Բորոբոդուր տաճար (ինդոն.՝ Borobudur), բուդդայական համալիր-տաճար, սրբատեղի Ինդոնեզիայում, Ճավա կղզու սուրբ լեռանհովտում՝ Մերապի հրաբխից ոչ հեռու։ Բուդդայական Բորոբուդուրը կարելի է համարել աշխարհի հրաշալիքներից մեկը։ Այն համապատասխանում է բոլոր չափորոշիչներին՝ իր չափերով, գեղեցկությամբ, վիթխարիությամբ և գեղապատկերությամբ։ Կա տեղեկություն, ըստ որի ցանկացել են մասեմաս անել տաճարը և տարածել ամբողջ աշխարհի տարբեր թանգարաններում։ Սակայն գաղափարը հավանության չի արժանացել[1]։

Բորոբուդուր
Borobudur*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ինդոնեզիա
Տիպ Կրոնական
Չափանիշներ i, ii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա և Խաղաղ օվկիանոս
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1991  (15 նստաշրջան)
Համար 592
Բորոբուդուր (Ինդոնեզիա)##
Բորոբուդուր (Ինդոնեզիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 592
ռուս..անգլ..ֆր.

Ճավայում Բորոբուդուրի բուդդիստական ստուպան, որը հիմնադրվել է 8-րդ դարում, այնուհետև ծածկվել հրաբխային մոխրով ու ջունգլիներով, իրոք կորուսյալ գանձ է։ Ամբողջ աշխարհում տաճարի գոյության մասին հայտնի է դարձել 1814 թվականին, այն ժամանակ Ճավայի բրիտանական տիրակալ սըր Թոմաս Սթեմֆորդ Ռաֆլզի շնորհիվ, երբ նրա գտնվելու վայրի մասին հայտնել են տեղաբնիկները[2]։ Այն գրեթե ամբողջությամբ վերականգնվել և այսօր համարվում է աշխարհի ամենամեծ բուդդայական դամբարանը և բուդդայական ուխտագնացության ամենահայտնի վայրերից մեկը։

Վերականգնման ամենամեծ նախագիծը ձեռնարկվել է 1975 և 1982 թվականներին Ինդոնեզիայի կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, այնուհետև հուշարձանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում[3]։

Տաճարի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 55 000 մ³։

Տաճարի կառուցվածք խմբագրել

Եթե Բորոբուդուրին նայես ներքևից, տպավորություն կստեղծվի, որ գտնվում ես ահռելի քարե բուրգերի մոտ։ Իր չափերով հին բուդդայական տաճարը[Ն 1] զիջում է հին եգիպտական կառույցներին։ Սակայն արտաքին ձևավորմամբ և դիզայնով այն գերազանցում է եգիպտական կառույցներին. բազմաթիվ հարթաքանդակներ, արձաններ, կոմպոզիցիաներ, որոնցով չհիանալ անհնար է։ Զարմանալի չէ, որ այս տաճարը անվանում են ոչ միայն աշխարհի 8-րդ հրաշալիքը, այլև բուդդայականության քարե տարեգրություն։

Որպեսզի Ինդոնեզիայում կառուցվի Բորոբուդուրը, հին շինարարներին պահանջվել է ավելի քան 100 տարի։ Արդյունքները գերազանցել են բոլոր սպասումները։ 8-րդ դարի վերջում և 9-րդ դարի սկզբում կառուցված Բորոբուդուրը դարձավ ամենամեծ բուդդայական տաճարը Հնդկաստանի և Կամբոջայի սահմաններից դուրս։

Բորոբուդուրը կառուցված է մի մեծ ստուպայի տեսքով, իսկ տեսքը վերևից հսկայական տանտրային բուդդայական մանդալայի նման է, միաժամանակ ներկայացնելով բուդդայական կոսմոլոգիան և միտքը։ Հիմքը 118 մետր կողմերով քառակուսի է։ Բաղկացած է 9 հարթակներից, որոնցից ներքևի 6 -ը քառակուսաձև են, իսկ վերջին 3-ը շրջանագծային[4]։ Վերին հարթակի վրա գտնվում են 72 փոքր ստուպաներ, որոնք շրջանաձև շարված են կենտրոնի մեծ ստուպայի շուրջը։ Ստուպաներից յուրաքանչյուրը զանգականման է և բազմաթիվ դեկորատիվ անցքեր ունի, իսկ ներսում Բուդդայի տարբեր արձաններ են տեղադրված։

Տաճարի ներսում չկա ներքին տարածություն, քանի որ այն կառուցվել է բնական բլրակի շուրջ, որը ժամանակին վարպետները շրջապատել են քարե կառույցահատվածով։ Հետազոտողները հաշվարկել են, որ այս կառուցվածքի համար օգտագործվել են ավելի քան 2 մլն աղյուս, մի քանի հազար գեղազարդված պանելներ։ Ստեղծվել է Բուդդայի 500 արձան[Ն 2]:

Բորոբուդուրի առանձնաշենքի կառուցումից հետո ստացվել է ահռելի, բրգանման աստիճանաձև կառուցվածք, որ ուներ մորավորապես 30 մետր բարձրություն, 123 մետր երկարություն։ Կառուցվածքին տվել են քառակուսի ձև՝ յուրաքանչյուր կողմը համապատասխանեցնելով աշխարհի 4 կողմերին և ավելացնելով բոլոր կողմերին աստիճան և մուտք։

Յուրաքանչյուր կողմում տեղադրված են Բուդդայի արձանները՝ որոշակի դիրքերում։ Եվ այսպես. արևելքում կանգնեցված արձանները վկայակոչում են իրենց ուսմունքի ճշմարտությունը, հարավային կողմի արձանները ուխտագնացներին խոստանում են կատարել բոլոր իրենց ցանկությունները, արևմտյան արձանները մտածող արձաններ են, իսկ հյուսիսային արձանները հավատացյալներին հիշեցնում են շարունակել դեպի փրկություն տանող ճանապարհը։

Տաճարի կենտրոնական մուտքը արևելյան կողմից է և, քանի որ վերջինս խորհրդանշում է Բուդդայի ուսմունքը, այստեղ իրավունք ունեն մտնել միայն բուդդայական վանականները։ Հենց կենտրոնական մուտքից քարերի վրա փորագրված բարձրաքանդակները սկսում են իրենց պատմությունը՝ բուդդայականության զարգացման պատմությունը[Ն 3]:

Ուխտավորները, ուսումնասիրելով հարթաքանդակներն ու արձանները Բորոբուդուրի յուրաքանչյուր հարկում, ծիսական շրջայցի ժամանակ[Ն 4], հնարավորություն են ունենում ծանոթանալու Բուդդայի և նրա աշակերտների կյանքին։

Տաճարը բաղկացած է երեք մակարդակներից՝ Կամատխատու (ցանկությունների աշխարհ), Ռուպատխատու (ձևերի աշխարհ), Արուպատխատու (ձևերի բացակայության աշխարհ)։

Կամատխատու (կրքի աշխարհ) խմբագրել

 
Բորոբուդուրի հատույթը իր երեք աստիճաններով

Ներկա պահին զբոսաշրջիկների համար այս հարկը փակ է[Ն 5]: Հայտնի է, որ տաճարի պատվանդանի վրա ի սկզբանե եղել են 160 պանելներ, որոնց վրա արտացոլված է եղել բուռն զգացմունքների աշխարհը և որոնք պատմում են, թե ինչի կարող են հանգեցնել՝ ըստ կարմայի օրենքի։

Ռուպատխատու (պայքար ցանկություններ դեմ) խմբագրել

Այս հարկի պանելների վրա պատկերված են Բուդդայի կյանքի պատմությունները։ Նրանցից մեկը պատմում է իր՝ Աստծուն, թագավորին, մարդուն և նույնիսկ կենդանուն (առյուծին, եղնիկին, կապիկին) մարմնավորելու մասին։ Իր ամեն մի կյանքի մասին ուսուցիչը ցուցաբերում է կարեկցություն և վեհություն՝ բացահայտելով բուդդայական սկզբունքները։ Մի քանիսը պատմում են Բուդդայի տանջանքների մասին իմաստության փնտրտուքների ճանապարհին։

Արապատխատու (մոտեցում երանությանը) խմբագրել

Բարձրանալով 5-րդ հարկ՝ ուխտավորը հայտնվում է բարձր մակարդակում, որը խորհրդանշում է մերձեցում երանությանը։ Ի տարբերություն նախորդ հարկերի՝ այստեղ ամբողջությամբ բացակայում են հարթաքանդակներն ու սալաքարերը, բայց տեղադրված են Բուդդայի արձանները։ Դրանք այստեղ 72-ն են․ առաջին շրջանաձև հարթակում 32 ստուպա, երկրորդում՝ 24 և երրորդում՝ 16[5]։ Բուդդայի արձանները տեղադրված են ցանցանման շրջած զանգ հիշեցնող որմնախորշերում կամ սանդերի կենտրոնում։ Այսպիսի գտնվելու տեղը հենց այնպես չէ որոշված. սանդերի տակ թաքնված արձանները խորհրդանշում են աշխարհից կտրվելու գաղափարը և Բուդդայի՝ երանության մեջ մնալը[6]։ Այդ սանդերից մեկում կա յուրահատուկ սանդ, որը իրենից ներկայացնում է Բուդդայի կացարանը, որտեղ Բուդդան հատվող ոտքերով է։ Ըստ լեգենդի՝ եթե մոտենան ու կպչեն հատվող ոտքերին, ապա անպայման կկատարվի երազանքը[7]։

Արապադխատուի կենտրոնում՝ կենտրոնական սանդում, գտնվում է վերջին, Բուդդայի ամենամեծ արձանը։ Զանգը ամբողջությամբ փակ է, այդ իսկ պատճառով արձանը անհնար է տեսնել։ Երբ գտան արձանը. բացակայում էր դրա գլուխը։ Թե ինչու է այդպես եղել, կան մի քանի վարկածներ։ Դրանցից մեկի համաձայն՝ այն ջարդվել է երկրաշարժի ժամանակ, մյուս վարկածը ասում է, որ արձանը ինչ-ինչ պատճառներով ի սկզբանե եղել է անավարտ։

Տաճարի ճակատագիրը խմբագրել

1006 թվականին տեղի ունեցած Մերապի հրաբխի հզոր ժայթքումը ոչ միայն ավերեց Բորոբուդուրը, այլև 8 հարյուրամյակ շարունակ թաղեց նրան մոխիրների հաստ շերտի տակ։ Միայն 19-րդ դարում նահանգապետ Թոմաս Սմամֆորդ Ռաֆլիզը (1781-1826), լսելով լեգենդը, որոշեց կազմակերպել գիտական հետազոտություն, որի շնորհիվ շատ արագ հայտնաբերվեց տաճարը, և արդյունքում սկսվեցին վերականգնողական աշխատանքներ։

Վերակառուցումից հետո Բորոբուդուրը և Պրամբանանը, որը գտնվում է հինդուական տաճարների կոմպլեկսի դիմաց, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեցին Համաշխարհային ժառանգության հուշարձաններ[6]։

Բորոբուդուրի տաճարը բուդդայական հուշարձան է՝ հսկայական չափերով, որի նման աշխարհում չի հանդիպում։ Գիտնականները չէին կարողանում գալ ընդհանուր կարծիքին՝ երբ է կառուցվել տաճարը։ Սակայն մեծամասնությունը կարծում է, որ կառուցվել է 7-8-րդ դարերում։

Վերջին 100 տարիների ընթացքում տաճարը լքվել է մասսայական իսլամ ընդունելու հետևանքով։ Տաճարի կառուցվածքը իրենից ներկայացնում է առեղծվածային մոդել՝ կազմված է տարբեր սանդղավանդակներից։

Բուդդայի 504 արձաններից 300-ից ավելին վնասված են (հիմնականում, բացակայում է գլուխը), իսկ 43-ը չկան։ Հուշարձանի բացումից հետո գլուխները ձեռք են բերվել տարբեր՝ հիմնականում արևմտյան թանգարանների հավաքածուներից[8]։ Բուդդայի այդ գլուխներից որոշները ցուցադրվում են բազմաթիվ թանգարաններում, ինչպիսիններից են Ամստերդամի Արևադարձային թանգարանը Փարիզի Գիմեի թանգարանը և Լոնդոնի Բրիտանական թանգարանը[9]։ Գերմանիան 2014 թվականին վերադարձրել է իր հավաքածուն և վերաֆինանսավորել է դրանց կրկնակի ամրակցումը և հետագա պահպանումը[10]։

Լուսավորման օր. Հարի Ռայա Վայսակ խմբագրել

 
Բորոբուդուրը Լուսավորման օրը
2011 թվական

Ամենագեղեցիկ և ամենասուրբ բուդդայական իրադարձություններից մեկը, որին կարող է ներկա գտնվել ցանկացած ոք, տեղի է ունենում տարվա մեջ մեկ անգամ՝ մայիս կամ հունիս ամսվա լիալուսնի ընթացքում։ Բուդդայական քահանայապետերը նախօրոք են հայտարարում օրն ու ամսաթիվը, քանի որ նրանք հստակ կարողանում են պարզել ամսաթիվը՝ օգտագործելով լուսնային օրացույց։ Նշանակված օրը՝ ժամը 2:00-ին, սկսվում է շքերթը դեպի Քանդի Մենդութ (անգլ.՝ Candi Mendut) կոչվող տաճար։ Շքերթի երկարությունը կազմում է մոտավորապես 1.5 մղոն և ավարտվում է Բորոբուդուրում։ Ոտաբոբիկ վանականները հագնվում են զաֆրանի գույնի շորեր, իսկ կանայք հագնում են սպիտակ սարի և նույնպես մասնակցում են շքերթին՝ վառվող մոմեր բռնած։ Վանականները շարժվում են շատ դանդաղ՝ երգելով ու աղոթելով։ ժամը 4:00-ին տեղի է ունենում կուլմինացիոն պահը, երբ բոլորը հասնում են տաճար։ Հարյուրավոր վանականներ շրջապատում են տաճարը ժամսլաքի ուղղությամբ դեպի կենտրոնական սանդը, որտեղ նրանք սպասում են լուսնին։ Լիալուսինը նշանավորում է Բուդդայի ծնունդը[7]։

Բորոբուդուր բառի իմաստը խմբագրել

Մինչ այսօր դեռ շարունակվում են վեճերը այն մասին, թե ինչ է նշանակում հենց «բորոբուդուր» բառը։ Գիտնականները միայն եկան այն ընդհանուր համոզմանը, որ բառը կազմված է 2 մասից՝ «բորո» և «բուդուր»։ Ըստ վարկածներից մեկի՝ «բորո» բառը գալիս է սանսկրիտական «վիհարա» բառից, որը նշանակում է տաճարների կամ վանքերի համալիր, իսկ «բուդուր» բառը նշանակում է «վերևում»։ Հետևաբար հենց բառը կարելի է վերծանել ինչպես «տաճարների համալիր բլրակի վրա»։ Ըստ հաջորդ վարկածի՝ «բորո» բառը տեղանքի անուն է, «բուդուր» բառը նշանակում է հին։

Բորոբուդուրը բուդդիզմի փիլիսոփայությունն է քարի մեջ, տիեզերքի ինքնատիպ մոդել։ Ինը հարկերը խորհրդանշում են այս աստիճանները, որոնք մարդ պետք է անցնի նախքան առօրյա տանջանքնեից ազատվելը, նա պետք է դուրս գա լաբիրինթոսից, մաքրվի և հասնի երանության, այսինքն՝ բացարձակ հանգստության։ Բուդդայականները համարում են, որ եթե մարդուն հաջողվում է անցնել լաբիրինթոսը, ապա մահից հետո նրա հոգին կանջատվի մարմնից և հազարավոր անգամ վերամարմնավորվելուց հետո վերջապես կհայտնվի երանության մեջ[11]։

Նշումներ խմբագրել

  1. բարձրությունը կազմում է ընդամենը 34 մետր
  2. հնագետները դեռևս չեն կարողանում պարզել այն քարհանքը, որտեղից վերցրել և մշակել են քարը
  3. պատմությունը ձգվում է ավելի քան 5 կմ
  4. յուրաքանչյուր հարկաշար նրանք պետք է անցնեն 7 անգամ
  5. դա արված է, որպեսզի չխախտվի տաճարի կայունությունը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Боробудур - Ява, Индонезия. Обзор, фотографии, история достопримечательности». Рамблер/Путешествия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  2. Hary GUNARTO (2007 թ․ հոկտեմբեր). «Preserving Borobudur's Narrative Relief Wall of UNESCO Cultural World Heritage» (PDF).
  3. Centre, UNESCO World Heritage. «Borobudur Temple Compounds». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  4. Vaisutis, Justine (2007). Indonesia. Library Genesis. Oakland, CA : Lonely Planet. ISBN 978-1-74104-435-5.
  5. Dr. Soekmono (1976). «Chandi Borobudur․ A Monument of Mankind». unesdoc.unesco.org. էջեր 35–36. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  6. 6,0 6,1 «Храм Боробудур, Индонезия: история, описание, интересные факты (фото)». awesomeworld.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  7. 7,0 7,1 «Боробудур. Самый старый буддийский Храм в мире». lifeglobe.net. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  8. Woodward, H. (1979). «Acquisition». Critical Inquiry. doi:10.1086/448048.
  9. «BBC - A History of the World - Object : Borobudur Buddha head». www.bbc.co.uk. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  10. Post, The Jakarta. «Buddhas to be reunited with their heads». The Jakarta Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  11. http://www.votpusk.ru/edit/text1.asp?ID=3951#ixzz4CmPxqm00(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

  • Աշխարհի հրաշալիքները. 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում. Երևան, «Զանգագ-97» հրատարակչություն, 2009 թվական, էջ 138

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորոբուդուր» հոդվածին։