Բվերով տուն (Վիբորգ)

կառուց Վիբորգում

«Բվերով տուն» (ռուս.՝ Дом с совами), եկամտաբեր տուն Վիբորգում, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին ճարտարապետ Օտտո Վարտիովաարաիի նախագծով, առավելապես հայտնի է որպես Վլադիմիր Լենինի և Նիկոլայ Ռերիխի կեցավայր։ Տուրգենևի և Վոլոդարսկու փողոցների անկյունում տեղակայված հյուսիսային մոդեռն ոճով կառուցված քառահարկ շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1908 թվականին վիբորգցի ճարտարապետ Օտտո Վյայնյո Վարտիովաարայի նախագծով կառուցված շենքին բնորոշ են առևտրային տան տիպային հատկանիշերը։ Եթե ճակատը զարդարված է ազգային-ռոմանտիկ ոգով, ապա բակ նայող պատը սահուն սվաղված է և զուրկ է զարդերից։ Ճակատային մասին յուրօրինակ տեսք են տալիս երեք վերին հարկերի մակարդակում գտնվող երեք պատուհանների երկու բազմանկյուն կարկառամասերը, որոնք ավարտվում են ձեղնահարկերով։ Դեկորատիվ տարրերի շարքում կան բույսերի, արևի, քնարի, ինչպես նաև տեղական անտառների բնակիչ` բվերի ոճավորված պատկերներ։ Ժամանակի ընթացքում բազմանկյուն կարկառամասերի վրա տեղադրված թագը գլխին բվերը, ի վերջո դարձան Վիբորգի խորհրդանիշներից մեկը։

Վիբորգում Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես առաջ` 1917 թվականի սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին, Վլադիմիր Լենինը թաքնվել է Վիբորգում, որտեղից էլ ղեկավարել է ապստամբության անմիջական նախապատրաստման ուղղությամբ տարվող կուսակցական աշխատանքները։ 1917 թվականի սեպտեմբերի 24-ին ժամանելով Հելսինգֆորսից` նա առաջին օրն անցկացրել է Վիբորգում՝ տեղական բանվորական թերթի գլխավոր խմբագիր, պատգամավոր Էվերտ Հուտտունենի բնակարանում։ Երեկոյան նա տեղափոխվել է բնակվելու մեկ այլ սոցիալ-դեմոկրատ լրագրողի` Յուհո Լատուկկայի Վիբորգի ծայրամասում գտնվող փոքրիկ փայտե տանը։ Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի կապակցությամբ 1977 թվականին տան ճակատին տեղադրվել է հուշատախտակ, որը նվիրված է հեղափոխականի այդ տանը կարճ ժամանակով հանգրվանելուն։ Իսկ 1918 թվականի հոկտեմբերից մինչև 1919 թվականի մայիսը տան բնակարաններից մեկը զբաղեցրել է նկարիչ Նիկոլայ Ռերիխը՝ իր ընտանիքի հետ, որը հեղափոխության հետևանքով կտրվել էր Հայրենիքից։ Վիբորգում նա նկարել է մեծ թվով նկարներ, այդ թվում՝ «Ապաշխարություն», «Երկրի ջերմությունը», «Վիբորգ։ Աշուն», «Արտաքսվածը», «Անձրևաբեր ամպեր», «Արևի կանչը», «Վիբորգի ամրոցը»[1]։ Ի պատիվ ռուսական և համաշխարհային մշակույթի գործչի՝ 2019 թվականին շենքի կողային ճակատին տեղադրվեց երկրորդ հուշատախտակը։

Տունը համեմատաբար աննշան վնաս է կրել խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944) և ներկայումս շարունակում է օգտագործվել որպես բնակելի շենք։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Закатилов Н.И. Дом-музей В. И. Ленина в Выборге. – 2-е изд. / Зав. ред. А. М. Березина. — Л.: «Лениздат», 1987. — 64 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7.
  • Мысько А.С. Символы Выборга. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2011. — 136 с. — ISBN 978-5-91882-010-0.