Բիտում (լատին․՝ bitumen – լեռնային ձյութ), օրգանական լուծիչներում (ծծմբածխածին, քլորոֆորմ և այլն) լուծվող պինդ, հեղուկ և գազանման բնական ածխաջրածնային նյութերի կամ նրանց վերամշակման արգասիքների ընդհանուր անվանում։

Բիտում

Լինում են բնական և տեխնիկական։ Բնական բիտումները կաուստաբիոլիտների, նստվածքային ապարների և բնահողերի բաղադրիչ մասերն են։ Կաուստաբիոլիտների բիտումները բաժանվում են սապրոպելիտների և հումիտների բիտումների (թերթաքարային, ածխային, տորֆային բիտումներ) և նավթային բիտումների (նավթագազ, նավթ, օզոքերիտ, ասֆալտ և այլն), որոնք արդյունաբերական ամենամեծ նշանակությունն ունեն։ Պինդ և մածուցիկ նավթային բիտումների հանքավայրերը հանդիպում են կրաքարերի և ավազաքարերի մեջ ներծծված ձևով, իսկ ավելի հազվադեպ մաքուր վիճակում՝ երկրի մակերևույթի վրա նրանց կուտակումների (օրինակ՝ ասֆալտային լճեր) հետևանքով։ Տեխնիկական բիտումները ստացվում են ասֆալտաձյութային նյութերով հարուստ նավթային մնացորդների թորման և տարրալուծման միջոցով։

Ըստ ստացման եղանակի լինում են՝ մնացորդային, օքսիդացված և կրեկինգային։ Բիտումների կարևոր տեխնիկական հատկություններն են՝ ձգելիությունը և ներթափանցությունը (պենետրացիան), փափկացման, բռնկման ջերմաստիճանները։ Տեխնիկայում և շինարարության մեջ լայնորեն օգտագործվում են նավթային պինդ, կիսապինդ և հեղուկ բիտումներ։ Պինդ բիտումները օգտագործվում են փաթթոցային տանիքանյութեր (ռուբերոիդներ) և բիտումային մածիկներ ստանալու համար, կիսապինդը՝ մեկուսիչ նյութերի (օրինակ՝ հիդրոիզոլի, բորուլինի) և քսուքների, ասֆալտային շաղախների արտադրության, իսկ հեղուկ բիտումները՝ ճանապարհաշինության մեջ։ Արդյունաբերության զանազան ճյուղերում օգտագործվող բիտումների 90%-ից ավելին նավթից ստացվող արհեստական բիտումներն են։ Կան նաև պինդ վառելիքի բիտումներ, որոնք ստացվում են տորֆից և գորշ ածխից՝ օրգանական լուծիչների միջոցով։ Դրանց գլխավոր բաղադրամասերը մոմերն ու ձյութերն են։

Օգտագործվում են ձուլման գործում, էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 445