Բջնի

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բջնի (այլ կիրառումներ)

Բջնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք մակերես՝ 42.81 կմ2։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով։

Գյուղ
Բջնի
Բջնի գյուղի համայնապատկեր։ Ձախից Հրազդան գետն է
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Մակերես42.81 կմ²
ԲԾՄ1610 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2888 մարդ (2012[1])
Խտություն70.3 մարդ/կմ²
Ազգային կազմհայեր, եզդիներ
Տեղաբնականունբջնեցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+(374)226
Բջնի (Հայաստան)##
Բջնի (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Նախնիների մի մասն այստեղ են հաստատվել 1915-1920 թթ.-ին հին Բայազետի Արծափ գյուղից, Վանից և Պոլսից։

Բջնիի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1873 1931 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 1056 2074 1589 1918 1738 2393 2882 2547[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և թռչնաբուծությամբ։ 1967 թվականին գյուղում հայտնաբերվել է՝ ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատքլորիդային, նատրիումական, ցածր և միջին ջերմաստիճանների հանքային ջուր, որը կապված էր տեկտոնական խախտումների հետ։ ԽՍՀՄ տարիներին գործել է Բջնիի հանքային ջրերի գործարանը, ներկա պահին այն չի գործում։

Տուրիզմ[4] խմբագրել

Վերջին շրջանում մեծ թափով գյուղում զարգանում է զբոսաշրջությունը՝ ՄԱԿ-ի և համայնքի ջանքերով կառուցվել է թանգարան(Բջնիի ամրոցի հավաքածու), իսկ արևային մարտկոցների շնորհիվ տեղադրվել է լուսավորություն ամրոցի պարիսպների մոտ,որը գիշերային ժամերին մեծ շուք է հաղորդում նրան։ Գործում են հյուրատներ և հանգստյան գոտիներ։ 2016թ-ին գյուղի տուրիզմը զարգացնելու նպատակով նորոգվել է ճանապարհները։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ընդհանուր առմամբ գյուղի տարածքում 1929 թվականի պեղումների ընթացքում հայտնաբերվել է բազմաթիվ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, այդ թվում խաչքարեր, դամբարաններ, տապանաքարեր, գետնուղի-գաղտնուղիներ, մի քանի ավերված եկեղեցիների հիմքեր ու փլատակներ։ 1929 թվականին հետախուզական պեղումներ է կատարել Հայաստանի հուշարձանների պահպանման կոմիտեի արշավախումբը։ Բջնիի կենտրոնում են գտնվում Սուրբ Գևորգ (8-րդ դար) և Սբ. Աստվածածին (1031 թվական) եկեղեցիները, իսկ հյուսիսարևելյան կողմում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին (7-րդ դար

 
Ս.Սարգիս եկեղեցի 7-րդ դար

Սուրբ Սարգիս եկեղեցի խմբագրել

Բջնիի արևելյան մասում՝ բլրի գագաթին, սրբատաշ տուֆից 7-րդ դարում կառուցվել է Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։ Կառույցը իր արտակարգ փոքր չափերի (Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է) պատճառով խիստ պարզեցված է։

Բջնիի ամրոց խմբագրել

 
Ամրոցի պարիսպները 2007-2008 թվականների վերանորոգումից հետո

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա։ Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիշատակվում է վաղ միջնադարից։ Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ։

Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի)։ Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ։ Մուտքը հյուսիսային կողմից է։ Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով։ Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել։ Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր։ Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը։ Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին։ Բերդը ավերվել և ամայացել է 16-17-րդ դարերում։

1977-1978 թվականներին, Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են 9-ից 10-րդ դարերի կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին։

2007-2008 թվականներից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները։

Պատմական ակնարկ խմբագրել

 
Սուրբ Աստվածածին եկեղեցին 1031 թ․

Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Առաջին անգամ նրա մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին։ Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր։

11-րդ դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին։ Այդ ժամանակ էլ, Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ ավան։

1066 թվականին կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում։ 13-րդ դարի սկզբներին Բջնին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը։

1387-1388 թվականներին գյուղը ենթարկվում է Լենկթեմուրի ավերածություններին։ 1673 թ. այստեղ իջևանել է Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը։ 1770 թվականին Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը։

Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր։ Մեզ են հասել 12-17-րդ դարերի այնտեղ ընդօրինականացված հայերեն մի քանի ձեռագրեր։ Ըստ տեղեկությունների՝ Բջնի բերդը կառուցել են Պահլավունիները՝ 11-րդ դարում։ Ենթադրվում է, որ այստեղ են դրվել Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը։ Մեզ են հասել XII-XVII դդ. այնտեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր։ Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր։ Բջնիի միջնադարյան ճարտարապետության զարդը գյուղի կենտրոնում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Գրիգոր Մագիստրոսի պատվերով՝ 1031 թվականին։ Բջնիի արևելյան մասում՝ բլրի գագաթին, սրբատաշ տուֆից 7-րդ դարում կառուցվել է Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։ Եկեղեցու պատերին կան վիմափոր արձանագրություններ, ժայռապատկերների ոճով երկու կենդանապատկեր։ Վերանորոգվել է 1947 թվականին։

Հուշարձաններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 49» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 12-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Բջնի գյուղ և նրա տեսարժան վայրերը». ONE WAY TOUR. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.