Բևեռային գիշեր, ժամանակահատված, երբ Արեգակն ավելի քան 24 ժամ չի երևում հորիզոնում։ Ամենակարճ բևեռային գիշերը (գրեթե երկու օր) նկատվում է հ. լ. ≈ 67° 24′ լայնության վրա, որը բնորոշվում է որպես Հյուսիսային բևեռային շրջանի լայնություն, որին ավելացվում է արեգակնային սկավառակի շառավիղը (15—16′) և մթնոլորտային ռեֆրակցիայի մեծությունը (միջինը ծովի մակարդակից 35′), իսկ ամենաերկար բևեռային գիշերը՝ Հարավային բևեռում (6 ամսից փոքր-ինչ քիչ)։ Բևեռային գիշերը հանդիսանում է խավարածրի հարթության նկատմամբ Երկրի պտտման առանցքի թեքության հետևանք, որը կազմում է գրեթե 23,5°:

2014 թվականի դեկտեմբերի 23, 11:27 շուրջօրյա բևեռային գիշեր Նարյան Մարում: Կեսօրին մթնշաղային լուսավորության արդյունքում ավելի լուսավոր է, քան իրական գիշերվա ընթացքում, սակայն ոչ բավականաչափ:

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

 
Երկրի առանցքի թեքության արդյունքում բևեռային գիշեր հունիսին հարավային, իսկ դեկտեմբերին՝ հյուսիսային կիսագնդում:
 
Երկրի առանցքի շուրջն ամբողջ պտույտը. կիսագնդերից մեկի մի հատվածը գտնվում է մութ կողմում. այնտեղ բևեռային գիշեր է: Միևնույն ժամանակ հակառակ կողմում բևեռային ցերեկ է:

Հասարակածի նկատմամբ միևնույն լայնության վրա բևեռային գիշերվա բնութագրերը համանման են Հյուսիսային և Հարավային բևեռներում։ Հիմնական տարբերությունն այն է, որ դրա սկզբի և ավարտի ժամանակն Անտարկտիդայում վեց ամսով տեղափոխված է դեպի ամառային օրացուցային շրջան։ Բացի այդ, Երկրի ուղեծրի ընթացիկ բնութագրերի արդյունքում հարավում բևեռային գիշերվա տևողությունն ավելի երկար է, քան հյուսիսում[1]։

Բևեռային գիշերը չի ենթադրում պարտադիր լիարժեք մթություն ամբողջ 24 ժամվա ընթացքում։ Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ Արեգակը չի բարձրանում հորիզոնի վրա։ Ընդ որում, բևեռային գիշերվա գոտու (մինչև 84° 34′) մեծ մասում ամբողջ բևեռային գիշերվա ընթացքում օրվա բաղադրիչ է համարվում մթնշաղը։ Կախված տվյալ վայրում այդ ժամանակահատվածում դրսևորվող մթնշաղի տեսակից՝ առանձնացնում են բևեռային գիշերվա տարբեր տեսակներ։

Քաղաքացիական բևեռային գիշեր խմբագրել

Նկատվում է, երբ կեսօրին քաղաքացիական մթնշաղ է։ Դա նկատելի է բոլոր այն լայնություններում, որտեղ կա բևեռային գիշեր։ Մինչև 72° 34' բևեռային գիշերն ամբողջությամբ քաղաքացիական է։ Բևեռներում քաղաքացիական բևեռային գիշերվա ընթացքում քաղաքացիական մթնշաղը շուրջօրյա է լինում՝ փոխելով բևեռային ցերեկը և նախորդելով շուրջօրյա նավիգացիոն մթնշաղին (ձմեռային արևակայությունից առաջ), և հակառակը (ձմեռային արևակայությունից հետո)։ Բևեռներին հարող շրջաններում (84° 34′ բարձր) քաղաքացիական բևեռային գիշերվա ժամանակ քաղաքացիական մթնշաղը կարող է լինել շուրջօրյա կամ օրեր շարունակ նկատվել միայն նավիգացիոն մթնշաղի հետ՝ ի տարբերություն ավելի ցածր լայնություններում տեղակայված շրջանների, որտեղ քաղաքացիական ամբողջ բևեռային գիշերվա ընթացքում ամեն օր նկատվում են մթնշաղի բոլոր տեսակները կամ առանց մթնշաղի ժամանակահատված։

Կեսօրին նկատվում է տեսանելիության լավացում, որոշ ժամանակի ընթացքում կարելի է բավարարվել առանց լրացուցիչ լուսավորության, սակայն Արեգակն այդպես էլ չի ծագում։ Լավագույն դեպքում քիչ ամպամած եղանակին երբեմն կարելի է տեսնել ամպերի անդրադարձրած արևի լույսը։ Այդպիսի բևեռային գիշերվա ընթացքում ցերեկը հաճախ անվանում են «մութ»։ Բևեռային շրջանում տեղակայված բնակավայրերի մեծ մասը գտնվում է այն շրջանում, որտեղ բևեռային գիշերն ամբողջությամբ քաղաքացիական է։

Նավիգացիոն բևեռային գիշեր խմբագրել

Նկատվում է, երբ կեսօրին նավիգացիոն մթնշաղ է։ Դա դիտվում է 72° 34' բարձր լայնություններում։ Բևեռներում նավիգացիոն բևեռային գիշերվա ընթացքում նավիգացիոն մթնշաղը դիտվում է շուրջօրյա՝ շուրջօրա քաղաքացիական և աստղագիտական մթնշաղների ժամանակահատվածների միջև։ Բևեռներին հարող շրջաններում (84° 34′ բարձր) նավիգացիոն բևեռային գիշերվա ժամանակ նավիգացիոն մթնշաղը կարող է լինել շուրջօրյա կամ օրեր շարունակ նկատվել միայն աստղագիտական մթնշաղի հետ՝ ի տարբերություն ավելի ցածր լայնություններում տեղակայված շրջանների, որտեղ նավիգացիոն ամբողջ բևեռային գիշերվա ընթացքում ամեն օր նկատվում են նավիգացիոն և աստղագիտական մթնշաղներ կամ առանց մթնշաղի ժամանակահատված։

Կեսօրին դիտողը կարող է նկատել արևի կողմից երկնքի շատ թույլ լուսավորություն (պարզ եղանակին), իսկ բնակավայրերում անհրաժեշտ է շուրջօրյա արհեստական լուսավորություն։

Աստղագիտական բևեռային գիշեր խմբագրել

Նկատվում է, երբ կեսօրին աստղագիտական մթնշաղ է։ Դա դիտվում է 78° 34' սկսած լայնություններում։ Բևեռներում աստղագիտական բևեռային գիշերվա ընթացքում աստղագիտական մթնշաղը դիտվում է շուրջօրյա՝ շուրջօրա նավիգացիոն մթնշաղի և առանց մթնշաղի ժամանակահատվածների միջև։ Բևեռներին հարող շրջաններում (84° 34′ բարձր) աստղագիտական բևեռային գիշերվա ժամանակ աստղագիտական մթնշաղը կարող է լինել նաև շուրջօրյա՝ ի տարբերություն ավելի ցածր լայնություններում տեղակայված շրջանների, որտեղ աստղագիտական ամբողջ բևեռային գիշերվա ընթացքում աստղագիտական մթնշաղը ամեն օր ընդհատվում է։

Կեսօրին անզեն աչքով տեսանելի չեն թույլ գալակտիկաներ և առանձին աստղեր, թեև սովորական դիտողի համար երկնքի այդպիսի լուսավորությունը, որպես կանոն, տեսանելի չէ, և արևածագի անգամ թույլ նշան չի երևում։ Աշխարհի ամենահյուսիսային բնակավայրում՝ Ալերտում, ձմեռային արևակայության օրը կարելի է տեսնել միայն աստղագիտական մթնշաղ։

Լրիվ բևեռային գիշեր խմբագրել

Նկատվում է, երբ կեսօրին բևեռային գիշերվա ընթացքում մթնշաղ չի լինում։ Դա դիտվում է 84° 34′ սկսած լայնություններում։ Ամենատևական լրիվ բևեռային գիշեր լինում է Հարավային բևեռում (մոտավորապես 1 ամիս, 10 օր ձմեռային արևակայության օրվանից առաջ և հետո)։ Լրիվ բևեռային գիշերվա ժամանակ անգամ կեսօրին հնարավոր չէ տեսնել կամ ֆիքսել արևի անգամ աննշան լույս։ Տևական ժամանակահատվածի ընթացքում կարելի է նկատել թույլ գալակտիկաներ, ինչը շատ արժեքավոր է աստղագետների համար։

Այլընտրանքային դասակարգում խմբագրել

Գոյություն ունի բևեռային գիշերների մեկ այլ դասակարգում, ըստ որի՝ բևեռային գիշերն անվանում են այն մթնշաղի անունով, որը դադարում է նկատվել տվյալ բևեռային գիշերվա սկսվելուն պես (ձմեռային արևակայությունից առաջ), կամ, ընդհակառակը, սկսում է նկատվել դրա ավարտվելուն պես (ձմեռային արևակայությունից հետո)։ Այդ դեպքում նավիգացիոն բևեռային գիշերը կոչվում է քաղաքացիական, աստղագիտականը՝ նավիգացիոն, լրիվը՝ աստղագիտական։ Ամենապայծառ բևեռային գիշերը, որը վերը կոչվում էր քաղաքացիական, այս դասակարգման մեջ կոչվում է բևեռային մթնշաղ։

Քաղաքներ, որտեղ դիտվում է բևեռային գիշեր խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ներկա ժամանակահատվածում Երկիրը արեգակին ամենամոտն է լինում հունվարին։ Քանի որ կենտրոնական լուսատուին առավելագույն մոտեցման դեպքում մոլորակը շարժվում է ամենամեծ արագությամբ, ցուրտ և մութ շրջանը հյուսիսային կիսագնդում ավելի կարճ է, քան հարավայինում։

Աղբյուրներ խմբագրել

  • «Արեգակնային համակարգի հետազոտություն. Մոլորակներ. Արեգակ. Փաստեր և թվեր»։ ՆԱՍԱ։ Արխիվացված օրիգինալից 2008-01-02-ին
  • Kerr F. J.; Lynden-Bell D. (1986)։ «Review of galactic constants» (PDF)։ Monthly Notices of the Royal Astronomical Society 221: 1023—1038