Բլանկա Վլաշիչ (խորվ.՝ Blanka Vlašić, ՄՀԱ (խորվ.)՝ [ˈblaːŋka ˈʋlaʃitɕ], նոյեմբերի 8, 1983(1983-11-08)[1], Սպլիտ, ՀՍՖՀ), խորվաթ բարձրացատկորդ, 2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն։

Բլանկա Վլաշիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Blanka Vlašić
Ազգություն՝խորվաթ
Մասնագիտացում՝բարձրացատկորդ
Երկիր՝ Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 8, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր՝Սպլիտ, Հարավսլավիա
Մարզիչ(ներ)՝Յոշկո Վլաշիչ
Բոժան Մարինովիչ
193 սմ
Քաշ՝74 կգ

Անձնական ռեկորդը կազմում է 2,08 մ (31 օգոստոսի, 2009, Զագրեբ)։ Դա երկրորդ ցուցանիշն է բաց օդում անցկացվող կանանց բարձրացատկի պատմության մեջ և միայն մեկ սանտիմետրով է զիջում աշխարհի ռեկորդակիր բուլղարացի Ստեֆկա Կոստադինովայի ցուցանիշին (1987 թվական)։ Շինության ներսում նրա ամենաբարձր ցուցանիշը կազմում է 2,06 մ (6 փետրվարի, 2010, Առնշտադտ)։

Կենսագրություն խմբագրել

 
Բլանկա Վլաշիչը 2009 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Բեռլինում

Բլանկա Վլաշիչը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 8-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում։ Նրա հայրը՝ Յոշկո Վլաշիչը, միջազգային մակարդակում հանդես է եկել տասնամարտում և սահմանել է Խորվաթիայի ռեկորդ այդ մարզաձևում, իսկ մայրը՝ Վեներան, զբաղվել է բասկետբոլով և դահուկավազքով[2]։ Բլանկա Վլաշիչի անունը դրվել է ի պատիվ Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքի, որտեղ դստեր ծննդյան տարում նրա հայրը դարձել էր Միջերկրածովյան խաղերի չեմպիոն[3]։

Բլակա Վլաշիչը հետևել է հորը և սկսել զբաղվել թեթև ատլետիկայով։ Սկզբում նա ցանկանում էր դառնալ սպրինտեր, սակայն բարձր հասակի ու նիհար մարմնակազմվածքի պատճառով սկսել է զբաղվել բարձրացատկով։ 16 տարեկան հասակում նա արդեն ցատկում էր 1 մ 93 սմ, ինչի շնորհիվ իր երկրի հավաքականի կազմում մասնակցում է 2000 թվականին Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերին, սակայն նա ցատկում է 1,92 մ և չի անցնում եզրափակիչ։ Երեք շաբաթ անց նա 1,91 մ արդյունքով հաղթում է թեթև ատլետիկայի աշխարհի պատանեկան առաջնությունում, որ անցկացվում էր Չիլիի Սանտյագո քաղաքում[2]։

2003 թվականին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում Բլանկա Վլաշիչը ցատկել է երկու մետրից ավելի։ Նույն թվականին նա շինության ներսում անցկացվող աշխարհի առաջնությունում, որ կայացել է Բիրմինգհեմում, զբաղեցրել է չորրորդ տեղը։ 2004 թվականին Բլանկա Վլաշիչը սահմանել է ազգային ռեկորդ՝ 2,03 մ, ինչը դարձել է իր հոր անձնական ռեկորդի կրկնությունը։ Սակայն 2004 թվականին անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ նա հանդես է եկել ոչ այնքան հաջող կերպով և 1,89 մ արդյունքով գրավել է ընդամենը 11-րդ տեղը[2]։

2005 թվականին Բլանկա Վլաշիչն առողջական խնդիրներ է ունեցել. նա մշտապես իրեն վատ էր զգում, և իր համար դժվար էր պահպանել հաստատուն քաշը։ Բժշկական հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվեց հիպերտիրեոզ։ Բլանկա Վլաշիչը վիրահատվել է, ինչի պատճառով գրեթե հանդես չի եկել 2005 թվականին[2]։

2006 թվականի սկզբին Բլանկա Վլաշիչն անձնական ռեկորդը հասցրել է 2,05 մետրի, իսկ 2007 թվականին հաղթել է իր մասնակցած 19 մրցություններից 18-ում։ Ստոկհոլմում նա սահմանել է նոր ազգային ռեկորդ՝ 2,07 մ, ինչից հետո երեք անգամ փորձել է կրկնել աշխարհի ռեկորդը՝ 2,09 մ։ Օսակայում անցկացված աշխարհի առաջնությունում Բլանկա Վլաշիչը 2,05 արդյունքով արժանացել է ոսկե մեդալի[2]։

34 մրցություններում անընդմեջ հաղթանակ տանելուց հետո Բլանկա Վլաշիչը 2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերում փորձերի քանակով պարտվել է բելգիացի Տիա Հելեբաուտին՝ արժանանալով արծաթե մեդալի։ Մրցաշրջանն ավարտվել է Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային միության (IAAF) ոսկե լիգայում կրած անհաջողությամբ, որտեղ նա հինգ հաղթանակներից հետո վերջին փուլում պարտվում է գերմանուհի Արիանե Ֆրիդրիխին և բաց է թողնում մեկ միլիոն դոլար մրցանակը շահելու հնարավորությունը[2]։

Բլանկա Վլաշիչն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցել 2012 թվականի Օլիմպիական խաղերին[4][5]։ 2014 թվականի փետրվարի 25-ին նա 2,00 մ արդյունքով հաղթել է Պրահայում անցկացվող մրցությունում։

Մրցություններ խմբագրել

Թվական Մրցություն Անցկացման վայր Արդյունք
2000 Աշխարհի պատանեկան առաջնություն Քինգստոն, Ճամայկա 1.
2001 Աշխարհի առաջնություն Էդմոնտոն, Կանադա 6.
Միջերկրածովյան խաղեր Թունիս, Թունիս 1.
2002 Աշխարհի պատանեկան առաջնություն Սանտյագո, Չիլի 1.
Եվրոպայի առաջնություն Մյունխեն, Գերմանիա 5.
2003 Աշխարհի առաջնություն շինության ներսում Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա 4.
Աշխարհի առաջնություն Փարիզ, Ֆրանսիա 7.
Աշխարհի գավաթի առաջնության եզրափակիչ Մոնակո 4.
2004 Աշխարհի առաջնություն շինության ներսում Բուդապեշտ, Հունգարիա 3.
Օլիմպիական խաղերի Աթենք, Հունաստան 11.
2006 Աշխարհի առաջնություն շինության ներսում Մոսկվա, Ռուսաստան 2.
Եվրոպայի առաջնություն Գյոտեբորգ, Շվեդիա 4.
Աշխարհի գավաթի առաջնության եզրափակիչ Շտուտգարտ, Գերմանիա 6.
2007 Եվրոպայի առաջնություն շինության ներսում Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա 5.
Աշխարհի առաջնություն Օսակա, Ճապոնիա 1.
2008 Աշխարհի առաջնություն շինության ներսում Վալենսիա, Իսպանիա 1.
Օլիմպիական խաղեր Պեկին, Չինաստան 2.
2009 Աշխարհի առաջնություն Բեռլին, Գերմանիա 1.
2010 Աշխարհի առաջնություն շինության ներսում Դոհա, Կատար 1.
Եվրոպայի առաջնություն Բարսելոնա, Իսպանիա 1.
2011 Աշխարհի առաջնություն Դեգու, Հարավային Կորեա 2.

Նվաճումներ խմբագրել

Ոսկե լիգա
  • 2003 - առաջին տեղ - Meeting Areva - 1,99 մ
  • 2006 - առաջին տեղ - Bislett Games - 1,98 մ
  • 2006 - առաջին տեղ - Golden Gala - 2,00 մ
  • 2007 - առաջին տեղ - Meeting Areva - 2,02 մ
  • 2007 - առաջին տեղ - Golden Gala - 2,02 մ
  • 2007 - առաջին տեղ - Weltklasse Zürich - 2,04 մ
  • 2007 - առաջին տեղ - Memorial Van Damme - 2,03 մ
  • 2007 - առաջին տեղ - ISTAF - 2,00 մ
  • 2008 - առաջին տեղ - ISTAF - 2,03 մ
  • 2008 - առաջին տեղ - Bislett Games - 2,04 մ
  • 2008 - առաջին տեղ - Golden Gala - 2,00 մ
  • 2008 - առաջին տեղ - Meeting Areva - 2,01 մ
  • 2008 - առաջին տեղ - Weltklasse Zürich - 2,01 մ
  • 2009 - առաջին տեղ - Bislett Games - 2,00 մ
  • 2009 - առաջին տեղ - Meeting Areva - 1,99 մ
  • 2009 - առաջին տեղ - Weltklasse Zürich - 2,01 մ
  • 2009 - առաջին տեղ - Memorial Van Damme - 2,00 մ
Ադամանդե լիգա
  • 2010 - առաջին տեղ - Qatar Athletic Super Grand Prix - 1,98 մ
  • 2010 - առաջին տեղ - Bislett Games - 2,01 մ
  • 2010 - առաջին տեղ - Golden Gala - 2,03 մ
  • 2010 - առաջին տեղ - Meeting Areva - 2,02 մ
  • 2010 - առաջին տեղ - DN Galan - 2,02 մ
  • 2010 - առաջին տեղ - Aviva London Grand Prix - 2,01 մ
  • 2010 - առաջին տեղ - Memorial Van Damme - 2,00 մ
  • 2011 - առաջին տեղ - Shanghai Golden Grand Prix - 1,94 մ
  • 2011 - առաջին տեղ - Golden Gala - 1,95 մ
  • 2011 - առաջին տեղ - British Grand Prix - 1,99 մ
  • 2011 - առաջին տեղ - Herculis - 1,97 մ
  • 2013 - առաջին տեղ - Adidas Grand Prix – 1,94 մ

Պարգևներ խմբագրել

  • Աշխարհի տարվա լավագույն ատլետ IAAF վարկածով - 2010 թվական
  • Աշխարհի լավագույն թեթև ատլետ Track & Field News ամսագրի վարկածով - 2010 թվական
  • Եվրոպայի լավագույն թեթև ատլետ - 2007 և 2010 թվականներ
  • Խորվաթիայի տարվա լավագույն մարզուհի (2004, 2007-2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. World Athletics database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Blanka Vlasic biography» (անգլերեն). Spikes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. Dejan Anastasijevic. (24 июля 2008). «100 Olympic Athletes To Watch. 90. Blanka Vlasic» (անգլերեն). Time. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Бланка Власич_ К сожалению, придется пропустить Олимпиаду - Новости - Советский спорт». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «Лондонская Олимпиада пройдет без Власич — Лондон-2012 — LiveSport.Ru». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանկա Վլաշիչ» հոդվածին։