ էր ընդ ամենայն ազգս, զոր կանգնեալ ասէին, սրբոյն Մեսրոպայ վարդապետին մերոյ»[2]

Նաև՝ «...Գագ անուանի բերդ, և գաւառ ի Գագկայ թագաւորէ շինեալ, ուր կայ հռչակաւոր և սուրբ ուխտն խաչ և եկեղեցի յանուն սրբոյն Սարգսի զօրավարին, օրհնեալ ի սրբոյն Մեսրովբայ վարդապետէն և թարգմանչէն Հայոց, որ կայ ի գլուխս Գագայ»[3]։

Գագի եկեղեցու՝ Սբ. Սարգսի պաշտամունքի հետ կապված լինելը փաստում են նաև վրաց աղբյուրները. «...Սպահան գնացին [ուխտավորներ] Հայոց (Սոմխիթի) բոլոր քաղաքներից և բազում պատիվներով հանեցին նրա (Սարգսի) մասունքները, և նրա աջը դրին Գագի եկեղեցում, որ Պետրոսն էր շինել»[4]։

Գագա Սբ. Սարգիս վանքը հիշվում է 1130 թ., երբ «...լցաւ դաշտն Գագայ անթիւ և անհամար հեծելօք յամենայն ազգաց անօրինաց հաւաքեալ, որ կամեցան այրել զսուրբ խաչն՝ որ յանուն զօրավարին Սարգսի։ Եւ ի բարկութենէ Տեառն խելացնորեալք կոտորեցին զմիմեանս...»[5]։

Վանքը հիշատակվում է և 1163 թ. տեղի ունեցած անցքերի առնչությամբ. «Ի ՈԺԲ. թվին եկն Ելտկուզ Աթաբակն բազմօք զօրօք ի դաշտն Գագայ և հուր արկեալ կամէր այրել զսուրբ խաչն՝ զԳագայ սուրբ Սարգիսն յորոյ զօրութենէն եռաց ի մէջ բանակի նոցա օձ թունալի խածանող...»[6]։

ԺԳ դարում Գագ դաշտի նշանավոր հնությունների թվում նշվում է նաև Գագա Սբ. Սարգիսը. «Վրկանի աշխարհն Գրիմն է, ձգի մինչեւ ի Կասբից ծովն եւ ապա դաշտն Գագայ, ուր կայ սուրբ Սարգիսն...»[7]։

Այնուհետև վանքը հիշվում է ԺԳ դարի 30-ական թվականներին, երբ հայ պատմագիր, եկեղեցական և հասարակական գործիչ Վանական վարդապետ Տավուշեցին (1181-1251) իր և աշակերտների փրկության հույսով դիմել է Գագ բերդի բնակիչներին. «...երթամ անկանիմ առ ոտս սրբոյ Նշանին, որ յանուն սրբոյն Սարգսի, խնդրել նովաւ ի տեառնէ վասն քո և այլ եղբարցն, որք կան ի ձեռս անօրինացդ...»[8]։

Նորոգություն խմբագրել

Ինչպես վկայում են վիմագիր արձանագրություններն ու արխիվային վավերագրերը, Գագա Սբ. Սարգիս վանքը, որը միաժամանակ մեծ հռչակ ունեցող ուխտատեղի էր (ուխտագնացության օրերն էին յուրաքանչյուր տարվա Զատիկը և Նոր Կիրակին), դարերի ընթացքում պարբերաբար ենթարկվել է նորոգությունների։ Մեզ հայտնի վերջին նորոգությունը, որ ձեռնարկել էր Աղա Սարգիս Վարշամյանը և իրականացրել թիֆլիսեցի որմնադիր Եսայի Նուրինյանցը, ավարտվել էր 1851 թ. «...բազում տաժանմամբք նորոգ կառուցեալ ի հիմանց, ի կատարումն ց1851 ամն զեկեղեցին այն վայելչապէս կոփածոյ քարամբք և կամարակապ առաստաղիւք, ի ներքուստ և արտաքուստ, հանդերձ փոքրիկ կաթուղիկէիւ, շրջապատեալ զնոյն պարսպաւ, բաց յայսմանէ նախ հարթեալ զդժուարագնաց ճանապարհս նորին ընդարձակեցի այնպէս, զի յայնմհետ է ցայժմ ժողովուրդք սալիւք անարգել և անդորութեամբ երթևեկին յուխտատեղին այն»։ Ի դեպ, նորոգության ողջ ծախսը կազմել էր 2210 ռուբ. 23 կոպ., որից 736 ռուբլին նվիրաբերել էին ուխտավորները[9]։

Ավելի ուշ նորոգչական աշխատանքներ է ծավալել կոթեցի Արզուման Խաչատրյան Տեր-Սարգսյանցը[10]։

Նկարագրություն խմբագրել

Վանքի որմերի արձանագրությունները, որոնք ժամանակագրորեն վերաբերում են ԺԳ-ԺԹ դարերին, պատմական մեծ արժեք ու կարևորություն ունեն։ Ցավոք, դրանց ընդօրինակման, վերծանման և հրատարակման գործն աչքաթող է արվել երկրամասի տարածքում հայերեն վիմագրերի հավաքման աշխատանքին լծված հայտնի մասնագետների կողմից։ Բացառություն են կազմում Ս. Ջալալյանցը և «Արձագանք»-ի թղթակիցը։ Վերջինիս հրատարակած թվով 5 արձանագրություններից 1986 թ. մեր այցելության ժամանակ պահպանվում էր միայն մեկը, իսկ մեկն էլ միտումնավոր քերված էր, սակայն որոշ տառեր տեղ-տեղ դեռևս նշմարելի էին[11]։

Հարկ է նշել, որ Սբ. Սարգիս վանքում վիմագրերի միտումնավոր ոչնչացման փաստն արձանագրվել է դեռևս 1886 թ. «Նոյն արձանագրութեան մօտն և աջակողմը կան ուրիշ արձանագրութիւններ, որոնք մասամբ հնութիւնից և մասամբ թշնամի ձեռքից եղծուած են և չեն կարդացվում...»[12]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արձագանք», 1886, N 12, էջ 161։
  2. Կիրակոս Գանձակեցի, էջ 252
  3. Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 145
  4. Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Երևան, 1934, էջ 115։
  5. Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի, Վենետիկ, 1862, էջ 123։
  6. Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 138։
  7. Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի, Փարիզ, 1960, էջ 34։
  8. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 251-252։
  9. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 3735, թ. 1:
  10. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 396։
  11. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 442։
  12. Արձագանք», 1886, N 12, էջ 162։