Բյուրակն լեռնավահան, Բինգյոլ (Հազար լճերի լեռ), Սրմանց, Սերմանց, Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասում՝ Վանա լճից հյուսիս-արևմուտք։

Բարձրությունը 3250 մ է, հիմքի շրջագիծը՝ մոտ 130 կմ՝ Բյուրականի բարձրավանդակը անհամաչափ է, հյուսիսում՝ փոքրաթեք ալիքավոր, հարավում՝ խզումնաաստիճանավոր զառիթափ լանջերով՝ կազմված նեոգենի տուֆափշրաքարերից, լիպարիտներից, անդեզիտներից։ Բյուրականի բարձրավանդակի ջրբաժան սարավանդի վրա բարձրանում է հնագույն սառցադաշտերով արտածին ուժերի կողմից մասնատված ատամնավոր և սրածայր լեռնաշար՝ Սրմանց (3250 մ), Շուշարի (2700 մ), Սերոկի (2700 մ), Հավատամք (2460 մ) լեռնագագաթներով։ Կլիման ենթակա է վերընթաց գոտիականության, տարեկան միջին ջերմաստիճանը 10-ից -2,5 °C է, տեղումները՝ 400- 800 մմ, առավելագույնը՝ գարնանը։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև, խստաշունչ ու ձնառատ։ Կան պղնձի, արծաթի, կերակրի աղի, շինանյութերի պաշարներ, ջերմուկներ։ Հարուստ է ստորերկրյա և մակերեսային ջրերով, բյուրավոր աղբյուրներով ու լճերով, որտեղից էլ՝ Բյուրակն անվանումը։ Ջրբաժան է Արածանիի և Արաքսի միջև։ Սրմանց լեռնագագաթի հյուսիս-արևմուտքի լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային և ալպյան է, բարձրալեռնային գոտում «ալպյան գորգեր» են, ձորերում՝ նոսրանտառներ։ Հայ ժողովուրդը սրբացրել է իր բնօրրանի այս անկյունը և զանազան ավանդություններ կապել նրա հետ, որոնցից մեկի համաձայն՝ Հայկ Նահապետը բռնակալ Բելի դեմ կռվելուց առաջ իր նետը մի ամբողջ օր պահել է Բյուրակնի սառնորակ աղբյուրներից մեկում՝ համոզված լինելով, որ հայրենի ջրերը զորություն կտան իր զենքին։ Բյուրակնի մասին հորինվել են առասպելներ, երգեր ու բանաստեղծություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 481