Բետոն

արհեստական քարե շինանյութ

Բետոն (ֆրանսերեն béton բառից), արհեստական քարե շինանյութ, ստացվում է կապակցող (ցեմենտ կամ այլ) նյութից, խոշոր և մանր լցանյութերից, ջրից բաղկացած, ճիշտ ընտրված և խտացված խառնուրդի ձևավորման և պնդացման արդյունքում։ Մի շարք դեպքերում իր կազմում կարող է ունենալ հատուկ հավելանյութեր, ինչպես նաև՝ չպարունակել ջուր (օրինակ՝ ասֆալտաբետոն

Պատմություն խմբագրել

Հայտնի է ավելի քան 6000 տարի (Միջագետք), լայն կիրառություն է ունեցել Հին Հռոմում։

Պատրաստումը խմբագրել

Ցեմենտային բետոնն արտադրվում է ցեմենտը, ավազը, խիճը և ջուրը խառնելու ճանապարհով, որոնց հարաբերակցությունը կախված է ցեմենտի մակնիշից, ավազի և խճի տրամաչափից և խոնավությունից։ Ոչ մեծ քանակով անհրաժեշտության դեպքում ավելացվում են տարբեր տարբեր հավելանյութեր՝ առաձգականություն, ջրադիմացկունություն հաղորդող և այլն։ Բետոնի արտադրության ժամանակ ցեմենտն ու ջուրը հանդիսանում են գլխավոր կապակցող բաղադրիչները։ Օրինակ, 400 մակնիշի ցեմենտ օգտագործելու դեպքում 200 մակնիշի բետոն ստանալու համար կիրառվում է 1։ 3։ 5։ 0,5 հարաբերակցությունը։ Իսկ ահա 500 մակնիշի ցեմենտ օգտագործելու դեպքում այդ պայմանական հաաբերակցության դեպքում ստացվում է 350 մակնիշի բետոն։ Բետոնի կարևոր հատկանիշներից է ջրի և ցեմենտի հարաբերակցությունը (նշանակվում է «Ջ/Ց»)։ Այդ հարաբերակցությունից ուղղակիորեն կախված է բետոնի ամրությունը՝ ինչքան փոքր է Ջ/Ց-ն, այնքան բետոնն ավելի ամուր է։ Տեսականորեն, ցեմենտի հիդրատացիայի համար բավարար է Ջ/Ց=0,2 հարաբերակցությունը, սակայն, այսպիսի բետոնն ունենում է չափազանց ցածր առաձգականություն և գործնականում կիրառվում է Ջ/Ց=0,3÷0,5 հարաբերակցությունը։

Չափազանց շատ ջուր ավելացնելու դեպքում մեծանում է բետոնի շարժունությունը, սակայն, դրա հետևանքով մի քանի անգամ ընկնում է ամրությունը, դրա համար հարկավոր է, որ ճշտությամբ պահպանվի ջուր-ցեմենտ հարաբերակցությունը։

Բետոնի տեսակները խմբագրել

  • Ըստ նշանակման՝
    • սովորական (արդյունաբերական և քաղաքացիական շենքերի համար)
    • հատուկ՝
      • հիդրոտեխնիկական, ճանապարհային, ջերմամեկուսիչ, դեկորատիվ,
      • հատուկ նշանակության՝ քիմիականապես կայուն, ջերմադիմացկուն, ձայնակլանիչ, միջուկային ճառագայթումից պաշտպանող և այլն։
  • Ըստ կապակցանյութի տեսակների՝
    • ցեմենտային
    • սիլիկատային
    • գիպսային
    • ասֆալտային և այլն
  • Ըստ լցանյութերի հատիկների չափերի բետոնները լինում են.՝
    • մանրահատ, երբ լցանյութի հատիկաչափերը մինչև 10 մմ,
    • խոշորաչափ,երբ լցանյութի հատիկաչափերը (10-150) մմ։
  • Ըստ կառուցվածքի տարբերում են.
    • խիտ,
    • ծակոտկեն,
    • խոշորածակոտկեն (անավազ),
    • ծակոտկենացված,
    • բջջային բետոններ։
  • Ըստ ծավալային զանգվածի՝
    • հատկապես ծանր (խտությունը` 2500 կգ/մ³-ից ավել)` բարիտային և այլն
    • ծանր (խտությունը` 2200÷2500 կգ/մ³)
    • թեթևոտ (խտությունը` 1800÷2200 կգ/մ³)
    • թեթև բետոն (խտությունը` 500÷1800 կգ/մ³)` խարամաբետոն, փրփրաբետոն, պերլիտային բետոն
    • առանձնապես թեթև (խտությունը` մինչև 500 կգ/մ³)

Տեղավորումը, խտացումը խմբագրել

 
Բետոնի տեղավորումը և խտացումը
 
Բետոնի ամրությունը կարող է չափվել տարբեր եղանակներով

Բետոնի պնդացման համար օպտիմալ են Ցելսիուսի +5-ից +30 ջերմաստիճանները։ Բետոնը տեղավորելուց անմիջապես հետո այն հարկավոր է խտացնել։ Խտացումն իրականացվում է թրթռիչների (վիբրատոր) միջոցով։

Բնութագրող ցուցանիշները խմբագրել

Բետոնի հատկությունները բնութագրող ցուցանիշներն են դասը և մակնիշը։ Բետոնի դասը նրա հատկանիշներից որևէ մեկի թվային արտահայտությունն է, նշանակվում է լատինական «B» տառով և մեգապասկալներով (ՄՊա) արտահայտված այն ճնշումը, որին դիմանում է։ Օրինակ, В25 նշանակումը ցույց է տալիս, որ այդ բետոնը դիմանում է 25 ՄՊա ճնշմանը։ Բետոնի ամրությունը բնորոշելու համար կիրառվում է նաև «մակնիշ» հասկացությունը, որը նշանակվում է «М» տառով և սեղմման նկատմամբ դիմացկունության սահմանը կգ/սմ3-ներով արտահայտող 50-ից մինչև 1000 թվերով։

Բետոնի դասը ըստ ամրության Բետոնի մոտակա մակնիշը
B3,5 М50
B5 М75
B7,5 М100
B10 М150
B12,5 М150
B15 М200
B20 М250
B22,5 М300
B25 М350
B27,5 М350
B30 М400
B35 М450
B40 М550
B45 М600
B50 М700
B55 М750
B60 М800
B65 М900
B70 М900
B75 М1000
B80 М1000
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 415